ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ-ական Հրայր Կարապետյանը` արձագանքելով Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Սիմոնսի վերջերս Հայաստանում կատարած հայտարարությանը, թե քանի որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ գոյություն չունի դեմարկացիոն պայմանագիր, սահմանների վրա երկուստեք խոչընդոտներ են տեղի ունենում, ուստի ՆԱՏՕ-ն պատրաստ է սահմանի վրա տեղակայել խաղաղապահ ուժեր եւ կանոնակարգել այդ հարցերը, երեկ ասել է. «Շատ անորոշ հայտարարություն է: Կարծում եմ, որ լուրջ քննարկելու խնդիր է: Դեռեւս նման քննարկում տեղի չի ունեցել»: Հ. Կարապետյանի կարծիքով, այս պահին Հայաստանում եղած ուժերը բավարարում են, որ այդ սահմաններում մեր ուժերը գործունեություն իրականացնեն, ու դեռեւս նման հարցի քննարկման կարիքը չկա: Նաեւ հավելել է. «Բայց եթե պաշտոնապես առաջարկ լինի, կքննարկենք: Պարզ չէ, թե ինչի մասին է խոսքը»:
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռազմատենչ հայտարարություններին ոչ համարժեք արձագանքելուն, ապա Հ. Կարապետյանն ասել է. «Ես խորհրդարանում հարց տվեցի Էդվարդ Նալբանդյանին, սակայն նույնիսկ այդ դեպքում համարժեք պատասխան չստացա, ուր մնաց արտաքին ուժերի կողմից արվող հայտարարություններին հակազդեն: Պետք է լրջորեն մտածել: Այնպիսի տպավորություն է, որ մենք չգիտենք` ինչ անել»: Ըստ նրա` Ադրբեջանը Թուրքիայի հետ ճնշում է գործադրում ղարաբաղյան խնդիրն ի նպաստ իրեն լուծելու համար` օգտագործելով ստորագրված արձանագրությունները: Նրա խոսքով, Ադրբեջանը, չլինելով ՀԱՊԿ անդամ, ցանկացած օր կարող է հանդես գալ ագրեսորի դերում ու պատերազմ սանձազերծել, հատկապես հաշվի առնելով ադրբեջանցի պաշտոնյաների ռազմատենչ հայտարարությունները` ի դեմս նախագահ Իլհամ Ալիեւի:
«Այդպիսի նախագահի հետ համագործակցությունն առնվազն տարօրինակ է ու անընդունելի: Այդպես կնպաստենք ավելի վտանգավոր իրավիճակների զարգացմանը: Դրսում լրջությամբ չեն վերաբերվում նրա հայտարարություններին, բայց երկրի առաջին դեմքի կողմից են արվում եւ չեն կարող անտեսվել»,- ասել է Հ. Կարապետյանը` նկատելով, որ եթե Ադրբեջանը համոզված լինի, որ պատերազմում կհաղթի, ապա անմիջապես կվերսկսի այն: «Գիտեն, որ պատերազմը վերսկսելու դեպքում, եթե նախորդ անգամ կորցրեցին 6-7 շրջաններ, ապա այս անգամ հաստատ երկրի ինքնիշխանությունը կկորցնեն: Իրենք դա լավ գիտեն, դրա համար չեն սկսում»,- հայտարարել է Կարապետյանը: