ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի համար ամենեւին էլ անսպասելի չէր նախարարներ Տիգրան Դավթյանի, Ներսես Երիցյանի, կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի ու մի շարք փոխնախարարների հապշտապ հանրապետականացումը: «Կարծում եմ` դա սպասելի էր, որովհետեւ այդ անձինք, ըստ էության, վարչապետի թիմն էին ներկայացնում: Վարչապետի թիմ դառնալով, բնականաբար, տրամաբանական էր, որ նրանք եւս պետք է հանրապետական դառնային: Կառավարության կառույցներում նժդեհականությունը խիստ տարածում է գտել, եւ բոլորն այդ գաղափարի կրողն են դառնում»,- «Panorama»-ին ասել է Ա. Մարտիրոսյանը: Ըստ նրա` այս քայլով իշխանությունն իր ներսում ամրապնդվում է։ «Եվ այն խոսակցությունները, թե իբր իշխանության ներսում որոշակի թեւեր են առաջանում վարչապետի դեմ, ըստ էության, սրանով կարծես թե կանխվում է, եւ վարչապետի թեւը փորձում է հզորանալ»,- ասել է Ա. Մարտիրոսյանը: