Ակնարկ Բաքվին

26/11/2009

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը երեկ խորհուրդ է տվել շատ չարծարծել ու շատ կարեւորություն չտալ Իլհամ Ալիեւի մինչմյունհենյան հայտարարությանը:

«Թասիբի գցել նրան պետք չէ»,- ասել է Մանասյանը` հավելելով, թե Ադրբեջանի նախագահի հայտարարությունն ուղղված էր ոչ թե Հայաստանին, այլ Ադրբեջանի հանրությանը, եռանախագահողներին ու Թուրքիային, ի վերջո, դա տեղեկատվական պատերազմի հնարք է: Նման հայտարարություններ Ադրբեջանի կողմից արդեն արվում են երկար տարիներ, իսկ այդ պատերազմում Հայաստանն ու ԼՂՀ-ն համարժեք քայլեր չեն ձեռնարկում: Ըստ Մանասյանի` պատճառը հայեցակարգի բացակայությունն է, իսկ հետեւանքը` ԼՂ հարցի բովանդակության ոչ հայանպաստ աղավաղումը: «Ալիեւի ռազմաշունչ կեցվածքը մյուս կողմից կոչված է ընդգծելու Թուրքիայի խաղաղ կեցվածքը, եւ չի բացառվում, որ կա դերերի բաժանում, որտեղ Ադրբեջանի հոխորտանքների ֆոնի վրա, պետք է Թուրքիան ինչ-որ քայլերով ներկայանա Եվրոպական ընտանիքի արժանավոր անդամ»,- ասել է նա:

Հաջորդ ենթադրությունն այն է, որ Ալիեւի ու Բաքվի կեցվածքը ազդակներ են՝ ուղղված թուրքերի ազգայնական կոշտ դիրքորոշման կողմնակից ուժերին, որպեսզի նրանք բարդացնեն ու թանկացնեն հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը: «Այնքան թանկ ծախեն դա Եվրոպային ու միջազգային հանրությանը, որ հնարավոր լինի պոկել նրանցից զիջումներ Ղարաբաղյան հարցում, Եվրոպա մտնելու հարցում, տարածաշրջանում Թուրքիայի նոր դերակատարության հետ հաշտվելու հարցում: Ահա այսպիսի բազմաթիվ շերտեր, խորքային հարցադրումներ կան Ալիեւի կեցվածքում»,- ասել է Մանասյանը` համոզմունք հայտնելով, թե Ալիեւը նախորդ տարվա օգոստոսյան փորձը հրաշալի է յուրացրել: Այս առումով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի այցը Երեւան քաղաքագետը պատահական չհամարեց. «Բորդյուժայի այցը ակնարկ է հասցեագրված Բաքվին՝ հիշեցնելու համար օգոստոսյան փորձը»: