«Այլընտրանքը պատերազմն է»,- «Aksam»-ին ասել է ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը

26/11/2009

Օրեր առաջ Ղարաբաղում շրջագայած թուրքական «Aksam» թերթի լրագրողուհի Նագեհան Ալչը հրապարակել է ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանի հետ անցկացրած հարցազրույցը:

– Դուք ասում եք. «Այս հողերը մերն են: Ապացույցն էլ այստեղ գտնվող բազմադարյա հայկական եկեղեցիներն ու մենաստաններն են»: Իսկ ազերիներն էլ ասում են` «Ոչ, այդ եկեղեցիները պատկանում են մեր պապերին` ալբանացիներին…»:

– Եթե այդ վարկածը ճիշտ է, ապա ադրբեջանցիներն ինչպե՛ս կբացատրեն իրենց իսլամադավանության անցնելը: Այս հողերում 1000 տարի է, ինչ իսլամ են դավանում: Մի օր ասում են` «մեր պապերը թուրքերն են», հաջորդ օրն էլ` թե` «մեր պապերն ալբանացիներն են»: Թող մի հատ կողմնորոշվեն: Ենթադրենք՝ իրենք քրիստոնյա ալբանացիների թոռներն են: Իրենք ասում են, որ թագավորության ամենակարեւոր եկեղեցիներից մեկը` Գանձասարը, այդ թագավորության հյուսիսային ավելի ընդարձակ մի գոտում է գտնվում: Այդ ժամանակ մեր ազերի հարեւանները դե թող Ռուսաստանից հողեր պահանջեն: Տեսեք, մենք ասում ենք`հարեւաններ, երբեք չենք ասում` թշնամիներ:

– Հաճախ է հնչում այն միտքը, որ Ղարաբաղի հարցի լուծումը կապված է Հայաստան-Թուրքիա մերձեցման հետ: Այս առումով` խնդրի լուծումն ինչպե՞ս եք տեսնում:

– Այստեղ պատերազմ է եղել: Դա չենք կարող ժխտել: Այսօրվա իրավիճակն այդ պատերազմի հետեւանքն է: Եթե փոփոխություն էլ լինի, ապա մեր կարծիքը պետք է հարցնել: Իմ հարցն առանց ինձ են աշխատում լուծել: Մեզ դեռ ոչ մի բան չեն հարցրել:

– Իսկ հույս ունե՞ք, որ կհարցնեն:

– Անշուշտ: Իսկ եթե ոչ, ապա այս հողերը մենք լքել չենք կարող, հետեւաբար մեր միակ այլընտրանքը պատերազմը կլինի:

– Ի՞նչ կլինի, եթե Հայաստանն իր օգտին ու ձեր անունից հանդես գա:

– Չեմ ուզում ասել, թե մենք դժվար թիրախ ենք, բայց մի՛թե մարդը կվաճառի իր երեխային:

– Այնուամենայնիվ, եթե վաճառի, Ղարաբաղը Հայաստանից անկախ բանակ ունի՞։

– Իհարկե, ունի: Ուղղակի մենք հայկական բանակի հետ սերտ համագործակցության մեջ ենք: Ասեմ ավելին` Ղարաբաղի բանակը Հայաստանի բանակից ավելի շուտ է կազմավորվել: Բացի այդ, մի կարծեք, թե Ղարաբաղը սահմանափակվում է միայն այստեղ ապրողներով: Սփյուռքում շատ հզոր մարդիկ ունենք: Աշխարհի չորս կողմերում ազդեցիկ դիրքեր ունեցող արցախահայեր կան: