Տնտեսական ճգնաժամը գոտիները ձգելու ժամանակ է: Բոլորս գիտենք: Որովհետեւ այն այսօր համաշխարհային մասշտաբներ ունի: Սկզբում, իհարկե, պատրաստ չէինք: Մեր կառավարությունը համոզում էր, որ Հայաստանին ոչինչ չի սպառնում: Հետո այն ազդեց մեր դրամապանակի վրա: Զգացինք: Զգացինք ու անցանք խնայողության ռեժիմի: Որքան հնարավոր է: Հետեւաբար ակնկալում էինք, որ նույն խնայողության ռեժիմին են անցել նաեւ մեր իշխանությունները: Մամուլում, իհարկե, պարբերաբար տեղեկություններ էին հրապարակվում, որ այս տարվա ընթացքում այս կամ այն նախարարը, գերատեսչության ղեկավարը հերթական թանկարժեք մեքենան է ձեռք բերել: Հետո այդ նախարար-ղեկավարները բացատրություններ էին տալիս, որ գնումները կատարվել են ոչ բյուջետային միջոցներից: Կարծես պետական կամ հանրային փողերից միայն բյուջետայիններն է պետք խնայել: Իսկ մնացածը կարելի է անխնա մսխել: Սակայն դժվար է հավատալ, որ մսխելուն սովոր մարդը կարող է խնայել որեւէ գումար: Հատկապես բյուջետային ծագում ունեցողը: Միջազգային ֆինանսական կառույցների պահանջով Հայաստանում ձեւավորվել է Պետական գնումների գործակալություն: Իշխանության բոլոր մարմինները պարտավոր են գնումներ կատարել այդ գործակալության միջոցով: Իսկ վերջինս պարտավոր է պարբերաբար տեղեկատվություն հրապարակել պետական գնումների մասին: Հետեւաբար այդ գործակալության ինտերնետ կայքը առանձնահատուկ հրապուրիչ է: Համարյա լատինա-ամերիկյան հեռուստասերիալների չափ հրապուրիչ: Քչփորում ու տեսնում ես, թե ինչի վրա են ծախսվում հարկատուների փողերը: Խոսքն այն փողերի մասին է, որոնք ծախսելը հետք է թողնում: Հաշվապահական հետք: Եթե ասածս հետաքրքրեց՝ «Գնումներ» կայքում շրջագայությունը սկսեք «Մեկ անձից կատարվող գնումներ» էջից: Այնտեղ, օրինակ, կարող եք հանդիպել հետեւյալ փաստին` այս տարի ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը «Տրակտորների պետհամարանիշների մատակարարում» տողի դիմաց լրացրել է, որ ծախսվել է 2 մլն 800 հազար դրամ: Եթե հիշենք, որ սովորական ավտոմեքենայի սովորական համարանիշ «հանելը» մոտ 30 հազար դրամ է, ահագին կզարմանանք: Կամ այս տարի Գյուղնախարարությունը երկիրը հեղեղել է տրակտորներով, կամ պետական տրակտորների համար պետհամարանիշների աճուրդով «գոլդ» համարներ է ձեռք բերել: Պետական հիմարկությունների ծախսերն ուսումնասիրելիս դժվար չէ նկատելը, որ մեր իշխանությունները խնայողությունների մասին յուրօրինակ պատկերացում ունեն: Օրինակ, այս տարվա ընթացքում ՀՀ նախագահի աշխատակազմի համար մոտ 98 մլն դրամի կահույք է գնվել: Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի համար գնվել է 26,6 մլն դրամի կահույք: Ազգային ժողովը եւս իրեն աղքատ ազգականի տեղ չի դրել: Այս հիմնարկը կահույքի ու ուղեգորգերի ձեռքբերման համար մոտ 30 մլն դրամ է ծախսել: Իսկ «Ի՞նչ նպատակով են նախագահական նստավայրի համար 20 մլն դրամ արժողության վարագույրներ ձեռք բերվել» հարցը, որքան գիտեմ, հրապարակային բացատրության չի արժանացել: Մինչդեռ գորգերի թեման արդիական է նաեւ նախագահական նստավայրի համար: Բայց ձեռագործ գորգերի: Այս տարի նախագահական աշխատակազմը 26 մլն դրամի ձեռագործ գորգ ու հուշանվեր է ձեռք բերել: ԱԺ-ի ծախսերն այս գծով կրկնակի համեստ են` 13 մլն դրամ: Պետական գնումների նախորդ տարիների տվյալների հետ համեմատողի մտքով անգամ չի անցնի, որ 2009-ը տնտեսական ճգնաժամի տարի է: Եվ, որ այդ ճգնաժամը մեր իշխանությունների կողմից պաշտոնապես ճանաչվել է: Համարյա բոլոր ուղղություններով ծախսերը չեն կրճատվել: Ամենահետաքրքիրը այս բոլոր գնումների հիմնավորումն է` «Գնման անհետաձգելի պահանջ»: Փորձեք պատկերացնել, թե որքան մաշված ու քրքրված են եղել մեր իշխանական շենքերի գորգ ու կահույքը, որ դրանց փոխարեն նորերը գնվել են «անհետաձգելի պահանջ» անվան տակ: Ինքս այդքան երեւակայություն չունեմ:
Հոր համեստ թաղման, մոր արագահաս ու նույնքան համեստ հարսանիքի մասին Դանեմարքայի արքայազն Համլետը բացատրեց՝ ասելով. «Խնայողություն, Հորացիո, մեռելահացի կերակուրները հարսանեկան խնջույքի սեղանին սառը մատուցվեցին»: Բայց դա բարբարոս միջնադարյան Եվրոպայում էր: Լուսավորյալ 21-րդ դարում մենք հո մեր իշխանավորների բարեկեցության վրա չե՞նք խնայելու: