Բավարարված

26/11/2009

«Մելտեքս ՍՊԸ-ն» եւ Մեսրոպ Մովսիսյանը 2004թ. բողոք էր ներկայացրել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան` ընդդեմ Հայաստանի Հանրապետության, ըստ որի` 2002 թ. մայիսից մինչեւ 2003 թ. դեկտեմբեր ընկած ժամանակահատված 7 անգամ արտոնագիր ստանալու մերժում էր ստացել: Ընդհանուր առմամբ, առ այսօր «Ա1+»-ը 12 նման դիմում է ներկայացրել: «Ա1+»-ը, որը, թերեւս, իշխանությունների կողմից չվերահսկվող միակ հեռուստաընկերությունն էր, եթերազրկվեց 2002 թ. ապրիլին, երբ ՀՀ նախագահի նշանակած Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) մրցույթի արդյունքում մերժեց նրան հաճախականություն տրամադրել: ՀՌԱՀ-ը հստակ չհիմնավորեց «Ա1+»-ին արտոնագիր չտրամադրելու իր որոշման պատճառները եւ հետագայում մերժեց նոր արտոնագիր ստանալու ընկերության բոլոր փորձերը` կրկին առանց հիմնավորման: 2008թ. հունիսի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ կայացրեց, ըստ որի՝ Հայաստանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը` խոսքի ազատության իրավունքը` մերժելով լիցենզիա տրամադրել «Ա1+» հեռուստաընկերությանը: Դատարանը վճռեց «Ա1+»-ի հիմնադիր «Մելտեքս ՍՊԸ»-ի օգտին պետությունից գանձել 20.000 եվրո` որպես «բարոյական վնասի հատուցում»: Եվս 10.000 եվրո պետությունը պետք է վճարի դատական ծախսերի համար (նշենք, որ գումարն արդեն ամբողջությամբ վճարվել է): Սա ԵԴ-ի 6-րդ վճիռն էր ընդդեմ Հայաստանի: