Հայաստանում գնալով պակասում է այն մարդկանց թիվը, ովքեր չեն լսել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) մասին։ Իհարկե, տոկոսային առումով դեռ քչերն են, որ հստակ պատկերացնում են՝ ինչ է այդ դատարանը, ինչպես կարող են դիմել եւ որ դեպքերում։ Այդուհանդերձ, թեկուզ սահմանափակ իրազեկվածությունը մի կողմից՝ բարձրացնում է քաղաքացու ինքնավստահությունը՝ իր իրավունքների պաշտպանության հարցում, մյուս կողմից՝ զսպաշապիկի դեր է կատարում արդարադատության՝ հայաստանյան կառույցների համար՝ այս կամ այն չափով կանխարգելելով սխալ եւ կողմնակալ վճիռների կայացումը։ Սակայն մինչ ՄԻԵԴ-ին անդրադառնալը, թերեւս, արժե պատկերացում կազմել Մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների եվրոպական կոնվենցիայի մասին։ Այն պարզ պատճառով, որ դատարանը հենց այդ կոնվենցիայով երաշխավորված իրավունքները պաշտպանելու համար ստեղծված մեխանիզմ է։
Եվրոպական կոնվենցիան
Մարդու իրավունքների հիմքերը՝ հարգանքը յուրաքանչյուր անհատի կյանքի եւ արժանապատվության նկատմամբ, տեղ են գտել աշխարհի գրեթե բոլոր կրոնական եւ փիլիսոփայական ուսմունքներում։ Մարդու իրավունքները հնարավոր չէ գնել, վաստակել կամ ժառանգել։ Նրանք ի սկզբանե պատկանում են մարդուն՝ անկախ ռասայից, մաշկի գույնից եւ այլ հանգամանքներից։ Այդ իսկ պատճառով, մարդու իրավունքները անվանում են «անկապտելի»։ Այդ իրավունքները շարադրված են միջազգային իրավական փաստաթղթերում, որոնք համաձայնեցվել են տարբեր երկրների կողմից։ Ամենալայն ճանաչում ստացել է 1948թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Ոգեշնչվելով այդ հռչակագրի դրույթներից՝ Եվրոպայի խորհուրդը 1950թ. ընդունեց Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների կոնվենցիան (ՄԻԵԿ)։ ՄԻԵԿ-ը երաշխավորում է հետեւյալ իրավունքները.
– անհատի կյանքը, ազատությունը եւ անձեռնմխելիությունը,
– արդար դատավարություն՝ քաղաքացիական եւ քրեական գործերով,
– մասնակցություն ընտրություններին եւ թեկնածության առաջադրում,
– խղճի, մտքի եւ դավանանքի ազատություն,
– կարծիք արտահայտելու ազատություն (ներառյալ ԶԼՄ-ների ազատությունը),
– գույքը եւ սեփականությունը ազատ տնօրինելու իրավունք,
– հավաքների եւ միավորումներ կազմելու ազատություն։
ՄԻԵԿ-ը արգելում է` կտտանքները եւ ստորացուցիչ վերաբերմունքը, մահապատիժը, ստրկությունը եւ հարկադիր աշխատանքը, կոնվենցիայով երաշխավորված իրավունքների իրացման հարցում խտրականությունը, սեփական քաղաքացիների արտաքսումը կամ երկիր մուտք գործելու թույլտվության մերժումը, օտարերկրացիների կոլեկտիվ արտաքսումը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
1953թ. սեպտեմբերի 3-ին ուժի մեջ մտած Եվրոպական կոնվենցիան ոչ միայն ազդարարեց մարդու հիմնական իրավունքները, այլեւ ստեղծեց հատուկ մեխանիզմ դրանց պաշտպանության համար՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ)։ Դատարանը, որը տեղակայված է Ստրասբուրգի՝ Մարդու իրավունքների պալատում, սկսել է գործել 1959թ.-ից։ Այն կոչված է ապահովել Կոնվենցիայի դրույթների կատարումը մասնակից երկրների կողմից։ Իր այդ գործառույթը ՄԻԵԴ-ն իրականացնում է՝ անհատական բողոքների հիման վրա ընդունելով եւ քննելով կոնկրետ գործեր ֆիզիկական անձանց, անձանց խմբի կամ ոչ պետական կազմակերպությունների կողմից։ Բողոք կարող է ներկայացնել նաեւ ԵԽ անդամ երկիրը մյուսի նկատմամբ, եթե գտնում է, որ խախտվել է Կոնվենցիան։
Հայաստանի կողմից Եվրոպական կոնվենցիան վավերացնելու արդյունքում՝ ՄԻԵԴ կարող են դիմել նաեւ ՀՀ քաղաքացիները։ Նշենք, որ ՄԻԵԴ-ը Կոնվենցիայի մասնակից երկրի դատաիրավական համակարգի տեսանկյունից գերագույն ատյան չէ։ Հետեւաբար՝ այն չի կարող բեկանել պետական իշխանության մարմնի կամ դատարանի վճիռը, չի կարող հրահանգներ տալ օրենսդիրներին, չի իրականացնում ազգային օրենսդրության կամ դատական պրակտիկայի աբստրակտ վերահսկողություն, եւ իրավունք չունի իրավական հետեւանքներ առաջ բերող միջոցառումների ցուցումներ տալ։ Այսինքն՝ ՄԻԵԴ-ը կոնկրետ գործեր է քննում՝ եզրակացնելու համար, թե իրո՞ք թույլ են տրվել Կոնվենցիայի նորմերի խախտումներ։ Սակայն ՄԻԵԴ-ը իրավունք ունի վճռել «պահանջի արդարացի բավարարում»՝ նյութական կամ բարոյական վնասի ֆինանսական փոխհատուցման տեսքով։ Նշենք նաեւ, որ ԵԴ-ի բազմամյա պրակտիկայի ընթացքում չի եղել մի դեպք, որ ԵԽ անդամ երկիրը չկատարի դատարանի որոշումը։ ԵԽ կանոնադրության համաձայն, նման գործելաոճը կարող է հանգեցնել տվյալ երկրի մասնակցության կասեցմանը ԵԽ-ում։