«Քայլ առ քայլ»

26/11/2009

Մասնագիտությամբ ճարտարագետ Լիլիթ Մկրտչյանը, ով երկու տարի առաջ մասնակցել է Եվրամիության աջակցությամբ «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» կողմից իրականացված «Քայլ առ քայլ» ծրագրին, այսօր, բացի իր հիմնական աշխատանքից, զբաղվում է նաեւ մարդու իրավունքներին առնչվող տարբեր հարցերի վերաբերյալ մոնիտորինգների անցկացմամբ: Լիլիթը բնակվում է Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, սակայն այսօր համագործակցում է «Քայլ առ քայլ» ծրագրի` տարբեր մարզերում գործող մասնակիցների հետ: Վերջիններս` յուրաքանչյուրը իր մարզում, իրականացնում են մարդու իրավունքների ոտնահարման տարբեր դեպքերի հետ կապված մոնիտորինգներ, հրապարակում են դրանց արդյունքները եւ պարբերաբար քննարկումներ են կազմակերպում այդ թեմաներով: Լիլիթն ասում է, որ նշված ծրագրին մասնակցելուց հետո դրա մասնակիցների միջեւ ստեղծվել է յուրահատուկ ցանց, որի անդամները գտնվում են մշտական շփման մեջ: «Քայլ առ քայլ» ծրագիրն ինձ տվել է մարդու իրավունքների ոլորտում բավականին մեծ իրազեկություն, գիտելիքներ եւ հմտություններ: Մեզ թվում է, թե մենք շատ բան գիտենք մարդու իրավունքների հետ կապված, բայց իրականում չգիտենք»,- պատմում է Լիլիթը, ում կարծիքով՝ այդ ծրագիրը հաջողված էր այն պատճառով, որ բացի տեսական գիտելիքներից, հագեցած էր նաեւ գործնական աշխատանքներով: «Ծրագրի վերջում մենք պիլոտային մոնիտորինգ արեցինք Աբովյանի քրեակատարողական հիմնարկում: Մեր խնդիրն էր պարզել, թե որքանով են այդ հիմնարկում ապահովվում նյութատեխնիկական պայմանները, կրթության, արտաքին աշխարհի հետ շփման` սահմանված չափանիշները»,- ասում է Լիլիթը` ավելացնելով, որ «Քայլ առ քայլ» ծրագրի մասնակիցներն այսօր էլ Հայաստանի տարբեր մարզերում իրենք մի շարք մոնիտորինգային ծրագրեր են իրականացնում եւ շարունակելու են համագործակցությունը այս ոլորտում: