– Պրն Առուստամյան, Հայաստանի դատաիրավական ոլորտում ներկայումս ի՞նչ ծրագրեր են իրականացվում եվրոպական համայնքի աջակցությամբ։
– Ներկայումս Եվրամիության աջակցությամբ իրականացվում է «Բյուջետային աջակցության» ծրագիրը` «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի հիման վրա: Ֆինանսական օժանդակությունը ներառվում է ուղղակիորեն պետբյուջեում, որտեղից էլ ուղղվում է տվյալ ոլորտի ռազմավարական ծրագրի իրականացմանը։ Այդ կապակցությամբ արդեն հաստատված է 2009-2011թթ. դատաիրավական բարեփոխումների ռազմավարական գործողությունների ծրագիրը եւ այդ ծրագրից բխող միջոցառումների ցանկը ՀՀ նախագահի կարգադրությամբ:
– Ինչի՞ն է ուղղված այդ ծրագիրը։
– Ուղղված է ՀՀ-ում արդարադատության ոլորտի բարեփոխումներին։ Միջոցառումների ցանկում խնդիր է դրվում բարձրացնել արդարադատության արդյունավետությունը, մատչելիությունը, նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը եւ այլն: Միջոցառումները վերաբերում են թե՛ դատական իշխանությանը, թե՛ դատախազական համակարգին, թե՛ փաստաբանությանը եւ այլ համակարգերի: Ներկայումս ընթացքի մեջ է նաեւ երկրորդ՝ արդարադատության մատչելիության ծրագիրը (Access to Justice), որը համատեղ ծրագիր է` ֆինանսավորում է ԵՄ-ն, մասամբ էլ՝ Եվրոպայի խորհուրդը, սակայն իրականացվում է ԵԽ-ի կողմից։ Ծրագիրն ունի 3 հիմնական բաղադրիչ՝ դատական դպրոցի եւ փաստաբանական դպրոցների հետագա զարգացում, ինչպես նաեւ՝ իրավունքի գերակայության կոմպոնենտը, որտեղ նախատեսում է իրավական ակտերի նախագծերի մշակման, փորձաքննության կազմակերպման աջակցություն:
– Գումարային առումով որքա՞ն է տրամադրվել այս երկու ծրագրերի համար։
– Առաջին` բյուջետային աջակցության ծրագրին հատկացվելու է 16 միլիոն եվրո, 3 տարվա ընթացքում: Նախատեսվում է, որ 16 միլիոնը պետք է տրամադրվի 8-4-4 չափաբաժիններով: Պետությունը, որոշակի պարտավորություններ ստանձնելով, միայն անելիքները կատարելուց հետո է հերթական ֆինանսավորումը ստանում: Առաջին նախապայմանն այն է, որ պետք է լինի ծրագիր, միջոցառումների ցանկ, կառավարման խորհուրդ: Այսինքն՝ բուն հանգամանքը, որ կա նախագահի կարգադրությամբ սահմանված միջոցառումների ցանկ եւ համապատասխան ծրագիր, արդեն իսկ նշանակում է, որ մենք հիմնականում բավարարել ենք առաջին նախապայմանը եւ ակնկալում ենք առաջին ֆինանսավորումը: Ինչ վերաբերում է հաջորդ տրանշներին, ապա դրանց տրամադրման համար հիմք են ծառայելու արդեն իրականացված կոնկրետ գործողությունները։ Դրանք եվրոպական կողմի փորձագետների կողմից գնահատվում են՝ քանի՞ տոկոսով են կատարված, եւ նոր միայն որոշում է կայացվում ֆինանսավորման շարունակության վերաբերյալ: Երկրորդ ծրագրի ընդհանուր բյուջեն 3.9 միլիոն եվրո է:
– Վերջին տարիներին միշտ ուշադրության կենտրոնում է եղել եւ աջակցություն ստացել նաեւ քրեակատարողական ոլորտը։ Կարելի՞ է ասել, որ ք/կհ-ների ներկայիս վիճակը համապատասխանում է եվրոպական չափանիշներին:
– Ոչ: Դեռեւս 2001թ. մարտին կառավարության կողմից հավանության էր արժանացել քրեակատարողական ծառայության բարեփոխումների հայեցակարգը, որտեղ շեշտադրումներ էին կատարվում, թե այս ոլորտում ինչ ուղղությունների վրա ուշադրություն պետք է դարձվի. իրավական բարեփոխումներ, ենթակառուցվածքային, սոցիալ-հոգեբանական աշխատանքների իրականացման, կալանավորված անձանց եւ դատապարտյալների բուժսպասարկման որակի բարձրացման կադրերի վերապատրաստման բարեփոխումներ, դատապարտյալների զբաղվածության խնդիրներ, ֆինանսական քաղաքականության ճշգրտումներ: Այս ուղղություններով մենք մեր հիմնական անելիքները գրեթե արել ենք. իրավական բարեփոխումները մյուս տարվա կեսին ամբողջությամբ ավարտած կլինենք: Շատ քիչ հարցեր են մնացել չլուծված, որոնք պահանջում են ֆինանսական ներդրումներ: Մենք ունենք նաեւ ենթակառուցվածքային բարեփոխումների խնդիր: Մեր շենք-շինությունները այսօր բավարար չեն իրավական լուծումները լիարժեք իրականացնելու համար: Այսինքն` ունենք օրենքներով եւ այլ իրավական ակտերով տրված կարգավորումներ, սակայն դրանք շատ դեպքերում ենթակառուցվածքային անհրաժեշտ ինստիտուտների բացակայության պատճառով չեն կարող լիարժեք իրականացվել։
– Եվրոպական կառույցների հետ ապագայում նախատեսվո՞ւմ են նոր ծրագրեր։
– Իհարկե։ Այսօր եվրոպական կողմի հետ քննարկումներ են տարվում այն հարցերի շուրջ, թե 2009-2011 թթ., աշխատանքային ծրագրի միջոցառումների իրականացումից հետո ինչ ուղղություններով ենք պատկերացնում ոլորտի զարգացումները, ինչ լուծումներ կարող ենք տեսնել: Օրինակ՝ նույն քրեակատարողական ոլորտի առչությամբ մենք ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացված ենթակառուցվածքային բարեփոխումների հայեցակարգով նախանշում ենք առաջիկա 10-15 տարիների մեր անելիքները, ֆիքսում ենք զարգացման միտումները։