«ԵՄ-ի հետ համագործակցությունն օգնում է»,- ասում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը

26/11/2009 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

– Դեկտեմբերի 10-ը նշվում է որպես մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր: Ինչպե՞ս եք գնահատում այդ բնագավառի իրավիճակը մեր երկրում, մասնավորապես` եվրոպական չափանիշների համատեքստում:

– Եվրոպական չափանիշներ ասվածը մի քիչ հարաբերական հասկացություն է, եւ մեզ մոտ` Հայաստանում, հաճախ դրա նկատմամբ թյուրըմբռնում կա: Ինչ վերաբերում է նրան, թե ի՞նչ վիճակում է Հայաստանում այդ բնագավառը, ապա կարծում եմ` մեզ մոտ արդեն դրական միտումներ նկատվում են եւ՛ մենթալիտետի, եւ՛ մտածողության, եւ՛ մարդու իրավունքների ընկալման, եւ՛ նաեւ, ինչու չէ` ՄԻՊ-ի հետ համագործակցության տեսանկյունից:

– Այդ առաջընթացի մեջ կա՞ արդյոք Եվրամիության դերը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դուք համագործակցում եք ԵՄ-ի հետ:

– Դժվար է տոկոսային հարաբերակցությամբ ասել, թե որքանով է այս առաջընթացի մեջ ԵՄ դերը, բայց, իհարկե, Եվրամիությունը որոշիչ դեր ունի այս բնագավառում, որովհետեւ ինտեգրումը ԵԽ-ի հետ (քանի որ մենք ԵՄ անդամ չենք) մեզ ինչ-որ չափով ինտեգրում է եվրոպական արժեքներին: Այդ տեսակետից չափազանց մեծ է Ստրասբուրգի դատարանի գործունեությունը եւ բուն ԵՄ-ի Արեւելյան գործընկերության ծրագիրը: Եվրոպան ավելի շատ մշակութային եւ հոգեբանական հասկացություն է եւ ոչ թե աշխարհագրական. որքան համագործակցում ես, այնքան ավելի ես ինտեգրվում: ՄԻՊ գրասենյակն այսօր ԵՄ-ի հետ երկու մեծ ծրագիր է իրականացնում: Մեկը OPCAT-ի` «Խոշտանգումների դեմ կոնվենցիայի կամընտիր արձանագրություն» ծրագրի շրջանակներում է, մյուսը` Twinning-ի: OPCAT-ի տեւողությունը 1.5 տարի է, որը սկսել ենք անցյալ տարվանից, իսկ Twinning-ը սկսել ենք 1 ամիս առաջ, որն ավարտվելու է 1.5 տարի հետո: Twinning-ը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից, եւ այստեղ

ԵՄ-ից ժամանած փորձագետների խումբ է լինելու մշտապես, եւ նրանք անելու են այն գործը, ինչ իմ խորհրդականները: Այսինքն` սա օգտակար է նաեւ մարդկային ռեսուրսի տեսանկյունից, որովհետեւ մենք միշտ նման ռեսուրսների կարիք ունենում ենք: Եվ ունենալով նմանատիպ փորձագետների դաշտ, ես արդեն հնարավորություն եմ ունենում ավելի ընդգրկուն գործել:

– Ի՞նչ եք կարծում` այս ծրագրերը հնարավորություն կտա՞ն իսկապես դրական ձեռքբերումների հասնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, թե՞, այնուամենայնիվ, մինչեւ ներքին բովանդակային փոփոխություններ չլինեն՝ վիճակը չի փոխվի:

– Մինչեւ ներքին բովանդակային փոփոխություններ չլինեն՝ վիճակը կմնա նույնը կամ այնքան դանդաղ առաջ կշարժվի, որ 200 տարի կպահանջվի միջին մակարդակի հասնելու համար: Այսինքն, այնուամենայնիվ, որոշիչ դերակատարումը կախված է մեզանից: Բայց մենք էլ ենք ինչ-որ առումով փոխվում` այդ ծրագրերի միջոցով շփվելով համապատասխան երկրների հետ: Ի դեպ, եվրոպական արժեքները մեզ բացարձակապես չեն տանում ազգային նկարագրի կորստի: Բոլոր ազգերն էլ իրենց ինքնությունը պահպանելով՝ մեկ ընդհանուր ընտանիքի մաս են դառնում, որտեղ խոսքը շատ էլեմենտար բանի մասին է` մարդու իրավունքները բարձր արժեք են եւ պետք է հարգվեն բոլոր հարցերում, եւ հենց դա է, որ դառնում է նաեւ մեր մշակույթի մի մասը: Այսինքն` այդ միասնական համագործակցությունը մեզ այդ մշակույթի մի մասն է դարձնում, որը շատ կարեւոր է:

– Ասացիք, որ ՄԻ պաշտպանի գրասենյակը երկու ծրագիր է իրականացնում ԵՄ աջակցությամբ, ի՞նչ արդյունքներ են արձանագրվել: Եվ ընդհանրապես` արդյո՞ք մեր հասարակությունը կարող է դառնալ իսկական եվրոպացի:

– Շատ լավ էլ կարող ենք դառնալ: Եվ եթե մենք այսօրվա հասկացողությամբ շատ ավելի եվրոպացի էինք Կիլիկիայում, ուրեմն` կարող ենք: 700 տարի հակառակ մշակութային դաշտում ենք եղել, դրա համար ենք այսպիսին դարձել, թե չէ` ինչո՞ւ չենք կարող: Ինչ վերաբերում է արձանագրված արդյունքներին, ապա եթե OPCAT ծրագիրը չլիներ, մենք չէինք կարողանալու այդ ուղղությամբ արդյունավետ գործել: Մենք այս տարի դեկտեմբերի 10-ին որպես ազգային մեխանիզմ առաջին զեկույցն ենք ներկայացնելու, եւ եթե ԵՄ-ն մեզ չօգներ, մենք պարզապես դա չէինք կարողանալու անել, որովհետեւ ռեսուրսներ չունենք: Չունենք այնքան մարդիկ, որոնք մշտապես կգնան կալանավայրեր եւ կուսումնասիրեն իրավիճակը:

– Կմասնավորեցնե՞ք, թե ի՞նչ են անում նրանք, եւ ի՞նչ ձեւաչափով են աշխատում այստեղ:

– ԵՄ-ն փորձագետներ է վարձում, ֆինանսավորում է նրանց, բայց նրանք մեր կողմից դրված խնդիրներն են լուծում: Նույնը նաեւ Twinning-ի ծրագիրն է: Օրինակ, մենք այսօր նախատեսում ենք որոշ փոփոխություններ կատարել մեր օրենքում, եւ ԵՄ փորձագետներն այժմ ուսումնասիրում են միջազգային փորձը, իսկ մեր փորձագետները մեր երկրում եղած օրենսդրական դաշտն են ուսումնասիրում: Այսինքն` միջազգային փորձի ուսումնասիրման գործում մենք կարող ենք ազատ թողնել մեր ռեսուրսները եւ ավելի խորանալ մեր օրենսդրության վրա: Հիմա մեզ մոտ Իսպանիայի եւ Ֆրանսիայի փորձագիտական խմբերն են մշտապես աշխատում. նրանք միջազգային փորձն են ուսումնասիրում, որպեսզի մենք մեր օրենքում փոփոխություններ մտցնենք: Մեկուկես տարի նրանք մեր գրասենյակում են լինելու, եւ ընթացիկ ցանկացած հարցի շուրջ ես կարող եմ նրանց հանձնարարություններ տալ: Նրանք իմ խորհրդականների կարգավիճակն ունեն. եթե մեր պետությունն ինձ 3 խորհրդականի հաստիք է տրամադրել, ապա ես հիմա 6-ն ունեմ, քանի որ երեքն էլ ԵՄ-ն է տվել:

– Մարդու իրավունքներին առնչվող կառույցներից Հայաստանում, թերեւս, ամենախնդրահարույցը դատական համակարգն է, որը չնայած վերջին տարիներին կատարված մի շարք կառուցվածքային փոփոխություններին, այնուամենայնիվ, շատ հեռու է անկախ լինելուց: Հայաստանի իրական ինտեգրումը Եվրոպային որքանո՞վ կարող է լուծել այդ խնդիրը:

– Ստրասբուրգի դատարանն արդեն իսկ ստիպում է որոշ դեպքերում նույնիսկ չցանկանալով ինչ-որ քայլեր անել, որովհետեւ ոչ մեկիս համար ցանկալի չէ գնալ այնտեղ պարտվել եւ՛ բարոյապես, եւ՛ ֆինանսապես: Մենք դատական համակարգի հետ կապված մեր բոլոր քննադատություններն անում ենք այդ լույսի ներքո, թե որքանով են մեր դատական վճիռներն ու որոշումները համապատասխանում նմանատիպ հարցերին վերաբերող Ստրասբուրգի դատարանի նախադեպային իրավունքին: ՀՀ Վճռաբեկ դատարանն արդեն` համագործակցելով մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, տպագրում է վճիռների ժողովածու, որոնք պետք է նախադեպ եւ ուղեցույց լինեն առաջին ատյանի դատարանի եւ ընդհանրապես դատական համակարգի համար: Սա հենց արդեն ԵՄ-ի կողմից օգնություն է եւ արդյունք է տալիս: Այնուամենայնիվ, շարժ կա եւ, իրոք, պետք է ընդունենք, որ ԵՄ-ի հետ համագործակցությունն օգնում է: