Նասերը ուրիշ թարգմանիչ չէր ընդունում
Առաքելյան դիվանագետ-թարգմանչի տաղանդը փայլեց դեսպան Սերգեյ Վինոգրադովի օրոք, այն Վինոգրադովի, որը պատմության մեջ մտավ որպես 20-րդ դարի ուժեղագույն դիվանագետներից մեկը:
…1941-ին Վինոգրադովը Անկարայում նշանակվեց դեսպան` ունենալով Ստալինի ցուցումը` խոչընդոտել Թուրքիային Գերմանիայի կողմից մտնելու պատերազմի մեջ: Թուրքիայի պահած չեզոքությունը, անշուշտ, Վինոգրադովին չպետք է վերագրել: Պարզապես Անկարան հոյակապ մանեւրեց բախվող կողմերի միջեւ, ինչը պատմաբանների կողմից գնահատվում է որպես ճկուն դիվանագիտության դասական օրինակ: Մինչեւ ստալինգրադյան ճակատամարտը, երբ Խորհրդային Միության «լինել» կամ «չլինելը» մազից էր կախված, Թուրքիան ակտիվ հարաբերություններ էր զարգացնում հիտլերյան առանցքի հետ` մարտական պատրաստականության մեջ պահելով իր զինուժը կովկասյան ողջ սահմանի երկայնքով: Իսկ երբ Պաուլսի զորքերը ջախջախիչ պարտություն կրեցին, եւ պատերազմի նժարը սկսեց փոխվել Մոսկվայի եւ նրա դաշնակիցների օգտին, Անկարան հեզասահ անցավ վերջիններիս կողմը: Թուրքիան դուրս եկավ աշխարհամարտից առանց թուրք մեկ զինվորի քիթն անգամ արյունելու: Պատահական չէ, որ Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Իսմեթ Ինոնյուն համարվել է անցած հարյուրամյակի լավագույն դիվանագետներից մեկը: Այնուամենայնիվ, Ստալինը, առաջին եւ վերջին անգամ խախտելով պարգեւատրման արարողակարգը, Վինոգրադովին իր ձեռքով հանձնեց Լենինյան շքանշանը:
Երբ Վինոգրադովը նշանակումով գործուղվեց Կահիրե, առաջին հերթին զբաղվեց կադրերով: Նրան անհրաժեշտ էին ուժեղ արաբագետներ, եւ նա ընտրեց Հակոբովին ու Առաքելյանին` համապատասխանաբար խորհրդականի եւ առաջին քարտուղարի դիվանագիտական աստիճաններով:
Դեսպանը` որպես հմուտ դիվանագետ եւ լեզուների գիտակ, անմիջապես հասկացավ Առաքելյանի առավելությունները եւ նրա թարգմանչական անսովոր ձիրքը: Թարգմանության ընթացքում Առաքելյանը կարողանում էր պահել թեմայի նրբերանգները եւ տոնայնությունը, անգամ` տրամաբանական շեշտադրությունը: Նա գիտեր դադարի տեղն ու կարեւորությունը, երբ դժվարին հարցադրումից կամ պատասխան տալուց առաջ, ճիշտ կողմնորոշվելու համար դեսպանին անհրաժեշտ է գոնե մի քանի վայրկյան: Վինոգրադովի հետ Առաքելյանը կարողացավ հասնել թարգմանչական արվեստի բարձրագույն պիլոտաժի` դարձավ դեսպանի alter ego-ն` երկրորդ եսը, ինչը հաջողվում է շատ քիչ թարգմանիչների: Բացի այդ, նա կարողանում էր զրույցը թարգմանել եւ միաժամանակ գրառել, ինչը նույնպես հազվագյուտ հատկություն է անգամ պրոֆեսիոնալների մոտ: Շնորհիվ դրա` Վինոգրադովի հետ կայացած հանդիպման վերաբերյալ հեռագրերը Գրոմիկոյի սեղանին էին դրվում հաշված րոպեներում: Առաքելյանն անփոփոխ եղել է դեսպանի թարգմանիչը նախագահ Նասերի հետ բոլոր զրույցների ժամանակ: Միայն մեկ անգամ, երբ Սերգեյն ինչ-որ հարցի շուրջ վիճել էր դեսպանի հետ, իսկ որ նա կարող էր վիճել, գաղտնիք չէր, վերջինս որոշում է «պատժել» Առաքելյանին եւ Նասերի մոտ գնալիս վերցնում է մեկ այլ թարգմանչի` Սուխինին: Չտեսնելով Առաքելյանին` նախագահը հարցնում է.
– Իսկ ո՞ւր է Սերժը,- Նասերը այդպես էր անվանում նրան:
– Նա վատառողջ է,- ստիպված ստում է դեսպանը:
– Հուսանք, որ կկազդուրվի եւ հաջորդ հանդիպմանը նա՛ կթարգմանի մեր զրույցը,- լինում է նախագահի երկիմաստ դիտողությունը:
Նրանք հասկացել էին իրար, եւ դեսպանն ուղղեց իր «սխալը»: Նասերը բարձր էր գնահատում Սերգեյին:
Եգիպտացիները շատ են կարեւորում նվերների փոխանակման ավանդույթը, որոնց քանակը եւ տեսակը պայմանավորում են նվիրատուի վերաբերմունքը: Երբ Առաքելյանը վերադառնում էր Մոսկվա, Նասերի մատուցած նվերների տեղափոխման համար անհրաժեշտ եղավ բեռնատար մեքենա…
Իսկ ո՞րն էր Նասեր-Վինոգրադով երկկխոսությունում Առաքելյանի հաջողության եւ անհրաժեշտության գաղտնիքը:
Մի փոքր պատմական էքսկուրս: 1967 թ.-ի հունիսի 5-ին իսրայելյան ռազմական ավիացիան կանխարգելիչ հարված հասցրեց Եգիպտոսին: 340 ինքնաթիռից 309-ը ոչնչացվեց. բոլորը` խորհրդային արտադրության: Նույն օրը Իսրայելը ջախջախեց Հորդանանի եւ Սիրիայի օդուժը: Ընդհանուր առմամբ արաբները կորցրին 416 ինքնաթիռ, որից 393-ը` օդանավակայաններում, իսրայելցիները` ընդամենը 26 մեքենա: Իսրայելը գրավեց Սինայի թերակղզին, Հորդանան գետի արեւմտյան ափը, Գոլանի բարձունքները, իշխանություն հաստատեց մինչ այդ բաժանված Երուսաղեմի վրա: «Վեցօրյա պատերազմն» ավարտվեց արաբների լիակատար պարտությամբ, որը բարոյական մեծ հարված էր նաեւ Խորհրդային Միությանը, քաղաքական եւ դիվանագիտական ապտակ: Պատերազմի հաջորդ օրը Մոսկվան խզեց դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ, այն պետության, որը հայտնվել էր քարտեզի վրա առաջին հերթին իր մտահղացմամբ եւ ջանքերով: Կրեմլում սկսել էին ավելի լավ հասկանալ, որ միակողմանի արաբամետ դիրքորոշումը բացասական դեր է խաղում տարածաշրջանում, սրում է կողմերի առճակատումը: Բայց բոլոր դեպքերում նա շարունակում էր իր ընտրած քաղաքական գիծը, որը հիմնականում պայմանավորված էր Մերձավոր Արեւելքում մնալու եւ ամրապնդվելու ձգտումով: Քաղաքականությունն ունի իներցիայի իր օրենքը, որից դժվար է խուսափել, մանավանդ, երբ նրա հիմքում ի սկզբանե դրված է էքսպանսիոնիստական` ծավալապաշտական գաղափարախոսությունը: Բացի այդ, սառը պատերազմի երկբեւեռ քաղաքական համակարգն ուներ իր կանոնները. եթե Իսրայելը ԱՄՆ-ի հետ էր, ուրեմն ԽՍՀՄ-ի բարեկամը պետք է լիներ արաբական աշխարհը: Նասերը ճնշում էր գործադրում Վինոգրադովի վրա` պահանջելով խորհրդային զորքեր մտցնել Եգիպտոս` իսրայելցիներից պաշտպանվելու համար: Պատերազմի հրդեհը չտարածելու մտահոգությամբ Մոսկվան զսպում էր Նասերի եւ մյուս արաբ լիդերների ռազմատենչ նկրտումները: Մի խոսքով, բարեկամությունը` բարեկամություն, բայց «Ոսկեգագաթը» կռվելու ցանկություն չուներ: Մանավանդ, նրա հիշողության մեջ դեռ թարմ էր Կարիբյան ճգնաժամը, որից աշխարհը հազիվ մազապուրծ եղավ: Նասերի խնդրանքը ամեն անգամ մերժվում էր, սակայն դա արվում էր այնպես, որ արաբական աշխարհի փաստացի առաջնորդը չվիրավորվի:
– Իսկ Սերգեյը մի տեսակ բուֆերի` թափարգելի դեր էր խաղում եւ զարմանալիորեն հանգստացնում էր նրան,- հիշում է դեպքերի ականատես դեսպան Պողոս Հակոբովը…
Վինոգրադովը հոգատար ղեկավար էր: Կահիրեում Սերգեյը վաղուց գերազանցել էր 1-ին քարտուղարի դիվանագիտական աստիճանի եւ պաշտոնի «նորմերը», սակայն տեղում նման հաստիք չլինելու պատճառով` խորհրդական դառնալու հնարավորություն չկար: Եվ երբ կենտրոնն առաջարկեց Առաքելյանին պաշտոնի բարձրացումով տեղափոխվել Եմեն, դեսպանն ափսոսանք հայտնեց, բայց արգելք չհանդիսացավ: Սերգեյի մեկնելուց հետո Նասերը մեկ անգամ չէ, որ հետաքրքրվել է նրա մասին: Իսկ հայ համայնքը, որ կապվել էր Առաքելյանի հետ եւ անկեղծ սիրում էր նրան, տխրեց, քանի որ դեսպանությունից մեկնեց «իսկական հայը եւ հայրենասերը»: Շատ տարիներ անց, երբ եղա Կահիրեում, հնաբնակները պատմեցին, որ Առաքելյանը հաճախ էր հանդես գալիս համայնքի առաջ, աշխատում էր Հայաստանից ժամանած պատվիրակությունների հետ, ակտիվորեն նպաստում էր հայրենիքի հետ մշակութային կապերի ամրապնդմանը:
Դեսպանը միշտ ճիշտ է, եթե անգամ սխալվում է
Ալժիրում Առաքելյանը ղեկավարում էր դեսպանության ներքաղաքական խնդիրներն ուսումնասիրող խումբը: Նա իր ուրույն տեսակետն ուներ Ալժիրի ներքին եւ արտաքին քաղաքականության, Խորհրդային Միության հետ հարաբերությունների հեռանկարների, գլուխ բարձրացնող իսլամական ֆունդամենտալիզմի վերաբերյալ: Եվ, ի դժբախտություն իրեն, նրա տեսակետն ամենեւին չէր համընկնում դեսպանի տեսակետի հետ:
Դեսպան Վասիլի Ռիկովը տիպիկ կուսակցական աշխատող էր: Ալժիր գալուց առաջ, որը նրա համար առաջին արտասահմանյան երկիրն էր, եղել էր Թուրքմենիայի Կոմկուսի ԿԿ
2-րդ քարտուղար, ԽՍՀՄ ԿԿ անդամության թեկնածու: Սոցիալիստական կողմնորոշում ունեցող Ալժիրում դեսպան կարող էր նշանակվել բացառապես նման կենսագրություն ունեցող կուսակցական գործիչը: Խորհրդային ղեկավարության մոտ ձեւավորվել էր այն կարծիքը, որ Ալժիրը Մագրեբում մեզ ամենամոտ եւ հավատարիմ երկիրն է: Այդ ղեկավարության կարծիքով՝ պակաս կարեւոր չէր այն հանգամանքը, որ նրա նախագահ Հուարի Բումեդիենը Խրուշչովի ձեռքից է ստացել Խորհրդային Միության հերոսի ոսկե աստղը: Այդ տարիներին Խորհրդային Միություն-Ալժիր քաղաքական, տնտեսական, ռազմական, գիտատեխնիկական եւ մշակութային հարաբերությունները գտնվում էին բարձր մակարդակի վրա: Երկրում խորհրդային մասնագետների թիվը հասնում էր 12 հազարի: Մեր օգնությամբ արեւելքում կառուցվեց Էլ-Հաջարի հզոր մետալուրգիական գործարանը, Անաբան Միջերկրական ծովի միակ նավահանգիստն էր, ուր այցելում էին միջուկային հրթիռներով զինված խորհրդային սուզանավերը` անձնակազմին հանգիստ տալու, ջրի եւ սննդի պաշար վերցնելու համար: Այս ամենի պարագայում դժվար էր համաձայնել Ռիկովի հետ, երբ նա կարծիք էր հայտնում, որ «ժամանակն է Ալժիրի հետ ստեղծել հատուկ բլոկ»: Ալժիրի նկատմամբ Մոսկվայի թյուր մտածելակերպը արդյունք էր նաեւ դիվանագետական, քաղաքական եւ հետախուզական ծառայությունների ապակողմնորոշման: Առաքելյանը հանդես էր գալիս նման քաղաքական ստի դեմ եւ բարձրաձայն ապացուցում, որ Ալժիրում տեղի են ունենում խորքային, մեզ համար ոչ բարենպաստ գործընթացներ, որոնք երկիրը քաշում են ծայրահեղական իսլամիզմի ճահճուտը: Ռիկովի համար դա երկու ժողովուրդների անխախտ բարեկամության դեմ հանդուգն ոտնձգություն էր, կատարյալ հերետիկոսություն: Առաքելյանի եւ Ռիկովի տարաձայնությունը եւ սկզբունքային հարցերի շուրջ հակասությունները հասան այն աստիճանի, որ Սերգեյը ստիպված եղավ թողնել Ալժիրը:
Դեսպանը միշտ ճիշտ է եւ իրավացի` անկախ նրանից, թե ինչու եւ ինչի շուրջն է ստեղծվել վիճահարույց իրադրությունը: Ռիկովի անսասան հավատը ալժիրցիների սոցիալիստական պայծառ ապագայի նկատմամբ բացառում էր դիվանագետի որեւէ այլ կարծիքի ակնարկն անգամ:
7Օ-ականների կեսերին աշխատում էի Ալժիրի ծայր արեւելքում` Անաբայում որպես հյուպատոս: Այնտեղ տեղացիների հետ կապերն ավելի սերտ էին, քան հատուկ ծառայությունների հսկողության տակ գտնվող մայրաքաղաքում, բացի այդ` երկրի արեւելքում աշխատում էին 7 հազարի չափ խորհրդային մասնագետները, որոնք տեղեկատվության լավ աղբյուր էին մեզ համար: Առկա էր տարածաշրջանի եւ Ալժիրի ներքաղաքական իրավիճակի վերլուծության բացառիկ բարենպաստ հնարավորություն: Պատրաստեցի տեղեկանք Ալժիրում «Եղբայր մահմեդականների կազմակերպության» գործունեության մասին եւ ուղարկեցի Մոսկվա, իսկ կրկնօրինակը` դեսպանություն: Փաստաթուղթը պարունակում էր հստակ տեղեկատվություն եւ ճշգրիտ փաստեր Ալժիրում գլուխ բարձրացնող իսլամական ֆունդամենտալիզմի մասին: Մի քանի օր անց դեսպան Ռիկովը կանչեց ինձ եւ ծանր խոսակցություն վարեց հետս, որի մոտավոր բովանդակությունն այն էր, որ ինքը չի կարող հանդուրժել, երբ դեսպանությունը մի տեղեկատվություն է ուղարկում կենտրոն, իսկ հյուպատոսությունը` մեկ այլ: Անգամ թափանցիկ ակնարկ արեց հայկական քննադատամոլության սինդրոմի մասին, նկատի ունենալով մի քանի ամիս առաջ մեկնած Առաքելյանին: Բարեբախտաբար, միջադեպը զարգացում չունեցավ: Մի քանի օր անց Ալժիր ժամանեց I Աֆրիկյան բաժնի վարիչ Ալեքսեյ Շվեդովը, որն ամենեւին չէր կիսում Ռիկովի հայացքները, եւ, ըստ երեւույթին ասել էր նրան, որ ինձ հանգիստ թողնի: Երբ ամռանը եկա արձակուրդ, Շվեդովն անդրադառնալով հիշյալ տեղեկանքին, ասաց, որ ինքը հավանել է այն եւ ուղարկել է Կենտկոմի միջազգային բաժին, եւ մի տեսակ մեղավոր ավելացրեց, որ ԱԳՆ-ում շատերն են հասկանում ֆունդամենտալիզմի մեծացող վտանգը, սակայն «հարցերը լուծվում են այլ մակարդակներով»:
Հեղինակի անձնական արխիվից
Երկու տասնամյակ անց պայթեցին Ալժիրի արյունալի դեպքերը, որոնք դեռ քառորդ դար առաջ կանխատեսել եւ հաշվարկել էր Սերգեյ Առաքելյանը: Օտարերկրյա դիտորդների անտարբեր հայացքի ներքո 1992-1999-ը մարդկային զոհերի թիվը երկրում հասավ 100 հազարի: Մարտնչող իսլամը քայքայեց այդ երբեմնի հարուստ երկրի տնտեսությունը, ծնեց մասսայական ամենաթողություն, անկառավարելի ուրբանիզացիա եւ հանցագործությունների հզոր ալիք:
Համակարգը կորցրեց նրան
Սերգեյը քծնանքի, պատեհապաշտության եւ դիլետանտիզմի թշնամի էր, իր ձեւով պայքարում էր դրանց դեմ ու միշտ պարտվում։
Տաքարյուն էր, դյուրաբորբոք, ինչը անհարիր է դասական դիվանագիտության չգրված կանոններին: Գիտեր, որ իր մոտ առկա են բնավորության այդ գծերը, փորձում էր հաղթահարել դրանք, բայց միշտ չէ, որ հաջողվում էր:
Երբ կյանքի վերջին տարիներին աշխատում էր կենտրոնական ապարատում, վարչության պետերից մեկը հեռախոսով հրավիրում է նրան թարգմանելու իր հանդիպումը ինչ-որ դեսպանի հետ: Սերգեյը արժանապատվորեն մերժում է` ասելով, որ ինքն այլեւս կարճ տաբատով տղա չէ, իսկ նման մակարդակի թարգմանությունների համար կան երիտասարդ դիվանագետներ: Առաքելյանի ճիշտ, դիվանագիտական էթիկայից բխող պատասխանը պատճառ է դառնում` նրա դեմ տարվող գաղտնի հալածանքի: Առաքելյանը դառնացած, 2-րդ կարգի արտակարգ եւ լիազոր դեսպանորդի աստիճանով, թողնում է Արտգործնախարարությունը` չնայած դեռ երկար եւ արդյունավետ կարող էր աշխատել:
Սերգեյ Առաքելյանի աշխատանքն ամբողջովին չի գնահատվել եւ չի կարեւորվել: Նրա մեծ հնարավորությունները համակարգը չի նկատել, ավելի ճիշտ՝ չի ցանկացել նկատել եւ օգտվել դրանից: Եվ, վերջին հաշվով, դրանից տուժել է ինքը` համակարգը: Պատկերացնում եմ, թե ինչեր կարող էր անել նա, եթե լիներ դեսպան, օրինակ, իր սիրած եւ իրեն սիրած Եգիպտոսում: Սակայն նրա թռիչքը կանգնեցրին, եւ նա շուտ հեռացավ: Սիրտը չդիմացավ: Թերեւս պատճառն այն էր, որ պետական-ազգային շահերը անցկացնում էր իր միջով, խորապես հուզվում եւ ապրում էր դրանցով: Մեկ էլ բյուրեղի նման մաքուր էր` անազնվության եւ մարդկային ստորության հետ հաշտվելու համար: