Գրող Վահրամ Մարտիրոսյանը հրաշքներին չի հավատում, քանի որ իր խառնվածքով հետազոտող է: Իսկ երբ խորասուզվում ես քեզ հետաքրքիր նյութի մեջ, այլեւս բախտի գործոնին մեծ նշանակություն չես տալիս: Վ.Մարտիրոսյանը քայլ առ քայլ, տարբեր եվրոպական մշակութային հաստատությունների հարթած ճանապարհով ու հրավերով կարողացել է հաջողության հասնել Եվրոպայում: Նա հաճախ է լինում Ավստրիայում, որտեղ «գրական կացարան» ծրագրի է մասնակցում: Վերջերս Ավստրիայում գերմաներեն լեզվով տպագրվել է հայ գրողների անթոլոգիան, որի թարգմանիչը Հերբերտ Մաուրերն է, իսկ խորհրդատուն՝ Վահրամ Մարտիրոսյանը: Այդ գիրքը ներկայացվել է նաեւ Վիեննայի Գրքի միջազգային տոնավաճառում: «Եվրոպացիները մշակութային շփման շրջանակները ընդլայնելու խնդիր են դրել իրենց առջեւ: Դա մշակութային, քաղաքակրթային ավանդույթ է. մարդիկ պետք է հետաքրքրվեն, թե ի՞նչ կա իրենց շուրջը: Թեեւ, իհարկե, հայ գրողին ներկայացնելը գերմանացիների համար մեծ ռիսկի հետ էր կապված, քանի որ իրենք հասկանում էին, որ գիրքը կարող է եւ լավ չվաճառվել: Ո՞վ է ճանաչում հայ գրողին: Ոչ ոք»,- ասում է Վ.Մարտիրոսյանը:
Նա այժմ աշխատում է Չարենցի կյանքի մասին պատմող ֆիլմաշարի սցենարի վրա: Իսկ մոտ ժամանակներս պատրաստ կլինի նրա «Սողանք» վեպի (իր իսկ ձեւակերպմամբ` թեեւ այն ծավալով վիպակ է, սակայն ամբիցիաներով` վեպ է) էկրանավորումը: Ընդ որում, «Սողանքն» այն հազվադեպ գրքերից է, որը հայ ընթերցողը պատրաստ է եղել գնել Երեւանի գրախանութներից: Եթե այդ փաստը հրաշք չէ, ապա թերեւս շատ մոտ է հրաշքի:
– Ինչպիսի՞ն է հայ գրողի այսօրվա վերացական կերպարը: Տպավորություն կա, որ նա խեղճ, կիսաքաղց մարդ է, որին չեն կարդում ու նա միշտ դժգոհ է կյանքից ու ընթերցողից:
– Կար շրջան, երբ գիրքն ու գրողը սրբացված էին, բայց արդեն ցարական ժամանակից սկսած գրողները խեղճացած, ճնշված վիճակում էին հայտնվել, իսկ խորհրդային տարիներին գրողին հասցրեցին ծայրահեղ նվաստացման, երբ նույնիսկ նրանց մտքերի մեջ էր ցենզուրան մտել: Հիմա գրողը «կոտրված» մարդ է, որը կարծում է, որ ինքն ավելին է, քան պարզապես գրող, եւ ապրում է այդ առասպելի ծանրության տակ կքած: Հասարակությունն էլ անընդհատ նման պարտադրանք-հարց է առաջ քաշում` բա որտե՞ղ են մեր գրողները: Դա մեր միֆերից մեկն է: Հետաքրքիր է, որ հենց գրողներ պահանջող մարդիկ երբեք գրախանութ չեն գնա ու թեկուզ 500 դրամով գիրք չեն գնի: Այս վիճակը ես անվանում եմ մշակույթի ընդհատման, անհետացման շրջան: Հիմա մեզ մոտ շատ են մշակութային, թատերական, երաժշտական փառատոները։ Դա շատ լավ է, թող մարդիկ գան, գնան, ծանոթանան, դրանից հետո միգուցե ինչ-որ բան կարող է փոխվել: Բայց փառատոները սովորաբար պետք է տեղի ունենան մշակութային կոնտեքստում, իսկ Հայաստանում մնում են միայն որպես առանձին դրվագներ: Փառատոները իրագործվում են կազմակերպիչների նվիրվածության, կամ էլ ճարպկության շնորհիվ, բայց մշակութային կոնտեքստից դուրս են: Շատ ուրախ եմ, որ փառատոներ կան, բայց դրանք մեծ առումով ոչինչ չեն փոխում, գնահատականի չեն արժանանում:
– Վերջին տարիներին, երբ ասում ենք՝ «գրող», հաճախ ստորակետ ենք դնում ու ավելացնում` «հրապարակախոս»: Տպագիր մամուլում կամ ինտերնետում գրողները ինքնադրսեւորվում են հրապարակախոսականներ գրելով: Այդպես են անում Մարինե Պետրոսյանը, Տիգրան Պասկեւիչյանը, նաեւ Արմեն Շեկոյանը, որը թեեւ հրապարակախոս չէ, բայց գրածը ներկայացնելու համար փոքր-ինչ այլ ուղի է նախընտրել: Միգուցե այդ երեւույթը ոչ թե մշակույթի անհետացման, այլ ձեւափոխմա՞ն մասին է վկայում:
– Շատ լավ է, որ նման գրողներ կան, բայց նրանք քիչ են ու նեղ լսարանի համար են գրում: Մեզ մոտ թերթերը որոշ իմաստով ակումբային երեւույթներ են: Ամեն դեպքում գրականությունը ընթերցողի համար է գրվում: Գրողը ընթերցողի արդյունքն է, իսկ ընթերցողը` գրողի: Շատ նորմալ է, երբ գրողները նաեւ արտահաստիքային լրագրող են աշխատում, բայց նրանց հոդվածները չեն փոխում իրավիճակը:
– Նկատելի է, որ շատ գործիչներ` քաղաքական, մշակութային, գործարար աշխարհի, լավ չեն խոսում: Այսինքն` չեն կարողանում ձեւակերպել իրենց մտքերը, հետաքրքիր զրույցներ վարել: Բառերի կշի՞ռն է կորել, թե՞ մարդկանց որակը:
– Համոզված եմ, եթե գիտնականը չի կարողանում իր միտքը տեղ հասցնել, ուրեմն նա վատ գիտնական է: Երբ, օրինակ, կարդում ես մեր պատմաբանների գրածը` հասկանում ես, որ նրանց մեծամասնությունը գաղափար անգամ չունի, թե ինչ է նշանակում պատմության փիլիսոփայությունը: Նրանք կարծում են, որ իրենց գործը միայն տարեթվեր կամ տեղանքի անուններ ճշտելն է, եւ լոկալ, մանր խնդիրների ետեւից ընկնելով` չեն կարողանում արտացոլել պատմությունը: Մենք շատ պատմական բացեր ունենք, եւ դա աղետ է: Չարենցի մասին նյութեր հավաքելու ժամանակ ես տեսա, որ օրինակ Աղասի Խանջյանի մասին ոչ մի գիրք չկա: Խանջյանը շատ հետաքրքիր հարաբերություններ է ունեցել Բերիայի, Ստալինի հետ, եւ այդ հարաբերությունների կենտրոնում հենց Չարենցն է եղել: Չարենցին պաշտպանելու կամ ոչնչացնելու հարցը կոնկրետ քաղաքական կոնտեքստում է դրվել: Եվ այդ կոնյունկտուրան, քաղաքական, կյանքային կոնտեքստը հասկանալու համար պետք է իմանալ, որ Խանջյանը պաշտպանել է Չարենցին այնքան ժամանակ, որքան իրեն պաշտպանել է Կիրովը: Նրանք ոչ միայն միասին աշխատել էին Լենինգրադում, այլեւ քենակալներ էին: Եվ Կիրովի սպանությունից հետո Խանջյանի դիրքերն այնքան թուլացան, որ նա այլեւս չէր կարող պահպանել Չարենցին, եւ ինքն էլ զոհվեց: Ուզում եմ ասել, որ պատմական պրոցեսները պետք է հստակ ու հասկանալի շղթայի վերածել: Հիմա շատ մոդայիկ տերմին կա` «նառատոր», այսինքն` պատմող, որը պատմությունը պատմում է ականատեսի աչքերով` պատմության մեջ ներմուծելով կոնտեքստը: Իսկ մեր Պատմության ինստիտուտի տնօրենն, օրինակ, հոդված է գրում Սարդարապատի ճակատամարտի մասին ու ասում է` ցավոք, տեղի են ունեցել նաեւ իրադարձություններ, որոնք մեր ժողովրդին պատիվ չեն բերում, եւ ես այդ մասին չեմ ուզում խոսել: Դա ի՞նչ է նշանակում: Պատկերացնենք, որ բժիշկը հիվանդին ասում է` քո հիվանդությունը քեզ պատիվ չի բերում, այդ պատճառով էլ այդ մասին չենք խոսի: Նախ պետք է պարզել, արդյո՞ք հիվանդության փաստը չի կարելի հերքել, իսկ հետո մտածել, ինչպես անել, որ ապագայում հիվանդությունը չկրկնվի: Իսկ եթե հանկարծ վաղը պատերազմ սկսվի, չիմանա՞նք, թե Սարդարապատում իրականում ի՞նչ (թեկուզ ամոթալի) է տեղի ունեցել:
– Կամ լավը ասել կամ ոչինչ չասելն արդեն մեր օրերի սիմվոլն է դարձել:
– Բոլորը գարշանքի աստիճանի հասնող անհամ հետեւողականությամբ իրար «կենացն» են խմում ու փուչ բառեր են ասում: Վերադառնալով գիտնականներին, ասեմ, բացառվում է, որ լավ գիտնականը անհետաքրքիր ու անհամ մարդ լինի: Որեւէ հայտնագործություն անելու համար այնքան ազարտ ու էներգիա է պետք ունենալ, որ հնարավոր լինի փշրել ժամանակի ընթացքում գոյացած կարծրատիպերն ու սեփական գյուտը անել: Այդ գյուտը կարող է լինել ցանկացած ոլորտում` գրականության, գիտության մեջ: Էներգիան արդեն իսկ արժեք է եւ երբեք չի կարող անհետաքրքիր լինել: Եթե մարդն անհետաքրքիր է, ուրեմն լավ մասնագետ չէ:
– Իսկ այդ էներգիան չի՞ կորչում բազմաթիվ ֆիլտրերի միջով անցնելով:
– Աշխարհում բոլոր մարդկանց համար էլ տեղ կա: Շատերին թվում է, որ եթե մի գրողի գիրքը գնեցին, ուրեմն իրենցն արդեն չեն գնելու: Այդպես չէ, եթե մարդուն որեւէ գիրք հետաքրքրեց, ուրեմն այդ նույն մարդը եւս 100 այլ գիրք կցանկանա կարդալ:
– Վերջերս ցուցադրվեց «Մաեստրո» ֆիլմը, որի հերոսը բարձր արվեստով տարված դիրիժոր է, ում խանգարում է ցույցերի դուրս եկած ժողովուրդը, քանի որ աղմկում է պատուհանների տակ ու թույլ չի տալիս ստեղծագործել: Կարելի՞ է համարել, որ դա շատ հարմար քաղաքացիական դիրքորոշում է դառնում որոշ ստեղծագործողների համար:
– Եթե մի կողմ դնենք «իմ ազատությունը չպիտի խանգարի քո ազատությանը» միտքը, ապա դրա մեջ ես շատ վատ նշան եմ տեսնում: Մեր հանրապետությունը հիմա վատ վիճակում է, եւ սեփական անձը հասարակությունից վեհ համարելը ճղճիմ վարք եմ համարում: Մենք արդեն 20 տարի էքստրեմալ վիճակում ենք գտնվում: Իհարկե, բոլորս էլ հանգիստ կյանքի իրավունք պետք է ունենանք, բայց չմոռանանք, որ աշխարհն այսօր պաթյուններով է զարգանում (Սովետական Միությունը փլվեց, խորհրդային ճամբարը վերացավ, Ամերիկան քրիստոնյա-իսլամական քաղաքակրթությունների բախում հայտարարեց), այսինքն՝ մենք հիմա համաշխարհային կատակլիզմների ժամանակում ենք ապրում, եւ ոչ ոք չի կարող ասել, որ այդ ամենից հեռու եմ: Դա սուտ է հնչում: Բոլոր մեծ ստեղծագործողներն էլ ակտիվ քաղաքացիներ են եղել, օրինակ, Մոցարտը կամ Տոլստոյը: Մենք Լեւ Նիկոլաեւիչին գյուղացիական հագուստով, սպիտակամորուս, բոբիկ հրեշտակ ենք պատկերացնում, մինչդեռ հերիք է կարդալ նրա հրապարակախոսությունը, հասկանալու համար, թե որքան խիստ է նա քննադատել ռուսական եկեղեցին: Եվ խոցելի երեւույթները քննադատելու պատճառով էլ վտարվել է եկեղեցուց: Այդպիսին է իսկական ստեղծագործողը, այլ ոչ թե այն մարդը, որն ասում է` հլը ձեր ձայնը իջեցրեք, ես դարերի համար եմ գրում: Ի՞նչ դարեր: Եթե վաղը Հայաստանը չլինի, դարեր էլ չեն լինի, եւ տարիներ անց լավագույն դեպքում մենք կարող ենք հետաքրքրել ընդամենը տասներորդ կալիբրի մի այլազգի ազգագրագետի:
– Շուտով պատրաստ կլինի «Սողանք» ֆիլմը: Ըստ պայմանագրի` սցենարիստի միջամտությունը կարեւո՞ր է համարվել:
– Իմ միջամտությունը քիչ է եղել, դե, ամբողջ աշխարհում է այդպես: Կինոմասնագետներն ասում են` լավ է թե վատ, էկրանը ցույց կտա: Հիմա այդպիսի վիճակ է:
– Իսկ ընդհանրապես ի՞նչ սպասելիքներ կան կինոյից: Ռեժիսորների մեծամասնությունը նաեւ սցենարիստներ են, ինչն այդքան էլ լավ չէ:
– Մենք իրոք հատուկենտ պրոֆեսիոնալ սցենարիստներ ունենք: Եվ որքան գիտեմ, հիմա արտադրության մեջ կան ֆիլմեր, որոնք տեսականորեն կարող են թույլ լինել, քանի որ արտադրության չափանիշներն են անհետացել: Բայց մյուս կողմից կինոյին այնքան քիչ գրոշներ են տալիս, որ դրանց համար կռվելը մի քիչ զզվելի է: Կարծում եմ՝ կինոյում, եւ ընդհանրապես մշակույթի զարգացման համար այժմ մեծ դեր կարող են խաղալ մշակութային լրագրողները, որոնք, ցավոք, զանգվածային լրատվական միջոցներում շատ չեն (տպագիր մամուլը զանգվածային չէ): Իսկ այսօր հեռուստատեսային մշակութային մեկնաբանությունն ուղղակի ողորմելի է: Գերմանիայում, օրինակ, շատ բարձր վարկանիշ ունեցող հաղորդում կա, որը վարում է տարեց մի գրականագետ: Նա գալիս է ստուդիա, կողքը դնում է վերջին շաբաթվա ընթացքում լույս տեսած գրքերն ու սկսում է դրանց ջախջախումը: Հյուրեր է կանչում ու գրքի դատ անում: Գերմանացիները շատ են սիրում այդ հաղորդումը, որը դիտում են նույնքան կլանված, որքան հայերը սերիալներ են նայում: Այդ հաղորդումը նոր գրքեր ու անուններ է ներմուծում հասարակության մեջ, նաեւ` արգելափակոց է դնում որոշ անունների կամ ճաշակի վրա: Այդպիսով մշակույթը կյանք է մտնում, ամրապնդվում է կենցաղի մեջ:
– Միֆերը մեզ շա՞տ են խանգարում:
– Ուզում եմ պատմել մի դեպք, երբ մեր ազգային միֆերից մեկը «կործանիչ հարված» ստացավ: Վիեննայի գրքի տոնաճավառում մի ավստրիացի հրատարակիչ, որը նաեւ խոհարարական գրքեր է տպագրում, իր տաղավարի դիմաց խոզի ապխտած բուդ էր դրել եւ բոլորին առաջարկում էր համտեսել մի կտոր: Ես էլ փորձեցի ու զգացի, որ միսն ուղղակի անհավատալի համեղ էր (մեր բաստուրման, օրինակ, հոնգուր-հոնգուր կարտասվեր, եթե փորձեր համեմատվել այդ ապխտած բդի հետ): Հարցրեցի` ինչպե՞ս է պատրաստվել: Եվ իմացա, որ բուդը պատրաստվում է երկու տարում, մի քանի շաբաթ դրվում է աղաջրի մեջ, հետո մի քանի պրոցեսների միջով անցնելուց հետո կախվում է այնպիսի վայրում, որ մի կողմից՝ Միջերկրական ծովի տաք քամին փչի, իսկ մյուս կողմից` Ալպիական լեռների սառը քամիները ազատորեն «դիպչեն» մսին: Եվ նման բնական օդափոխության շնորհիվ բուդը շատ նուրբ, ունիկալ բույր է ստանում ու անշտապ չորանում է: Մեկ ամսում ապխտած միսը չի կարող մրցել երկու տարում լրջագույն ապխտման պրոցես անցած մսի հետ: Խոսքս աշխատանքի, մշակույթի, համբերության մասին է: Յուրաքանչյուր ստեղծագործություն էլ ներդրում, աշխատանք է պահանջում:
– Այդ պատկերը շատ լավ բնորոշում է մեր «բաղադրատոմսերով» պատրաստված ժամանակակից մշակութային կյանքը: Արագ, շուքով, բայց անհետեւանք ու անարձագանք:
– Վիեննայի գրքի տոնավաճառում տեղի ունեցավ «Հայ նոր արձակ» ժողովածուի շնորհանդեսը: Այսինքն՝ առաջին անգամ ԽՍՀՄ փլուզումից հետո 90 միլիոնանոց գերմանալեզու ընթերցողին ներկայացվեց հայ գրականությունը: Իսկ մեր դեսպանատան ոչ մի աշխատակից չէր եկել, թեեւ հրավիրված էին: Հիմա շատերը խոսում են, որ մեր երկիրը պետք է մշակույթով ներկայանա, բայց իրականում ոչ մեկը չի ընդունում, որ մշակույթը միայն «Եվրատեսիլը» չէ:
– Հայտնի է, որ հայ հրատարակիչները պայմանավորվել էին Մոսկվայի գրախանութների ցանցի հետ, որպեսզի յուրաքանչյուր խանութում հայկական գրքի մի անկյուն բացվի: Ռուսները հաշվարկել էին, որ մոսկվաբնակ հայերը ուզում են հայերեն գիրք կարդալ, պարզապես նրանց այդ գաղափարը առաջ տանելու համար պետք էր մեր դեսպանի ներկայությունը: Դեսպանը չեկավ, ասելով, որ դա իր գործառույթների մեջ չի մտնում:
– Ամեն ինչի հիմքում իմացությունն է, աշխատանքը, պետք է կարողանալ հաշվարկել քայլերն ու հետաքրքրել ընթերցողին: Սովետի տպաքանակներից հետո, երբ գրքերը հարյուր-հազարներով էին տպագրվում (թեեւ, իհարկե, զգալի մասը մակուլատուրա էր), մենք պետք է նոր իրավիճակին սովորենք: Փոքր ժողովուրդներն իրենց մշակույթը աշխարհին ներկայացնելու հստակ մեխանիզմներ ունեն: Եթե խոսքը գրականության մասին է, ապա գիրքը պետք է թարգմանի այն թարգմանիչը, որի հայրենիքում էլ պետք է գիրքը վաճառվի, եւ հետո զուգահեռ պայմանագիր կնքվի հրատարակչության հետ ու նրան աջակցություն ցուցաբերվի: Հայաստանում քիչ հրատարակիչներ կան, որոնք գիրքը դիտարկում են որպես կոմերցիոն ձեռնարկ եւ տպագրում են միայն պատվերով: Մի քանի արժանի գրողներին աշխարհին կարելի է ներկայացնել հանգիստ, մշակված քայլերով: Մշակույթը հրաշքներով չի զարգանում, աշխատանք պիտի արվի: Իհարկե, որեւէ ստեղծագործություն բախտի բերմամբ կարող է հաջողություն ունենալ, բայց չի կարելի հիմնվել պատահականությունների վրա: Մանավանդ հիմա, երբ ոչինչ պատահական չէ: Ամեն քայլափոխի մենք նկատում ենք, որ մշակույթը առաջ տանելու մեխանիզմներ չունենք եւ ստիպված ենք անընդհատ վերադառնալ ու նորից ամեն ինչ սկսել զրոյից: Չեմ ուզում ոչ մի պետական պաշտոնյայի հասցեին վատ բաներ ասել, քանի որ գիտեմ, որ մեծ հաշվով իշխանության առանցքային դեմքերը այդ աշխատանքի կարեւորությունը չեն հասկանում: Իներցիայից դուրս գալու խնդիր ունենք: Ինչպես կարող ենք ցանկանալ, որ ուրիշները տեղյակ լինեն մեր մշակութային նվաճումների մասին, եթե մենք ինքներս չգիտենք մեր մշակույթը: