«Հայաստանում ես յոգա էի պարապում դիվանագետների փոքր խմբի հետ»

27/08/2005 Զրուցեց Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

– Ձեր ամուսնու աշխատանքը Հայաստանում ավարտվել է: Ուրա՞խ եք, որ Հայրենիք եք վերադառնում։

– Մենք Հնդկաստան չենք վերադառնում, քանի որ իմ ամուսինը նոր նշանակում է
ստացել Սուդանում, եւ մենք Երեւանից միանգամից պետք է Խարտում մեկնենք: 2
օրից պիտի ճանապարհ ընկնենք։ Ուրա՞խ եմ, թե՞ ոչ. իհարկե, պիտի պատասխանեմ՝
ոչ։ Մենք երբեք ուրախ չենք լինում՝ հեռանալով այն երկրներից, որտեղ ապրել
ենք, քանի որ դառնում ենք այդ երկրների մի մասը։ 3 տարի ապրելով այստեղ,
մենք շրջել ենք ողջ Հայաստանով, ընկերացել ենք մարդկանց, սարերի, բնության
հետ։ Բայց քանի որ իմ ամուսինը դիվանագետ է, մենք լավ հասկանում ենք, որ
ժամանելով որեւէ երկիր, մենք պետք է անպայման հեռանանք այդտեղից։ Մտքով
մենք միշտ պատրաստ ենք հեռանալու, բայց էմոցիոնալ առումով՝ դժվար է։ Մենք
9 երկրներում ենք եղել, բայց Հայաստանը շատ ավելի լավ գիտենք, քանի որ
այստեղ չկա մի շրջան, որտեղ մենք չենք եղել:

– Հայաստանում Հնդկաստանի դեսպան պրն Դիպակ Վոհրայի հայերեն լեզվի
իմացությունը պարզապես զարմացնում ու հիացնում է։ Ինչո՞ւ եւ ինչպե՞ս է նա
հայերեն սովորել։ Եվ մի՞շտ է արդյոք սովորում այն երկրի լեզուն, որտեղ
աշխատում է։

– Երբ մենք Հայաստան պետք է գայինք, շատ մարդիկ խորհուրդ տվեցին ռուսերեն
սովորել, քանի որ շատ հայեր ռուսերեն խոսում են, եւ հետո էլ՝ ռուսերենի
իմացությունը կարող էինք օգտագործել նաեւ ուրիշ երկրներում։ Բայց իմ
ամուսնու համար ընտրությունը երկար չտեւեց, քանի որ նա լավ հասկանում էր,
որ Հայաստանում շատ ուժեղ է ազգայինի զգացումը, իսկ լեզուն ազգի եւ
մշակույթի հիմքն է։ Մենք որոշեցինք, որ հայերեն լեզուն սովորելը հայերին
հասկանալու ամենալավ միջոցն է։ Իմ ամուսինը յոթ կամ ութ լեզվի է
տիրապետում, եւ ընդհանրապես սիրում է օտար լեզուներ սովորել։ Բայց միայն
հայերեն լեզվի իմացությունն է իրեն խորը բավարարվածություն տվել,
որովհետեւ ոչ մի այլ լեզվի իմացությունը ժողովրդի այդչափ սիրո եւ
գնահատանքի չի արժանացել։ Հետո՞ ինչ, որ ֆրանսերեն կամ անգլերեն գիտի,
աշխարհում բազում մարդիկ են խոսում այդ լեզուներով, սակայն հայերեն իմացող
մարդիկ շատ քիչ են։ Եվ հիմա, երբ մենք հետադարձ հայացք ենք նետում այս
երեք տարիների մեր կյանքին, հասկանում ենք, որ դա մեր ընդունած ամենալավ
որոշումն էր։ Իմ ամուսինը միշտ աշխատել է կատարելագործել իր
առոգանությունը, ընդարձակել բառապաշարը:

– Դուք շատ եք շփվել հայերի հետ, ի՞նչը կցանկանայիք փոխել մեր կյանքում, ի՞նչն է խանգարում հատկապես հայ կանանց։

– Առաջին իմ տպավորությունն այն էր, որ հայ կանայք մի քիչ ամաչկոտ են։
Բարեհամբույր են, բայց ամաչկոտ, մանավանդ՝ արտասահմանցիների հետ շփման
ժամանակ, անշուշտ, պատճառը լեզվական խոչընդոտն է։ Դիվանագիտական կորպուսի
կանանց հետ եմ շատ շփվել, քանի որ ես Դիվանագետների կանանց ասոցիացիայի
անդամ եմ, որի նախագահը Նանի Օսկանյանն է։ Այդ ասոցիացիան միավորում է
տարբեր երկրների դեսպանների եւ դիվանագետների կանանց։ Ես դիվանագետների
կանանց համար կազմակերպեցի յոգայի փոքր դասընթաց, որի ընթացքում հասկացա,
որ Հայաստանում յոգա իմանալ ցանկացողներ շատ կան։ Իսկ երբ ես սկսեցի
տարբեր-տարբեր մարդկանց հանդիպել, հասկացա, որ հայերը, հատկապես՝ կանայք,
շատ խելացի են, կրթված եւ պատրաստ են աշխատել։ Մարդիկ ոչ միայն գիտեն
սեփական պատմությունն ու մշակույթը, այլեւ ուրիշ երկրների մշակույթը։
Դժվար էր պատկերացնել, որ հայ կանայք սովետական «փակ» ռեժիմից հետո այդքան
էմանսիպացված կլինեն։

– Իսկ ինչո՞ւ յոգայի կենտրոն ստեղծելու ցանկություն չունեցաք։

– Մեզ շատ էին հարցնում՝ գիտե՞ք արդյոք յոգա, կարո՞ղ եք սովորեցնել, կամ
յոգայի որեւէ ուսուցչի հրավիրել, յոգայի մասին գրքեր բերել։ Ես շատ էի
զարմանում, որ հայերը տեղյակ են յոգայի փիլիսոփայության մասին։ Եվ քանի որ
ես ինքս լավ գիտեմ յոգան, որոշեցի սկզբում դիվանագետների փոքր խմբի հետ
պարապել։ Իսկ արդեն անցյալ տարի որոշեցինք յոգա սովորելու համար մեկ տարով
Հնդկաստան մի հայ աղջիկ ուղարկել։ Երբ Ռոբերտ Քոչարյանը հայկական
պատվիրակության հետ Հնդկաստան այցելեց, իմ ամուսինը հայ գործարարներին
առաջարկեց հովանավորել տարեկան մեկ հայի ուսումը յոգայի համալսարանում, եւ
այդ առաջարկն ընդունվեց։ Մենք հարցազրույց անցկացրինք մի քանի մարդկանց
հետ եւ ընտրեցինք Զարուհուն, որն արդեն Հնդկաստանում է։ Իսկ հաջորդ տարի
Հնդկաստան կմեկնի մեկ ուրիշը՝ Վանաձոր քաղաքից մի պատանի։ Աշխարհում միայն
մեկ յոգայի համալսարան կա՝ Հնդկաստանի Բիհար նահանգում, որտեղ
ուսումնասիրում են յոգայի եւ հոգեւոր, եւ ֆիզիկական ասպեկտները։ Դա շատ
դժվար ուսում է, քանի որ պետք է արթնանալ առավոտյան ժամը 4-ին, ֆիզիկական
եւ հոգեկան մաքրման վարժություններ, մեդիտացիա անել, որպեսզի կարողանաս
«աշրայի»՝ քեզ շրջապատող աշխարհի մի մասը դառնալ։ Յոգան հոգեւոր ուսում է,
այլ ոչ թե կրոն։ Եվ արդեն առաջին հայը սկսել է իր ուսումը յոգայի
համալսարանում։ Շատ կարեւոր է հասկանալ, թե ինչի՞ համար է քեզ պետք յոգան։
Մենք ուզում ենք, որ սովորելուց եւ Հայաստան վերադառնալուց հետո հայ
աղջիկն օգտագործի իր գիտելիքներն ու փորձը ուրիշներին սովորեցնելու համար։
Եվ հուսով ենք, որ յոգայի ապագա կենտրոնը Զարուհին կբացի։

– Հնդկաստանը միաժամանակ եւ շատ հարուստ, եւ շատ աղքատ երկիր է։

– Այո, ճշմարիտ է։ Կարծում եմ, բոլոր երկրներն էլ հարուստ են, մարդիկ են
աղքատ։ Երկրները հարուստ են իրենց ժառանգությամբ, մշակույթով,
տեխնոլոգիաներով, տնտեսությամբ։ Բայց տնտեսական առումով աղքատների եւ
հարուստների միջեւ մեծ տարանջատում կա, հատկապես՝ մեր երկրում: Բայց դա
կարող է ուղղվել իշխանությունների ճիշտ քաղաքականության շնորհիվ, եւ
կարիքավոր մարդիկ միջին խավ կդառնան։

– Եվ Հնդկաստանը, եւ Հայաստանը հարուստ եւ դարերից եկող մշակույթ
ունեն։ Ի՞նչ գիտեիք Հայաստանի մասին մինչ գալը եւ ինչպիսի՞
տպավորություններով եք հեռանում։

– Մինչեւ գալը մենք շատ բան Հայաստանի մասին չգիտեինք։ Յուրաքանչյուր նոր
երկիր գալուց առաջ մենք ուսումնասիրում ենք, կարդում ենք այդ երկրի
պատմության մասին, բայց դա երբեք բավարար չի լինում։ Մշակույթին գրքերի
միջոցով չես ծանոթանա։ Մշակույթի գաղափարն էմոցիաների ոլորտում է, այն
հասկանում ես՝ զգալով օդը, տեսնելով հողը, սարերը։ Մեր երկրները շատ հին
մշակույթ ունեցող երկրներ են, եւ դա միմյանց հասկանալու ընդհանուր հիմք
ստեղծեց։ Մշակույթը մարդկանց համար կապող օղակ է հանդիսանում։ Մեր
երկրների մշակույթը ոչ միայն հին է, այլեւ՝ ուժեղ։ Եվ ինչ էլ որ մենք
անենք ներկա պահին, անում ենք անցյալի ենթատեքստում, հիշելով այն
մարդկանց, ովքեր մեզանից առաջ են ապրել եւ ստեղծագործել։ Նույնը ես զգացի
Հայաստանում։ Հայաստանն ունի պատմության ու մշակույթի սուր զգացում։ Մեկ
այլ շատ հաճելի բան հայտաբերեցի Հայաստանում. տեսա, որ մարդիկ շատ լավ
գիտեն ու գնահատում են հնդկական արվեստը։ Ես ամեն օր զբոսնում եմ մոտակա
այգում, եւ շատ մարդիկ մոտենում են ինձ, հարցեր են տալիս Հնդկաստանի, մեր
մշակույթի, փիլիսոփայության մասին։ Լեզուն, իհարկե, օգնում է միմյանց
հասկանալ, բայց շփվելու ցանկությունն արդեն բավարար է, որպեսզի շփումը
կայանա։ Հնդկական պատմության, փիլիսոփայության, կինոյի մասին հայերի խոր
գիտելիքներն ինձ համար իսկական անակնկալ էին։ Բայց երեւի թե զարմանալ պետք
չէ, քանի որ հայերը շատ կրթված մարդիկ են, ես կարող եմ ասել, որ բոլորն են
կրթված։

– Ձեր կարծիքով, ինչո՞ւ են հայերը սիրում հնդկական կինոն;

– Երեւի՝ ոչ միայն երգերի ու պարերի համար: Մեր կինոն մեր կյանքն է
պատկերում: Ես այդ հարցը տալիս եմ տարբեր հայերի, եւ նրանք պատասխանում
են՝ ձեր կինոն պատմում է այն արժեքների մասին, որոնք մեզ շատ հոգեհարազատ
են: Հայերը բարձր են գնահատում ընտանիքը, սովորույթները եւ նույնը տեսնում
են մեր ֆիլմերում:

– Հայերի սովորույթներից մեկն էլ սեղանի շուրջ շփվելն է։ Դուք կարողացա՞ք սովորել հայկական խոհանոցին։

– Ես բուսակեր եմ, եւ հիացած եմ հայկական մրգերի ու բանջարեղենի համով։
Ինձ համար հայկական լոլիկը միրգ է, այնքան հյութեղ եւ համեղ է։ Երբ առաջին
անգամ՝ սեպտեմբերին հանդիպեցինք Ռոբերտ Քոչարյանին, նա հարցրեց՝ դուք
երբեւիցե հայկական ծիրան կերե՞լ եք, այն աշխարհի ամենահամեղ ծիրանն է։
Ասացի՝ ոչ, մտածելով՝ ի՞նչ տարբերություն, ծիրանը ծիրան է մնում, ես կերել
եմ իսպանական, հնդկական ծիրանը։ Սակայն երբ փորձեցի, հասկացա՝ ինչ էր նա
ուզում ասել։ Խոսք չկա, իսկական ծիրանը հայկական պիտի լինի։ Քանի որ ես
միս չեմ ուտում, ստացվում է, որ հիմնական հայկական ճաշատեսակը՝ խորովածը
չեմ կերել, միայն խորոված բանջարեղեն եմ կերել։ Ես գրեթե ամեն ինչ փորձել
եմ, հիացած եմ սպասով, բայց պիտի ասեմ՝ հնդկական խոհանոցի հետ հայկական
խոհանոցը չի կարելի համեմատել։ Հնդկական խոհանոցը շատ բազմազան է, թույլ է
տալիս անընդհատ ինչ-որ նոր ուտեստ ստեղծել, իսկ հայկական խոհանոցը բավական
սահմանափակ է՝ խորոված եւ բանջարեղեն։ Մեր խոհանոցը մեր մշակույթի մի մասն
է։ Երբ առաջին անգամ հյուրեր էինք ընդունում, մտածում էինք, որ հնդկական
սուր, կծու համեմունքները հայերին դուր չեն գա, բայց մարդիկ հաճույքով
ուտում էին։ Հայերը պահպանողական են եւ արկածախնդիր չեն իրենց խոհանոցում,
բայց շատ հյուրասեր են։ Սուդանում 200 հայից բաղկացած գաղութ կա։
Կաթողիկոսը՝ հանդիպելով իմ ամուսնուն, ասաց, որ Սուդանում կիասաքանդված
կաթոլիկական եկեղեցի կա, եւ ամուսինս էլ կաթողիկոսին խոստացավ եկեղեցին
վերականգնելու հայկական նախագիծ իրականացնել։ Չէ՞ որ մենք էլ մեզ ինչ-որ
չափով հայ ենք համարում։ Երբ հրաժեշտ էինք տալիս արտգործնախարար Վարդան
Օսկանյանին, իմ ամուսինն՝ իմանալով, որ Սուդանում Հայաստանի դեսպանություն
չկա, առաջարկեց Խարտումում իրեն պաշտոնապես Հայաստանի դեսպան հռչակել։
Կատակ է, իհարկե, բայց շատ մոտ իրականությանը։ Մենք, իհարկե, կապ
պահպանելու ենք մեր հայ ընկերների հետ, ուզում ենք շարունակել մեր շփումը։
Մի հետաքրքիր դեպք պատմեմ, որն ինձ հետ պատահեց մի քանի ամիս առաջ, երբ
ինքնաթիռով Հնդկաստանից Վիեննա ժամանեցի։ Չվերթը տեխնիկական
անսարքությունների պատճառով հետաձգվեց, եւ ես ստիպված էի մեկ օր ավելի
մնալ Ավստրիայում։ Եկա հյուրանոց, եւ ճեմասրահում հայերի մի մեծ խումբ
տեսա։ Մոտեցա եւ հայերեն լեզվով մի քանի նախադասություն ասացի. չեք կարող
պատկերացնել, թե ինչպես փոխվեցին բոլորի դեմքերը։ Մարդիկ սկզբում
զարմացան, հետո ուղղակի իրենց երջանիկ զգացին՝ Եվրոպայում հնդկական
հագուստով եւ հայերեն իմացող կնոջը հանդիպելով։ Առավոտյան էլ ինձ նախաճաշի
հրավիրեցին։ Տեսնո՞ւմ եք, ինչ մեծ օգուտ է տալիս հայերեն լեզուն իմանալը
(ծիծաղում է.-Ն.Հ.)։ Իսկ դա միայն մեկ օր էր։ Համոզված եմ, որ նման դեպքեր
հաճախ են պատահելու՝ աշխարհի ցանկացած քաղաքում։

– Պաշտոնական հանդիպումների ժամանակ դուք պարտադիր սարի՞ եք հագնում։

– Այո, սարին պաշտոնական հագուստ է։ Այն իրենից ներկայացնում է վեց
մետրանոց գործվածք, որի մեջ մենք փաթաթվում ենք։ Սակայն կա մեկ այլ
հագուստ՝ սալվար (տաբատ) եւ քամի (լայն, երկար բլուզ)։ Աշխարհում ամեն բան
փոխվում է, սակայն ինձ համար կարեւոր է ազգային հագուստ կրելը։ Ոչ միայն
պաշտոնական հանդիպումների ժամանակ, ես միշտ եմ այսպես հագնվում։ Կարծում
եմ, որ այսպես կարողանում եմ ավելի լավ ներկայացնել իմ երկիրն ու
մշակույթը։ Հնդկաստանում երիտասարդներն ավելի ազատ են հագնվում՝ ջինսեր եւ
տոպեր։ Բայց կարծում եմ, սեփական տարազը տարբերում է քեզ այլ ազգերից, եւ
պետք է այն պահպանել։ Սարին քնարական, շատ կանացի եւ հարմար հագուստ է։

– Հայաստանից ի՞նչ եք տանում ձեզ հետ։

– Ես ինձ հետ տանում եմ իմ տպավորությունները, հույզերը։ Իհարկե,
ֆիզիկապես հեռանում ենք Հայաստանից, բայց մեր հոգու մի մասը միշտ հայերի
հետ կմնա։ Իսկ նյութական իրերից մեզ հետ տանում ենք ձեռագործ աշխատանքներ,
օբսիդիանից պատրաստված իրեր, այն կտավները, որոնք մեզ նվիրել են մեր
ընկերները։ Օ, հետո արծաթյա զարդեր ենք տանում, քանի որ իմ դուստրը
չափազանց սիրում է հայկական արծաթյա զարդերը։ Մենք հաճախ էինք Վերնիսաժ
գնում: Վերնիսաժն ինձ համար թանգարանի է նման, որտեղ կարելի է ոչ միայն
իրեր նայել ու գնել, այլեւ զրուցել, շփվել դրանց հեղինակների հետ։ Գնել
կարելի է եւ խանութից, սակայն մենք՝ դիվանագետների կանայք, ամեն շաբաթ եւ
կիրակի Վերնիսաժ էինք այցելում՝ հիանալի իրեր ստեղծողների հետ զրուցելու
համար։ Տանում եմ դուդուկի հնչյունները, որոնք կարծես սարերից են ծնված եւ
սարերի շարունակությունն են։ Երբ նայում ես սարերին, թվում է՝ ինչ-որ բան
պակասում է, հետո հասկանում ես, որ պակասում է դուդուկը։ Ես ինձ հետ եմ
տանում ձեր սարերը։ Արարատը միշտ ինձ հետ է լինելու, քանի որ երեք տարի
շարունակ ես նայել եմ նրան մեր պատշգամբից։ Իմ մի մասն այստեղ է մնում։

– Ի՞նչ կասեք՝ հայերին հրաժեշտ տալով։

– Կասեմ՝ ցավդ տանեմ։ Այդ բառերն ամեն ինչ ասում են։ Բոլոր հայերի մեջ,
ում հանդիպել ենք, թախիծ կա, նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք ուրախ եւ
երջանիկ են։ Այդ թախիծը, ցավը միշտ կա, դա Ցեղասպանության հետքն է,
հիշողությունը։ Բայց այդ ցավը մի օր պիտի հեռանա, եւ Հայաստանը ծաղկուն եւ
զարգացած երկիր կդառնա։ Ես դրանում համոզված եմ: Դա ճիշտ քաղաքականության
եւ ապագայի համար պատասխանատվություն զգացող երիտասարդների շնորհիվ պիտի
լինի։ Խոսելով երիտասարդների մասին, ուզում եմ ասել հոգեւորի ու
բարոյականության դերի մասին։ Դա ազգության հիմքն է։ Իմ երկրի
փիլիսոփայությունը սովորեցնում է, որ առաջնահերթը բարոյականությունն է,
մնացած ամեն ինչ հետո է ավելանում։

– Կարծում եմ, ձեզ կարելի է նման հարց տալ՝ ի՞նչ է երջանկությունը։

– Երջանկությունը մեր մեջ է, այն բանականության շրջանակներից դուրս չէ։
Մեզ երջանիկ կամ դժբախտ են դարձնում ոչ թե հանգամանքները, այլ մեր
հայացքը, մեր վերաբերմունքը այդ հանգամանքներին։ Երբ հանդիպում ես
բարկությանը, եւ ինքդ էլ ի պատասխան բարկանում ես, դու դժբախտ ես դառնում։
Բայց եթե վստահում ես յոգային, սովորում ես ինքդ քո ներսը նայել եւ
հասկանալ, որ իրերը եւ հանգամանքները այնպիսին են, ինչպես կան, դու ես
նրանց երջանիկ կամ դժբախտ համարում։ Քո հայացքն է կարեւոր: Քո հայացքն է
որոշում՝ դու երջանի՞կ ես, թե՞ ոչ: Երջանկությունը տեսանկյուն է, եթե
զգում ես, որ դժբախտ ես՝ փոխիր տեսանկյունդ։ Դա է սովորեցնում յոգայի
ճյուղերից մեկը։ Իսկ յոգան գիտություն է. գիտություն մտքերի, դրանք
հասկանալու, ընդունելու, փոխելու մասին։ Դա է հոգեւորը: Իսկ
երջանկությունը քո ներսում է, քո մտքերի մեջ։