Հորանջելը հիվանդություն չէ

26/11/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Հորանջելը համարվում է բնական բնազդ, որը բնորոշ է բոլոր կաթնասուններին: Նախնադարում այն նույնիսկ հաղորդակցման միջոց է հանդիսացել: Ավելի հաճախ հորանջելն ասոցիացվում է հոգնածության ու ձանձրույթի հետ: Իսկ ահա նոր ժամանակներում գտնում են, որ հորանջողին պետք է դիտել այլ տեսանկյունից, քանի որ դա նաեւ ուշադրության կենտրոնացման փորձ է:

Ինչպես յուրաքանչյուր կենսաբանական երեւույթ, այնպես էլ հորանջելը ունի իր նշանակությունն օրգանիզմի համար: Բժիշկները համոզված են, որ թթվածնի պակասը մարդու մոտ կարող է դառնալ հորանջելու պատճառ: Հորանջելու միջոցով, կարծես, փորձ է արվում արտաքին միջավայրից հագեցնել թթվածնային քաղցը: Հաճախակի հորանջելը կարող է դադարել, եթե մի քանի ֆիզիկական վարժություն կատարեք: Բայց երբեմն հորանջելը կարող է լինել ուղեղի արյան շրջանառության խանգարման եւ դրանով պայմանավորված` ուղեղի թթվածնային քաղցի պատճառով: Իսկ երբ ներշնչման ժամանակ արյունը հարստանում է թթվածնով, թոքերում գտնվող օդը եւս թարմանում է: Հորանջելու ակտին, բացի շնչառական մկաններից, մասնակցում են նաեւ դեմքի եւ պարանոցի մկանները, որը նպաստում է գլխի անոթներում արյան հոսքի արագության մեծացմանը, որն էլ իր հերթին լավացնում է ուղեղի բջիջների արյան մատակարարումը:

Հորանջելը մեկ-մեկ կարող է նաեւ վարակիչ բնույթ կրել: Դա հիմնականում բացատրվում է մարդկանց էմպատիայի հակումներով, այսինքն՝ երբ զրուցակիցդ սկսում է հորանջել, ինքդ քեզ դնում ես նրա հոգեվիճակի մեջ կամ փորձում ես մտածել նրա նման:

Բինհեմտոնի համալսարանի գիտնականների մի խումբ, Էնդրյու Գելափի գլխավորությամբ, պարզել են, որ հորանջելու պատճառը, որքան էլ զարմանալի է, ուղեղի «տաքացումն է»: Փորձը կատարվել է թութակների վրա: Այս թռչունների ուղեղը համեմատաբար ավելի մեծ է եւ, բացի այդ, նրանց հատուկ չէ «վարակիչ հորանջը», ինչը հանդիպում է շատ մարդկանց ու կենդանիների մոտ: Թութակներին հետեւում էին երեք տարբեր պայմաններում` ջերմաստիճանի բարձրացման ժամանակ, արդեն բարձր ջերմաստիճանի ու կարգավորված նորմալ ջերմաստիճանի պայմաններում: Երբ կենսաբանները ջերմաստիճանը բարձրացնում էին, հորանջող թռչունների քանակը համարյա 2 անգամ ավելանում էր: Այսինքն՝ պետք է մտածել, որ ուղեղն ավելի լավ է աշխատում սառը պայմաններում:

Ժողովրդի մեջ տարածված է այն կարծիքը, որ իբրեւ հորանջում են չար աչքի ազդեցությունից, եւ հենց իրենք էլ դրանից ազատվելու ճանապարհներ են մշակել: Օրինակ` տատիկներն ավելի երիտասարդներին խորհուրդ են տալիս տանից դուրս գալուց առաջ հագուստին քորոց կամ մի սուր բան կպցնել, իբրեւ թե չար աչքը ծակելու համար: Բայց, իհարկե, բոլորս էլ գիտենք, որ դրա պատճառը միայն ներշնչանքն է, եւ եթե մարդը հորանջում է, ուրեմն դրա կարիքն ունի: