Միխայիլ Բախտին «Դոստոեւսկու պոետիկայի խնդիրները» գրքից

26/11/2009 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

Շատ հստակ եւ ընդգրկուն է պոլիֆոնիայի խնդիրն առաջադրել Ա.Վ.Լունաչարսկին իր «Դոստոեւսկու բազմաձայնությունը» հոդվածում:

Ա. Վ. Լունաչարսկին հիմնականում համամիտ է Դոստոեւսկու պոլիֆոնիկ վեպի մասին մեր թեզիսին: «Այսպիսով,- ասում է նա,- ես կարծում եմ, որ Մ.Մ.Բախտինին հաջողվել է ոչ միայն ավելի հստակ, քան դա արել է որեւէ մեկը մինչ այսօր, հաստատել Դոստոեւսկու վեպում բազմաձայնության վիթխարի նշանակությունը, այդ բազմաձայնության դերը, որպես նրա վեպի էական հատկանիշ, այլեւ ճիշտ սահմանել այն բացառիկ, մյուս գրողների մեծամասնության մեջ բացարձակապես աներեւակայելի, յուրաքանչյուր «ձայնի» ինքնավարությունն ու լիարժեքությունը, ինչն ապշեցուցիչ կերպով ծավալված է Դոստոեւսկու մոտ» (էջ. 405):

Այնուհետեւ Լունաչարսկին ճիշտ շեշտում է, որ «վեպում բոլոր իսկապես էական դեր խաղացող «ձայները» «համոզմունքներ են» կամ «առ աշխարհ ուղղված տեսակետներ»:

«Դոստոեւսկու վեպերը, ըստ էության, հիանալիորեն կազմավորված երկխոսություններ են:

Այդ պայմաններում առանձին ձայների խորունկ ինքնուրույնությունը, այսպես ասած, հատկապես հետաքրքրաշարժ է դառնում: Ստիպված ես լինում Դոստոեւսկու մեջ ենթադրել, ասես թե, կենաց տարբեր խնդիրներ այդ յուրահատուկ, կրքից առկայծուն, մոլեռանդության կրակով հրաբորբոք «ձայների» քննարկմանը դնելու ձգտումը, ընդ որում, նա ինքը կարծես թե միայն ներկա է այդ ջղաձիգ վիճաբանություններին եւ հետաքրքրությամբ նայում է, թե ինչով դա կվերջանա եւ դեպի ուր կընթանա: Դա առավելապես այդպես էլ կա» (էջ. 406):

Լունաչարսկին այնուհետեւ դնում է պոլիֆոնիայի ասպարեզում Դոստոեւսկու նախորդների հարցը: Այդպիսի նախորդներ է նա համարում Շեքսպիրին եւ Բալզակին:

Ահա թե ինչ է նա ասում Շեքսպիրի բազմաձայնության մասին.

«Լինելով չմիտումնավոր գրող (ինչպես, համենայն դեպս, շատ երկար դատում էին նրա մասին), Շեքսպիրը չափազանց պոլիֆոնիկ է: Կարելի էր Շեքսպիրի մասին, նրա լավագույն հետազոտողների, ընդօրինակողների, երկրպագուների մի շարք դատողություններ մեջբերել, ովքեր հիացած էին հենց Շեքսպիրի, իրենք իրենցից անկախ դեմքեր ստեղծելու ունակությամբ, եւ ընդ որում աներեւակայելի բազմազանությամբ եւ յուրաքանչյուր անհատի արարքների եւ դատողությունների աներեւակայելի ներքին տրամաբանությամբ, իրենց այդ անվերջանալի շուրջպարումգ

Շեքսպիրի մասին չի կարելի ասել ոչ այն, որ նրա պիեսները ձգտում էին ինչ-որ թեզիս ապացուցել, ոչ այն, որ շեքսպիրյան դրամատիկական աշխարհ ներմուծած «ձայները» կզրկվեին լիարժեքությունից, դրամատիկական մտահղացման, ինքնին կառուցվածքի օգտին» (էջ. 410):

Ըստ Լունաչարսկու՝ դարաշրջանի սոցիալական պայմաններն էլ համանման են Դոստոեւսկու դարաշրջանին:

«Ինչպիսի՞ սոցիալական փաստեր էին արտացոլվում շեքսպիրյան բազմաձայնության մեջ: Այո, ի վերջո, իհարկե, իրենց հիմնական էությամբ, հենց նրանք, որոնք եւ Դոստոեւսկու մոտ: Այն գունագեղ եւ բազում շողշողուն բեկորների բաժանված Վերածնունդը, որը եւ ծնեց Շեքսպիրին եւ նրան ժամանակակից դրամատուրգներին, չէ որ, իհարկե, նույնպես կապիտալիզմի բուռն ներխուժումն է համեմատաբար հանդարտ միջնադարյան Անգլիա: Եվ այստեղ նույնպես սկսվեց վիթխարի փլուզումը, վիթխարի տեղաշարժերը եւ անսպասելի բախումները այնպիսի հասարակական կացութաձեւերի, գիտակցության այնպիսի համակարգերի, որոնք նախկինում երբեք միմյանց հետ շփման մեջ չէին մտնում» (էջ. 411):

Ա.Վ,Լունաչարսկին, մեր կարծիքով, ճիշտ է այն առումով, որ բազմաձայնության ինչ-որ տարրեր, սաղմեր, սկզբնավորումներ Շեքսպիրի դրամաներում կարելի է հայտնաբերել: Շեքսպիրը, ի թիվս Ռաբլեի, Սերվանտեսի, Գրիմելսհաուզենի եւ այլոց, պատկանում է եվրոպական գրականության զարգացման այն թեւին, որում աճում էին բազմաձայնության սաղմերը, եւ որի ավարտողը, այդ առումով, դարձավ Դոստոեւսկին: Սակայն խոսել շեքսպիրյան դրամաների լիովին ձեւավորված եւ նպատակաուղղված բազմաձայնության մասին, մեր կարծիքով, ոչ մի կերպ չի կարելի, հետեւյալ նկատառումներով,

Առաջինը, դրաման իր բնույթով խորթ է ճշմարիտ բազմաձայնությանը, դրաման կարող է բազմապլան լինել, բայց չի կարող բազմաշխարհ լինել, այն թույլատրում է միայն մեկ, այլ ոչ թե մի քանի դիտակետ:

Երկրորդ, եթե կարելի էլ է խոսել լիարժեք ձայների բազմաձայնության մասին, ապա սոսկ Շեքսպիրի ողջ ստեղծագործության կապակցությամբ, այլ ոչ թե առանձին դրամաների, յուրաքանչյուր դրամայում, ըստ էության, հերոսի միայն մեկ լիարժեք ձայնն է, իսկ բազմազայնությունը ենթադրում է մեկ ստեղծագործության սահմաններում լիարժեք ձայների բազմակիությունը, քանի որ միայն այդ պայմանի դեպքում հնարավոր են ամբողջության կառուցման պոլիֆոնիկ սկզբունքները:

Երրորդ, Ձայները Շեքսպիրի մոտ աշխարհին ուղղված տեսակետներ չեն, այն չափով, ինչպես Դոստոեւսկու մոտ, Շեքսպիրի հերոսները, բառիս բուն իմաստով, գաղափարախոսներ չեն:

Կարելի է խոսել բազմաձայնության տարրերի մասին եւ Բալզակի մոտ, բայց միայն տարրերի: Բալզակը եվրոպական վեպի զարգացման այն թեւում է, ինչ որ Դոստոեւսկին, եւ նրա ուղղակի եւ անմիջական նախորդներից մեկն է: Բալզակի եւ Դոստոեւսկու ընդհանրության պահերը բազմիցս մատնանշվել են (հատկապես լավ եւ ընդգրկուն այդ արել է Լ.Գրոսմանը), եւ դրան անդրադառնալու կարիք չկա: Սակայն Բալզակը չի հաղթահարում իր հերոսների օբյեկտայնությունը եւ իր աշխարհի մենախոսային ավարտունությունը:

Մեր համոզմամբ, միայն Դոստոեւսկին կարող է ճանաչվել ճշմարիտ բազմաձայնության արարիչ:

Ա.Վ.Լունաչարսկին գլխավոր ուշադրությունը բեւեռում է Դոստոեւսկու բազմաձայնության սոցիալ-պատմական պատճառների բացահայտման վրա:

Համաձայնվելով Կաուսի հետ, Լունաչարսկին ավելի խորն է բացահայտում Դոստոեւսկու դարաշրջանի, երիտասարդ ռուս կապիտալիզմի դարաշրջանի, բացառիկ սուր հակասականությունը եւ, այնուհետեւ, բացահայտում է հենց Դոստոեւսկու սոցիալական անձի երկատվածությունն ու հակասականությունը, նրա տատանումները հեղափոխական մատերալիստական սոցիալիզմի եւ կոնսերվատիվ (պահպանողական) կրոնական աշխարհայացքի միջեւ, տատանումներ, որոնք այդպես էլ նրան վերջնական որոշման չբերեցին: Մեջբերենք Լունաչարսկու պատմա-գենետիկ եզրահանգումները. «Միայն Դոստոեւսկու գիտակցության ներքին մասնատվածությունը ռուսական երիտասարդ կապիտալիստական հասարակության կողքին, նրա մեջ նորիցնոր առաջացրեց սոցիալիստական սկզբնավորման եւ իրականության գործընթացին ունկ դնելու պահանջը, ընդ որում, հեղինակն այդ գործընթացների համար ստեղծում էր մատերիալիստական սոցիալիզմին վերաբերող ամենաանբարենպաստ պայմաններըգ (էջ.427):

Եվ փոքր-ինչ առաջ անցնելով. «Իսկ «ձայների» այն աներեւակայելի ազատությունը Դոստոեւսկու պոլիֆոնիայում, որն ապշեցնում է ընթերցողին, եւ հենց այն բանի արդյունքն է, որ, ըստ էության, Դոստոեւսկու իշխանությունը իր կոչած ոգիների վրա սահմանափակ էգ

Եթե Դոստոեւսկին իր տան տերն է որպես գրող, ապա արդյո՞ք նա տեր է՝ որպես մարդ:

Ոչ, Դոստոեւսկին որպես մարդ տեր չէ՝ եւ նրա անձի քայքայումը, նրա մասնատվածությունը` այն է, որ նա կուզենար հավատալ այն բանին, ինչը մշտապես նրա մեջ կրկին կասկածներ է հարուցում, հենց դա էլ նրան սուբյեկտիվորեն ընտել է դարձնում իր դարաշրջանի տանջալից եւ պիտանի արտահայտիչը լինելուն» (էջ. 428):

Այդ, Լունաչարսկու տված Դոստոեւսկու բազմաձայնության գենետիկ վերլուծությունը, անշուշտ, խորունկ է եւ, քանի որ նա մնում է պատմա-գենետիկ վերլուծության շրջանակներում, լուրջ կասկածներ չի հարուցում: Բայց կասկածները սկսվում են այնտեղ, երբ այդ վերլուծությունից ուղղակի եւ անմիջական եզրահանգումներ են արվում Դոստոեւսկու ստեղծած նոր տիպի պոլիֆոնիկ վեպի գեղարվեստական արժեքի եւ պատմական առաջադիմության մասին: Վաղ ռուսական կապիտալիզմի բացառիկ սուր հակասությունները եւ Դոստոեւսկու, որպես սոցիալական անձի, երկատվածությունը, որոշակի գաղափարախոսական որոշում կայացնելու նրա անձնական անընդունակությունը, ինքնին վերցված, ինչ-որ բացասական եւ պատմականորեն անցողիկ բաներ են, սակայն դրանք պոլիֆոնիկ վեպի ստեղծման ամենաբարենպաստ պայմաններն են, «Դոստոեւսկու բազմաձայնության մեջ «ձայների» այն աներեւակայելի ազատության», որը, անշուշտ, առաջընթաց քայլ է ռուս եւ եվրոպական վեպի զարգացման մեջ: Եվ դարաշրջանը իր կոնկրետ հակասություններով, եւ Դոստոեւսկու կենսաբանական եւ սոցիալական անձն իր ընկնավորությամբ եւ գաղափարական երկատվածությամբ վաղուց անցյալի գիրկն են անցել, սակայն բազմաձայնության այդ պայմաններում բացահայտված, նոր կառուցվածքային սկզբունքը, պահպանում է եւ կպահպանի իր գեղարվեստական նշանակությունը հետագա դարաշրջանների միանգամայն այլ պայմաններում: Մարդկային հանճարի մեծ հայտնագործությունները հնարավոր են միայն որոշակի դարաշրջանների որոշակի պայմաններում, բայց դրանք երբեք չեն մահանում եւ դրանք ծնած դարաշրջանների հետ չեն արժեզրկվում:

Պոլիֆոնիկ վեպի մահացման մասին գենետիկ վերլուծություն Լունաչարսկին ուղղակի չի անում: Սակայն նրա հոդվածի վերջին խոսքերը կարող են այդպիսի մեկնաբանության առիթ տալ: Ահա այդ խոսքերը. «Դոստոեւսկին ոչ մեզ մոտ, ոչ էլ Արեւմուտքում դեռեւս չի մահացել այն պատճառով, որ չի մահացել կապիտալիզմը, եւ այդուհանդերձ մահացել են նրա վերապրուկներըգ Այստեղից է ողբերգական «դոստոեւշչինայի» բոլոր խնդիրների դիտարկման կարեւորությունը» (էջ. 429):

Մեզ թվում է, որ այդ բանաձեւումը չի կարելի հաջող համարել: Դոստոեւսկու պոլիֆոնիկ վեպի հայտնաբերումը, կապիտալիզմից հետո էլ կապրի:

«Դոստոեւշչինան», որի դեմ պայքարելուն է կոչում, դրանում հետեւելով Գորկուն, Լունաչարսկին, ոչ մի կերպ չի կարելի, իհարկե, նույնացնել բազմաձայնությանը: «Դոստոեւշչինան»` ռեակցիոն, զուտ մենախոսական քամվածք է բազմաձայնությունից: Այն միշտ ամփոփվում է մեկ գիտակցության սահմաններում, փորփրում է նրանում, ստեղծում է մեկուսացված անհատի երկատվածության պաշտամունքը: Իսկ Դոստոեւսկու բազմաձայնության մեջ կարեւորը հենց այն է, ինչ կատարվում է տարբեր գիտակցությունների միջեւ, այսինքն՝ նրանց փոխներգործությունը եւ փոխկախվածությունը:

Սովորել պետք է ոչ Ռասկոլնիկովից, ոչ Սոնյայից, եւ ոչ էլ Իվան Կարամազովից եւ Զոսիմայից, կտրելով նրանց ձայները վեպերի պոլիֆոնիկ ամբողջությունից (եւ հենց դրանով աղավաղելով դրանք), սովորել պետք է հենց Դոստոեւսկուց, որպես պոլիֆոնիկ վեպի արարողից:

Իր պատմա-գենետիկ վերլուծության մեջ Լունաչարսկին բացահայտում է միայն Դոստոեւսկու դարաշրջանի հակասությունները եւ նրա անձնական երկատվածությունը: Սակայն այն բանի համար, որպեսզի այդ բովանդակային գործոնները նոր գեղարվեստական տեսունակության ձեւ առնեն, պոլիֆոնիկ վեպի նոր կառուցվածք ծնելով, դեռեւս անհրաժեշտ էր համագեղագիտական եւ գրական ավանդույթների երկարատեւ նախապատրաստություն: Գեղարվեստական տեսունակության նոր ձեւերը դանդաղ են նախապատրաստվում, դարերով, դարաշրջանը միայն բարենպաստ պայմաններ է ստեղծում նոր ձեւի վերջնական հասունացման եւ իրականացման համար: Պոլիֆոնիկ վեպի գեղարվեստական նախապատրաստման այդ գործընթացը` պատմական պոետիկայի խնդիրն է: Պոետիկան չի կարելի, իհարկե, կտրել սոցիալ-պատմական վերլուծություններից, սակայն այն չի կարելի նաեւ լուծել դրանց մեջ:

***
Հաջորդող երկու տասնամյակներում, այսինքն՝ 30-ական եւ 40-ական թվականներին, Դոստոեւսկու պոետիկայի խնդիրները ետին պլան մղվեցին նրա ստեղծագործության հետազոտման այլ կարեւոր խնդիրների առջեւ: Շարունակվում էր տեքստոլոգիական աշխատանքը, տեղ էին գտել սեւագրերի եւ Դոստոեւսկու առանձին վեպերին վերաբերող նոթատետրերի արժեքավոր հրապարակումները, շարունակվում էր աշխատանքը նրա նամակների չորսհատորյակի վրա, ուսումնասիրվում էր առանձին վեպերի գեղարվեստական պատմությունը: Սակայն Դոստոեւսկու պոետիկային վերաբերող մասնագիտական տեսական աշխատություններ, որոնք հետաքրքրություն կներկայացնեին մեր թեզիսի տեսանկյունից (պոլիֆոնիկ վեպը), այդ շրջանում չհայտնվեցին:

Այդ տեսանկյունից որոշակի ուշադրության են արժանի Վ.Կիրպոտինի որոշ դիտարկումները իր «Ֆ.Մ.Դոստոեւսկի» փոքրածավալ աշխատության մեջ:

Ի հակադրություն շատ ու շատ հետազոտողների, ովքեր Դոստոեւսկու բոլոր ստեղծագործություններում տեսնում են սոսկ մեն-միակ հոգի` հենց հեղինակի հոգին, Կիրպոտինը շեշտում է հենց օտար հոգիները տեսնելու Դոստոեւսկու առանձնահատուկ ունակությունը:

«Դոստոեւսկին օժտված էր ասես օտար պսիխիկայի ուղղակի տեսունակության ընդունակությամբ: Նա նայում էր ուրիշի հոգուն, կարծես թե օպտիկական ապակով զինված, ինչը թույլատրում էր նրան որսալ ամենանրբին երանգները, հետեւել մարդու ներքին կյանքի ամենաաննկատ անցումներին եւ երփներանգներին: Դոստոեւսկին, ասես շրջանցելով արտաքին խոչընդոտները, անմիջականորեն զննում է մարդու մեջ կատարվող հոգեբանական պրոցեսները, եւ հաստատագրում է դրանք թղթի վրագ

Ուրիշի պսիխիկան, ուրիշի «հոգին» տեսնելու Դոստոեւսկու շնորհի մեջ ոչ մի փորձից դուրս բան չկա: Նա միայն բացառիկ չափերի հասավ, սակայն նա հենվում էր եւ ինքնադիտության, եւ մարդու ջանադիր ուսումնասիրության վրա` ռուս եւ համաշխարհային գրականության ստեղծագործություններով, այսինքն՝ նա հենվում էր արտաքին եւ ներքին փորձի վրա, եւ այդ պատճառով օբյեկտիվ նշանակություն ուներ»:

Ժխտելով Դոստոեւսկու պսիխոլոգիզմի սուբյեկտիվության ու անհատապաշտության մասին թյուր պատկերացումները, Վ.Կիրպոտինը շեշտում է դրա ռեալիստական եւ սոցիալական բնույթը:

«Ի տարբերություն, բուրժուական գրականության մայրամուտն ու կործանումը վկայող, Պրուստի եւ Ջոյսի տիպի դեկադենտական պսիխոլոգիզմի, Դոստոեւսկու պսիխոլոգիզմը իր դրական ստեղծագործություններում սուբյեկտիվ չէ, այլ ռեալիստական: Նրա պսիխոլոգիզմը` հակասական մարդկային կոլեկտիվի օբյեկտիվ էության, գրողին հուզող հասարակական հարաբերությունների հենց միջուկի մեջ ներթափանցելու յուրահատուկ գեղարվեստական մեթոդ է եւ խոսքարվեստում այն վերարտադրելու յուրահատուկ գեղարվեստական մեթոդգ Դոստոեւսկին մտածում էր հոգեբանորեն մշակված կերպարներով, բայց մտածում էր սոցիալականորեն»:

Դոստոեւսկու «պսիխոլոգիզմի» ճիշտ ըմբռնումը, որպես հակասական կոլեկտիվի օտար պսիխիկաների տեսունակություն, հաջորդաբար Վ.Կիրպոտինին հանգեցնում է Դոստոեւսկու բազմաձայնության ճիշտ ընկալմանը, թեպետ այդ եզրը ինքը չի կիրառում:

«Յուրաքանչյուր անհատական «հոգու» պատմությունը Դոստոեւսկու մոտ տրված է ոչ թե մեկուսացված, այլ բազում այլ անհատների հոգեբանական ապրումների նկարագրությամբ: Անկախ այն բանից, թե պատումը Դոստոեւսկու մոտ առաջին դեմքով է, խոստովանության ձեւով, թե հեղինակի պատմողի անունից` միեւնույն է, մենք տեսնում ենք, որ գրողը սերում է միաժամանակ գոյող եւ ապրումներ ունեցող մարդկանց նախապայմաններից: Նրա աշխարհը` բազում օբյեկտիվ գոյություն ունեցող եւ միմյանց հետ փոխներգործող հոգեբանությունների աշխարհ է, ինչը որ բացառում է սուբյեկտիվիզմն ու սոլիպսիզմը հոգեբանական պրոցեսների մեկնաբանության մեջ, ինչն այնքան ներհատուկ է բուրժուական դեկադանսին»:

Այդպիսին են Վ.Կիրպոտինի եզրակացությունները, ով, հետեւելով իր ուրույն ուղուն, հանգեց այն դրույթներին, որոնք մոտ են մեր մոտեցումներին:

***
Վերջին տասնամյակում Դոստոեւսկու մասին գրականությունը հարստացել է մի շարք արժեքավոր համադրական աշխատություններով (գրքեր եւ հոդվածներ), որոնք ընդգրկում են նրա ստեղծագործության բոլոր կողմերը (Վ, Երմիլովի, Վ.Կիրպոտինի, Գ.Ֆրիդլենդերի, Ա.Բելկինի, Յ.Բիլինկիսի եւ այլոց): Սակայն բոլոր այդ աշխատություններում գերակշռում են Դոսոտոեւսկու ստեղծագործության պատմա-գրական եւ պատմա-սոցիոլոգիական եւ դրանում արտահայտված սոցիալական իրականության վերլուծությունները: Իսկ հենց պոետիկայի խնդիրները մեկնաբանվում են, որպես կանոն, սոսկ կողքանց (թեպետ այդ աշխատանքներից մի քանիսում տրվում են արժեքավոր, բայց ցաքուցրիվ դիտարկումներ Դոստոեւսկու գեղարվեստական ձեւի առանձին կողմերի վերաբերյալ):

Մեր թեզիսի տեսանկյունից առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Վ.Շկլովսկու գիրքը` «Հանուն եւ ընդդեմ: Գրառումներ Դոստոեւսկու մասին»:

Շկլովսկին ելնում է այն դրույթից, որն առաջինը առաջադրել էր Լ.Գրոսմանը. որ հենց վեճը, գաղափախոսական ձայների մարտը ընկած է Դոստոեւսկու ստեղծագործությունների ֆորմայի հենց հիմքում, նրա ոճի հիմքում: Բայց Շկլովսկուն հետաքրքրում է ոչ այնքան Դոստոեւսկու պոլիֆոնիկ ֆորման, որքան այդ ֆորման ծնած հենց գաղափարախոսական վեճի պատմական (դարակազմիչ) կենսական-կենսագրական աղբյուրները: Իր «Ընդդեմ» բանավիճային գրառման մեջ նա ինքն այսպես է բնութագրում իր գրքի էությունը. «Իմ աշխատության առանձնահատկությունը, այդ ոճական առանձնահատկությունների շեշտադրումն է, որոնք ես համարում եմ ինքնին ակներեւ դրանք շեշտել է ինքը՝ Դոստոեւսկին «Կարամազով եղբայրներում», վեպի գրքերից մեկը կոչելով «Pro Ռ contra», ես գրքում փորձել եմ այլ բան ապացուցել` ինչից է հարուցվել այն վեճը, որի հետքն է Դոստոեւսկու գրական կառուցաձեւը, եւ միաժամանակ, ինչն է Դոստոեւսկու վեպերի համաշխարհայնությունը, այսինքն նա, ով այժմ հետաքրքրված է այդ վեճով»:

Ի մի բերելով ծավալուն եւ բազմատեսակ պատմա-գրական եւ կենսագրական նյութը, Վ.Շկլովսկին իրեն ներհատուկ շատ կենդանի եւ սուր ձեւով բացահայտում է Դոստոեւսկու ստեղծագործական ողջ ուղու բոլոր փուլերով, անցնող պատմական ուժերի, դարաշրջանի ձայների` սոցիալական, քաղաքական, գաղափարախոսական վեճը, ինչը ներթափանցում է նրա կյանքի բոլոր իրադարձությունների մեջ եւ կազմավորում է նրա բոլոր ստեղծագործությունների ձեւն ու բովանդակությունը: Այդ վեճն այդպես էլ անավարտ մնաց Դոստոեւսկու դարաշրջանի եւ հենց իր համար: «Այդպես մահացավ Դոստոեւսկին, ոչինչ չորոշելով, խուսափելով հանգուցալուծումներից եւ չհաշտվելով պատի հետ»:

Այդ ամենի հետ կարելի է համաձայնվել (թեպետ Վ.Շկլովսկու առանձին դրույթներն, իհարկե, կարելի է չընդունել): Բայց այստեղ մենք պետք է շեշտենք, որ եթե Դոստոեւսկին մահացել է, դարաշրջանի առաջադրած գաղափարախոսական հարցերից «ոչինչ չլուծելով», ապա նա մահացավ, ստեղծելով գեղարվեստական տեսունակության նոր ձեւ` պոլիֆոնիկ վեպը, որը պահպանում է իր գեղարվեստական նշանակությունը, եւ այն ժամանակ, երբ դարաշրջանը, իր բոլոր հակասություններով հանդերձ, անցյալի գիրկն է անցել:

Վ.Շկլովսկու գրքում կան Դոստոեւսկու պոետիկային վերաբերող արժեքավոր դիտարկումներ: Մեր թեզիսի տեսանկյունից հետաքրքիր են նրա երկու դիտարկումները:

Դրանցից առաջինը վերաբերում է Դոստոեւսկու ստեղծագործական պրոցեսի որոշ առանձնահատկություններին եւ սեւագրային ծրագրերին:

«Ֆյոդոր Միխայլովիչը սիրում էր կազմել իր գործերի պլանները, ավելի շատ սիրում էր զարգացնել, քննել եւ բարդացնել ծրագրերը եւ չէր սիրում ավարտել ձեռագրերըգ

Դե իհարկե ոչ «փութկոտությունից», քանզի Դոստոեւսկին աշխատում էր բազում սեւագրերով, «քանիցս ներշնչվելով նույն դրվագով» (1858թ. Դոստոեւսկու նամակը): Սակայն Դոստոեւսկու պլանները հենց իրենց էության մեջ անավարտություն են բովանդակում, ասես ժխտվում են:

Կարծում եմ, որ նա ժամանակ չէր ունենում ոչ այն պատճառով, որ չափազանց շատ պայմանագրեր էր ստորագրում եւ ինքն էր ձգձգում ստեղծագործության ավարտը: Քանի դեռ այն մնում էր բազմապլան եւ բազմաձայն, քանի դեռ մարդիկ այնտեղ վիճում էին, վրա չէր հասնում հուսաբեկությունը` որոշման բացակայությունից: Վեպի ավարտը Դոստոեւսկու համար նշանակում էր նոր Բաբելոնյան աշտարակի ելուզում»:

Դա շատ ճիշտ դիտարկում է: Դոստոեւսկու սեւագրերում նրա ստեղծագործության բազմաձայն բնույթը եւ նրա երկխոսությունների սկզբունքային անավարտությունը դրսեւորվում են հում եւ բացահայտ ձեւով: Ընդհանրապես ստեղծագործական պրոցեսը Դոստոեւսկու մոտ, ինչպես այն արտացոլվել է նրա սեւագրերում, խիստ տարբեր է մյուս գրողների ստեղծագործական պրոցեսից (օրինակ, Լ.Տոլստոյի): Դոստոեւսկին աշխատում է ոչ թե մարդկանց օբյեկտային կերպարների վրա, եւ փնտրում է կերպարների համար ոչ թե օբյեկտային խոսակցություններ (տիպիկ ու բնութագրական), ոչ թե փնտրում է արտահայտիչ, ակնառու, ավարտուն հեղինակային խոսքեր, նա ամենից առաջ փնտրում է հնարավորինս լիիմաստ եւ հերոսի համար կարծես թե հեղինակից անկախ խոսքեր, որոնք արտահայտում են ոչ թե նրա բնավորությունը (կամ նրա տիպականությունը) եւ ոչ թե նրա դիրքը կյանքի տվյալ իրավիճակներում, այլ նրա վերջին իմաստային (գաղափարախոսական) դիրքորոշումն աշխարհում, առ աշխարհ նրա տեսանկյունը, իսկ հեղինակի համար եւ որպես հեղինակ՝ նա փնտրում է հրահրող, բորբոքող, կորզող, երկխոսայնացնող խոսքեր եւ սյուժետային իրավիճակներ: Դա է Դոստոեւսկու ստեղծագործական պրոցեսի խորունկ յուրօրինակությունը»: Այդ տեսանկյունից Դոստոեւսկու սեւագիր նյութերի հետազոտությունը` հետաքրքիր եւ կարեւոր խնդիր է:

Մեր մեջբերած հատվածում Շկլովսկին բարդ հարց է առաջադրում պոլիֆոնիկ վեպի սկզբունքային անավարտության մասին: Դոստոեւսկու վեպերում իսկապես տեսնում ենք յուրօրինակ բախում հերոսների եւ երկխոսությունների ներքին անավարտության եւ յուրաքանչյուր առանձին վեպի արտաքին (շատ դեպքերում կոմպոզիցիոն-սյուժետային) ավարտունության միջեւ: Մենք այստեղ չենք կարող խորանալ այդ դժվար խնդրի մեջ: Ասենք միայն, որ Դոստոեւսկու համարյա բոլոր վեպերը ունեն պայմանական-գրական, պայմանական-մենախոսային ավարտ (այդ առումով առանձնապես հատկանշական է «Ոճիր եւ պատժի» ավարտը): Ըստ էության, միայն «Կարամազով ողբայրները» ունեն լիովին պոլիֆոնիկ ավարտ, բայց հենց այդ պատճառով սովորական, մենախոսային տեսանկյունից վեպն անավարտ է մնացել:

Պակաս հետաքրքրական չէ եւ Շկլովսկու երկրորդ դիտարկումը: Այն վերաբերում է Դոստոեւսկու մոտ վիպական կառուցվածքի բոլոր տարրերի բնույթին:

«Դոստոեւսկու մոտ ոչ միայն հերոսներն են վիճում, սյուժետային զարգացման առանձին տարրերը ասես գտնվում են փոխադարձ հակասության մեջ: Փաստերը տարբեր կերպ են կռահվում, հերոսների հոգեբանությունը ինքնահակասական է, այդ կառուցաձեւը էության արդյունքն է»:

Իսկապես, Դոստոեւսկու երկխոսայնությունը բնավ էլ չի սպառվում այն արտաքին, կոմպոզիցիոն արտահայտված երկխոսություններով, որ վարում են նրա հերոսները: Պոլիֆոնիկ վեպը լիովին եւ անընդհատ երկխոսական է: Վիպական կառուցվածքի բոլոր տարրերի միջեւ գոյություն ունեն երկխոսական հարաբերություններ, այսինքն՝ դրանք ձայնակարգորեն հակադիր են: Չէ՞ որ երկխոսական հարաբերությունները` ավելի ընդգրկուն երեւույթ է, քան կոմպոզիցիոն արտահայտված երկխոսության ռեպլիկների միջեւ եղած հարաբերությունները, դա` համարյա համակողմանի երեւույթ է, որով ներթափանցված են ողջ մարդկային կյանքն ու դրսեւորումները եւ մարդկային խոսքը, ընդհանրապես այն ամենը, որ ունի իմաստ եւ նշանակություն:

Դոստոեւսկին կարողացավ լսել երկխոսական հարաբերություններն ամենուր, մարդկային կյանքի գիտակցված եւ մտածված կյանքի բոլոր դրսեւորումներում, որտեղ սկսում է գիտակցությունը, այնտեղ նրա համար սկսվում է եւ երկխոսությունը: Միայն զուտ մեխանիկական հարաբերությունները երկխոսական չեն, եւ Դոստոեւսկին կտրուկ մերժում էր դրանց նշանակությունը կյանքի եւ մարդու ըմբռնման արարքների մեկնության համար (նրա պայքարը մեխանիկական մատերիալիզմի, մոդայիկ ֆիզիոլոգիզմի, Կլոդ Բերնարի, միջավայրի տեսության եւ այլ բաների դեմ): Այդ պատճառով վեպի ներքին եւ արտաքին մասերի եւ տարրերի բոլոր հարաբերությունները նրա մոտ երկխոսական բնույթ են կրում, եւ վեպի ամբողջությունը նա կառուցում էր որպես «մեծ երկխոսություն»: Այդ «մեծ երկխոսության» ներսում հնչում էին, լուսավորելով եւ խտացնելով այն, հերոսների կոմպոզիցիոն արտահայտված երկխոսությունները, եւ, վերջապես, երկխոսությունը դեպի ներս է գնում, դեպի վեպի յուրաքանչյուր խոսքը, դարձնելով այն երկձայն, մտնում է ամեն մի շարժմունքի, հերոսի դեմքի ամեն մի համր շարժման մեջ, դարձնելով այն ընդհատ եւ մորմոքուն, դա արդեն «միկրոերկխոսություն է», որը սահմանում է Դոստոեւսկու բառաոճային առանձնահատկությունները:

***
Դոստոեւսկու մասին գրականության ոլորտում վերջին երեւույթը, որի վրա մենք կանգ կառնենք այս ամփոփագրում` ՍՍՀՄ-ի Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային գրականության ինստիտուտի «Ֆ.Մ.Դոստոեւսկու ստեղծագործությունը» ժողովածուն է: Այդ ժողովածուում տեղ գտած սովետական գրականագետների համարյա բոլոր աշխատություններում կան ոչ քիչ արժեքավոր դիտարկումներ եւ ավելի ընդգրկուն տեսական ընդհանրացումներ Դոստոեւսկու պոետիկայի հարցերի վերաբերյալ, բայց մեզ համար, մեր թեզիսի տեսանկյունից, ամենամեծ հետաքրքրությունն է ներկայացնում Լ.Պ.Գրոսմանի «Դոստոեւսկին արվեստագետ» ծավալուն աշխատությունը, իսկ այդ աշխատության ներսում նրա երկրորդ բաժինը` «Կոմպոզիցիայի օրենքները»:

Իր նոր աշխատության մեջ Լ.Գրոսմանը նոր դիտարկումներով ընդարձակում, խորացնում եւ հարստացնում է այն կոնցեպցիաները, որոնք նա զարգացնում էր դեռեւս 20-ական թվականներին, եւ որոնք մենք արդեն վերլուծել ենք:

Ըստ Գրոսմանի, յուրաքանչյուր վեպի կոմպոզիցիայի հիմքում ընկած է, «երկու կամ մի քանի հանդիպող վիպակների սկզբունքը», որոնք հակադրաբար լրացնում են միմյանց եւ միավորված են բազմաձայնության երաժշտական սկզբունքով:

Վոգյուեին եւ Վյաչեսլավ Իվանովին հետեւելով, որոնց նա համակրանքով մեջբերում է, Գրոսմանը շեշտում է Դոստոեւսկու կոմպոզիցիայի երաժշտական բնույթը:

Մեջբերենք Գրոսմանի այդ մեզ համար առավելապես հետաքրքիր դիտարկումներն ու եզրակացությունները. «Ինքը՝ Դոստոեւսկին, մատնանշում էր այդպիսի կոմպոզիցիոն շարժընթացը (երաժշտական տիպի.- Մ.Բ.) եւ մի անգամ զուգահեռ է անցկացրել այդ կառուցողական համակարգի եւ երաժշտական տեսության, «անցումների» եւ հակադրությունների միջեւ: Նա այդ ժամանակ երեք գլխից բաղկացած, տարբեր բովանդակություններով, բայց ներքնապես միաձույլ մի վիպակ էր գրում: Առաջին գլուխը` մենախոսություն է, վիճաբանական եւ փիլիսոփայական, երկրորդը` դրամատիկական դրվագ է, որը նախապատրաստում է երրորդ գլխի աղետալի հանգուցալուծումը: Արդյո՞ք կարելի է այդ գլուխները անջատ-անջատ տպագրել,- հարցնում է հեղինակը: -Չէ՞ որ դրանք ներքնապես միմյանց ձայնածում են, տարբեր են հնչում, բայց, տոնայնությունների օրգանական փոփոխություններ թույլատրող, անխզելի մոտիվներով, բայց ոչ դրանց մեխանիկական երկատումներով: