Ընդդեմ Ալիեւի

26/11/2009

Շվեդիայի ադրբեջանցի քաղէմիգրանտները կոչ են անում կալանքի տակ առնել արեւմտյան բանկերում Ալիեւների կուտակած միլիարդները. նրանք ծրագրել են նոյեմբերի 27-ին Ստոկհոլմում Ադրբեջանի իշխանության դեմ ակցիա անցկացնել: «Արդեն 6 տարի է` Ադրբեջանում շարունակվում է Իլհամ Ալիեւի խայտառակ իշխանությունը: Ի. Ալիեւի եւ նրա իշխանության կամայականությունը, կեղծարարությունն ու գողությունն ավելի է ուժգնանում: Չափ ու սահմանն անցած ոստիկանների կամայականության, կաշառակերության եւ ծայրահեղ չքավորության երեսից 9 մլն քաղաքացիների կեսը լքել է երկիրը»,- ըստ «Ազադլըգը» կայքի` ասված է քաղէմիգրանտների կողմից արված հայտարարության մեջ: Ընդգծելով այն փաստը, որ Ադրբեջանում ճնշումներ են կատարվում խոսքի ազատության նկատմամբ, հայտարարության մեջ հիշատակվում է «Մոնիտոր» ամսագրի գլխավոր խմբագիր Էլմար Հուսեյնովի սպանությունը, գրող-երգիծաբան Միրզա Սաքիթի, «Ազադլըգ» թերթի գլխավոր խմբագիր Գանիմաթ Զահիդի, «Ենի ֆիքիր» երիտասարդական կազմակերպության ղեկավար Ռուսլան Բաշիրլիի, նրա տեղակալ Ռամին Թաղիեւի, «Բիզիմ յոլ» թերթի խմբագիր Մուշվիգ Հուսեյնովի, «Ռեալնի Ազերբայջան» եւ «Գյունդալիք Ազերբայջան» թերթի սեփականատեր եւ գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլլաեւի, բլոգերներ Էմին Միլլիի եւ Ադնան Հաջիզադեի ձերբակալությունները, եւ ասվում, որ այդ ցուցակը կարելի է լրացնել ծեծված, խոշտանգումների ենթարկված, հաշմված, երկրից հարկադիր հեռացած քաղաքական գործիչներով, լրագրողներով, գույքը բռնագրավված եւ փակված թերթերով, եւ դրան հավելել «Ազադլըգ», «Ամերիկայի ձայն» եւ BBC ռադիոկայանների` հաճախականությունից զրկելու փաստերը: Հայտարարության մեջ, միջազգային հանրության առարկություններին հակառակ` բլոգերներ Ադնան Հաջիզադեին եւ Էմին Միլլիին ազատազրկման ենթարկելը բնութագրվել է որպես Ադրբեջանի հետադիմական վարչակարգի մարտահրավեր` ուղղված միջազգային հանրության կարծիքին: Հայտարարության հեղինակները կոչ են անում միջազգային կազմակերպություններին, դեմոկրատական պետություններին` քննադատության ենթարկել Իլհամ Ալիեւի վարչակարգը, կալանքի տակ դնել այդ վարչակարգի առաջնորդների` ադրբեջանական ժողովրդից գողացված, արեւմտյան բանկերում կուտակած միլիարդները եւ արգելել նրանց մտնել արեւմտյան եւ Եվրամիության երկրներ: