Շուշիի վերականգնումը նոր է սկսվում

27/08/2005 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հայտնի է նաեւ, որ մոտ ապագայում այստեղ` «Հայաստան» համահայկական
հիմնադրամի «Արցախի վերածնունդ» ծրագրի շրջանակներում կիրականացվեն
վերականգնման աշխատանքներ: Այսինքն, 2006 թվականի հեռուստամարաթոնի ողջ
հասույթը նպատակաուղղվելու է ծրագրի իրականացմանը։

1992-ին, երբ ազատագրվեց Շուշին, այստեղ տեղափոխվեցին բազմաթիվ
ընտանիքներ` բուն շուշեցիներ, Ադրբեջանի տարբեր տարածքներից եւ Մարտակերտի
շրջանի որոշ գյուղերից տեղահանվածներ, որոնցից շատերի համար Շուշին դարձել
է հայրենի քաղաք:

Արմեն Սողոմոնյանի ընտանիքը Բաքվից տեղափոխվել է Հայաստան, այնուհետեւ
1993-ին` Շուշի: Ինչպես պատմում է Արմենի տիկինը` Ալլան, սկզբից վարձով
էին ապրում, այնուհետեւ, 7-րդ երեխայի ծնվելուց հետո, պետության
միջոցներով նրանց համար կառուցվել է 3 սենյականոց բնակարան: Այժմ
Սողոմոնյանների ընտանիքում կա 8 երեխա: «Արդեն հարմարվել ենք այս քաղաքին
եւ երեւի ուրիշ տեղ չենք կարող բնակվել: Պարզ է, որ Բաքու էլ չենք
վերադառնա, քանի որ անհնար է ադրբեջանցիների հետ ապրել, չնայած վերջերս
շատ են խոսում փախստականների` իրենց նախկին բնակավայրերը վերադառնալու
մասին»,- գտնում է Ալլա Սողոմոնյանը: Նրա խոսքերով, ամուսնու աշխատավարձը
եւ պետության կողմից տրվող նպաստները չեն բավարարում, բայց վաղվա օրվա
հանդեպ հույսով մի կերպ գոյատեւում են: Իսկ Սվետլանա Խաչատրյանի ընտանիքը
պատերազմի ժամանակ թողել է իրենց հայրենի օջախը` Մարտակերտի շրջանի
Հասանղայա գյուղում: Ս.Խաչատրյանը ցավով է պատմում այն օրերի մասին, երբ
ոտաբոբիկ փախել են հայրենի գյուղից` ադրբեջանցիներին թողնելով ողջ
ունեցվածքը: «Բնակություն հաստատելու նպատակով տեղափոխվել ենք Չարենցավան,
այնուհետեւ` Աշտարակ: Իսկ Շուշիի ազատագրումից հետո վերադարձանք այստեղ:
Ես շատ եմ սիրում այս քաղաքը: Ճիշտ է, այն հայրենի գյուղից լավ չէ, բայց
այստեղ էլ շատ լավ է։ Արդեն հարմարվել ենք պայմաններին, չնայած
դժվարություններով ենք ստեղծել այս ամենը: Եթե մեր գյուղն ազատագրեն`
անպայման կվերադառնամ հայրենի օջախս»,- նշում է Ս.Խաչատրյանը: Այս
ընտանիքները բացառություն չեն, եւ նրանց պես դժվարություններին
դիմակայելով ապրում են բազմաթիվ ընտանիքներ, ովքեր մեծ հույսեր են կապում
Շուշիի վերականգնման հետ: «Կարծում եմ, ամենամեծ դժվարություններն անցել
ենք, եւ մեզ պետք է մի քիչ համբերություն, քանի որ արդեն խոսում են այն
մասին, որ մոտակա մի քանի տարում այստեղ մեծածավալ աշխատանքներ են
իրականացվելու եւ բացվելու են նոր աշխատատեղեր»,- այս կարծիքին է արդեն
7-8 տարի Շուշիում ապրող Անդրանիկ Դանիելյանը: Ներկայումս բնակչության
թիվն այս քաղաքում գերազանցում է 3000-ը (2000 թվականի համեմատ
բնակչության թիվն աճել է շուրջ 500-ով): Չնայած բնակիչների թիվն այդքան էլ
մեծ չէ, այստեղ նույնպես զբաղվածության խնդիր կա։ Քաղաքապետ Ֆելիքս
Հակոբյանի հավաստմամբ, բյուջետային հիմնարկներում հիմնականում աշխատում են
Շուշիի բնակիչներ։ Տեղաբնակներն աշխատում են նաեւ տարբեր մասնավոր
հիմնարկներում:

Կառուցվածը պահպանելը լուրջ խնդիր է

Երբեմնի մշակութային կենտրոն համարվող քաղաքն այժմ պատշաճ վիճակում չէ,
չնայած աստիճանաբար կատարվում են վերանորոգման աշխատանքներ։ Իհարկե, ոչ
միայն պետական, այլեւ տարբեր բարերարների միջոցներով։ Համայնքի ղեկավարի
խոսքերով, 2004-05թթ. պետական միջոցներով բարեկարգվել եւ ասֆալտապատվել է
քաղաքի կենտրոնական փողոցը, իսկ այս տարի նախատեսվում է բարեկարգել Շուշիի
մուտքից մինչեւ կենտրոն տանող ճանապարհը, որի համար հատկացված է 80 մլն
դրամ։ Խոսելով համայնքի խնդիրների եւ ծրագրերի մասին՝ քաղաքապետը փաստեց,
որ քաղաքի մոտ 60-70 տոկոսն արդեն գազիֆիկացված է։ Իսկ այս տարի շուրջ 10
մլն դրամ կհատկացվի գազիֆիկացման աշխատանքները շարունակելու համար։ «Ամեն
տարի շինարարական աշխատանքների շրջանակներում վերանորոգվում են նաեւ
բարձրահարկ շենքերի քամուց տուժած տանիքները: Այդ աշխատանքների համար այս
տարի 28 մլն դրամ է հատկացված։ Ընթացիկ տարում պետական միջոցներով
կվերանորոգվեն նաեւ 6 ավերված բնակարաններ»,- այս մասին տեղեկացրել է
համայնքի ղեկավարը։ Նրա խոսքերով՝ շինարարական ու վերանորոգման
աշխատանքներին զուգահեռ՝ Շուշիում միշտ էլ առկա է դրանց պահպանման խնդիրը:
Այս ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ, բայց դրանք
լրիվությամբ վերահսկել ու պահպանել անհնարին է։

Պետական միջոցներով իրականացվող ծրագրերից բացի, Շուշիում ներդրումներ են
կատարում նաեւ մի շարք բարերարներ ու գործարարներ` ստեղծելով նոր
աշխատատեղեր։ Այստեղ գործում են տարբեր մշակութային ու կրթական օջախներ,
բուժհիմնարկներ, հասարակական կազմակերպություններ եւ այլն: Ամեն տարի
շրջանային հիվանդանոցի վերանորոգման աշխատանքներին մասնակցում է «Երկիր եւ
մշակույթ» կազմակերպությունը: Ներդրողների շարքում է նաեւ Հայ
ավետարանչական ընկերակցությունը, որն արդեն մի քանի տարի է, ներդրումներ է
կատարում ոչ միայն Շուշի քաղաքում, այլեւ հանրապետության տարբեր
բնակավայրերում։ Երեք տարի է, ինչ ընկերակցության հովանավորությամբ
Շուշիում գործում է ամառային ճամբարը, որտեղ ամեն տարի հանգստանում են մոտ
800 երեխաներ` Ստեփանակերտից, Շուշիից, Ասկերանից ու Սյունիքից։ Ճամբարում
հիմնականում ընդգրկվում են բազմազավակ ընտանիքների, ընկերակցության
խնամակալության տակ գտնվող եւ ընկերակցության խմբակներ հաճախող երեխաները։
Հայ ավետարանչական ընկերակցության Արցախի գրասենյակի ներկայացուցիչ Արսեն
Մանասյանը տեղեկացրեց, որ այս տարի կազմակերպվել է նաեւ բակային ճամբար,
որտեղ ընդգրկված էր 110 երեխա (բոլորն էլ Շուշիից)։

Ընկերակցության հովանու ներքո Շուշիում գործում է գրադարան եւ մեկ
մանկապարտեզ, որտեղ հաճախում են մոտ 50 երեխա։ Ի դեպ, Շուշիում գործում է
նաեւ Հայ օգնության միության մանկապարտեզը: Արսեն Մանասյանի հավաստմամբ,
Հայ ավետարանչական ընկերակցության կողմից Ղարաբաղում ստեղծվել է մոտ 125
աշխատատեղ, որից 30-ը` Շուշիում, իսկ սեզոնային աշխատանքներում ընդգրկվում
են եւս 30 հոգի (հիմնականում՝ տեղաբնակներ)։ Ընկերակցությունն
իրականացնում է նաեւ տարբեր բարեգործական ծրագրեր:

Քաղաքը պետք է վերականգնվի ողջ հայության ջանքերով

Հաշվի առնելով հանրապետության բնակլիմայական բարենպաստ պայմանները,
պատմաաշխարհագրական եւ մշակույթի առումով հետաքրքրություն ներկայացնող
հուշարձանների առկայությունը` Ղարաբաղն ունի զբոսաշրջության կազմակերպման
մեծ հեռանկար: Առողջարանային համակարգի ստեղծման բացառիկ պայմաններ ունի
հատկապես Շուշին, որը խորհրդային տարիներին համամիութենական նշանակության
առողջարանային քաղաք էր: Ցավալի է, որ այսօր Շուշին հեռու է առողջարանային
քաղաք լինելուց, այստեղ գործում է ընդամենը մեկ հյուրանոց` «Երկիր-տուրը»:
Համայնքի ղեկավարը կարեւորում է առողջարաններ կառուցելու համար պետական
հատուկ ծրագրի առկայությունը, ինչը ցավոք ներկայումս չկա: «Շուշիի
վերականգնումը ոչ միայն մեր, այլեւ ողջ հայության խնդիրն է: Եվ այն պետք է
շենացնենք Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության ջանքերով»,- ընդգծեց
քաղաքապետ Ֆելիքս Հակոբյանը: