– Պարոն Իսկանդարյան, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ հատկապես Մյունհենյան հանդիպումից առաջ Իլհամ Ալիեւը հանդես եկավ շատ ավելի կտրուկ հայտարարությամբ, քան նախկինում էր սովորաբար լինում:
– Այս տարածաշրջանում տեղի ունեցող ամեն բան կախված է հայ-թուրքական հարաբերություններից: Քանի որ ողջ աշխարհում հայ-թուրքական հաշտեցմանը կտրուկ դեմ է միայն Ադրբեջանը, ակնհայտ է, որ կոշտ հայտարարություններ պետք է արվեին: Ադրբեջանի որոշ հասարակական կարծիքի լիդերներ ասում են` վերջ, ԼՂ հարցը լուծված է, միաժամանակ Ալիեւն էլ ասում է` եթե այն չլուծվի, մենք կպատերազմենք: Այս երկու բանն էլ նրանք միշտ ասել են, պարզապես այս անգամ դա կատարվեց ավելի կենտրոնացված ու կոշտ ձեւով, ինչը լրիվ հասկանալի է հայ-թուրքական հարաբերությունների ֆոնին: Համանախագահների պարագայում էլ այս անգամ մի փոքր անսովոր ստացվեց` խնդիրներ ունենք, բայց առաջընթաց էլ ունենք:
– Ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցություններում առաջիկայում փոփոխություններ պետք չէ՞ սպասել:
– Ո՛չ, նման բան ուղղակի անհնար է: Փոփոխություններ այս կարգի բարդ հարցերում չեն կարող լինել նրանից, որ երկու հոգի հանդիպեցին: Իրական փոփոխությունները թաքցնել անհնար է, դա այնպիսի բան չէ, որ միայն մի սենյակում հավաքված մարդկանց համար պարզ լինի: Պետք է ֆորմատի փոփոխություն լինի:
– Ի՞նչ պետք է կատարվի, որը հանգեցնի ֆորմատի փոփոխության:
– Օրինակ` Ռուսաստանը, Իրանը կամ էլ` Թուրքիան` որպես տարածաշրջանային ուժ, խաղից անհետանան: Այսպիսի բաներ երբեմն լինում են, բայց դրանք արագ չեն լինում, եւ դրանք անհնար է չնկատել, համենայնդեպս` մասնագետների կողմից: Կան, իհարկե, գաղտնի բաներ: Փորձագետը կարող է չիմանալ, որ հենց վաղը կռմբակոծեն այս կամ այն տարածքը, բայց փորձագետը գիտի, որ ռմբակոծությունը հավանական է: Եթե դուք մասնագետին մինչեւ քուվեյթյան պատերազմը, Բելգրադի ռմբակոծությունը հարցնեիք` նա կասեր, որ նման բան հնարավոր է:
– Այսինքն` պատերազմի հավանականությո՞ւն էլ չեք տեսնում:
– Դա արդեն լուրջ չէ, ես Ադրբեջանի ղեկավարությանը բավականաչափ հարգում եմ եւ նրանց խելագարներ չեմ համարում: Ադրբեջանի ռեժիմը միայն «բլից կրիգի» կարող է գնալ` մեկ շաբաթում հայաթափել ԼՂ-ն ու հարակից շրջանները: Ցանկացած ձգձգում հսկայական խնդիրներ է առաջացնելու, ինչը հանգեցնելու է Ադրբեջանում ռեժիմի փոփոխության: Իսկ եթե արագ ամեն ինչ անեն, աշխարհը ոչ մի տեղ չի կորի` հատկապես որ սա տարածք է, որը միջազգայնորեն ճանաչվում է որպես Ադրբեջանի մաս: Բայց ոչ մի հնարավորություն հաջողված «բլից կրիգ» անելու Ադրբեջանը չունի: Արաբաիսրայելական տարբերակը` վեցօրյա պատերազմների մեխանիզմը, այստեղ կիրառելի չէ: Եվ հետո, երբ պատերազմի են պատրաստվում, չեն հայտարարում: Պատերազմով վախեցնելը ուրիշ ստրատեգիա է, որը Ադրբեջանը շատ հաջող կիրառում է: Առաջին հերթին ուղղված է Ադրբեջանի բնակչությանը: Երկիրը պարտվել է, ԼՂ-ն շարունակում է մնալ հայերին, ուստի պետք է ասել` մենք, քիչ է մնացել` կվերադարձնենք ԼՂ-ն: Երկրորդը ՀՀ- բնակչությունն է: Հայերին անընդհատ ասվում է` մենք հարուստ ենք, մենք ուժեղ ենք, մենք ծաղկում ենք, իսկ դուք թույլ եք, աղքատ, ոչինչ չունեք, թուրքերը չեն բացի սահմանը եւ այլն: Ամեն թերթ կարդացող հայ չի հարցնում ինքն իրեն` իսկ եթե այնտեղ ամեն ինչ այդքան հրաշալի է, ինչ են անում 2-3 մլն ադրբեջանցիները ՌԴ-ում: Իսկ ինչու է Բաքվի բնակչությունը 2-3 մլն, ինչու են մարդիկ շարունակ Բաքու գնում, եթե ողջ երկիրը բարգավաճում է: Երրորդ ուղղությունը արտաքին աշխարհն է` այ հիմա գազը կկտրենք, այ հիմա թուրքերից մեր պարտքերը կուզենք եւ այլն: Աշխարհը ինչ-որ մի բան պետք է անի այս հռետորիկայի հետ: Ընդհանրապես` այս գործիքը` այս հռետորիկան, իսկապես աշխատում է:
– Ժամանակի ընթացքում չի՞ մաշվում, չի՞ կորցնում իր արդյունավետությունը:
– Դուք հարցնում եք` 100-րդ անգամ ասվելուց հետո կշարունակի՞ աշխատել: Դե, ասել են արդեն 100 անգամ, բայց լրագրողները միշտ գալիս ու նույն հարցն են տալիս` իսկ ինչո՞ւ Ալիեւը այսպիսի բան ասաց: Նա էլի կասի, ու Դուք էլ էլի կգաք կհարցնեք: Նշանակում է` աշխատում է:
– Համաձա՞յն եք այն տեսակետի հետ, որ գնալով հայ-թուրքական միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծմանը եւ նման փոխզիջում անելով` Ս. Սարգսյանը փորձում է դրսի ուժերից լեգիտիմություն ստանալ:
– Ոչ մի «փոխզիջում» էլ թուրքերին հայերից պետք չէ: Այն առավելությունները, որ Թուրքիան կարող է ստանալ այս գործընթացից, ՀՀ-ն չի կարող տալ: Նույնիսկ ցեղասպանության հարցի պարագայում իրավիճակը ասիմետրիկ է: Այնպես չէ, որ ողջ Թուրքիան նստում ու առավոտից իրիկուն ցեղասպանության մասին է մտածում: Թուրքիայի համար սկզբունքորեն ավելի կարեւոր հարցեր կան, ասենք` Հյուսիսային Իրաքը, որտեղ փաստացի պետություն է ստեղծվել, ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Իրանի հետ հարաբերությունները, քրդական հարցը եւ այլն: Ինչ-որ բաներ այս հարցերում ստանալ Թուրքիան ակնկալում է նաեւ հայ-թուրքական հաշտեցման գործընթացից: Բայց դա չի լինելու հանձնաժողովի տեսքով, դա կլինի Թուրքիայի համար իսկապես նշանակություն ունեցող ինչ-որ բան: Ինչ վերաբերում է լեգիտիմությանը, ապա ցանկացած իշխանություն էլ փորձում է լեգիտիմություն ձեռք բերել ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում: ՀՀ իշխանությունները 1995թ.-ից սկսած լեգիտիմության պակասի խնդիր ունեն: Եվ շատ բնական է, որ իշխանությունը բոլոր հնարավորություններն էլ կօգտագործի լեգիտիմության բարձրացման համար: ԱՄՆ-ի ու ՌԴ-ի նախագահներն էլ են այդպես վարվում, նրանք էլ թեեւ ներքին լեգիտիմության խնդիր չունեն, բայց ուզում են արտաքին աշխարհում ավելի շատ լեգիտիմություն ձեռք բերել: Բոլորն են այդպես անում, ինչո՞ւ չպետք է ՀՀ իշխանություններն անեն, հատկապես, որ ներքին լեգիտիմության պակաս կա: Բայց այդ հանձնաժողովի հետ կապել դա լուրջ չէ: Չկա «պատմաբանների» հանձնաժողով, այնտեղ չեն լինելու պատմաբաններ, այնտեղ չինովնիկներ են լինելու, եթե ընդհանրապես նման հանձնաժողով լինի: