Ավտոմատ կերպով

25/11/2009

«Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի փաստաթղթերը նրա ներկայացուցիչները օրենքով սահմանված կարգով երեկ հանձնել են Կենտրոնական Ընտրական հանձնաժողով: Հանձնաժողովը տվել է ստացական այն մասին, որ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացված են: Թեեւ երեկվա դրությամբ գրանցման մասին որոշում դեռեւս չէր կայացվել, սակայն երեկ ավելի վաղ, ԿԸՀ քարտուղար Աբրահամ Բախչագուլյանը «Ազատություն» ռ/կ-ին ասել է, որ Ընտրական օրենսգրքի համաձայն, եթե ներկայացվում են գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, գրանցումը կատարվում է ավտոմատ կերպով: Հիշեցնենք, որ Վարչական դատարանը նոյեմբերի 20-ին բավարարեց Նիկոլ Փաշինյանի հայցը ընդդեմ Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության, եւ պարտադրեց Իջեւանի անձնագրային բաժնին` Փաշինյանին տրամադրել տեղեկանք վերջին 5 տարիներին Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ: «Գոյություն ունի անմեղության կանխավարկած, եւ քանի դեռ այդ համապատասխան դատավճիռը չկա, անձը համարվում է անմեղ եւ կարող է իրականացնել իր ընտրական իրավունքը»,- նույն թեմայի առնչությամբ ասել է իրավագետ Հրայր Թովմասյանը: Ըստ նրա, նախնական կալանքի տակ լինելը չի կարող հիմք հանդիսանալ անձի գրանցումը մերժելու համար` «որովհետեւ ընտրական իրավունքից զրկվում են օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված եւ պատիժը կրող քաղաքացիները»: Հ.Թովմասյանի կանխատեսմամբ, Փաշինյանը կմասնակցի եւ՛ քարոզարշավին, եւ՛ հունվարի 10-ի ընտրություններին, որովհետեւ որպես թեկնածու նրա գրանցումը կարող է չեղյալ համարվել միայն դատավճռի` օրինական ուժի մեջ մտնելուց հետո, ինչը մինչեւ հունվարի 10-ը գործնականում անհնար է: «Դեռ քննությունն ընթանում է առաջին ատյանում: Եթե վաղը անգամ առաջին ատյանի դատարանը կայացնի դատավճիռ, դրանից հետո ինքը ունի 1 ամիս վերաքննիչի համար: Պարզ է, որ այնտեղ 1 օրում քննություն չի կարող իրականացվել: Հետո` վճռաբեկ դատարան… այսինքն` ինքը 2 ամիս ունի միայն բողոքարկումների համար»,- պարզաբանել է իրավագետը: Բայց նույնիսկ ընտրություններում հաղթելը, ըստ Թովմասյանի, երաշխիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը կդառնա պատգամավոր: Դրա համար դատարանը նրան պետք է արդարացնի, հակառակ դեպքում Փաշինյանը ավտոմատ կերպով կզրկվի մանդատից: Այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանի պաշտպանական կողմը արդարացման վճռի ակնկալիքներ ունի: Նրա փաստաբան Լուսինե Սահակյանը «Ազատություն» ռ/կ-ին ասել է, որ, ամենայն հավանականությամբ, գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը թիվ 10 ընտրատարածքային հանձնաժողովին կներկայացնեն այսօր: