Ավարտվեց Բարաք Օբամայի իննօրյա տուրնեն Չինաստան, Ճապոնիա եւ Հարավային Կորեա` աննախադեպ տեւողությամբ եւ խնդիրների մասշտաբներով, ինչը բնական է, եթե նկատի ունենանք, որ միջազգային քաղաքականության ու տնտեսության կենտրոնի ծանրությունը Հյուսիսատլանտյանից տեղափոխվում է Ասիական եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, որտեղ ապրում է մարդկության կեսից ավելին: Գլոբալ տեղաշարժերը փաստում է նաեւ Զբիգնեւ Բժեզինսկին, երբ նոյեմբերի 18-ին «Պրագ դեյլի մոնիտորին» տված հարցազրույցում նշում է. «Իրականությունն այն է, որ ԱՄՆ-ի դիվանագիտության կենտրոնը հիմա գտնվում է ոչ թե Եվրոպայում, այլ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»: (Ես չեմ կարողանում մտաբերել այդ փորձառու քաղաքագետի կանխատեսման որեւէ վրիպում: Հիշենք, որ նա առաջիններից մեկն էր, որ դեռ 1968 թ. ազդարարեց ԽՍՀՄ-ի մոտալուտ փլուզման մասին):
Այցելությունը չսկսած՝ Վաշինգտոնը հայտարարեց, որ դիվանագիտական հարաբերություններում առաջնորդվելու է «մեկմեկու շահերը ճանաչելու եւ կոնֆլիկտների մեջ չմտնելու ձեւաչափով»` դրան տալով «Ստրատեգիական վստահության դոկտրինա» խոստումնալից անվանումը: Սա ասվում է ապառնի ժամանակով: Մինչդեռ Օբամայի համար ներկայի հրամայականը` երկիրը ահաբեկչության հնարավոր դրսեւորումներից զերծ պահելն է: Ուստի, նկատի ունենալով Ասիայում իսլամական ֆունդամենտալիզմի վտանգաշատ օջախների առկայությունը, նա ձգտում է ահաբեկչության դեմ պայքարում ներգրավել իր այցելած երկրները: Այս առումով հետաքրքիր բնույթ են կրում ամերիկա-ճապոնական հարաբերությունները: ԱՄՆ-ը մի կողմից` Ճապոնիային պահում է իր «միջուկային հովանոցի» ներքո, մյուս կողմից` հետեւում է, որպեսզի այն ձեռք չգցի միջուկային զենք, ինչը նա հեշտությամբ կարող է անել, քանի որ տիրապետում է խաղաղ ատոմի զարգացած արդյունաբերությանը եւ տեխնոլոգիաներին: Ուստի ԱՄՆ-ը ուշադրությամբ հետեւում է Տոկիոյի գործողություններին` առաջնորդվելով, ըստ երեւույթին, «վստահիր, բայց ստուգիր» սկզբունքով: Տոկիո-Վաշինգտոն երկխոսության մյուս կնճռոտ կետը Օկինավայից ամերիկյան ծովային հետեւակի դուրսբերումն է: Հարաբերությունների զիգզագներով հանդերձ, այցելության ընթացքում Օբաման եւ վարչապետ Յուկիո Խոտայաման հայտարարեցին, որ իրենց դիվանագիտությունը նկատելիորեն տարբերվելու է Բուշի ու Ճապոնիայի նախկին վարչակարգի իռացիոնալ դիվանագիտությունից, եւ հույս հայտնեցին, որ ներկա երկխոսությունը նոր հորիզոններ է բացելու բազմաբնույթ համագործակցության համար: Օբամայի այցելության թիրախը Պեկինն էր: Տարածաշրջանի պետությունները, մանավանդ՝ Հնդկաստանը անհանգստությամբ են հետեւում երկու գերհսկաների ներուժը սինթեզելու փորձերին: Նրանք չեն մոռացել, ընդամենը մի քանի ամիս առաջ, Օբամայի արած այն հայտարարությունը, թե XXI դարի «ուրվագծերը իրենք են նշելու»` իմա ԱՄՆ-ը եւ Չինաստանը: Այդ իսկ պատճառով տարածաշրջանում հանգիստ շունչ քաշեցին, երբ այցելության ավարտից առաջ չինական ղեկավարությունը դեմ արտահայտվեց «Մեծ զույգի» կամ «G2»-ի քաղաքական ալյանս ստեղծելու Վաշինգտոնի առաջարկին, որը վերջինիս մտահղացմամբ կարող էր առաջատար դեր խաղալ ժամանակակից աշխարհում: «Չինաստանը վարում է անկախ արտաքին քաղաքականություն եւ ալյանս չի կազմի այլ երկրների կամ բլոկների հետ»,- հայտարարեց Պետխորհրդի պրեմիեր Վեն Ցզյաբաոն: Սա, նախ` ֆրուստրացրեց ամերիկացիներին, հետո կրկին փաստեց այն վարկածը, որ Պեկինը ինքն է ձգտում դառնալ XXI դարի N 1 գերտերությունը, ինչն այնքան էլ զուրկ չէ հավանականությունից: Օբաման չինացիներին փորձեց համոզել միացյալ ճակատով հանդես գալ Իրանից եկող ատոմային վտանգի դեմ հանդիման: Արդյունքը մշուշապատ է: Վիճահարույց են մնում Տիբեթի եւ Դալայ-լամայի հարցերը, որոնց վրա, սակայն, ամերիկյան նախագահը բանակցություններում չծանրացավ:
Ամերիկյան ԶԼՄ-ները լայնորեն մեկնաբանեցին նախագահի հանդիպումը Շանհայի ուսանողության հետ: Նշվեց, որ այն տեղի է ունեցել նախօրոք խնամքով մշակված սցենարով, ինչը հատուկ է բոլոր ավտարիտար-տոտալիտար ռեժիմներին: (Հայաստանում ծանոթ են նման միջոցառումներին): Երիտասարդների առաջ Օբամայի խոսքը դեմոկրատիայի, մարդու իրավունքների եւ հումանիտար արժեքների մասին առանձին հաճույք չպատճառեց չինական իշխանություններին:
«Մենք չէինք էլ սպասում, որ երկուսուկես օրվա ընթացքում մեր հարաբերությունները Չինաստանի հետ միանգամից փոխվելու են»,- ասել է Սպիտակ տան խոսնակ Ռոբերտ Ջիպսը, իսկ նախագահի խորհրդական Դեւիդ Աքսելրոդի կարծիքով՝ հարաբերությունները «շարժվում են ճիշտ ուղղությամբ»: Գալով կոնսերվատիվ շրջանակներին եւ նախագահի հակառակորդներին` նրանք, ինչպես եւ պետք էր սպասել, քննադատական կամպանիա սկսեցին նրա դեմ: Օբամային մեղադրում են նրանում, որ այցելության ժամանակ նա, իբր, չի կարողացել պաշտպանել ազգային շահերը, ասիական լիդերների հետ շփումների ընթացքում եղել է չափից ավելի մեղմ ու լոյալ: Նշվում է, որ Ճապոնիայի թագավոր Ակիխիտոյի հետ հանդիպման ժամանակ Օբաման անգամ խախտել է դիվանագիտական էթիկետը` ի վնաս իր երկրի միջազգային հեղինակության: Պարզվում է, որ թագավորի ձեռքը սեղմելիս նա ավելի է հակվել առաջ, քան հարկն է: «Ամերիկայի նախագահը չպետք է խոնարհվի որեւէ մեկի առաջ»,- ասում են նրանք:
Նախագահի այցելության վերջին կետը Սեուլն էր, որտեղ նրան ցույց տրվեց ավելի ջերմ ընդունելություն, քան Չինաստանում եւ Ճապոնիայում: Կողմերը բանակցեցին Փհենյանի պայթյունավտանգ քաղաքականությանը դիմակայելու եւ թերակղզին միջուկային վտանգից ազատելու համատեղ գործողությունների շուրջ:
Նյու Յորք