Ձայն Ղարաբաղից-2

25/11/2009

«Մյունհենում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման դրական արդյունքն այն էր, որ Ալիեւն ու Սարգսյանը պայմանավորվել են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները»,- «Ա1+»-ին ասել է ԼՂ նախկին փոխարտգործնախարար, ներկայումս ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը` անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպմանը: «Կարեւոր է նաեւ այն, որ նախագահները պատրաստ են հետագա նոր հանդիպումներին եւ բանակցությունները շարունակելու ցուցումներ են տվել արտգործնախարարներին»,- նշել է նա: Մյունհենյան հանդիպումից առաջ, ադրբեջանցի փախստականների ճամբարում բավականին ռազմատենչ հայտարարությամբ հանդես եկավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` ասելով, թե բանակցություններում հաջողության չհասնելու դեպքում պատրաստ են հարցը կարգավորել ռազմական ճանապարհով: Նման պահելաձեւը Մասիս Մայիլյանը որակում է Հայաստանի վրա ճնշում գործադրելու հերթական փորձ: «Իր հայտարարությամբ Ալիեւը նաեւ փորձ արեց շանտաժի ենթարկել միջազգային միջնորդներին, ինչը, կարծում եմ` չհաջողվեց»,- ասել է Մ. Մայիլյանը: Ի դեպ, երեկ թուրքական թերթերից մեկը, հղում կատարելով Ռուսաստանի ԱԳՆ անանուն աղբյուրին, տեղեկություն էր տարածել, թե Մյունհենում նախագահները պայմանավորվել են, որ հայերը մինչեւ տարեվերջ հեռանալու են Քարվաճառի շրջանից: Մեկնաբանելով այդ տեղեկատվությունը՝ ԼՂ նախկին փոխարտգործնախարարն ասել է. «Դա ռեալ չէ: Ոչ միայն Քարվաճառի, այլեւ մյուս տարածքների վերադարձի մասին խոսք լինել չի կարող»: Նրա կարծիքով, Հայաստան-Թուրքիա արձանագրություններով թուրքերը փորձում են ավելի շուտ ոչ թե լուծել ղարաբաղյան հարցը, այլ հասնել տարածքային զիջումների: Ի դեպ, երեկ ԼՂՀ Արտգործնախարարությունը Սարգսյան-Ալիեւ մյունհենյան հանդիպման վերաբերյալ որեւէ դիրքորոշում չի հայտնել: