Չճանաչված պետություններն իմաստ չունի դիտարկել որպես ժամանակավոր
երեւույթներ, որոնք իրենք իրենց կվերանան։ Այդ կազմավորումները հասցրել են
արդեն ունենալ պետականության անհրաժեշտ բոլոր ցուցիչները՝ պետական
խորհրդանիշներ, կառավարություն եւ խորհրդարան, բյուջե, բանակ, ոստիկանական
ուժեր, անվտանգության կառույցներ։ Նրանք արդեն մշակել են ազգային
գաղափարաբանության հիմունքները։ Սակայն չպետք է մոռանալ, որ այդ
կազմավորումները հաստատվել են որպես ինքնակառավարվող միավորներ՝ միայն մեծ
հանրություններից անջատվելով։
Չճանաչված պետությունների «վիրտուալ» գոյավիճակը չի խանգարում, որ նրանք
լինեն հետխորհրդային տարածքի «մեծ խաղի» միանգամայն իրական խաղացողներ։
Հետխորհրդային տարածքի ամերիկանիզացիան եւ եվրոպիզացիան կապված է կորցրած
տարածքների (չճանաչված պետությունների) նկատմամբ վերհսկողությունը
վերականգնելու հետխորհրդային ճանաչված պետությունների ձգտման հետ։
ՎՈՒՈՒԱՄ-ի հայտնությունը (ապա՝ նաեւ վերածնունդը)՝ իբրեւ ԱՊՀ-ի
այլընտրանք, այդ կազմավորումներին Ռուսաստանի ցուցաբերած աջակցության
արձագանքն է։ Հետհեղափոխական Ուկրաինայի ԱՊՀ-ին ներկայացրած առաջին հայտը
վերաբերում էր հենց Մերձդնեստրի խնդրին։
Չճանաչված պետությունների խնդիրը հաճախ է հանգում ֆորմալ-իրավական
ձեւաչափին։ Միաժամանակ խոսքը գնում է ոչ բացառապես իրավական կազուսների
մասին։ Ճանաչված ու չճանաչված պետությունների վեճը սովորական միջպետական
վեճ չէ, ավելին՝ «տատիկի ժառանգության» բաժանում էլ չէ։ Այստեղ չի կարելի
սահմանափակվել ՄԱԿ Անվտանգության խորհրդի հերթական բանաձեւերի
մեջբերումներն իրար երեսի տալով։
Չճանաչված պետությունները որպես երեւույթ չեն կարող հետազոտվել եւ
հասկացվել բացառապես իրավական տերմիններով։ Չճանաչված պետությունների
ստեղծումն ու դրանց ճանաչման համար պայքար սկսելն ինքնին
հուզական-խորհրդապաշտական եւ սոցիալ-մշակութային փաստեր են։ Դրանք հաշվի
չառնելով՝ հնարավոր չէ արդյունավետ կերպով կարգավորել այդ յուրահատուկ
պետական կազմավորումներին անխուսափելիորեն ուղեկցող ազգամիջյան վեճերը։
Չճանաչված պետություններ… Ենթադրելի՞ է նրանց չճանաչումը միջազգային
հանրության կողմից։ Բայց այսօր միջազգային հանրությունն ինքն է գտնվում ոչ
միայն քաղաքական-իրավական, այլեւ աքսիոլոգիական ճգնաժամի մեջ։ Միջազգային
հանրությանը բողոքով դիմում են բոլորը՝ եւ ճանաչված, եւ չճանաչված
պետությունները, սակայն հոդաբաշխ պատասխան չկա ու չի կարող լինել։
Համընդհանուր պոստմոդեռնիզմի դարաշրջանում, որ սկսվել է Յալթա-Պոտսդամյան
աշխարհի անկումից հետո, այնքան էլ պարզ չեն (քանի որ մինչեւ վերջ դեռ
նկարված չեն) նոր աշխարհակարգի ուրվագծերը, ուրեմն եւ՝ այս կամ այն
կազմավորումը որպես պետություն ճանաչելու (չճանաչելու) չափանիշերը։
Ի՞նչն է պետք որպես հիմք ընդունել։ Վարչական տարածքի վրա միասնական
սուվերենության գոյությո՞ւնը։ Այդ դեպքում, ակնհայտ է, որ Վրաստանին ու
Ադրբեջանին պետք չէր ճանաչել որպես պետություններ, քանի որ նրանցից ոչ
մեկն իր պաշտոնական ճանաչման պահին ամբողջ պետության տարածքում չուներ
միասնական սուվերենություն։
1991-ին Ադրբեջանը փաստացի կորցրեց Լեռնային Ղարաբաղի վրա ունեցած
հսկողությունը, իսկ Վրաստանը՝ Հարավային Օսիայի (Աբխազիան կգա հետո)։ Այդ
իմաստով Ռուսաստանն էլ 1991-ի վերջին 1992-ի սկզբին խնդիրներ ուներ
Իչկերիայի հետ, որը փաստորեն հայտնվել էր ռուսական իրավական եւ քաղաքական
տարածքից դուրս։
Ի դեպ, չճանաչված պետություններն իրենք էլ սուվերենության ապահովման
տեսակետից առանձնապես բարվոք վիճակում չեն։ Նույն ԼՂՀ-ն՝ վերահսկելով
Ադրբեջանի յոթ շրջաններ, իր սուվերենությունը չի տարածում Լեռնային
Ղարաբաղի ամբողջ տարածքի վրա՝ Շահումյանի շրջան, Մարտունու եւ Մարտակերտի
շրջանների մի մասը։ Աբխազիան փաստորեն չի վերահսկում Կոդորի կիրճը եւ
չափազանց թույլ հսկողություն ունի Գալիի (մենգրելախոս) շրջանի վրա։
Հարավային Օսիան փաստորեն չի վերահսկում վրացական անկլավները (օրինակ՝
Թամարաշենի գյուղը), իսկ Մերձդնեստրը մասնակիորեն է վերահսկում Բենդերին։
Գուցե որպես հիմք ընդունվի պետության կայացածության չափանի՞շը։ Այդ
դեպքում ակնհայտ է, որ ԼՂՀ պետական հաստատությունները (բանակ,
ոստիկանություն, կառավարական ապարատ) ավելի արդյունավետ կլինեն
ադրբեջանականից, իսկ Աբխազիայինը՝ Վրաստանից (համենայնդեպս, Շեւարդնաձեի
կառավարման շրջանում), Մերձդնեստրն էլ ոչնչով չի զիջի Մոլդովային։
Գերմանացի քաղաքագետ Շտեֆան Տրյոբստի կարծիքով՝ պետական կայացածությունը
չճանաչված պետություններն իբրեւ ավազակային անկլավներ դիտարկելու գլխավոր
խոչընդոտն է։ Ավազակային անկլավները պետական խորհրդանիշերի կարիք չունեն,
չեն հավակնում լեգիտիմության։ Անիմաստ է հարցնել՝ ո՞րն է ավելի
պետություն՝ Աֆղանստա՞նը, Սոմալի՞ն, Լիբերիա՞ն, որոնք ավելի շուտ ՄԱԿ-ի
դիմացի մարգագետնում տնկված դրոշակներ են, թե՞ ԼՂՀ-ն, Աբխազիան կամ
Մերձդնեստրը։
Բայց ամենամեծ խնդիրը չճանաչված պետության ճանաչումն է իր հպատակների
կողմից։ ԼՂՀ-ի, Մերձդնեստրի, Աբխազիայի կամ Հարավային Օսիայի քաղաքական
գործիչներին կարելի է ուզածի չափ մեղադրել ծայրահեղականության մեջ (ընդ
որում, հաճախ արդարացիորեն), բայց պետք է նկատի ունենալ, որ նրանց
ծայրահեղականությունը հիմնվել եւ հիմնվում է ձեւականորեն գոյություն
չունեցող պետությունների քաղաքացիների զանգվածային աջակցության վրա։
Ավելին, ցանկացած խաղաղարար նախաձեռնություն ցուցաբերելիս՝ նույն այդ
ծայրահեղականությունը պետք է հաշվի առնվի։ Հակառակ դեպքում հետեւանքները
ողբալի կլինեն։
Ակնհայտ է, որ հաջողությամբ «գնելով» աբխազական վերնախավին, անհնար է
հանգստացնել Աբխազիային, եթե խոսք է գնում վրաց փախստականների զանգվածային
վերադարձի մասին։ Այդպիսով, չճանաչված պետությունները միջազգային ճանաչում
չունենալու փաստով միայն չեն դադարում լինել հետխորհրդային տարածքի
կարեւորագույն գործոններ եւ գլուխկոտրուկներ միջազգային հանրության համար։
Չճանաչված պետությունների հիմնախնդիրների բարեհաջող լուծման համար
անհրաժեշտ է որոշարկել 90-ականների սկզբին նրանց հայտնվելու պատճառները։
Մեր կարծիքով, պետք է առանձնացնել երկու գործոն՝ միջազգային եւ ներքին
(վերջինն առավելապես սոցիալ-մշակութային է)։
Միջազգային հարաբերությունների Յալթա-Պոտսդամյան համակարգի փլուզման
պատճառների վերլուծությունը մեր հոդվածի առարկան չէ։ Սակայն նշենք մի քանի
սկզբունքային պահեր։ «Յալթայի թաղման» նախապատճառների մեջ հաճախ նկատվում
է երկու տարամետ գործընթաց՝ Գերմանիայի միավորումը եւ Սովետական Միության
անկումը։ Թվում է, թե այդ միավորումն ու քարտեզից երկրագնդի ցամաքի 1/6-րդ
մասը զբաղեցնող պետության անհետացումն ավելի արդարացի կլիներ դիտարկել
միայն որպես հետեւանք։
Մեր տեսակետից առավել կարեւոր պատճառ էր «Յալթա եւ Պոտսդամ» միջազգային
համակարգի ներսում եղած արմատական հակասությունները, որոնք վերաբերում էին
տարածքային ամբողջականության, հետպատերազմյան սահմանների անխախտելիության
եւ ազգային փոքրամասնությունների ինքնորոշման սկզբունքներին։ Եվ առաջին,
եւ երկրորդ սկզբունքներն արձանագրված են ՄԱԿ-ի բոլոր հիմնարար
փաստաթղթերում։
1975-ին Հելսինկիում վերջնականորեն փակեցին Երկրորդ Համաշխարհային
պատերազմը՝ հետպատերազմյան սահմանները հանդիսավորապես հռչակելով անխախտ։
Բայց միաժամանակ ՄԱԿ-ի Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային
պակտը (ընդունվել է 1966-ի դեկտեմբերի 16-ին) հռչակում էր, թե «բոլոր
ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք… Ոչ մի ժողովուրդ չի կարող
զրկվել գոյության համար իրեն հատկացված միջոցներից»։ Այս պակտն, ըստ
էության, իրավաբանորեն ձեւակերպում էր ժողովրդի իրավունքն իր տարածքի եւ
նրա վրա եղած բնական հարստությունների նկատմամբ։
Այսօրինակ հակասությունը միջազգային կրկնակի «հաշվապահություն» ստեղծելու
հնարավորություն բացեց։ Սովետական Միությունը, սրբորեն պաշտպանելով էթնիկ
փոքրամասնությունների իրավունքներն, աջակցում էր «ազգային ազատագրությանը»
«գաղութատիրական ժառանգությունից», իսկ ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները պատրաստ
էին պաշտպանելու «մարդու իրավունքներն» ու «ազատության արժեքները»։
Արդյունքում, աշխարհի երկու սյուները, միջազգային համակարգի երկու
բեւեռները ամրապնդեցին ազգային անջատողականությունը եւ, որպես դրա
հետեւանք՝ ահաբեկչությունը։ Մի դեպքում՝ հաստատագրվում էր տարածքային
ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը (այդ դեպքում ճիշտ էր
Սովետական Միությունը, որը 1989-91 թվականներին ճնշում էր իր ներսում
ծագած տարատեսակ ազգային շարժումները, այդ թվում՝ վրացական (1989-ի ապրիլի
9-ի դեպքերը) կամ հայկական (հայ ֆիդայիներին զինաթափելու «Կոլցո»
օպերացիան)։ Մյուս դեպքում՝ աջակցություն էին ստանում «երիտասարդ
ժողովրդավարությունները», ովքեր ձեռնոց էին նետել կայսերական
իշխանությանը։ Եթե կանգնենք տարածքային ամբողջականության եւ ՍՍՀՄ պետական
միասնության դիրքերում, ապա կարելի է արդարացնել աբխազների դիրքորոշումը,
համաձայն որի՝ նրանք պաշտպանում են ՍՍՀՄ ամբողջականությունը Վրաստանի
ոտնձգություններից (ի տարբերություն վրացիների, նրանք մասնակցել են 1991-ի
մարտի 17-ի հանրաքվեին)։
Հետխորհրդային պետական նորագոյացություններում իշխանությունների
լեգիտիմացումը հիմնված է «արյան սկզբունքի» վրա եւ ընթանում է հատկապես
«սեփական» պետություններ ստեղծելու կարգախոսով։ Պետություններ, որոնք
«սեփական» հողի շահերն են արտահայտում։ Բայց այդ սկզբունքին հետեւելը,
վերջին հաշվով, դանդաղ գործողության ական է նոր պետությունների եւ ազգային
կազմավորումների լեգիտիմության տակ։ Ընդ որում, լեգիտիմություն ասելով,
մեր կարծիքով, չպետք է հասկանալ միայն իշխանության օրինականությունը, այլ՝
իշխանության բոլոր քաղաքացիների կամքի արտահայտիչ լինելը։
շարունակելի
Պատրաստեց Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆԸ