Գտնելով հորաքրոջը՝ ինքդ քեզ ես գտնում

25/11/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Այսօրվա Հայաստանում թատրոնը ամենահետամնաց արվեստի ժանրը կարելի է համարել։ Հսկա եւ անճոռնի համակարգ հիշեցնող պետական թատրոնները աշխատելով սովետական մեխանիզմներով՝ շատ ամուր ու հստակ գծված պատ են շարել, որը ճեղքելը բավականին բարդ է։ Բարդ է ոչ միայն այն պատճառով, որ պետական թատրոնների գեղագիտությունը, դերասանական դպրոցն ու խաղացանկային քաղաքականությունը մեկընդմիշտ ամրագրված ոճով է առաջ շարժվում, այլեւ այն պատճառով, որ թատերական պրոցես, որպես այդպիսին, գոյություն չունի։ Ոչինչ չի «եռում», չի «եփվում», չի «խմորվում»։ Թատերական պրոցեսի ակտիվացումը միշտ կապվում է երիտասարդական թարմ ուժերի հետ, որոնք գտնում են իրար, մոբիլիզացնում են իրենց գիտելիքներն ու ժամանակակից թատրոնի մասին պատկերացումները, եւ փորձում են բեմի վրա էքսպերիմենտներ անել։ Սակայն քանի որ երիտասարդների գիտելիքներն ու փորձը հարուստ չէ, նրանց ներկայացումները լուրջ հետք չեն թողնում թատերական կյանքում։

Մեր այսօրվա թատրոնում շատ են կոմպրոմիսները (լավ դերասան չկա, լավ պիես չկա, լավ ռեժիսոր չկա, հետո էլ անպայման ավելացվում է, որ փող չկա), ինչի արդյունքում կորչում է բեմական իրականություն ստեղծող մարդկանց պրոֆեսիոնալիզմը։ Թատրոնն այժմ այնքան է դեգրադացվել, որ եթե հանկարծ հայտնվում է մեկ պրոֆեսիոնալ աշխատանք, որտեղ ռիթմ, ճաշակ, տեքստի, տարածքի, երաժշտության ու դերասանների հետ աշխատանք կա, այն ուղղակի զարմանք է առաջացնում։

Վերջերս Թատերական գործիչների միության փոքր բեմում ցուցադրվեց «Հորաքույրը եւ ես» կամերային ներկայացումը, որը միաժամանակ զարմացրեց ու հուզեց։ Եվ հիացրեց առաջին հերթին իր պրոֆեսիոնալիզմով։ Պարսկահայ ռեժիսոր Սերժ Մելիք-Հովսեփյանը, ով, արդեն 4 տարի է, Հայաստանում է ապրում (թերեւս նույնքան ժամանակ էլ փորձում է ճեղքել հայաստանյան թատրոնի ամուր պատը), իր հայացքը ուղղել էր ուկրաինական արմատներ ունեցող կանադացի դրամատուրգ, ռեժիսոր եւ դերասան Մորիս Փանիչի պիեսի վրա։ Փանիչը համարվում է «սեւ կատակերգության» վարպետ, քանի որ կարողանում է հույսի ու հուսալքության եզրագծում ապրող հերոսներ ու իրավիճակներ ստեղծել։ Նրա պիեսի օրիգինալ անվանումը կարելի է թարգմանել, որպես «Դիտող» կամ «Պահակ»։ Ս.Մելիք-Հովսեփյանը գերադասել է իր ներկայացումը անվանել «Հորաքույրը եւ ես»՝ ստեղծելով զավեշտալի ու լուսավոր մի պատմություն այն մասին, թե ինչպես են փշրվում ու կենդանանում մարդկային հույսերը։

Ներկայացման թեման միայնությունն է։ Միայնակ ծեր կինը անկողնում պառկած պատրաստվում է մահվան։ Եվ երբ նրա մոտ հյուր է գալիս է իր կորած-մոլորած զարմիկը, որին նա 30 տարի չի տեսել, կյանքը սկսում է ավելի հետաքրքիր դառնալ։ Միգուցե ավելի դաժան, անհասկանալի ու ցավալի, բայց ամեն դեպքում՝ հետաքրքիր։ Կյանքում ինտրիգ, կենդանի շփում, սպասում է հայտնվում։

Թեեւ ներկայացումը 2 գործող անձ ունի, այն ավելի շուտ մեկ երկար ու բազմաշերտ մենախոսություն է հիշեցնում, որը հնչում է էքսցենտրիկ զարմիկի շուրթերից եւ ուղղված է հիվանդ ու անխոս հորաքրոջը։ Խոսում է մեկը, մյուսը լսում է, արդյունքում երկուսն էլ խաղում են։ Նման կառուցվածք ունեցող ներկայացում բեմադրելը բարդ գործ է, քանի որ արձագանքը (միմիկան, հայացքը, ժեստերը) նույնացվում է բառերից ստացված լիցքի հետ ու մեծ վարպետություն է պահանջում ռեժիսորից ճիշտ միզանսցեններ կառուցելու համար։ Ս.Մելիք-Հովսեփյանը իր ներկայացումը կառուցել է կինոկադրերի սկզբունքով։ Դրվագն ավարտվում է, բեմը մթնում է, իսկ նոր դրվագն արդեն նոր միզանսցենով շարունակվում է։ Էպիզոդների հաջորդականությունը բծախնդրորեն է արված, ժամանակի ու տարածության մեջ ոչինչ չի «կախվում», ոչինչ ավելորդ չի թվում։ Օրեր, տարիներ են անցնում, իսկ իրար անծանոթ պառավն ու միջին տարիքի պարանոիկ տղամարդը շարունակում են կողք կողքի ապրել, տանջել իրար ու ավելի լավ հասկանալ իրար։

Հորաքրոջ դերակատար Ջեմմա Մարտիրոսյանը, ով իր ողջ ստեղծագործական կյանքում երեւի խաղացել է իր ամենահաջողված դերը, անընդհատ ստիպված է զսպել իր մեջ խոսելու, գոռալու, բողոքելու ցանկությունը, եւ այդ ամենն անում է միայն հայացքով։ Իսկ զարմիկի դերակատար Գեորգի Հովակիմյանը, ընդհակառակը, քիչ է մնում «խեղդվի» իր բառերի մեջ։ Նա անընդհատ խոսում է, հիշում է, երազում է, վիճում է, սարսափելի բառեր է ասում, մեղադրում է հորաքրոջը անտարբերության մեջ, պատրաստվում է թաղել նրան ու քնքշորեն նրա հետ թղթախաղ է խաղում։ Դա շատ որակյալ դերասանական աշխատանք է։ Գ.Հովակիմյանը Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դերասան է եւ շահեկանորեն առանձնանում է իր կոլեգաներից ճկունությամբ ու օրգանական հնչերանգներով։ Նրա ստեղծած կերպարը նախկին բանկային աշխատակից, «փոքր մարդ» է (շատ նման Չարլի Չապլինի հերոսներին), ով մերթ որպես փափուկ, խոցելի ու միամիտ մարդ, մերթ էլ որպես չարացած, անսիրտ սրիկա է ներկայանում։ Միաժամանակ պրագմատիկ ու ռոմանտիկ հերոսը փայլուն տեքստ ունի ասելու, որտեղ կենցաղայինը, փիլիսոփայականը, «սեւ հումորն» ու բառախաղը իրար են խառնված։ Նա ինքն էլ չգիտե՝ ի՞նչ անել իր կյանքի հետ, միայնությունը ստիպում է նրան գնահատել այն մի կաթիլ ջերմությունը, որը մի մարդը կարող է տալ մյուսին։ Թեկուզեւ՝ անծանոթին։ Մորիս Փանիչն այս պիեսը նվիրել է բոլոր նրանց, «ովքեր արդեն մահացել են կամ էլ դեռ այդ հանգրվանին չեն հասել»։ Գամելով հանդիսատեսի ուշադրությունը փոքր քառակուսի հիշեցնող բեմի վրա ծավալվող դրամային, ռեժիսոր Ս.Մելիք-Հովսեփյանը (ինչպես արվում է սոցիալական թեմաների գովազդային ուղերձ-հոլովակներում) կարծես հորդորում է մարդկանց հիշել, որ հենց հիմա մեր ծեր ու անօգնական բարեկամները մեր այցին կամ էլ գոնե հեռախոսազանգի են սպասում։ Կաթիլ առ կաթիլ են հավաքվում հանդիսատեսի էմոցիաները, եւ վերջում հուզումնալից ավարտի են հասցվում։ Ավարտը միշտ մահն է, բայց մահը դեռ ավարտ չէ։ Մահը կարող է զվարճալի պատմության սկիզբ դառնալ, կարեւորը ոչ միայն թեման է, այլեւ պատմողի անձը։

Թատրոնը միշտ էլ մի փոքր ավելին պիտի լինի, քան պարզապես հասարակության հայելին դիտարկվելու փաստը։ Թատրոնը խոհ առաջացնող ու միտք շարժող արարողություն է։ Ստացվել է այնպես, որ հայաստանյան թատրոնները նման նպատակ իրենց առջեւ չեն դնում, քանի որ բավարարվում են միջոցառումային (հոբելյանական) բեմադրություններ անելու քաղաքականությամբ։ Մշակույթի նախարարությունը իրենցից ավելին չի պահանջում, եւ արդեն տասնամյակներ շարունակ թատրոնների ղեկավարներ նշանակված ռեժիսորները չեն էլ մտահոգվում հասարակական խոհը որսալու ցանկությամբ։ Հիմա մեր թատրոնների բեմերում մի անհասկանալի ոճ է ձեւավորվել, որը կարելի է որոշ սիմվոլիստական ընդհանրացումներ ունեցող ազգային ռեալիզմ անվանել։ Նույնիսկ անտրեպրիզային կոմերցիոն ներկայացումներն ու ծիծաղակորզիչ ուրախ կոմեդիաները բեմադրվում են այսպես ասած՝ ազգային տեսանկյունով եւ խիստ ռեալիստական կատակներով են համեմվում։

Իսկ «Հորաքույրը եւ ես» ներկայացումը տարբերվում է եւ իր ոճով, եւ կատակների նրբանկատությամբ, հանդիսատեսը ծիծաղում ու թախծում է միաժամանակ՝ առանց ազգային կոլորիտի։ Եվ չի ձանձրանում, քանի որ տեքստի, երաժշտության, բուտաֆորիայի օգտագործումը հստակ հաշվարկված է։ Բեմադրիչը գիտե՝ ինչի համար է ձեռնարկել այս գործը։ Երկու մարդ դատարկ բեմում կյանք են խաղում եւ վարակում են մեզ կյանքի տենչով։ Եվ հենց սա է իսկական թատրոնը։

Որքան էլ ծեծված հնչի, բայց թատրոնին ծառայելը նվիրում է ենթադրում, եթե կոմպրոմիսները շատ են, ներկայացումը երկար կյանք չի ունենում։ Սերժ Մելիք-Հովսեփյանը նոր անձ է մեր թատրոնում, ով բոլորովին այլ մշակութային դաստիարակության ու սովորույթների տեր մարդ է։ Եվ նա չի սիրում կոմպրոմիսները, կամ անում է գործը, կամ էլ չի անում։ Նրա վերջին բեմադրությունը՝ «Ազատաբարո» ներկայացումը ինչ-ինչ պատճառներով ձախողվեց ու կյանք չմտավ։ Բայց հայաստանցիների հիշողության մեջ անկասկած մնաց «Սերոժիկ» ներկայացումը, որը դերասան Սերգեյ Դանիելյանի համար բեմադրվել էր որպես հուշերի հոսք, դիմանկարների տարափ։

Եթե Հայաստանի թատրոնի ճակատագրի համար մտահոգվող պատասխանատուները իրոք ցանկանում են տեղաշարժել թատրոնի անշարժ բեռը, ապա պետք է ընդունել, որ լավագույն միջոցը օտար միջավայրում հաջողության հասած ռեժիսորներին հրավիրելն է։ Մեր սեփական ուժերը բավական կաղապարված են ու սովոր են թերագնահատել հանդիսատեսին՝ ընտելացնելով նրան սիրողական, ինքնագործ թատրոնի մոդելին։ Եվ այդ պատճառով էլ գրագետ բեմադրությունները էկզոտիկ թռչունի են նմանվում։