Ռուբեն Հայրապետյանը` Գագիկ Ծառուկյանին

21/11/2009

Երեկ հրավիրված ասուլիսում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, մեկնաբանել է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսքերն այն մասին, որ վերջինս չէր ժամանել Բուրսա, որովհետեւ նախօրոք գիտեր, որ մեր թիմը պարտվելու է: Հիշեցնենք, որ Գ. Ծառուկյանը հոկտեմբեր ամսին ԱԺ-ում տեղի ունեցած բլից հարցազրույցի ընթացքում պատասխանելով լրագրողների` «Ինչո՞ւ չէիք մեկնել Բուրսա` Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղը դիտելու» հարցին, ասել էր. «Ես ասել էի, որ չեմ գնալու: Ուր ես գնում եմ, մենք պետք է հաղթենք»: Անդրադառնալով Գ. Ծառուկյանի այս խոսքերին՝ ՀՖՖ նախագահ Ռ. Հայրապետյանը երեկ ասել է. «Ես այդ արտահայտությունը բարոյական չեմ համարում: Բնականաբար, իրավիճակը ավելի վատթարանում է, երբ այդ արտահայտությունն անում է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը: Կրկնում եմ` բարոյական քայլ չէր: Բուրսայում կայացած հանդիպումից մեկ օր առաջ Էսկիշեհիր քաղաքում խաղում էր մինչեւ 21 տարեկանների հավաքականը, որը, փաստորեն, օլիմպիական հավաքականն էլ է: Թող տեսներ այդ տղաների խաղը: 50 հոգի հայ երիտասարդներ Բուրսայում եռագույնն էին բացել: Նրանք էլ համոզված չէին, որ Հայաստանի հավաքականը Թուրքիայի ընտրանուց ուժեղ չէր: Բայց նրանք համոզված էին, որ մերոնք լավ էին խաղում: Գագիկ Ծառուկյանը հո բուլղարուհի Վանգան չէ՞, որ կանխագուշակումներ անի: Ավելի լավ կլիներ, որ նա իր մուսկուլներով գար Բուրսա ու մեզ աջակցեր»,- հայտարարել է Ռուբեն Հայրապետյանը:

Պետբյուջեով հայկական ֆուտբոլին չհատկացվող գումարների հարցին էլ անդրադառնալով` ՀՖՖ նախագահն ասել է. «Ֆուտբոլի ֆեդերացիային գումարներ պետք չեն: Թող այդ գումարները հատկացնեն մարզերին` խաղադաշտեր կառուցելու ու մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնելու համար: Կրկնում եմ` ֆեդերացիային ոչ մի գումար պետք չէ. այն պետք է մեր ֆուտբոլին»: