Երկրում ինչ-որ բա՞ն է փոխվել

21/11/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Բոլորի համար անսպասելի` ՀՀ վարչական դատարանը երեկ որոշել է բավարարել «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հայցը եւ Ոստիկանությանը պարտադրել է վերջին 5 տարում մշտական բնակության մասին տեղեկանք տալ նրան:

Ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչության Իջեւանի բաժինը մերժել էր տեղեկանքը տալ եւ պատասխան գրության մեջ պատճառաբանել էր, թե Ն. Փաշինյանը 2008թ. փետրվարի 26-ից մինչեւ 2009թ. հուլիսի 7-ը գտնվել է հետախուզման մեջ: Առանց այդ տեղեկանքի համապատասխան հանձնաժողովը Երեւանի թիվ 10 ընտրատարածքում նրա թեկնածությունը չէր գրանցում: Երեկ վարչական դատարանը որոշել է պարտադրել Ոստիկանությանը` տալ այդ տեղեկանքը: Դատարանը այդպիսով, թերեւս, փորձել է իշխանություններին հանել անհեթեթ վիճակից, որովհետեւ բոլորը գիտեն, եւ այդ մասին տեսանյութեր ունի նաեւ նույն Ոստիկանությունը, որ Փաշինյանը մինչեւ մարտի 1-ը մասնակցել է Ազատության հրապարակի հանրահավաքներին, իսկ մարտի 1-ին եղել է Մյասնիկյանի արձանի մոտ: Բացի այդ, նրա անձնագրում այդ ժամանակահատվածի մուտքի ու ելքի թույլտվության մասին կնիքներ չկան: Ավելին, նա Դատախազություն է ներկայացել ոչ թե հուլիսի 7-ին, այլ 1-ին: Դատավոր Արծրուն Միրզոյանը երեկ նաեւ հայտարարել է, որ դատարանի վճիռը բեկանման ենթակա չէ: Այնպես որ, Ոստիկանությունը կտա վերջին 5 տարում ՀՀ-ում բնակվելու մասին տեղեկանքը, եւ Ն.Փաշինյանը կմասնակցի ԱԺ պատգամավորի ընտրություններին:

Այնուամենայնիվ, մարտի 1-ի եւ 2008թ. նախագահական ընտրությունների հետ կապված գրեթե բոլոր գործերի դատավարություններից հետո երեկվա վճիռը անակնկալ էր բոլորի համար: Ինչո՞ւ դատարանը արդար վճիռ կայացրեց: Դրան նախորդող գրեթե բոլոր գործերի դեպքում դատարանները կատարել են իշխանությունների հրահանգները եւ քաղաքական գործիչներին դատապարտել են: «Դատաքննության ավարտին նախագահող դատավորի տված որոշ հարցերից մեզ մոտ կասկածներ առաջացան, թե հնարավոր է, որ դատավորն արդար վճիռ կայացնի: Ամեն դեպքում չէինք սպասում, որովհետեւ շատ վաղուց ՀՀ-ում արդար դատական ակտ չենք ակնկալել: Համենայնդեպս, պետք է ընդունենք, որ արդար դատական ակտ կայացվեց, սակայն ի՞նչ նկատառումներով, դա արդեն այլ հարց է: Չեմ հավատում, որ ՀՀ-ում կարող է օրինական ընտրություններ լինեն, եւ Ն. Փաշինյանին թույլ տան, որ օրինական ընտրությունների արդյունքում պատգամավոր ընտրվի: Այնպես, ինչպես չէինք կարող ակնկալել, որ Ոստիկանությունը կմերժի այդ տեղեկանքի տրամադրումը եւ նման գրություն կգրի, ուստի եւ չէինք կարող կանխատեսել, թե ապագայում ինչ կարելի է ակնկալել»,- մեզ հետ զրույցում ասաց Ն.Փաշինյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը:

Զարմացած էր նաեւ Ն.Փաշինյանի լիազոր ներկայացուցիչ Դավիթ Մաթեւոսյանը: «Չգիտեմ` ինչ է կատարվել, բայց երկրում ինչ-որ բան փոխվել է: ՀՀ-ում որեւէ դատարան ընդդիմության հետ կապված որեւէ վճիռ չի կայացնում, միայն հրապարակայնացնում են Բաղրամյան 26 հասցեում կայացված քաղաքական որոշումները: Միանշանակ սա նույնպես այդ վճիռներից է»,- պատասխանեց Դ. Մաթեւոսյանը` չկարողանալով բացատրել իշխանությունների նման որոշումը: «Մի բան կարող եմ ասել, որ ըստ էության վարչական դատարանի այս վճռով իշխանությունները ընդունեցին, որ 2008թ. փետրվարի 26-ից երբ հետախուզում են հայտարարել Ն. Փաշինյանի նկատմամբ, մինչեւ հաջորդ տարվա հուլիսի 7-ը, նա իրականում գտնվել է ՀՀ-ում: ՀՀ իշխանությունները, հատկապես օպերատիվ ծառայությունները անընդհատ փնտրել են նրան ու չեն գտել: Սրանով փաստորեն վավերացրեցին, որ իրենք մասնագիտական որակներում թերանում են, բացի այդ` Ն.Փաշինյանը հանցագործ չէ»,- ավելացրեց Դ. Մաթեւոսյանը:

Իսկ փաստաբան Լ. Սահակյանի կարծիքով` այդ վճռից հետո պետք է Ոստիկանության մի քանի պաշտոնյաներ ազատվեին աշխատանքից: «Ոստիկանությունը կամ պետական պաշտոնյան կայացնում են աբսուրդ որոշումներ, իսկ երբ դատարանները վերացնում են դրանք, մենք ուրախանում ենք: Եթե իրականում օրինական լուծում էին տալիս այս գործին, ապա այս որոշումից հետո պետք է Ոստիկանությունից առնվազն մի քանի բարձրաստիճան պաշտոնատար անձ ազատվեին աշխատանքից, եթե չենթարկվեին այլ պատասխանատվության»,- ասաց նա:

Դ. Մաթեւոսյանը նշեց, որ այսուհետ հավաքելու է Ն.Փաշինյանի գրանցման համար անհրաժեշտ մյուս փաստաթղթերը, որ նշված ժամկետում` մինչեւ նոյեմբերի 26-ը, ներկայացնի ԿԸՀ: Հիշեցնենք, որ թիվ 10 ընտրատարածքում Ն. Փաշինյանի հետ միասին առաջադրվել են Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, մարքսիստ Դավիթ Հակոբյանը, դերասան Վլադիմիր Կոստանյանը, «Ազգային Միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանը: Դերասանը անցած շաբաթ այս բոլոր թեկնածուներին առաջարկել էր «միասնաբար ինքնաբացարկ հայտարարել, որպեսզի որեւէ մեկը չասի, թե մենք ընտրություններին մասնակցելով` մասնակցում ենք Նիկոլի դեմ իրականացվող քաղաքական հաշվեհարդարին»: Դրան հետեւեցին Հ. Հովհաննիսյանի հայտարարությունները, եւ ի վերջո այս թեկնածուն էլ առաջարկեց հավաքվել «ՀԺ»-ի խմբագրությունում եւ համատեղ հայտարարությամբ հանուն Ն. Փաշինյանի հանել իրենց թեկնածությունը: Դատարանի վճիռը լսելուց հետո Հ. Հովհաննիսյանը գնացել է «ՀԺ»-ի խմբագրություն, բայց այնտեղ չի գտել իր մրցակիցներին: ԱՄ ղեկավար Արտաշես Գեղամյանը երեկ մամուլում հայտարարություն է արել, թե իրենց թեկնածուն ինքնաբացարկի չի գնա: Մարքսիստի հետ կապվել հնարավոր չեղավ: Դերասանն ասաց, որ չի հանի իր թեկնածությունը: Հ.Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, թե քարոզարշավին մասնակցելու է եւ քարոզելու է Ն. Փաշինյանի օգտին, իսկ թեկնածությունը կհանի այն ժամանակ, երբ Փաշինյանի հետ միասին նպատակահարմար գտնեն: «Հաշվի առնելով այն, որ Փաշինյանը անհավասար պայմաններում է ստիպված լինելու մրցակցել մյուս թեկնածուների հետ, ես իմ մասնակցությամբ քարոզարշավին փորձելու եմ այդ բացը լրացնել: Եվ ինչպես խոսք էի տվել ընտրական բոլոր փուլերում, աջակցելու եմ նրան եւ օրենքով նախատեսված ժամկետում, մինչեւ դեկտեմբերի 31-ը կհանեմ իմ թեկնածությունը նրա օգտին: Ի տարբերություն «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի, ով հայտարարեց, թե իր մանդատից հրաժարվում է, հետո փոշմանեց, ես իմ որոշումները չեմ փոխում, իմ խոսքից հետ չեմ կանգնում»,- ասաց Հ.Հովհաննիսյանը:

Այնուամենայնիվ, դատարանի երեկվա վճիռը բոլորին զարմացրել էր, եւ երեկ որեւէ մեկը չէր կարողանում բացատրել տեղի ունեցածը: Այդպիսով ի՞նչ են նախապատրաստում իշխանությունները: Հնչող բոլոր տեսակետների մեջ իշխող էր այն կարծիքը, թե միեւնույն է՝ իշխանություններն, իրենց սովորության համաձայն՝ ընտրությունները կկեղծեն, Փաշինյանին թույլ չեն տա ընտրվել, եւ երեկվա որոշումը որեւէ էական հետեւանք չի ունենա:

Հ.Գ. Ն. Փաշինյանի հայցը բավարարելու հետ կապված երեկ հայտարարություն է տարածել Հայ Ազգային կոնգրեսը: «Մենք մոլորություն չունենք մտածելու, թե ՀՀ-ում արդարադատությունը սկսել է աշխատել։ Կասկած չունենք, որ իշխանությունը հաջորդ փուլերում ամեն ինչ անելու է, փորձելու է դիմել այլ ապօրինությունների՝ կանխելու համար Նիկոլ Փաշինյանի գրանցումը կամ հաղթանակը թիվ 10 ընտրատարածքում։ Տվյալ դեպքում վարչախումբը տեղի է տվել Կոնգրեսի ղեկավարության եւ հարցի պատասխանատուների գրագետ, ծավալուն ու բազմակողմանի աշխատանքի, մասնագետ իրավաբանների ճշգրիտ մարտավարության, միջազգային հանրության, ինչպես նաեւ հասարակական բուռն աջակցության առջեւ։ Մենք շարունակելու ենք այս խնդիրը պահել ուշադրության կենտրոնում եւ, մոբիլիզացնելով հասարակության ուժերը, ապահովելով դրա հնչեղությունը միջազգային ասպարեզում, հաղթահարելու ենք նմանօրինակ հնարավոր մյուս խոչընդոտները։ Մենք ստիպելու ենք իշխանություններին վերադառնալ օրենքի դաշտ, ընդունել պայքարի քաղաքական մեթոդները եւ համակերպվել ժողովրդի անմիջական մասնակցությանը սահմանադրական ժողովրդավարական գործընթացներին»,- նշված է հայտարարության մեջ: