Դլյա օսոբո «օդարյոնիխ» կամ՝ գտիր 10 տարբերություն

21/11/2009 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հետաքրքիր բան է ժամանակը. այն կարող է փոխել ամեն ինչ՝ այդ թվում՝ մարդկանց վերաբերմունքը այս կամ այն երեւույթների նկատմամբ՝ 180 աստիճանով։ Օրինակ, անցած տարվա վերջին հայրենի կառավարությունը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, ընդգծված արհամարհական վերաբերմունք ուներ համաշխարհային տնտեսական ճգնաժամի նկատմամբ։ Այնքան արհամարհական, որ գերադասում էին այդ մասին չխոսել։ Իսկ այսօր՝ ճգնաժամը հիշատակվում է ամենուրեք եւ ամեն առիթով՝ հիմնականում՝ կառավարության խոստումների չիրականանալը արդարացնելու նպատակով։ Ավելին՝ ճգնաժամը դասեր է տվել կառավարությանը։ Կառավարությունն էլ յուրացրել է այդ դասերը։ Սակայն երկրում, գործադիր իշխանությունից բացի, կա նաեւ օրենսդիր իշխանություն։ Եվ կառավարությունը մեծահոգաբար որոշել է ճգնաժամից ստացած գիտելիքները փոխանցել պատգամավորներին։ Ընդ որում, դա արվել է ուսուցողական պրակտիկայի բոլոր կանոններով. բուն նյութը տրվել է, հետո կատարվել կրկնողություն, որ սովորածը հանկարծ չմոռանան։ Այլ կերպ դժվար է բացատրել, որ Տիգրան Սարգսյանը նույն տեղում (Ազգային ժողովում), նույն բանի առթիվ (2010թ. պետբյուջեի) 20 օր անց գրեթե նույնությամբ կրկնել է նույն ելույթը՝ մանավանդ «դասերի» մասով։

Հատված՝ ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթից ՀՀ Ազգային ժողով, 2009թ. հոկտեմբերի 30
2009թ. դասերը

Առաջինը, Ճգնաժամն առավել ընդգծված ձեւով ի ցույց դրեց մեր երկրի տնտեսության խոցելի կետերը։

– տնտեսությունն ունի դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակ, եւ զգացվում է «երկար փողերի» խիստ անբավարարություն եւ դրանցով աշխատող ինստիտուտների բացակայություն։ Դա նվազեցնում է դիվերսիֆիկացիայի հնարավորությունը։

– երկրի տնտեսությունում առկա են օլիգոպոլիաներ եւ ցածր մրցակցային մակարդակ։ Մենք դա արձանագրում ենք նաեւ գների էլաստիկության կոշտությամբ, ինչը լրջագույն մարտահրավեր է մեզ համար։

– Պետական կառավարման համակարգում թերի մոտիվացիոն մեխանիզմների առկայությամբ,

– առողջապահության եւ կրթության բնագավառներում առկա են լուծման կարոտ ֆունդամենտալ հիմնախնդիրներ։

Հասկանալի է, որ նշված խնդիրների լուծմանն ուղղված են լինելու 2010թ. մեր գործողությունները։

Հատված՝ ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթից, ՀՀ Ազգային ժողով, 2009թ. նոյեմբերի 18
Եվ այսպես, որո՞նք էին 2009 թ. դասերը։

Առաջինը, ճգնաժամն առավել ընգծված ձեւով ի ցույց դրեց մեր երկրի տնտեսության խոցելի կետերը։ Տնտեսությունն ունի դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակ եւ զգացվում է «երկար փողերի» խիստ անբավարարություն եւ դրանցով աշխատող ինստիտուտների բացակայություն։ Դա նվազեցնում է դիվերսիֆիկացիայի հնարավորությունը։

Երկրորդ` երկրի տնտեսությունում առկա են օլիգոպոլիաներ եւ ցածր մրցակցային մակարդակ։ Մենք դա արձանագրում ենք նաեւ գների էլաստիկության կոշտությամբ, ինչը լրջագույն մարտահրավեր է մեզ համար։

Արդյունքում Հայաստանի Հանրապետությունում առկա է հարկային բեռի անհամաչափ բաշխում տնտեսություն վարող սուբյեկտների միջեւ։

Երրորդ` պետական կառավարման համակարգում մոտիվացիոն մեխանիզմների բացակայություն կամ թուլություն է նկատվում։

Չորրորդ` առողջապահության եւ կրթության բնագավառներում ֆինանսավորման մեխանիզմների թերացում կա։ Հանրապետության նախագահի կողմից մեր առջեւ խնդիր է դրված 2010 թ. ընթացքում այս երկու ոլորտներում իրականացնել ֆինանսական մեխանիզմների արմատական լուծումներ։

Արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ երկրորդ ելույթում վարչապետն ավելացրել է եւս մի դաս՝ «տնտեսական բարեփոխումների դանդաղ ընթացքն է, որը մենք պարտավոր ենք արագացնել»։ Բայց ընդհանուր առմամբ, դժվար է բացատրել, թե ի՞նչն է Տ. Սարգսյանին ստիպել, ըստ էության, copy-paste անել նախադասությունները։ Գեղեցիկ խոսելու առումով նա խնդիրներ չունի. իշխանության մեջ գտնվողներից շատերը կնախանձեին Տ. Սարգսյանին այս առումով։ Միակ բացատրությունն այն է, որ վարչապետը խիստ կասկածում է պատգամավորների մտավոր ունակություններին եւ նույն բանը կրկնելով՝ ստիպում է նրանց հասկանալ, որ, ասենք, «երկրի տնտեսությունում առկա են օլիգոպոլիաներ եւ ցածր մրցակցային մակարդակ»։ Իրոք որ, շատ բարդ հասկացություն է, եւ ժամանակ է պետք դրանք հասկանալու եւ հիշելու համար։

Նշենք, որ երկու ելույթների մեջ մի էական տարբերություն էլ կա՝ Տ. Սարգսյանի քաղաքական կարգավիճակը։ Առաջին ելույթն արտասանելիս նա անկուսակցական էր, իսկ երկրորդի ժամանակ՝ հանրապետական։ Գուցե ելույթի բովանդակության առումով սա էական չէ, բայց ելույթը լսողների ընկալման տեսանկյունից հաստատ տարբերություն կա։

Ինչ վերաբերում է բուն «դասերին», ապա կառավարությունում դասը սովորել են, բայց կարծես չեն պատրաստվում կիրառել։ Հոկտեմբերի 19-ին կառավարությունը որոշել է 500 հազար դոլարի բյուջետային երաշխիքը տալ հերթական կառուցապատողին։ Որոշում են կայացրել ու անմիջապես էլ փորձել են կանխել հնչելիք քննադատությունը։ «Սա այն որոշումներից է, որն արժանանում է մեր ընդդիմախոսների քննադատությանը, թե Հայաստանի կառավարությունը օժանդակում է կառուցապատողներին։ Կարծես թե կառուցապատողները մեր ազգի թշնամիներն են»,- ասել է վարչապետը, ով դրա նախորդ օրը խոսում էր «տնտեսության դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակի մասին»։