«Էվոլյուցիոն ճանապարհով չպետք է անցնենք»

21/11/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

– Պարոն Մակարյան, պաշտպանվա՞ծ են ՀՀ-ում գործարարները, փոքր եւ միջին բիզնեսը:

– Ընդհանրապես ՀՀ-ում գործատուների շահերը ոտնահարվում են բոլոր ոլորտներում, մանավանդ ՓՄՁ շահերը: Սկսենք աշխատանքային օրենսգրքից: Այստեղ շատ քիչ են հոդվածները, որոնք վերաբերում են գործատուների շահերի պաշտպանությանը, այն կարծես գրված է միայն աշխատողների համար, եւ ոչ մենեջերների: Բայց շատ մենեջերներ, որոնք ընկերության անունից աշխատողների հետ պայմանագրեր են կնքում, հենց իրենք են վարձու աշխատողներ, այսինքն` սեփականատերը չեն, ու նրանց իրավունքներն էլ պետք է պաշտպանվեն: Օրինակ` աշխատողը իրավունք ունի շատ կարճ ժամանակ առաջ զգուշացնել գործատուին ու ազատվել աշխատանքից: Գործատուն ընդունում է աշխատանքի, սկսում է աշխատավարձ տալ ու միաժամանակ, օրինակ՝ 3-5 ամիս, սովորեցնում է, թե ինչպես պետք է աշխատել: Այսինքն` եւ՛ վճարում է, եւ՛ սովորեցնում: Բայց հետո այդ աշխատողը կարող է գալ ասել` ավելի լավ աշխատանք եմ գտել, գնում եմ: Օրենքը թույլ չի տալիս, որ գործատուն աշխատողից գումար գանձի` իր սովորացրածի դիմաց: Գործատուն կարող է կիրառել աշխատողի նկատմամբ անվստահություն հայտնելու հոդվածը, առանց ծանուցման ազատելու, երբ համարելով, որ կոմերցիոն գաղտնիքի, կամ այլ խնդիրների հարց է առաջացրել, գործատուն կարող է հեռացնել աշխատողին: Ընդհանրապես, ի տարբերություն արտասահմանցիների, մեզանում գաղտնիության, աշխատանքին նվիրվածության սկզբունքները շատ ցածր մակարդակի վրա են: Մարդուն ընդունում ես աշխատանքի, բացատրում, որ չպետք է ինֆորմացիա դուրս հանի, բայց նա կարող է իր ընկերներին, ընտանիքին պատմել, չհասկանալով, թե դա մինչեւ ուր կարող է հասնել: Կամ աշխատանքից դուրս գալուց հետո աշխատողը նույն ոլորտի կազմակերպությունում է փորձում աշխատել, որն ավելի շատ է վճարում: Նախկին գործատուն չի կարող արգելել հաջորդող 1-2 տարում նույն ոլորտի այլ ֆիրմայում նրա աշխատելը, ի տարբերություն եվրոպական երկրների ու ԱՄՆ-ի:

– Բայց գործնականում ավելի շատ չե՞ն այն դեպքերը, երբ գործատուն` երբ ուզում, ազատում է աշխատանքից:

– Եթե գրանցված չէ` այո: Մեր ազգի մեջ, ցավոք սրտի, ծուլություն է մտել: Աշխատանքը սկսվում է 9:00-ին, անպայման պետք է ներկայանա 9:30-ին, երկար ընդմիջում անի, հագուստը փոխի, սուրճ խմի, աշխատողներին գնա բարեւի, համբուրվի, նստի կյանքի կամ ընտանիքի խնդիրներից խոսի եւ այլն: Հետո շատ անարտադրողական ենք աշխատում: Վերլուծությունները ցույց տվեցին, որ ամերիկյան աշխատողը երեք-չորս օրում այնքան օգտակարություն է ապահովում, որքան մեր աշխատողը մոտ 1 ամսում: Երրորդ խնդիրն այն է, որ գործատուներին անընդհատ ասում են` պարտավոր ես աշխատանքային լավ պայմաններ, անվտանգության, հիգիենիկ միջավայր ապահովել, ժամանակին աշխատավարձ ու հարկեր վճարել եւ այլն: Այդ բոլոր պարտավորությունների կատարումը, հատկապես փոքր բիզնեսի համար շատ դժվար է, որովհետեւ փոքր բիզնեսի ներկայացուցիչները գործ են սկսում սեփական փողերի հաշվին, ընկերներից, հարազատներից պարտքեր վերցնելով: Եվ եթե հետո նրան վարկեր չտրվեն, կանգ կառնի: Նորմալ արտադրողականության հասնելու համար նա պետք է մի քանի տարի անցնի: Իսկ մի քանի տարի մեր երկրում, եթե չկա հավասար մրցակցություն, կան տարբեր խնդիրներ, չի կարող պլանավորել բիզնեսը: Կես տարի կարող ես լավ աշխատել, հետո միանգամից գործերը կարող են վատանալ:

– Բայց Դուք առաջարկում եք, որ այդ աշխատանքային պայմաններին ներկայացվող պահանջները հանվե՞ն:

– Ո՛չ, պայմանները պետք է լինեն: Բայց արտասահմանում, օրինակ, ստեղծում են հիմնադրամներ, ասենք` աշխատանքի անվտանգության, եւ պետությունը այդ ծախսերի մի մասն իր վրա է վերցնում: Կամ` եթե ներդրում ես անում նման ոլորտներում, հարկային արձակուրդներ է տալիս: Աշխատանքի պայմանները ներդրումներ են պահանջում: Մենք ԽՍՀՄ-ից հին հաստոցներ, հին շենքեր ու հին պայմաններ ենք ժառանգել: Իսկ գործատուները այնպիսի արդյունավետությամբ չեն աշխատում, որ դա փոխեն: Նրանց ծախսերը հիմնականում ուղղված են տեխնոլոգիաները լավացնելուն, որ արտադրողականությունը բարձրանա, հետո` եկամուտները, որ հետո այդ ստացած դրամով այլ կարիքներ կարողանան հոգալ: Կամ` ստվերային են աշխատում: Շատ բիզնեսմեններ կան, չեմ ուզում անունները տալ, առաջին մի քանի տարիներին ստվերային ճանապարհ են անցել, կուտակել են գումարներ, բայց հիմա սկսել են լեգալ ու ցիվիլ աշխատել: Եթե հովանավորչություն չլինի, ոչ մի անլեգալ բիզնես էլ չի կարող զարգանալ, որովհետեւ եթե անլեգալ բիզնեսը սկսում է խոշորանալ, տեսանելի է դառնում բոլորի համար ու ստիպված է լինելու թափանցիկ աշխատել: Միայն մի պարագայում կարող է շարունակել անլեգալ աշխատել (հենց դա էլ հովանավորչություն է), երբ ինչ-որ տանիքներ ունի, եւ դրանք սովորաբար պետական ապարատի մարդիկ են լինում: Դրա համար էլ անհավասար մրցակցության խնդիր կա մեզ մոտ: Բոլոր զարգացած երկրներն էլ այս ճանապարհը անցել են, նույն ԱՊՀ երկրներում այսօր ոչ մի էական տարբերություն չկա այս առումով: Այսինքն` պետք է սերունդը փոխվի, ավելի կիրթ, ավելի թափանցիկ աշխատելու ընդունակ մարդիկ գան: Շատ բիզնեսմեններ սկսել են վատ կենսագրությունով, բայց իրենց երեխաներին են լավ կրթության տալիս: Բայց մենք չենք ուզում այդ էվոլյուցիոն ճանապարհը անցնել: Ես կուզենայի, նաեւ որպես ՀՀ քաղաքացի, որ շատ արագ այդ բարեփոխումները լինեն, շատ արագ ազատվենք այդ խնդիրներից: Դրա համար կուզեի, որ նախ եւ առաջ մեր օրենքները լինեն հստակ, ոչ ոք տանիքներ չունենա, կոռուպցիա չլինի, բոլորը լինեն հավասար: Մենք արագ պետք է դաստիարակվենք ու արագ ճիշտ ձեւով սկսենք աշխատել, դրանով մեր պետությունն էլ միանգամից կհզորանա: Չպետք է մտածենք, թե լավ, մի 50 տարի հետո, ի վերջո, կունենանք լավ ցիվիլ տնտեսություն, բոլորը հավասար պայմաններում: Հիմա նույնիսկ մանկապարտեզներից ու դպրոցներից պետք է սկսենք:

– Հիմա արվո՞ւմ են քայլեր արագ զարգացման համար:

– Մենք շատ գովեցինք կառավարության այն քայլը, որ մինչեւ 70 մլն դրամի շրջանառության շեմ սահմանվեց եւ մինչեւ 2010 թիվը մինչեւ 20 տեսչական ստուգումներ սառեցվեցին: Թույլ տվեցին, որ փոքր բիզնեսը շունչ քաշի: ՀՀ-ում տարվա կտրվածքով մոտ 1000 ժամ մեր բիզնեսմենը ծախսում էր հաշվետվություններ գրելու վրա (արտասահմանում 15-20 ժամ է), սա էլ մեղմացվեց, պարզեցվեց, թղթաբանությունը փոքրացվեց, 2010-2012 թթ. պլանում կկիրառվի էլեկտրոնային հաշվետվությունները, կնիքը կվերացվի եւ այլն: Բայց պետությունը նույն կեցվածքը պետք է ունենա, այսինքն` օրինակ, ստուգումներ իրականացնելիս բոլորը պետք է առաջնորդվեն անաչառ աուդիտ իրականացնելու սկզբունքով, ոչ թե գան ասեն` բյուջեն փող չկա, ակտ եմ գրելու, չես ուզում` գնա դատարան: Բայց գործատուների մեծ մասը դատարան չի ուզում դիմել, քանի որ հավես չունի, ժամանակ է պետք, դատարաններն էլ անընդհատ վերակազմավորվում են, մինչեւ մի նիստ են անում, երկու ամիս անցնում է, հետո եւս մի նիստի համար` էլի երկու ամիս, եւ այլն: Եթե նույնիսկ գործատուն հաղթում է, ստուգող մարմինների իրավաբանները 5 րոպեում նորից մի թուղթ են գրում, որ իրենք համաձայն չեն, ու գործը գնում է վերաքննիչ ու նորից նույն բանը: Արդյունքում գերադասում են տանել նույնիսկ սխալ ակտը մուծել-ազատվել գլխացավանքից: Երբ ասում եմ` գործատուները հաճախ պաշտպանված չեն, նկատի ունեմ այս բոլոր երեւույթները միասին վերցրած:

– Ձեր նշած այդ ոչ էվոլյուցիոն` թռիչքային զարգացման ճանապարհով մենք չենք գնում, համաձա՞յն եք:

– Այո՛, առայժմ չենք գնում, ցավոք սրտի:

– Մի առիթով նշել էիք, որ ՀՀ-ում միջին բիզնես գրեթե գոյություն չունի:

– Այո՛, փոքր բիզնեսն է` 5-10, լավագույն դեպքում՝ 20-30 աշխատող ունեցող ընկերությունները, հետո ունենք մի քանի ընկերություն 100-200 աշխատողներով, ու գալիս են խոշորները: Հիմա մեխանիզմներ են մշակվում փոքր-միջին-մեծ դասակարգելու չափանիշները փոխելու ուղղությամբ, մասնավորապես` շրջանառություն էլ են ուզում հաշվի առնել ու դրանով նաեւ` մեկ աշխատողի արտադրողականությունը: Այդ դեպքում միջիններ կլինեն: Ընդհանրապես մենք հիմա ունենք մոտ 125 հազար ձեռնարկություններ, որոնց մոտ կեսը չի գործում, իսկ արդյունավետ գործողների թիվը հազիվ 2000-ի է հասնում: Բայց չգործողներն էլ չեն լուծարվում, քանի որ հսկայական բյուրոկրատական քաշքշուկ է պահանջում լուծարման գործընթացը: Գերադասում են այդպես տարիներով զրոյական հաշվետվություններ ներկայացնել: Բայց եթե ոչ աշխատում են, ոչ լուծարվում, ունեցած գույքն ու սարքավորումներն էլ չեն օգտագործում, այսինքն` այդ միջոցները սառեցվում են: Հիմա մենք ասում ենք` եկեք լուծարումը դիտենք ՓՄՁ-ների առողջացման ծրագիր: Միեւնույն է` պետությունը չի կարող իր պարտքերը հավաքել, այդ մարդը փող չունի տալու, ավելի լավ չէ` կանչեն ասեն` ունես 10 միլիոն պարտք, 1 միլիոնը բեր տուր, 9 մլն-ը հեչ ենք անում: Սրանով գոնե այդ սառեցված միջոցները կհանեն ուրիշ բիզնեսում կօգտագործեն: Դանիան 5,5 մլն բնակչություն ունի, 150 մլրդ դոլար բյուջե ու 110 հազար ֆիրմաներ: Մենք ունենք 3 մլն բնակչություն, 2,5-3 մլրդ դոլար բյուջե, 125 հազար ֆիրմա: Մեզ իզուր այդքան հիմնարկներ պետք չեն: Ի դեպ, Գործատուների միությունը միավորում է մոտ 1000 ընկերությունների, որոնց 30%-ն է խոշոր, եւ որոնք վճարում են բյուջեի հարկերի 75%-ը: