Ազգային բուրժուազիայի կայացման դժվար ճանապարհը

27/08/2005 Գառնիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Տնտեսական իրավիճակի ոչ թե դրական, այլ գերդրական գնահատականները
պատկանում են իշխանություններին ու նրանց սատարող քաղաքական ուժերին:
Վերջին 5-6 տարիներին երկնիշ թվով տնտեսական աճը դարձել է սովորական
երեւույթ ու քաղաքական հարաբերությունների հիմնական տարրերից մեկն է: Ճիշտ
հակառակ գնահատականներ են հնչեցնում ընդդիմադիր քաղաքական գործիչները՝
տնտեսությունը կործանման եզրին է, ճնշվում է մրցակցությունը,
իշխանությունները վերահսկում են բոլոր տնտեսական գործընթացները եւ այլն:
Կա գնահատականների եւս մեկ խումբ, որոնց հեղինակները հիմնականում
միջազգային ֆինանսական կառուցներն են՝ Համաշխարհային բանկ, Արժույթի
միջազգային հիմնադրամ եւ այն, եւ, այսպես կոչված, անկախ փորձագետները,
որոնց դիրքորոշումը մեծապես կախված է նրանից, թե որ քաղաքական ուժին են
նրանք հարում կամ սպասարկում: Այս երրորդ խմբի գնահատականները նույնպես
պայմանականորեն կարելի է անվանել չեզոք, օբյեկտիվ: Վերը նշված բոլոր կարգի
գնահատականներն էլ առավելապես քաղաքական նպատակներ են հետապնդում.
իշխանությունները տնտեսության «թռիչքաձեւ» աճի մասին հայտարարություններով
հիմնավորում են իրենց իշխանությունը, ընդդիմությունը՝ «տնտեսական կոլապսի»
կարգախոսներով ցանկանում է դիվիդենտներ շահել եւ հասնել իշխանության,
միջազգային կառույցներն էլ լուծում են իրենց քաղաքական խնդիրները՝ դրական
կամ բացասական գնահատականներով ճնշելով կամ աջակցելով իշխանություններին՝
այս կամ այն հարցում նրանց համապատասխան դիրքորոշումը ստանալու համար:

Եվ քանի որ այս գնահատականներն առաջնային են դարձել հասարակական-քաղաքական
հարաբերությունների օրակարգում, տնտեսության վերաբերյալ իրական՝ ոչ
քաղաքական գնահատականներն ու վերլուծությունները մղվել են
երկրորդական-երրորդական պլան, կամ ընդհանրապես գոյություն չունեն:

Գեղեցիկ «փաթեթավորում»

Մեր տնտեսության օբյեկտիվ պատկերը ստանալու հիմնական խոչընդոտներից մեկն
այն է, որ տնտեսական իրադրության վերաբերյալ պաշտոնական (հաճախ նաեւ՝ ոչ
պաշտոնական) տեղեկատվությունն ու իրականությունը չափազանց տարբեր են,
երբեմն հրապարակվող ցուցանիշներն ուղղակի զուրկ են տնտեսագիտական
տրամաբանությունից: Այսինքն՝ տնտեսության ֆորմալ պատկերն ամենեւին չի
արտահայտում գոյություն ունեցող իրական տնտեսական հարաբերությունները:

Իրավական առումով Հայաստանն ազատ տնտեսություն ունեցող պետություն է:
Տնտեսական ազատության հիմնական սկզբունքներն ամրագրված են ինչպես՝
Սահմանադրությամբ, այնպես էլ՝ բազմաթիվ օրենքներում: Եվ ընդհանրապես,
Հայաստանի տնտեսական օրենսդրությունը շատ լիբերալ է եւ տնտեսական
ազատությունների համար ստեղծել է բոլոր անհրաժեշտ իրավական նախադրյալները:
Դա ընդունում են նաեւ միջազգային ֆինանսական կառուցները եւ տնտեսվարող
սուբյեկտները: Ընդ որում, տնտեսական օրենսդրությունն ազատական է ոչ միայն
տեղական բիզնեսի, այլեւ օտարերկրյա ներդրողների համար: Վերջիններս
օրենսդրորեն գտնվում են մի քանի անգամ ավելի արտոնյալ պայմաններում:
Խնդիրն այն է, սակայն, որ գործնականում այդ օրենքները չեն գործում, եւ
գործարարության դաշտը կարգավորվում է ոչ թե տնտեսական օրենսդրությամբ,
այլ՝ չգրված օրենքների, ավանդույթների, «ախպերության» եւ այլ նման՝ ոչ
ֆորմալ կանոններով: Ի դեպ, այս հանգամանքը միշտ ընդգծում են նույն
միջազգային կառույցների ներկայացուցիչները:

Ֆորմալ առումով ազատ շուկային համապատասխանում է նաեւ գործող քաղաքական
համակարգը՝ եւ ինստիտուցիոնալ, եւ անհատական հարթություններում: Բոլոր
իշխող կուսակցություններն էլ իրենց ծրագրերում եւ նախընտրական
կարգախոսներում հանդես են եկել ազատ տնտեսության օգտին: Իրականում,
սակայն, իշխող կոալիցիայի կուսակցություններից առնվազն երկուսի
գաղափարախոսությունն ավելի շատ սոցիալիստական է, քան ազատական: Իր
բնույթով Դաշնակցությունը պետական սեփականության կողմնակից է, իսկ «Օրինաց
երկիրը»՝ չնայած դեկլարատիվ կարգախոսներին, հիմնված է պոպուլիզմի վրա,
որը, որպես քաղաքական կատեգորիա, մեղմ ասած, հեռու է լիբերալիզմի
գաղափարներից: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա այն, չնայած ազատական
ուղղվածությանը, իր գաղափարախոսության հիմքում ունի ընդգծված ազգայնական,
սոցիալիստական տարրեր: Իհարկե, կուսակցությունների գաղափարախոսությանն
անդրադառնալն անգամ կարող է ծիծաղելի թվալ, քանի որ, կրկնում ենք,
գործնականում տնտեսական հարաբերությունները կարգավորվում են ամենեւին ոչ
գաղափարական մոտեցումներով: Ինչ վերաբերում է իշխանության առաջին
դեմքերին, ապա իրենց էությամբ նրանք նույնպես ավելի շատ սոցիալիստական
հակվածություն ունեն: Ասենք, նախագահ Ռոբերտ Քոչարյանի գաղափարական
պատկերացումները ձեւավորվել եւ արմատավորվել են խորհրդային
ժամանակաշրջանում (ավելին՝ ի պաշտոնե, նա զբաղվել է սոցիալիզմի
գաղափարների տարածմամբ), եւ եթե անգամ նա արմատապես փոխել է իր
գաղափարական դավանանքը ու ադապտացվել է լիբերալիզմին, միեւնույն է՝ նրա
համար, գուցե անգամ՝ ենթագիտակցորեն, հոգեհարազատ է պետության կողմից
կարգավորվող տնտեսությունը: Դրանում կարելի է համոզվել մի փոքր ուշադիր
հետեւելով տնտեսությանը վերաբերող նրա ելույթներին:

Մի խոսքով, արտաքին դրսեւորումներով Հայաստանի տնտեսությունը
համապատասխանում է ազատ տնտեսական հարաբերությունների չափանիշներին:
Սակայն որքան Հայաստանում ժողովրդավարության վիճակն է համապատասխանում
դեկլարատիվ հայտարարություններին, այնքան էլ՝ տնտեսությունը՝ ազատ
շուկայական հարաբերություններին:

Տնտեսությունը՝ ոչ պաշտոնական հայացքով

Տնտեսության իրական վիճակը, անշուշտ, դժվար է գնահատել թվային ճշտությամբ,
քանի որ պաշտոնական վիճակագրությունից բացի, որեւէ այլընտրանքային համալիր
ուսումնասիրություն չի իրականացվում: Այնուամենայնիվ, հիմնվելով մասամբ՝
վիճակագրության, մասամբ էլ՝ փորձագիտական տվյալների վրա, կարելի է
ընդհանուր գծերով ներկայացնել Հայաստանի տնտեսության իրական վիճակը:
Առաջին հերթին՝ մակրոտնտեսական մակարդակում: Սակայն կոնկրետ այս նյութի
շրջանակներում կանդրադառնանք ոչ տնտեսության կառուցվածքին՝ ըստ ճյուղերի
եւ ոլորտների (դա առանձին քննարկման թեմա է), այլ՝ ամբողջ տնտեսության եւ
առանձին ոլորտներում գործող տնտեսական հարաբերություններին եւ
համամասնություններին: Ավելի պարզ ասած՝ տնտեսական դաշտի «խաղացողներին»
ու «եղանակ ստեղծողներին»:

Մեր տնտեսության վերաբերյալ պաշտոնականից տարբերվող ցանկացած գնահատական
սկսվում է նրանով, որ Հայաստանի տնտեսությունը հիմնված է մենաշնորհների
վրա: Այս գնահատականը՝ որոշ փոքր վերապահումներով, արտացոլում է իրական
պատկերը: Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր առանցքային նշանակության
(հետեւաբար՝ մեծ շահույթ ապահովող) ոլորտներում եթե ոչ՝ ֆորմալ առումով,
ապա՝ անուղղակիորեն, մենաշնորհներ են հաստատված: Միակ տարբերությունը
մոնոպոլիայի դասական սահմանումներից այն է, որ այս կամ այն ապրանքատեսակի
արտադրությունը կամ վաճառքն իրավաբանորեն ֆիքսված չէ կոնկրետ գործարարի
անունով, թեեւ մի շարք դեպքերում հանդիպում են նաեւ մենաշնորհներ՝ դրա
ամենաուղիղ իմաստով: Պարզապես խոշոր գործարարները որեւէ ոլորտում իրենց
մենաշնորհային գործունեությունն իրականացնում են ձեւականորեն ստեղծված
այլ՝ համեմատաբար մանր սուբյեկտների միջոցով: Դա ապահովում է տվյալ
ոլորտում մրցակցության իմիտացիա, ինչն ավելի շատ անհրաժեշտ է քաղաքական
մեղադրանքներից պաշտպանվելու համար: Այս պատկերը բնորոշ է գրեթե բոլոր
լայն սպառման առարկաների արտադրությանն ու ներմուծմանը՝ հացահատիկ,
շաքարավազ, վառելիքաէներգետիկ ռեսուրսներ, կենդանական յուղ, ծխախոտ եւ
այլն: Հայաստանի տնտեսության առանձնահատկություններից մեկն այն է, որ
մենաշնորհների կողքին գործում են նաեւ դուոպոլիաներ (երբ շուկան բաժանված
է երկու գործարարի միջեւ) եւ օլիգոպոլիաներ (երբ որեւէ ոլորտում գործում
են երկուսից ավելի խոշոր գործարարներ՝ համաձայնեցված «մրցակցության»
պայմաններում), սակայն մակրոտնտեսական տեսանկյունից եւ վերահսկողության
առումով դրանց նույնպես կարելի է դիտարկել որպես մենաշնորհներ կամ
մոնոպոլիաներ՝ բաժանված երկու կամ մի քանի «մանր» մոնոպոլիստների միջեւ:

Շուկայական հռչակված տնտեսության մեջ մենաշնորհային կարգավիճակը (եթե
խոսքը պետական մենաշնորհի մասին չէ) հնարավոր է միայն օրենսդրության
շրջանցման եւ օրենքով չնախատեսված արտոնություններ ունենալու
պայմաններում: Այս հանգամանքը պայմանավորում է Հայաստանի տնտեսության ոչ
ֆորմալ հարաբերությունների մեկ այլ կարեւոր տարրի, այսպես կոչված՝
«տանիքային համակարգի» կամ հովանավորչության գոյությունը: Տանիքային
համակարգում գործում է հստակ սահմանված հիերարխիա՝ հովանավորչությունն
իրականացվում է ուղղահայաց բուրգի՝ (վերեւից՝ ներքեւ) սկզբունքով,
վճարումների մեխանիզմն էլ, համապատասխանաբար, ներքեւից վերեւ ուղղությամբ:
Այս «համակարգի» ներսում պաշտոնյաների եւ գործարարների միջեւ գործում են
բազմաբնույթ հարաբերություններ: Ընդ որում, այդ հարաբերություններում
ընդգրկված սուբյեկտները գործում են ներքին, չգրված օրենքներով, որոնց
պահպանման հարցում անհամեմատ ավելի պարտաճանաչ են, քան պաշտոնական
օրենքների:

Հայաստանի տնտեսության իրական վիճակը բնութագրող հաջորդ «կատեգորիան»
օլիգարխներն են: Այսօր այս կամ այն ոլորտում մենաշնորհ կամ դրան մոտ
ազդեցություն ունեցող խոշոր գործարարներին անվանում են օլիգարխներ: Սակայն
մեր խոշոր գործարարներին օլիգարխ անվանել կարելի է շատ պայմանականորեն:
Դասագրքային սահմանմամբ, օլիգարխն այն դեմքն է, որը պատկանում է
հարստահարողների, կեղեքիչների փոքրամասնությանը եւ իր տիրապետությունն
իրականացնում է ուժի, ահաբեկչության եւ կաշառման միջոցով: Ժամանակակից
պատկերացումներով, բացի վերը նշված հատկություններից, օլիգարխը նաեւ
պետության քաղաքականության, մասնավորապես՝ տնտեսական քաղաքականության վրա
ազդեցություն ունեցող մեծահարուստը կամ գործարարն է: Իհարկե, մասամբ մեր
օլիգարխները երկու ձեւակերպումների պահանջներին էլ բավարարում են: Սակայն
նրանց չենք կարող միանշանակ օլիգարխ անվանել՝ նաեւ իրենց բիզնեսների ու
կարողությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության բացակայության
պատճառով: Զարգացած երկրներում, օրինակ, գործում են մեծահարուստների
դասակարգման տարբեր մեթոդներ, ասենք՝ վարկանիշային ցուցակների
հրապարակումը՝ ըստ նրանց կարողությունների: Հայաստանում, սակայն,
օլիգարխների դասակարգման նման մեխանիզմ չկա, առաջին հերթին՝ այն պատճառով,
որ որեւէ մեկին հայտնի չէ նրանց կարողության իրական մակարդակը: Վերջինիս
պատճառն էլ այն է, որ օլիգարխների ունեցվածքն առավելապես կուտակվում է
ստվերային ճանապարհով (թեեւ այլ երկրներում մեծահարուստները նույնպես
«ազնվության տիպար» չեն) եւ որեւէ օլիգարխ չի հրապարակում իր իրական
կարողության չափը: Ինչ վերաբերում է իշխանության եւ տնտեսական
քաղաքականության վրա մեր օլիգարխների ազդեցությանը, ապա այդ
ազդեցությունը, կարելի է ասել, փոխադարձ է. եթե օլիգարխները կարող են այս
կամ այն հարցում տնտեսական քաղաքականությունը հարմարեցնել իրենց բիզնեսի
շահերին, ապա իշխանություններն էլ օգտագործում են օլիգարխներին ոչ միայն
իրենց քաղաքական ծրագրերի ֆինանսավորման համար, այլեւ բազմաթիվ ներքին
խնդիրների լուծման հարցերում: Հետեւաբար, օլիգարխներն իրենց ազդեցությամբ
իրականացնում են ոչ միայն տնտեսական, այլեւ որոշակի հասարակական-քաղաքական
ֆունկցիա: Այլ հարց է՝ դա դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն ունի
պետության ընթացիկ եւ հեռանկարային զարգացման համար: Ընդ որում,
օլիգարխիան, ինչպես ժամանակին հեգնանքով նկատել էր քաղաքական գործիչներից
մեկը, որպես դժվար կայացող ազգային բուրժուազիա, իր ազդեցությունն է
ունենում ոչ միայն տնտեսական-քաղաքական հարաբերություններում, այլեւ
որոշակի արժեքային համակարգի ձեւավորման հարցում: Սակայն դա նույնպես
առանձին քննարկման նյութ է:

Ի դեպ, վերջերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակայնորեն
խոստովանել էր, որ իր իշխանությունը որոշակիորեն կախված է օլիգարխներից:
Թեեւ Հայաստանում որեւէ պաշտոնյա նման հայտարարություն չի արել, սակայն
Պուտինի ասածը կարելի է տեղայնացնել մեր երկրի վրա: Ինչեւէ:

Սրանք Հայաստանի տնտեսության իրական վիճակի ու տնտեսական
հարաբերությունների տրամաբանության ընդհանուր նկարագրերն են: Այսինքն՝ այն
միջավայրն ու այն գործոնները, որտեղ եւ որոնց ազդեցության տակ գործում է
տնտեսությունը:

Հաջորդ համարներում մենք կանդրադառնանք տնտեսության վիճակին՝ ոլորտ առ
ոլորտ ներկայացնելով յուրաքանչյուր բնագավառում գործող մոնոպոլիստներին եւ
օլիգարխներին, տվյալ շուկայում եւ ընդհանուր տնտեսական կյանքում նրանց
ունեցած դերին ու ազդեցությանը: Բացի այդ, կոնկրետ գործարարներին եւ
օլիգարխներին անդրադառնալով, կփորձենք ներկայացնել Հայաստանում
օլիգարխների ձեւավորման ժամանակագրությունն ու պատմությունը: Ընդ որում,
յուրաքանչյուր ոլորտի անդրադառնալիս պատրաստ ենք լսել այդ բնագավառի
օլիգարխների տեսակետները:

շարունակելի