Օրեր առաջ լրատվական հաղորդումներն ահազանգեցին, որ Էջմիածնում հսկա ծառեր են հատվել: «Հայլուրի» թղթակիցը եղավ տեղում: Քաղաքապետը անկեղծացավ, որ, այ, հիմա ինքը գոհ է, քանի որ այդ անիծյալ սաղարթախիտ ծառերը խանգարում էին, որպեսզի փողոցն իրեն երեւա ողջ երկայնքով: Իսկ ծառերը հատելուց եւ փայտը հատողների միջեւ արդար բաշխելուց հետո ամեն բան իր տեղն ընկավ: Մեկ-երկու տարի առաջ Գյումրիի կենտրոնում էլ հատեցին հսկայական ծառեր: Այս եւ հազարավոր այլ օրինակներ մշակութաբան, երգահան եւ բանաստեղծ Վահրամ Թաթիկյանին թույլ են տալիս կարծել, որ բնության հանդեպ հայերիս վերաբերմունքը գիշատչական է, իսկ էկոլոգիական կորուստները «սոսկալի են եւ անփարատելի»:
– Պարոն Թաթիկյան, ամեն օր Տավուշի մարզից, Դիլիջանից դեպի Երեւան են շարժվում փայտով բեռնված բեռնատարներ: Կառավարությունը ձեւացնում է, թե լավ չի պատկերացնում` ինչ է նշանակում շահագործել ուրանի բաց հանքերը փոքրիկ Հայաստանում: Շատերը չեն պատկերացնում անգամ, թե որպիսի էկոլոգիական աղետի առաջ ենք:
– Մարդը բնության հանդեպ սիրով ծնվում է: Երբ մարդն արդեն ունի մուտացիաներ եւ այդ մուտացիաների մի մասը գենետիկ է, նա արդեն բնությունը չի սիրում ի ծնե: Գենն այնպես է ձեւախեղվել, որ հայերի 98 տոկոսի համար բնությունը մի տեղ է, որ խորոված ուտեն, քեֆ անեն, կենաց ասեն, հետո ողջ աղբը թողնեն, գնան: Այսինքն` բնությունը դիտում են որպես զվարճանքի վայր: Վերջերս Խոսրովի անտառում էի. դա ինձ համար պաշտամունքային վայր է, ուր ինձ համար դեռ ապրում է Պռոշյանների իշխանական գերդաստանը, թեւածում է Վարդան Արեւելցու, Գրիգոր Մագիստրոսի հոգին: Վերջինս, ի դեպ, հատուկ Երուսաղեմից խնկենիներ էր բերում եւ տնկում, քանի որ դրանք սրբազան ծառեր էին: Այսօր այնտեղ ունենք 25-30 ամայացած գյուղ: Տգիտությունը սարսափեցնող է: Պատկերացրեք, Խոսրովի անտառում բան են խորովել, եւ կրակը վառել են ուղիղ ընկուզենու շվաքի տակ: Նույնիսկ արեւի տակ չեն ցանկացել կրակ անել, եւ կրակը բարձրանալով` ընկուզենու ողջ սաղարթը հուլիսի կեսին խանձել է: Թողնում են շշեր, եւ եթե արեգակն այդ ապակու միջով անցնի, հրդեհ կբռնկի: Խորին տգիտություն: Հեռուստատեսությունն այսօր ոչնչություններին է գովազդում, եւ հատկապես Հ1-ը: Մեր` հարկատուներիս գումարով եւ պետությունից վիթխարի փողեր ստացող այդ Հ1-ը միայն մեկ պրոբլեմ ունի` կրթել մարդուն էկոլոգիապես: Մարդիկ մեղավոր չեն, որ չգիտեն` բնության մեջ ամեն բան փոխադարձ կապի մեջ է:
– Արաբական Էմիրություններում անապատները դարձնում են անտառներ: Յուրաքանչյուր ծառի խնամքին բազմաթիվ մասնագետներ են հետեւում: Մենք հատում ենք մեր անտառները` թյուրիմացաբար կարծելով, որ ՀՀ Գլխավոր դատախազի կամ այլ չինովնիկի նախաձեռնած ծառատունկերից հետո այդ շիվերն անտառներ են դառնալու:
– 1993թ.-ին Թուրքիայի նախագահ Դեմիրելը, հաշվի առնելով, որ Կարինից մինչեւ Սարիղամիշի հատվածում անտառները վերացել են, մի քանի միլիոն ծառ տնկեց: Հիմա այնտեղ, մեր պատմական հայրենիքում, լուրջ ծառապատում են, որովհետեւ թուրքերը դա դիտում են որպես հայրենիք: Իսկ մենք այսօր կտրում ենք ամեն ինչ` ծիծաղելի պատրվակով: Ասում են` սանիտարական հատում: Այդ այլանդակագույն տերմինը մեջտեղ բերողին պետք է ուղղակի դատել, որովհետեւ անտառում, այն էլ` վայրի անտառում, չի կարող լինել սանիտարական հատում, որովհետեւ անտառն ինքն է կարգավորում այդ պրոցեսները: Հին ծառերն ընկնում են, խառնվում են հողին, հող են դառնում, հետո շիվեր են աճում: Սանիտարական հատումը դեռեւս Խորհրդային տարիներից, եւ հիմա էլ այն է, երբ առողջ հսկայական բոխենիները, հացենիները, թեղիները կտրում են, փոխարենը տնկում են թխկիներ, ակացիաներ, որոնք հակացուցված են անտառին: Մեր աչքի առաջ Իջեւանի, Դիլիջանի անտառները վերանում են: Եթե այսօր Google-ից նայեք քարտեզին, կտեսնեք` Հայաստանն ինչ է դարձել: Բնությունը ոչ թե մեր սեփականությունն է, այլ բնությունը մեզ ի պահ է տրվել:
– Երեւանի քաղաքապետարանում, օրինակ, կարծում են, որ մայրաքաղաքի բնությունը Աստված պահ է տվել անձամբ քաղաքապետին: Դա է պատճառը, որ հատկապես մայրաքաղաքի կենտրոնը վերածվել է մի վայրի, որից բոլորը ցանկանում են փախչել:
– Երեւանցիներին տեղն է, թող երեւանցիներն ամեն թփի, թթենու համար պայքարեին: Բնությունն ազգային սեփականություն է՛ եւ չէ՛. բնությունը համամարդկային սեփականություն է: Աստված բնությունը տվել է կոնկրետ մեկ ազգի պահպանման: Եվ այսօր ժամանակն է, որ պատասխանատվության ենթարկվեն վատ տնտեսվարողները, այն ազգերը, ովքեր վայրենացած` հարձակվել են բնության վրա: Երբ հատվում է որեւէ անտառ, դա ազդում է ողջ տարածաշրջանի կլիմայի վրա: Համաշխարհայի՛ն կլիմայի վրա է ազդում: Ինչ վերաբերում է հանքարդյունաբերությանը, դա բարբարոսություն է: Չի կարելի մի կողմից ասել` Հայաստանն աղքատ է հանքային ռեսուրսներով, մյուս կողմից, բանից պարզվում է, այդպես չի. այնքա՜ն ռեսուրս կա:
– Մասնագետները պնդում են, որ Հայաստանն ունի բացառիկ հարուստ հանքեր:
– Ուղղակի խորհրդային շրջանում մեր երկրաբանները շատ ճիշտ քաղաքականություն ունեին. մեր հանքերը ցույց չէին տալիս, փակում էին: Այո՛, նավթ չունենք, բայց նավթի փոխարեն ավելի մեծ գանձեր ունենք: Հայաստանը կարծես բնության մի թանգարան լինի, ուր ամեն ինչից կա այնքան, ինչքան պետք է ամբողջական, ճիշտ տնտեսվարելու դեպքում: Օրինակ` մենք ունեինք պղնձագործության հոյակապ արվեստ: Հիմա մեր պղինձը կարելի է, թափոնի վերածած, տանել, ջարդել, փշրել, իսկ մենք այսօր Հայաստանում պղնձագործ չունենք: Եթե այդ պղինձը փոքր քանակությամբ արտահանվեր, եւ դա վերածվեր ժողովրդական արհեստագործության, այսօր Հայաստանին ավելի օգուտ կբերեր: Նաեւ էկոլոգիական տուրիզմը կզարգանար: Սակայն ինչի մասին եմ խոսում… Տեսեք, բավական է մի բլուրը վերացնենք, խախտվում է ողջ համակարգը: Իջեւանը համարյա անապատային դարձավ դեռեւս Խորհրդային իշխանությունների տարիներին: Ջրի կարոտ, ցամաք մի շրջան: Երբ սկսվեց Սեւանի իջեցումը մի աստիճան, բանից պարզվեց, որ Սեւանի շրջակա լեռները սպունգի նման ջուրը ներծծում ու տանում էին ամբողջ այդ հաղորդակից ցանցերով: Այսինքն` մենք բնությունը չենք դիտում որպես ամբողջական միավոր:
– Բայց դեռ դպրոցից բոլորս գիտենք, որ բնությունը հայերիս համար եղել է պաշտամունքի առարկա. աստվածացվել են գրեթե բոլոր գետերն ու ծառատեսակները: Չկան հայ գրողներ, ովքեր չունեն բնությանը նվիրված շարքեր:
– Այդպես է: Ի դեպ, էկոլոգիայի մաս է նաեւ լեզուն: Այսօր վտանգված է նաեւ մեր լեզուն, եւ արդեն ստորագույն լեզու է սկսում դառնալ: Մենք կորցնում ենք այնպիսի բառամթերք, որով գովերգել են բնությունը: Լեզուն, աղքատանալով, բերում է հոգեւոր դաժանության, հոգեւոր ամայացման: Եվ մարդն այսօր դառնում է խորոված անող: Երբ Արեւմտյան Հայաստանով, Վանի ափով շրջում էի, ասում էի` գուցե մենք հասու չե՞նք մեր երկրին նորից վերատիրանալու: Ի՜նչ լավ է, որ Վասպուրականը, Վանա լիճն այս պահին մեր ձեռքում չէ: Պատկերացրեցի` տեսնելով Սեւանի կործանումը, քանի օբյեկտ կդնեին, տե՜ր Աստված, ինչի կվերածեին: Աստված է այդ հարցերը տնօրինում, եւ, ինձ թվում է, մեր պատմական հայրենիքի մեծ մասը խլելը մի քիչ պատիժ էր: Մենք այդ արժեքներն այն ժամանակ ձեռք կբերենք, երբ կարողանանք այս փոքրիկ երկրի վրա ցուցադրել, որ մենք տեղաբնակ ենք, սիրում ենք բնությունը, հասկանում ենք` ինչ խորհուրդ ունի Արա լեռը, Արարատը:
– Հետաքրքիր է. Դուք առաջինը չեք. նման տեսակետներ էլի են հայտնվել: Ըստ այդմ` եթե Վանա լիճն ու Վասպուրականի անտառները լինեին մեր իշխանությունների տրամադրության տակ, Վանա լիճն արագ կցամաքեր, հարեւանությամբ ռեստորաններ կկառուցվեին` հրավիրելով ճաշակել Վանա տառեխ` խորոված Վասպուրականի անտառների փայտով: Սակայն այսպես չէր: 88-ին ամեն բան սկսվեց հենց էկոլոգիական շարժումից:
– Դա 88-ը չէր, 87-ն էր: Հոկտեմբերին մի փոքրիկ հանդիպում եղավ ԵՊՀ-ում: Ես երգեցի «Մեռնող քաղաք, իմ սեր» երգը. դաժան մի երգ, թե ինչպես են մուտացիայի ենթարկվում այս մթնոլորտում: Դրանից հետո ուսանողներն ասես գժվեցին: Մեր հանդիպումից անմիջապես հետո նրանք լսարանը թողեցին եւ ցույցով շարժվեցին Օպերայի հրապարակ. մենք 400-500 հոգի էինք: Տեսնենք` այնտեղ, մի հիսուն հոգի Ղարաբաղի համար մի փոքրիկ միտինգ են անում` Իգոր Մուրադյանի գլխավորությամբ: Երկու շարժումներն ակամայից հանդիպեցին, մի երեք ամիս անց առաջնահերթ դարձավ Ղարաբաղյան շարժումը, սակայն դա էլ է ինձ համար էկոլոգիական շարժում: Ի դեպ, մինչեւ վերջերս Արցախի վրա մեծ հույսեր ունեի: Այսօր այնտեղ էլ է հանքերի վայրի շահագործում կատարվում, անտառները, ընկուզենիները վերացրեցին, արտահանեցին Գերմանիա, որպեսզի մերսեդեսներ եւ գործիքներ գնեն: Չի կարելի այդպես: Հակառակ դեպքում, գուցե ծայրահեղ բան ասեմ, սակայն ինձ համար մեկ է, որ ժողովուրդը կապրի այս տարածքի վրա. թող այն ժողովուրդն ապրի, որը սիրում է բնությունը եւ նրան վնաս չի տալիս:
– Ընդերքի շահագործումը իշխանությունները հիմնավորում են այսպես` Հայաստանն այլ ելք չունի, պղինձը, մոլիբդենը, կաուչուկը պետք է արտահանել:
– Կատարվել են սոցիալական, բարոյական լուրջ ձեւախեղումներ` սկսած սովետական շրջանից, երբ հայտարարեցին, թե բնության դեմ պետք է պայքարել, եւ դա դարձավ պետական քաղաքականությունը: Այսինքն` մարդը բնության դեմ պայքարում է` հանուն բնությունից հնարավորը կորզելու: Այս գիշատչական վերաբերմունքը հատուկ էր սովետական շրջանին: Երկրին տիեզերանավերի համար պետք էր պղինձ, մոլիբդեն, մենք էլ մատակարարում էիք: Սակայն այն ժամանակ այդ զենքը նաեւ հայերին էր պաշտպանում, սակայն հիմա չենք հասկանում` մոլիբդենը ո՞ւմ ենք տալիս: Մեղրիի օրինակը ողբերգություն է: Մեղրին փոքրիկ շրջան է, սակայն ընդամենը 20 կմ-ի վրա 4000 մետր տարբերություն է անում. աճում են բոլոր բույսերը: Այնտեղ կա մի փոքրիկ գյուղ` Վահրավար էր կոչվում: Դրա վերեւում Գուդեմիս գյուղն էր, ուր մոլիբդեն էին հանում, հետո անցան Ագարակին: Ագարակի մոլիբդենը երբ հանեցին, շրջակայքում` Կարճեւանից մինչեւ այնտեղ, վերացան բոլոր դարավոր խաղողի, դեղձի, ծիրանի այգիները: Դա էլ բավարար չէր` այդ Վահրավար գյուղի վերեւում բացվեց ուրանի հանք: Տառացիորեն 20 տարվա ընթացքում Վահրավարի 300 բնակիչներից 180-ը քաղցկեղից մահացան: Մնացածը փախան: Հանքը բաց մնաց: Այսօր փոքրիկ Հայաստանում ուզում են ուրանի հանք բացել: Այո, ուրան կա, եւ դա իմացել ենք միշտ եւ բոլորս: Ասել են, օրինակ, Վայոց ձորի այս աղբյուրից մի խմեք, որովհետեւ հիվանդանում, մեռնում են: Հիմա ուրանի հանքը բաց են անում, դա նույնն է, թե ատոմային դանդաղ ժայթքող ռումբ դնեն գործողության մեջ: Եվ Հայաստանի բնակչությունը ենթարկվելու է ճառագայթման: Այս ոճրագործությունն այսօր հիմնավորում են: Ես սարսռում եմ` ինչպես կարելի է Հայաստանի նման փոքրիկ երկրում ուրանի հանք բացել: Որեւէ մեկն ուսումնասիրե՞լ է այդ ռադիացիոն ֆոնը: Բնության մեջ ամեն բան փոխկապակցված է: Այսօր Սեւանը փրկել անհնար է արդեն, որովհետեւ մի խնդիրը մյուսն է ծնում: Հնարավոր է`աշխարհի բոլոր ջրերը լցնեն Սեւան, սակայն ամեն գետի ստրուկտուրան մյուսից տարբեր է: Մեզ թվում է` ջրերը բերեցին, լցրեցին, վերջացավ:
– Էկոլոգ Կարինե Դանիելյանն ասում էր, որ մենք` հայերս, դուրս ենք եկել Տիեզերքի օրենքի դեմ:
– Տիկին Դանիելյանն իրավացի է, եւ ես բացարձակ լավատես չեմ. փչացած բնությունը փրկել հնարավոր չէ. դրա համար պետք է ճշմարիտ հայրենասիրություն: Նշեցիք Գյումրիի հրապարակի ծառերը. դա ֆաշիստական վերաբերմունք էր, երբ այդ հոյակապ ծառերը, որոնց ձեռք չէին տվել անգամ երկրաշարժի ժամանակ, կտրեցին: Բնությանը, ջրերին պետք է հնարավորություն տրվի ինքնամաքրվելու: Դրա համար կա մեկ խնդիր, որ կարողանանք զարգացնել տնտեսությունը: Դրա միակ ճշգրիտ ուղին սա է` բարձր մշակութային, հոգեւոր արժեքների վրա առաջացած էկոլոգիական տուրիզմը, որը կարող է Հայաստանը դարձնել անգերազանցելի համաշխարհային շուկայում: Այսօր Հաղպատ, Սանահին հնարավոր չէ ցուցադրել. անհարմար է տուրիստին տանել այնտեղ, քանի որ ծծմբի հսկայական ամպերը, բավական չէ` բարձրանում են, հիմա էլ նոր ձուլարան են կառուցում ամենաբարձր եւ գեղատեսիլ սարերի վրա, որտեղից ողջ փոշին գնալու է եւ Լալվարի մնացած անտառի մնացորդներն էլ վերացնի: Իսկ Լալվարում միայն 400 տեսակ երգող թռչուն կար: 40 տարի առաջ: Վրացիները մի կողմից են Լալվարը կլպում-տանում, մենք` մի կողմից:
– Ձեր խոսքերից էլ ակնհայտ է` էկոլոգիական աղետն առաջ է եկել հոգեւոր աղետից:
– Կոմիտասն իր ողջ կյանքում բնություն է երգել: Եթե այսօր անգամ Կոմիտասն է մոռացված, եւ նրա ծննդյան 140-ամյակը նույնիսկ չի դառնում այն տոնը, որ պետք է դառնա, ի՞նչ ասես: Կոմիտաս, այսինքն` բնություն չունեցող ժողովուրդը, որը լսում է պոպ, ռաբիս երգիչներին, չի կարող բնություն, հայրենիք պահել: Պետք է վաճառի ամեն բան: Խնդիրը հոռետեսությունը չէ: Պետք է ցնցվենք, դուրս գանք այս թմբիրից, հասկանանք, որ Հայաստանն այսօր սոսկալի աղետված վիճակում է, մեզ չխաբենք զանազան պրոյեկտներով` ծառեր տնկելու պրոտոկոլային ակցիաներով: Ափսոս չէ՞ այսօր մեր հայ մարդը, ում վերածում ենք ճորտի, ստրուկի, գցում էդ հանքերը: Պղնձի գինն իջնում է, նա դառնում է գործազուրկ: Իսկ նրանց մենք պոկում ենք իրենց տներից, եւ այդ սահմանային գյուղերը մնում են անտեր-անտիրական: