Միջավայրի ու անհատի հարաբերությունները միշտ հետաքրքիր դիտարկումների առիթներ են տվել: Միջավայրը կարող է եւ թեւեր տալ մարդուն, եւ թեւաթափ անել: Երբ մի քանի տարի առաջ գեղանկարիչ, լուսանկարիչ, նաեւ բանաստեղծ Սամվել Սեւադան ԱՄՆ-ից Երեւան տեղափոխվեց ու մեծ եռանդով եւ սպասելիքներով հիմնեց իր մանկական ստուդիան` թվում էր, որ մեր քաղաքը եւս մի փոքր լիցք ստացավ: Ս.Սեւադան Նոր Նորքի թաղամասում գտնվող իր արվեստանոցը վերածեց դպրոց-ստուդիայի` փորձելով արվեստի շուրջ համախմբել մոտակա բակերում անգործ դես ու դեն վազվզող երեխաների: Նա վստահ էր, որ նման փոքր կղզիների ստեղծումը վերջիվերջո կփոխի Երեւանի դիմանկարը՝ դարձնելով այն ավելի խորն ու բազմազան։ Նաեւ ավելի մաքուր կդարձնի։ Ներկայանալի արտաքին ունեցող նկարիչը (նա շատ նման է դերասան Շոն Քոներիին) չէր զլանում ամեն առավոտ դուրս գալ տնից ու ավլել բակը։ Սակայն հիմա, երբ տարիներ են անցել, նկատելի է, որ մեծ իմաստով հսկա ծույլ հրեշին նմանվող Երեւանը բնավ էլ չընդունեց նման ապրելակերպի մոդելը։ Երեւանն ընդհանրապես մարդկային էներգիան խժռելու ունակություն ունի։ Ճիշտ կլինի ասել, ոչ թե Երեւանը, այլ Երեւանի այսօրվա տերերը, որոնք սովոր են քաղաքային մշակույթին քմծիծաղով նայել։ Բողոքից ծնված քայլ-ակցիաները, որոնց նպատակը հենց միջավայրի ստեղծումն է, որպես կանոն՝ խեղդվում են համատարած անտարբերության մեջ։ Սամվել Սեւադան ժամանակին փորձեց բողոքել ու անձնական ներդրում անել, իսկ հիմա չի բողոքում։ «Ասում եք, որ իմ բողոքը կորե՞լ է։ Չգիտեմ, կարծում եմ՝ այդպես չէ։ Ուզում եմ հավատալ, որ ամեն ինչ լավ կլինի»,- ասում է նա՝ միաժամանակ ուշադիր հետեւելով զրուցակցի ասածին։ Լսելու պատրաստ լինելը նրա համար համարժեք է սեփական ասելիք ունենալուն։ Դա շատ հազվագյուտ մարդկային գիծ է…
Սամվել Սեւադան օրեր առաջ Նկարչի տանը բացեց իր աշխատանքների ցուցադրությունը՝ փորձ անելով երեւանյան պատկերների բեկորները մեկ տարածքում տեղավորել։ Հայտնի մարդկանց, մեծ հայերին, փոփ-անձերին, պարզապես անծանոթներին նա տեղադրեց մեկ հարթության վրա՝ ցույց տալով նրանց փողոցներում, ավերված քաղաքների ամայի անկյուններում, ցուցապաստառներից ժպտացող կամ բնության գրկում հանգստացող։ Իր ընկերներին, ընտանիքի անդամներին, գրողներին, նկարիչներին, դերասաններին, անանուն գեղեցիկ մարդկանց եւ երեխաներին նա ներկայացնում է մեկ կոնտեքստում՝ յուրաքանչյուր լուսանկարի տակ արվեստի լեզվով ասված մի փոքր հուշում գրառելով։ Կանանցից մեկը նմանեցվում է Տիցիանի հերոսուհուն, մտազբաղ աղջիկը կարդում է ճապոնական «հոքքուները», Տիգրան Մանսուրյանի դիմանկարը վերնագրվում է «Կոնցերտ», իսկ Ռուբեն Գեւորգյանցի պատկերը՝ «Ռետրո ժպիտ»։ Այդպես հեղինակը ուզում է զրուցել միաժամանակ եւ՛ իր լուսանկարների հերոսների, եւ՛ այդ լուսանկարները դիտողների հետ։ Ցանկանալով ներկա լինել իր աշխատանքների դիտումից սկիզբ առած արձագանքների ծննդի պահին՝ Սամվել Սեւադան ամեն օր ցուցասրահ է գալիս։ Նրա համար ցուցահանդեսը կարեւոր է ոչ միայն որպես փաստ (իր 60-ամյակին արձանագրություն), այլ որպես իր ու իր քաղաքի շփման առիթ։
«Գիտեք, ի՞նչ է ինձ ամենից շատ սարսափեցնում։ Այն, որ մարդիկ հարցեր չունեն։ Օրինակ, գալիս են ուսանողները, նայում նկարներին, բայց հարցեր չեն տալիս։ Ես ասում եմ՝ եկեք, մոտեցեք, երեխաներ ջան, ես պատրաստ եմ ձեր բոլոր հարցերին պատասխանել, խորհուրդներ տալ։ Իսկ նրանք լռում են։ Հիշում եմ, որ ուսանող տարիներին մենք անընդհատ փնտրտուքի մեջ էինք, եւ երբ առիթ էր լինում, մեր հարցերով մեր դասախոսներին ուղղակի «քրքրում» էինք։ Միշտ համոզված եմ եղել, որ երեխան չի կարող հարցեր չունենալ։ Բայց հիմա պարզեցի, որ կարող է»։
Հարց տալու սովորույթը ոչ միայն հարց տվողին է հարստացնում, այլեւ հարցի հասցեատիրոջը։ Ընդ որում՝ Ս.Սեւադայի ցուցահանդեսի կառուցվածքը հաստատ միանշանակ չէ, այն կարծես դիտմամբ արվել է այնպես, որ վիճելու դաշտի տեղ էլ մնա։ Հիշելով իտալացի մեծ վարպետ, սցենարիստ, պոետ, դիզայներ ու ճարտարապետ Տոնինո Գուերային, կարելի է նկատել, որ Սամվել Սեւադան շոշափելով մթության մեջ, ինքն էլ փորձում է «Վերածննդի վերջին մոհիկանի» պես (ինչպես ընկալվում է Գուերան)՝ շփման եզրեր գտնել այս աշխարհի հետ։ «Կարծում եմ՝ ցանկացած աշխատանքի մեջ հիմա ոչ թե «Ի՞նչ ես անում», այլ «Ինչպե՞ս ես անում» հարցն է կարեւոր։ Ձեր՝ լրագրողի աշխատանքի մեջ էլ է հենց դա կարեւոր։ Ինչի մասին ուզում ես գրիր, բայց լավ գրիր։ Եթե վատ ես գրում, ու քո գրածը չեն կարդում, չեն քննարկում, ինչո՞ւ ես գրում։ Ես ինքս էլ այս ցուցահանդեսը արել եմ, որ քննարկման առիթ տամ»,- ասում է նա։
Նրա մտքերն ու պատկերը բավականին հակասական են, ինչպես, թերեւս, մեր կյանքը։ Հրանտ Մաթեւոսյանի կնճռոտ ճակատը, որի յուրաքանչյուր ծալք նմանվում է լեռների ուրվագծի, հանգիստ կախվում է Քրիստինե Պեպելյանի ու նրա շնիկի լուսանկարի կողքին, իսկ գեղեցիկ մերկ կնոջ լուսանկարին հաջորդում է լքված քաղաքի փողոցում քայլող ծերուկի ասկետիկ դիմանկարը։ Այդ պատկերների հարեւանությունը շատ բնական է դիտվում, քանի որ հեղինակն իր առջեւ զսպող ֆիլտրեր չի դրել։ «Ոչ մի դեպքում ինձ ավելի բարձր չեմ դասում, քան այն միջավայրն է, որտեղ ապրում եմ։ Այս ցուցահանդեսն այնպիսին է, ինչպիսին ես եմ։ Տեսել, նկարել ու գրել եմ, ոչինչ չեմ ավելացրել եւ չեմ պակասեցրել։ Քաղաքն ինձ հուշել է, ես արձանագրել եմ»,- ասում է նա։
Ս.Սեւադան համարում է, որ նկարների վաճառքը ոչ միայն նյութական բավարարվածության աղբյուր է, այլեւ բարոյական գնահատական է. «Վաճառքն ինձ համար պետք լինելու ցուցանիշ է։ Եվ այն մարդը, ում պետք է իմ նկարը, շատ թանկ է ինձ համար։ Կարող եմ շատ էժան գնով վաճառել աշխատանքս, եթե զգամ, որ գնորդին իրոք այն պետք է»։
Մեծ անձնական արխիվից նա ընտրել է այն աշխատանքները, որոնք կարող են իրար հետ միահյուսվելով՝ ամբողջական դաշտ ստեղծել։ Մի քիչ պոեզիա, մի քիչ ֆոտո, մի քիչ գունանկար, մի քիչ էլ անձնական շփում. ինքնադրսեւորվելու այդ բոլոր ձեւերը հեղինակի համար նույն գինն ունեն։ Նրա ցուցահանդեսն իրականում մեծ թվով այցելուներ ունի, ինչը հազվադեպ է տեղի ունենում, քանի որ ցուցասրահները հիմնականում մարդաշատ են լինում միայն բացման արարողության ժամանակ, իսկ հետո կամաց-կամաց ու անկասելի «մարում» են։ Իհարկե նկատվում է, որ փոքր-ինչ «մարել» է նաեւ Սամվել Սեւադայի էնտուզիազմը։
Նա համոզված է, որ մեր ամենամեծ աղետը նյութապաշտությունն է։ Եվ մենք նյութապաշտության օրինակ ծառայելով մեր երեխաների համար, ուղղակի ոչնչացնում ենք նրանց։ «Լսեք, թե ինչի մասին են խոսում մեր երիտասարդները՝ ցուցադրելով իրար բջջային հեռախոսների նոր մոդելներն ու իրենց նոր հագուստները»,- ասում է նա։ Ընդ որում, Ս.Սեւադան վաղուց արդեն աշխատում է մի նախագծի վրա, որն անվանել է «Պպզած Հայաստանը»։ «Միգուցե անվանումը մի քիչ կոպիտ է հնչում, բայց ես ուզում էի, որ մեր երիտասարդներն իրենք իրենց տեսնեն լուսանկարների վրա ու փորձեին ավելի լավը դառնալ։ Չէ՞ որ երբ մարդն անընդհատ պպզում է, նրա ողնաշարը ծռվում է, եւ նա կապիկ է դառնում։ Ես շատ եմ նկարել կապիկներին, նրանք ավելի գեղեցիկ են, քան մարդիկ, որովհետեւ բնական միջավայրում են, իսկ մեր երիտասարդները լրիվ կեղծ մի վիճակում են հայտնվել»,- ասում է Ս.Սեւադան։ Եթե դրան ավելացնենք առավոտյան վաղ ժամին դասի շտապող ուսանողուհիների վերացական դիմանկարը (բարձրակրունկ կոշիկներով, շպարի շերտով, երեկոյան զգեստ հիշեցնող փայլփլուն հագուստներով, հազիվ նշմարվող փոքր պայուսակներով, որտեղ գիրք տեղավորվել պարզապես չի կարող), կոնտրաստային մի իրավիճակ կստանանք։ Մի կողմից՝ պպզած տղաներն են, իսկ մյուս կողմից՝ օրոր-շորոր երերացող աղջիկները։ Կռանալը կամ ընդհակառակը՝ ավելի բարձր երեւալու մղումը ամեն դեպքում հուշում են ոտքերի տակ հողը չզգալու մասին։ Նկարիչ Ս.Սեւադան թեեւ ոչ ուղղակի, բայց այդ մասին էլ է ակնարկում։ «Մենք շատ յուրահատուկ ընդհանրացված պատկեր ունենք. միաժամանակ տաղանդավոր ու անդաստիարակ ենք։ Իմ ընտանիքը Ամերիկայում է ապրում, ես գիտեմ, որ այնտեղ էլ շատ պրոբլեմներ կան, բայց ես ցավում եմ մեր՝ հայաստանցիների համար։ Որոշել եմ, որ այստեղ պիտի մնամ, ու ուզում եմ, որ մեր ապագան ավելի հեռանկարային լինի։ Հիշում եմ, որ երիտասարդ ժամանակ մենք՝ երիտասարդներս, ակնածանքով ու սրտի դողով գնում էինք սրճարաններ, որ հանդիպենք Երվանդ Քոչարին, Լեւոն Ներսիսյանին, նստեինք նրանց սեղանի մոտ ու կլանված լսեինք նրանց զրույցները։ Հիմա եթե պատկերացնենք, որ այսօրվա երիտասարդներն են նստում նրանց սեղանի մոտ, ապա հաստատ կարելի է ենթադրել, որ միանգամից կձանձրանան ու կհեռանան։ Հիմա անդաստիարակ, դատարկ երեւալուց ոչ ոք չի ամաչում ու չի վիրավորվում, որ ասում են՝ դու դատարկ ես»,- ասում է նա։
Իսկ թե ո՞րն է այն ճանապարհը, որով կարելի է վառ գույն ու թարմ շունչ հաղորդել Երեւանի սեւազգեստ ու սեւամիտք զանգվածային պատկերին, Ս.Սեւադան, որ անկախություն ձեռք բերած Հայաստանի Հանրապետության առաջին տարիների ընթացքում եղել է Երեւանի գլխավոր նկարիչը, նկատում է. «Ճանապարհը միշտ նույնն է, պետք է միջավայր ձեւավորել»։ Եվ միգուցե արվեստի միջոցով դա անելու համար հիմա ավելի շուտ ճակատային հարցադրումներ անելու ուղին է գերադասելի։ Եթե ցուցահանդեսների այցելուներն ու ներկայացումների հանդիսատեսը հարցեր չունեն ու մեծ իմաստով՝ թքած ունեն արվեստի վրա, ապա հենց արվեստագետները կարող են նրանց հարցեր ուղղել։ Այսինքն՝ գան սրահներ, թատրոններ ու գրախանութներ՝ նստելով այնտեղ այնքան ժամանակ, մինչեւ մարդկանց մոտ հարցեր առաջանան։ «Պպզած» ու «ծռված» մտքերը գրեթե միշտ ծնվում են այն ժամանակահատվածներում, երբ արվեստով զբաղվող մարդը «պպզած» մարդկանցից իրեն ավելի բարձր է դասում՝ ասելով՝ ես վեհ դիրքում եմ, դուք պետք է ինձ հասնեք, այլ ոչ թե ես իջնեմ ձեզ մոտ։ Եվ եթե նույնիսկ արվեստագետը հիմա անտարբերությունից վիրավորված ու հոգնած լինելու իրավունք ունի, ապա որպես դրա հակակշիռ՝ կարող է պնդել՝ ես իրավունք ունեմ մինչեւ վերջ, մինչեւ լիակատար «մարում» իմ ստեղծագործության կողքը լինել, քանի որ իմ արածի համար պատասխանատվություն եմ կրում։ Եթե դիտողը դա զգա, նրա մոտ անպայման հարցեր կծագեն։ Իսկ դա արդեն միջավայրի փոփոխման մասին կվկայի։