Շիզոֆրենիայի տրամաբանությունը

27/08/2005 Զրուցեց Սուսաննա ԱԶԱՏՅԱՆԸ

– Ո՞վ է Իդա Մարտիրոսյանը՝ ֆիզիկո՞ս, լրագրո՞ղ, թե՞ քաղաքական գործիչ:

– Ընդհանուր առմամբ, ես կցանկանայի, որ ինձ առաջին հերթին ճանաչեին որպես
կին եւ մարդ, իսկ հետո միայն մնացածը: Այն ամենը, ինչով դու զբաղվում ես
կյանքում, քո անբաժանելի մասն է եւ այս կամ այն կերպ իր հետքն է թողնում
հետագա գործունեությանդ վրա: Ֆիզիկոսի կրթությունս օգնում է ինձ կիրառել
ֆիզիկայի օրենքները քաղաքականության մեջ: Այն, որ ես քաղաքական գործիչ եմ,
ստիպում է ինձ հասկանալ հոգեբանություն, իսկ դա էլ իր հերթին օգնում է իմ
լրագրողական աշխատանքին: Այդ ամենն անբաժանելի են եւ, հուսով եմ, որ
օգնում են ինձ լինել մարդ, իսկ ինչ-որ տեղ էլ երբեմն՝ կին:

– Կինը եւ կարիերան համատեղելի՞ են:

– Կարծում եմ՝ այո: Ընդհանրապես չեմ սիրում կարիերա բառը: Կան բառեր,
որոնք ժամանակին բացասական նշանակություն ունեին՝ սպեկուլյացիա, կարիերա,
ամբիցիաներ… Ժամանակները փոխվում են, փոխվում է նաեւ վերաբերմունքն այդ
հասկացությունների հանդեպ: Այսօր այդ բառերն օգտագործվում են նաեւ դրական
իմաստով: Կյանքում երբեք չեմ ձգտել կարիերայի, իմ աշխարհայացքն ու
նպատակները բոլորովին այլ են եղել, եւ իմ կյանքի ուղին ես չեմ գնահատում
որպես կարիերայի ուղի: Ուղղակի իմ կյանքի ուղին է: Իսկ ընդհանրապես, եթե
մենք խոսում ենք քաղաքակրթությունից, ապա տղամարդուն չպետք է տարանջատել
կնոջից: Տղամարդն իր կարիերան է կառուցում, կինը՝ իր: Յուրաքանչյուրն ունի
անձնական ընտրության հնարավորություն: Ժամանակը պահանջում է, որ կինը եւս
զբաղվի իր կարիերայով եւ միաժամանակ մնա կին, որովհետեւ, եթե դա նրան
հաջողվում է, ապա նա առնվազն կունենա իրենով զբաղվելու հնարավորություն:
Իսկ եթե նա այնքան խելացի է, որ հասնում է բարձունքի, ապա այնքան խելք
կունենա, որ միաժամանակ նաեւ կին մնա:

– Կարծիք կա, որ երբ ընտանիքում իշխողը տղամարդն է, այդ ընտանիքն ավելի ամուր եւ երջանիկ է: Դուք համամի՞տ եք:

– Այդ հարցին ես կպատասխանեմ որպես ֆիզիկոս: Ցանկացած տրամաբանություն
հիմնվում է ինչ-որ օրենքի վրա: Յուրաքանչյուր հաշվարկ մարդը սկսում է
որոշակի կետից: Եթե այդ կետը սխալ է ընտրված, ապա առաջ է գալիս
շիզոֆրենիայի տրամաբանությունը: «Իշխող» բառից սկսվում է շիզոֆրենիայի
տրամաբանությունը: Ես «իշխող» բառը կփոխարինեի մեկ այլ բառով: Մենք ապրում
ենք ժողովրդավարական հասարակությունում եւ ժողովրդավարություն բառը պետք է
մուտք գործի նաեւ ընտանիք: Եթե ընտանիքում ոչ ոք «իշխող» չի փնտրում, իսկ
այդ ընտանիքի անդամները, ներառյալ՝ երեխաները, ունեն հավասար իրավունքներ,
ապա այդ ընտանիքում իշխում են սերն ու երջանկությունը: Իհարկե, հասկանալի
է, որ հայկական ընտանիքն այս ամենից դեռեւս հեռու է: Հայկական ընտանիքներն
ավանդապաշտ են: Իմ մեջ էլ է խոսում ավանդապաշտությունը: Ինձ նույնիսկ
հաճելի է, երբ իմ ղեկավարը տղամարդ է, երբ ընտանիքում գլխավորը տղամարդն
է: Գերակայության այդ ձեւն ինձ չի վախեցնում: Եթե մարդն ինքնավստահ եւ
ինքնահաստատված է, այդտեղ վախենալու ոչինչ չկա: Իհարկե, ֆեմինիզմը կա, եւ
Արեւմուտքն ու Ռուսաստանն այդ ամենն անցել են: Դրա դրսեւորումներից մեկն է
«Ձախության մանկական հիվանդությունը, որը հնարավոր է յուրաքանչյուր
ոլորտում»:

– Ձեզ համար ավելի հեշտ է հարցե՞ր տալ, թե՞ հարցերին պատասխանել: Չէ՞ որ լրագրողը հարց տվող է, իսկ քաղաքական գործիչը՝ պատասխանող:

– Ես ինձ հիմա քաղաքական գործիչ այնքան էլ չեմ համարում: Ես գտնում եմ, որ
առաջընթացը կախված է ոչ թե հարցերին պատասխանելու ունակությունից, այլ՝
ճիշտ հարցադրման ունակությունից: Ճիշտ հարցադրումը կանխորոշում է ճիշտ
պատասխան, եւ սրանով մենք նորից վերադառնում ենք շիզոֆրենիայի
տրամաբանությանը: Պետք է ճիշտ ժամանակին ճիշտ մարդուն ճիշտ հարցադրում
կատարել: Եվ բացի այդ, ես, լինելով Սոկրատի հետեւորդ, միշտ կրկնում եմ՝
«Ես գիտեմ, որ ես ոչինչ չգիտեմ…»: Որքան շատ ես հասկանում, որ քիչ
գիտես, այնքան շատ ես մոտենում իմաստնությանը: Իսկ երբ դու հասկանում ես,
որ դու քիչ գիտես, այնքան շատ հարցեր են ծագում… Վերջիվերջո, հարցերը
գիտության եւ կյանքի շարժիչ ուժն են: Այդ պատճառով ինձ ավելի շատ դուր է
գալիս հարցեր տալը: Երբեմն նույնիսկ հարցերի պատասխանները ես տալիս եմ
հարցի ձեւով:

– Ի՞նչ կասեք «Երեւան» ամսագրի մասին, որը կարճ ժամանակահատվածում հաջողությամբ մտավ բավական հագեցած մոսկովյան մամուլի դաշտ:

– Սկզբում, երբ մտածում էինք տպագրել ամսագիրը, ոչ ոք դրան չէր հավատում:
Բոլորն ասում էին՝ շուկան հագեցած է: Սակայն նպատակը այստեղի ամսագրերի
հետ մրցակցությունը չէ: Այն նախատեսված է դրսի ընթերցողի համար եւ ունի
երկու նպատակ. նախ` լրացնել Հայաստանի սահմաններից դուրս գտնվող էթնո
դաշտը, քանի որ հայը, անկախ բնակավայրից, միշտ մնում է հայ: Եվ երկրորդը՝
կարոտախտը հաղթահարել: Հայը որտեղ էլ լինի, սիրում եւ հետաքրքրվում է իր
Հայրենիքով ու հայրենակիցներով: Այս ամսագրով փորձում ենք ապացուցել, որ
մենք ունենք ոչ միայն անցյալ, այլեւ ներկա ու ապագա: Ավելին, այս ամսագրով
մենք ուզում ենք ասել, որ հայերը միայն «տարածքային» մորմոքով չեն ապրում՝
տարածք գրավել, տարածք հանձնել, մեր տարածքը «սարքել շուշաբանդ»… Մենք
ապրում ենք մի աշխարհում, որը պահանջում է «անեզր տարածություն»
հասկացությունը: Ես շատ կցանկանայի, որ ընթերցողը մեր ամսագրի միջոցով
կարողանար այդ փակ տարածքից դուրս գալ եւ հայտնվել «անեզր տարածության»
մեջ:

– Ասում են, Դուք շատ քաղաքական կանխատեսումներ եք արել: Դա ճի՞շտ է:

– Եթե ասում են, ուրեմն ճիշտ է: Մարդկանց մասին նաեւ լավն են խոսում:
Համարենք, որ դա իմ մասին ասված լավն է: Իմ մեջ խոսեց ֆիզիկոսը, եւ ես
լակոնիկ կլինեմ: Ինչպես Աստվածաշնչում է ասված՝ «Դու ասացիր»:

– Այնուամենայնիվ, ի՞նչ եք այսօր կանխատեսում:

– Համարեք՝ ինչպես կուզեք. կանխատեսում թե կարծիք, բայց ես չէի ցանկանա,
որ կատարվի այն, ինչին սպասում են բոլորը: Իսկ բոլորը սպասում են, որ
ինչ-որ մեկի կողմից գրված այն սցենարը, որն ի կատար է ածվել արդեն մի քանի
երկրներում (վարդագույն, նարնջագույն եւ այլ գույների հեղափոխությունների
տեսքով), իրականանա նաեւ մեր երկրում: Մենք ենթագիտակցորեն սպասում ենք,
որ նույնը կատարվի նաեւ մեզ մոտ: Ես չեմ սիրում պասիվ սպասողական վիճակ,
երբ ուղղակի ասում ես՝ կլինի այն, ինչ կլինի: Աստված տվել է
բանականություն եւ կամքի դրսեւորման ազատություն: Միշտ կարելի է խաղալ
սեփական խաղը, նույնիսկ այն ժամանակ, երբ թվում է, թե ամեն ինչ վաղուց
կանխորոշված է: