Ո՞ւմ է հույս տալիս

19/11/2009

Վերջերս Թուրքիայի փոխարտգործնախարարը մասնակցել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նիստին: Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ մեկնաբանելով այդ փաստը՝ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է եւ իրավունք ունի մասնակցել Մինսկի խմբի համանախագահների նիստերին այնպես, ինչպես Մինսկի խմբի անդամ բոլոր երկրների ներկայացուցիչները: «Այս անգամ Թուրքիայից այնտեղ եղել է փոխարտգործնախարարը, այդ պատճառով էլ նա է մասնակցել նիստին: Եվ Մինսկի խմբի արած հայտարարության մեջ ասված էր, որ հանդիպումներ են եղել Մինսկի խմբի մոտ մի տասը ներկայացուցիչների հետ եւս, որոնք ցանկություն են ունեցել մասնակցել նիստին եւ հետո հանդիպել համանախագահների հետ»,- հայտարարեց Նալբանդյանը` բացառելով, որ Թուրքիան կարող է դառնալ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը: «Ինչ վերաբերում է Թուրքիայի հավակնություններին` դառնալու չորրորդ համանախագահ, ասեմ, որ դա բացառված է, որովհետեւ առնվազն պետք է ԼՂ-ն եւ Հայաստանը դրան համաձայնություն տան, բայց անգամ եռանախագահներն են դրա մասին բազմիցս արտահայտվել` նշելով, որ այդ մասին խոսք չի գնում»,- նշեց Է. Նալբանդյանը` հավելելով, որ դրա փոխարեն «չի անցել որեւէ հանդիպում եռանախագահների հետ, երբ հայկական կողմը բարձրացրած չլինի ԼՂ-ի ուղղակի մասնակցության կարեւորությունը բանակցություններին»: Անդրադառնալով արձանագրությունների վավերացման ժամկետներին` նա ասաց, թե եթե «ինչ-որ ֆիքսված թիվ լիներ, ապա այդ թվի մասին հրապարակված կլիներ»: «Երբ որ ասում են՝ խելամիտ ժամկետ, դա միայն մեր մոտեցումը չէ, դա նաեւ միջազգային հանրության մոտեցումն է»,- հայտարարեց Նալբանդյանը: Ուշագրավ է նաեւ այն, որ երբ դաշնակցական պատգամավոր Հրայր Կարապետյանը փորձեց ճշտել ԱԳՆ-ի դիրքորոշումը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` «պահանջատիրությունը պետականազուրկ ազգին վայել գաղափարախոսություն է» հայտարարության վերաբերյալ` համարելով այն «պարտվողականության սերմանում», Է Նալբանդյանը խուսափեց որեւէ պատասխան տալուց: «Ես կարող եմ միայն ասել այն, որ այստեղ պարտվողականության մասին խոսք ընդհանրապես չի կարող գնալ, մենք Թուրքիայի հետ խոսում ենք հավասարը հավասարի հետ: Եվ այդ հնարավորությունը ստեղծվել է շնորհիվ այն միջազգային աջակցության, որ Հայաստանը ունի»,- ասաց նա: