Մանդատները վայր չեն դնելու

19/11/2009

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Գեւորգ Պետրոսյանը երեկ Ազգային ժողովում հաստատեց իր հրաժարականի փաստը:

Որքան էլ տարօրինակ էր, հրաժարական ներկայացրած պատգամավորը երեկ առավոտյան եկել էր ԱԺ եւ մասնակցում էր 2010թ. բյուջեի քննարկումներին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, սակայն, նա հերքեց, թե հրաժարական է տվել: «Հակառակ դեպքում այստեղ ի՞նչ գործ ունեմ»,- իր հերթին հարցրեց Գ. Պետրոսյանը: Իսկ ավելի ուշ նա արդեն խոստովանեց, որ հրաժարականի դիմում է ներկայացրել, եւ դա պայմանավորեց իր առողջական խնդիրներով: Սոցապ նախարարի պորտֆելը վերապահված է ԲՀԿ-ին, եւ ըստ այդ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այդ պաշտոնի համար առաջադրել է պատգամավոր, Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանի թեկնածությունը: ԲՀԿ համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուն այդ կուսակցության երիտասարդական թեւի նախագահ Վահե Էնֆիաջյանն է: Բայց դեռեւս հայտնի չէ, թե արդյոք Մ. Մնացականյանի փոխարեն նա՞ է դառնալու այդ խմբակցության պատգամավորը:

Այս փոփոխությունը ԲՀԿ-ի հետ կապված միակ դեպքը չէր: Երեկ մամուլում լուրեր էին շրջանառվում, թե Երեւանի ավագանու խորհրդում ԲՀԿ 17 անդամները վայր են դնելու իրենց մանդատները: Ն. Զոհրաբյանը հերքեց այս լուրը, սակայն չժխտեց, որ տարաձայնություններ եղել են: «Երեւանի քաղաքապետարանում ԲՀԿ խմբակցությունը բոլոր հարցերի վերաբերյալ միշտ հանդես է եկել սկզբունքային դիրքորոշմամբ՝ օրենքի տառին համապատասխան, եւ այդպես էլ շարունակելու է հանդես գալ` անկախ այն բանից, թե այդ սկզբունքային դիրքորոշումները ո՞ւմ են դուր գալիս, ո՞ւմ` ոչ»,- ասաց Ն. Զոհրաբյանը:

Երեկ Երեւանի քաղաքապետարանում տեղի է ունեցել ավագանու նիստ, որի ժամանակ, այնուամենայնիվ, կրքերը մի քիչ թեժացել են: Ավագանու խորհրդում ԲՀԿ խմբակցության ղեկավար Արման Վարդանյանի խոսքով` երեկ ավագանու կանոնադրության մեջ փոփոխություն է կատարվել, որի համաձայն՝ քվորում ապահովելու կամ նիստ գումարելու համար անդամների թվաքանակը 33-ից իջեցվել է 17-ի: Այսինքն` այսուհետ կարող է նիստ գումարվել նաեւ ավագանու 17 անդամների կամ անդամների մեկ քառորդի մասնակցության պարագայում: Ինչի՞ համար է այդ շեմն իջեցվում: Ա. Վարդանյանի կարծիքով՝ այս փոփոխությունը կխոչընդոտի ավագանու ինստիտուտի զարգացմանը: Նրա խոսքերով` Երեւանի ավագանին խորհրդարանի փոքր մոդելն է, եւ ողջ աշխարհում ընդունված է քվորում ապահովել անդամների մեծամասնության եւ ոչ թե մեկ քառորդի մասնակցության դեպքում: Երեկ տեղի ունեցած փոփոխության հեղինակը եղել է Երեւանի ավագանու խորհրդի իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, որի նախագահը փաստաբան, ստանդարտների եւ չափագրման ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանն է: Մեզ հետ զրույցում պարոն Ազարյանն ասաց, թե իրենց փոփոխությունը չի հակասում Երեւանի մասին օրենքին: Ավելին, նիստ ապահովելու այդ նվազագույն շեմը ամրագրված է նույն օրենքում: «Հարցը օրենքին համապատասխան լինելը, չէ, այլ այն է, որ այդպիսով մենք նվազեցնում ենք պառլամենտարիզմի դերը եւ Երեւանի ավագանու ինստիտուտի կայացման հնարավորությունը: Եթե 17-ով էլ հնարավոր էր քվորում ապահովել, ապա կա՞ր արդյոք 65 ավագանի նախատեսելու անհրաժեշտություն»,- ասաց Ա. Վարդանյանը:

Իսկ Ազարյանն էլ հակադարձեց, թե Երեւանի մասին օրենքում շատ ավելի լուրջ թերություններ կան, քան դա: Նրա խոսքերով` ճիշտ կլիներ, որ ԲՀԿ-ական գործընկերներն իրենց հետ միասին այդ օրենքում փոփոխություններ ու լրացումներ անելու առաջարկներ ներկայացնեն: «Ցավում եմ, որ նրանք ավելի լուրջ բաների վրա չեն կենտրոնանում: Մենք արդեն որոշ լրացումներ ու փոփոխություններ նախատեսել ենք»,- ասաց Ե.Ազարյանը:

Ե. Ազարյանը, սակայն, այդպես էլ չպատասխանեց մեր այն հարցին, թե Երեւանի ավագանու խորհուրդը ե՞րբ է պատրաստվում այդ փոփոխություններն ու լրացումներն արդեն օրենսդրական փոփոխության նախագծի տեսքով ներկայացնել Ազգային ժողովի քննարկմանը:

Ավելացնենք, որ օրենքի համաձայն՝ Երեւանի ավագանին պետք է ունենա 65 անդամ: ՀԱԿ-ը հրաժարվեց իրեն հատկացրած 13 մանդատներից, եւ այժմ խորհուրդը բաղկացած է 52 անդամից, որոնցից 35-ը ՀՀԿ-ական են, 17-ը` ԲՀԿ-ական: Թվում է, թե 35 անդամ ունեցող «Հանրապետական» խմբակցությունը քվորումի համար մինչեւ երեկ պահանջված 33 ձայների խնդիր չպետք է ունենա: Բայց արվեստագետներից ու այլ մասնագետներից բաղկացած ավագանու անդամները շատ հաճախ շրջագայության մեջ են, եւ չի բացառվում, որ այդ եւ այլ պատճառներով ՀՀԿ խմբակցությունը քվորումի խնդիր ունենա ու չկարողանա իր ցանկացած որոշումն անցկացնել: Մյուս կողմից էլ տարօրինակ է թվում ԲՀԿ խմբակցության դժգոհությունը: Ավագանու խորհրդում նրանց անդամների թիվը 17 է, եւ թվում է, թե այդ խմբակցությունը պետք է մի բան էլ գոհ լինի, որովհետեւ երեկվա փոփոխությամբ չի բացառվում, որ ինչ-որ պահի միայն իր անդամներով կարողանա որեւէ հարց ընդունել: