– Պարոն Կիրակոսյան, Ձեր կարծիքով՝ առաջիկայում ավելի ակտիվ զարգացումներ են սպասվում ԼՂ հակամարտությա՞ն, թե՞ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում:
– Այս գործընթացները երկու տարբեր ուղիներով են ընթանում: ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը ավելի շատ սառեցված վիճակում է, ինչը չի կարելի ասել հայ-թուրքական սահմանի բացման գործընթացի մասին: Առաջիկայում, կարծում եմ, կակտիվանա ԵԱՀԿ Մինսկի խումբը: Կլինեն նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաճախակի հանդիպումներ: Բայց սա, իհարկե, չի տանելու ԼՂ հարցում էական փոփոխությունների եւ ավելի շատ թուրքական կողմին առաջընթաց ցուցադրելու նպատակ է հետապնդում: Կամ ավելի ճիշտ` դա ադրբեջանցիների ձայնը կտրելու համար է արվելու:
– Եվ թուրքական կողմը, Ձեր կարծիքով, կբավարարվի ընդամենը այդքանո՞վ: Այսինքն` արձանագրությունների վավերացման համար չի՞ սպասի ԼՂ հարցում իրական առաջընթացի:
– Ոչ, չի սպասի: Հետաքրքրական է այն, որ հայերը հակված են հավատալու թուրքական քաղաքական սպառնալիքներին այն դեպքում, երբ նույնիսկ թուրքերն ու ադրբեջանցիները դրան այլեւս չեն հավատում: Այս գործընթացը արտաքին ճնշման ու նաեւ միջազգային հանրության սպասելիքների արդյունք է` միայն Թուրքիայի համար` որպեսզի հստակեցվի այն, որ Թուրքիան չի փորձելու վերադարձնել ԼՂ հարցը հայ-թուրքական բանակցությունների սեղան: Թուրքիան էր այն երկիրը, որ արձանագրություններից հանեց ԼՂ հարցը: Հենց Թուրքիայի որոշումն էր` չկապել ԼՂ հարցը հայ-թուրքական հարաբերությունների հետ: Թուրքիան չպետք է թույլտվություն ստանա` փորձելու այն կրկին հետ վերադարձնել: Եվ միջազգային հանրության բոլոր ճնշումներն ու սպասելիքներն ուղղված են Թուրքիային: Եթե հարցը դիտարկենք ավելի պատկերավոր` ֆուտբոլային դիվանագիտության տեսանկյունից, պետք է նշեմ, որ մենք հիմա այդ ֆուտբոլային խաղի ավելի դժվարին փուլում ենք գտնվում, եւ սա այլեւս ֆուտբոլ չէ: Այժմ սա արդեն ամերիկյան ֆուտբոլ է (ռեգբի), շատ ավելի վայրագ, որտեղ բոլորը կարող են դիպչել գնդակին, եւ որտեղ օրենքներն են բոլորովին տարբեր: Սա նշանակում է, որ կարող են զոհեր լինել, ու կարող է արյուն թափվել, ինչպես հաճախ լինում է ամերիկյան ֆուտբոլում:
– Կիսո՞ւմ եք այն կարծիքը, որ համաձայնելով պատմաբանների ենթահանձնաժողովի ստեղծմանը ու գնալով զիջումների այս հարցում` Սերժ Սարգսյանը փորձում է լեգիտիմություն ձեռք բերել արտաքին աշխարհից:
– Եկեք վերաձեւակերպենք հարցը: Սա ոչ թե պատմական հարցերով ենթահանձնաժողովն է, այլ հայ-թուրքական դիվանագիտության ամբողջ գործընթացն է, որից Հայաստանը փորձում է հաջող դուրս գալ: Գոնե մի որոշ հատվածում դրա պատճառն, իհարկե, լեգիտիմության պակասն էր: Բայց պատմական հարցերով զբաղվող միջկառավարական ենթահանձնաժողովի մասին շատ վաղ է ինչ-որ բան ասել: Այդ ենթահանձնաժողովի իրական թեստը կախված է նրանից, թե ովքեր են դրա անդամները լինելու, ինչպիսին է լինելու դրա կառուցվածքն ու աշխատանքների բաժանումը: Եվ այս դեպքում Հայաստանը գուցե եւ հաղթանակած դուրս գա այս հարցից: Եթե հայկական կողմը ավելի ճարպիկ լինի, կարող է հասնել նրան, որ թուրքական կողմից ոչ մեկը չկարողանա ցեղասպանության հարց բարձրացնել: Կամ էլ Հայաստանը պետք է պահանջի, որ քննարկվի ոչ թե ցեղասպանության լինել-չլինելը, այլ ցեղասպանության պատմական հիմքը: Այսինքն` կարող ենք այնպիսի սահմաններ դնել, որ ցեղասպանության հարցը չվնասվի:
– Ինչպես եք գնահատում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը:
– Ես կհամեմատեի Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարության հետ, որտեղ Հովհաննիսյանը կոչ էր արել ազգային երկխոսության, որպեսզի լուծվի ճգնաժամից դուրս գալու հարցը: Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունը ավելի շատ ձեռք մեկնել էր: Ես չեմ կիսում Դաշնակցության դիրքորոշումը այս առումով: Կարծում եմ` ժամանակն է, որ բոլոր կողմերը երկխոսության մեջ մտնեն: Բայց դրա համար բոլոր կողմերն էլ պետք է քայլ անեն միասին` ոչ միայն ընդդդիմությունը, այլ նաեւ իշխանությունը: Ցավոք, վստահ չեմ, թե մենք այսօր հասել ենք այդ կետին:
– Շատերը Տեր-Պետրոսյանի ելույթը մեկնաբանեցին որպես քաղաքականությունից հեռացող մարդու ելույթ` գնահատելով այն ընտրողից քվե չակնկալող մարդու խոսք:
– Չեմ կարծում, թե պետք է լսենք այդ չակերտավոր «շատերին»: Հստակ է, որ Տեր-Պետրոսյանի խոսքը քաղաքականությունից հեռանալու խոսք չէր: Հարգելով նախկին եւ ներկա նախագահներին, այնուամենայնիվ նշեմ, որ միակ ձայնը, որ այստեղ նշանակություն ունի, հայ ժողովրդի ձայնն է: Եվ, ցավոք սրտի, ոչ ոք չի լսում այդ ձայնը: Նրանք, ովքեր անարգում են հայ ժողովրդի ձայնը, կհայտնվեն իրենց դիրքը կորցնելու վտանգի առջեւ: Հայ ժողովուրդը չի գնացվել քնելու` մարտի մեկից սկսած: Թեպետ նա դեռեւս չի խոսում միահամուռ մեկ ձայնով, ինձ թվում է, որ նրա ձայնի արձագանքը ավելի է երկարել: