Ուղիղ մեկ շաբաթ առաջ Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Նինկե Օմեսը դիվանագիտորեն սպառնաց ՀՀ Կենտրոնական բանկին, որ չի կարելի դոլար վաճառելով՝ դրամի փոխարժեքը պահել։
Ն. Օմեսը հայտարարել էր, որ ԱՄՀ-ն ունի արտարժութային պահուստների սահմանած նիշ, որը Կենտրոնական բանկը պետք է ապահովի տարվա կտրվածքով: Իսկ եթե այդ նիշը խախտվի՝ այսինքն, ԿԲ-ն շատ արտարժույթ վաճառի, եւ արդյունքում պահուստները իջնեն թույլատրելի մակարդակից, ապա հիմնադրամը այլեւս միջոցներ չի տա դրանք համալրելու համար: Տիկինը նշել էր, որ ՀՀ ԿԲ-ն դեռ դուրս չի եկել այդ նիշի սահմանից։ Սակայն ավելացրել էր. «Եթե շարունակվի այնպես, ինչպես վերջին երկու շաբաթներին, ապա կարող են խնդիրներ առաջանալ»: Հիշեցնենք, որ «ինչպես վերջին երկու շաբաթներին» ասելով՝ պետք է հասկանալ ԿԲ-ի կողմից միլիոնավոր դոլարների վաճառքը։
Հայտարարությունից անցել է մեկ շաբաթ։ Թվում էր՝ ՀՀ ԿԲ-ն կազդվի, այս «հաթաթայից» հետո կսահմանափակի արտարժույթի վաճառքի ծավալները։ Ն. Օմեսի խոսքերով ասած՝ չպետք է դիմադրի այն միտումներին, որ շուկան ցուցաբերում է փոխարժեքի հետ կապված։ Սակայն մինչ տիկինը, Հայաստանի տնտեսության մրցունակության մասին խորապես մտահոգվելով, կոչ էր անում չխանգարել փոխարժեքի լողին, այդ նույն պահին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում արտարժույթի բուռն առեւտուր էր ընթանում. այդ օրը իրականացվել է 3.65 միլիոն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 388 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 388 դրամ:
Հաջորդող օրերին նույնը շարունակվեց՝ ավելի ինտենսիվ կերպով։ Նոյեմբերի 13-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում իրականացվեց 10.39 միլիոն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք, նոյեմբերի 16-ին՝ 6.675 միլիոն, նոյեմբերի 17-ին՝ 800 հազար, եւ վերջապես երեկ՝ նոյեմբերի 18-ին՝ 6.04 միլիոն։ Այսպիսով, Նինկե Օմեսի «հաթաթայի» օրվանից ի վեր (այդ օրն էլ ներառյալ), վաճառվել է ընդհանուր առմամբ 27 միլիոն 555 հազար ԱՄՆ դոլար։ Փակման գինը երեկ կազմել է 387.5 դրամ։
Թե որն է ԿԲ այս գործելաոճի պատճառը՝ դժվար է ասել։ Միգուցե նրանք իրոք կարծում են, որ ճիշտը տնտեսության համար հենց սա է՝ «լողի կառավարումը»։ Իսկ միգուցե որոշել են Ն. Օմեսին հասկացնել, որ Հայաստանն, ի վերջո, անկախ պետություն է եւ ինքն է որոշում՝ ինչպես կառավարել իր գործերը։ Կամ, որ իրենք թքած ունեն այս ոլորտում գործող միջազգային չափանիշների վրա: Ամեն դեպքում, դժվար թե այսպես երկար շարունակվի։ Եթե ԿԲ-ն դադարեցնի ինտերվենցիաները, ապա դա կլինի դոլարի արժեւորման ամենաուժեղ ազդակը։ Իսկ անվերջ ինտերվենցիաներ կատարել ԿԲ-ն չի կարող, որովհետեւ պահուստները սահմանափակ են։ Ճիշտ է՝ ներմուծումը կրճատվել է շուրջ մեկ միլիարդ դոլարով, հետեւաբար՝ այդ գործոնի ազդեցությամբ նույնքանով նվազել է նաեւ դոլարի նկատմամբ պահանջարկը, սակայն մյուս կողմից՝ նվազել են նաեւ դրսից եկող տրանսֆերտներն ու արտահանման ծավալները։ Դրանց ազդեցության չափը գնահատել մենք չենք կարող։ Այնուամենայնիվ, թե մասնագետները, թե գործարար շրջանակներն այսօր սպասում են դոլարի արժեւորմանը։ ԿԲ նախկին նախագահ Բ. Ասատրյանն, օրինակ, որպես ապացույց նշել էր բանկերի վարկային պորտֆելների կառուցվածքը, որտեղ արտարժույթով տրվող վարկերի կշիռը մեծացել է։
Իրոք, համաձայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, եթե 2008թ. վերջի դրությամբ առեւտրային բանկերի տրամադրած վարկերի 38%-ն էր արտարժույթով, ապա սեպտեմբերի վերջի դրությամբ արտարժութային վարկերի տեսակարար կշիռը գերազանցում է 50%-ը (տես աղյուսակը)։ Ընդ որում, դրամով տրված վարկերի ծավալը նվազել է բացարձակ թվով՝ 386.8 միլիարդ դրամից հասնելով 313.4 միլիարդի։
Առեւտրային բանկերի վարկերն ու ավանդները (ամսվա վերջի դրությամբ, մլն դրամ)
Այսինքն՝ բանկերն իրենց ապահովագրել են դրամի արժեզրկումից։ Հետաքրքիրն այն է, որ բնակչությունը (այս դեպքում՝ ավանդատուները) իրեն ավելի շատ է ապահովագրել։ Այսպես, եթե 2008թ. վերջի դրությամբ դրամով եւ արտարժույթով ավանդների (ցպահանջ եւ ժամկետային) տեսակարար կշիռները գրեթե հավասար էին՝ համապատասխանաբար, 48.8% եւ 51.2%, ապա սեպտեմբերի վերջին հարաբերակցությունը փոխվել է հօգուտ արտարժույթի (72.5%)։
Դրամային ավանդները, ինչպես եւ վարկերը, բացարձակ թվով կրճատվել են 227.4 միլիարդից հասնելով 176.4 միլիարդի։ Սպասումների այս փոփոխությունը ավելի արտահայտված է հատկապես տնային տնտեսությունների դեպքում։ 2008թ. դեկտեմբերի վերջի դրությամբ տնային տնտեսություններն ունեին 104.6 միլիարդ դրամի արտարժութային եւ 97.4 միլիարդ դրամի դրամային ավանդներ (համապատասխանաբար՝ 51.8% եւ 48.2%)։ Իսկ սեպտեմբերի վերջին ունենք հետեւյալ պատկերը՝ արտարժութային ավանդներ՝ 213.6 միլիարդ (77.5%), դրամային ավանդներ՝ 61.9 միլիարդ (22.5%)։ Ինչպես ասում են՝ աչքը մարտի 2-ին տեսածից է վախենում։ Այնպես որ, ի հեճուկս ԿԲ հորդորների իրենց խնայողությունները արտարժույթի վերածած մեր համաքաղաքացիները այժմ հանգիստ կարող են սպասել դոլարի հերթական արժեւորմանը։ Ավելին՝ միգուցե նաեւ ուրախ լինեն դրա համար։