Ճգնաժամ

19/11/2009

Մեյդոֆֆի զբոսանավերը վաճառվեցին

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, Բեռնարդ Մեյդոֆֆի ունեցվածքի հերթական աճուրդի արդյունքում հաջողվել է գանձել եւս երկու միլիոն դոլար։ Հիշեցնենք, որ ներկայումս ազատազրկման մեջ գտնվող Մեյդոֆֆը ԱՄՆ պատմության մեջ խոշորագույն ֆինանսական բուրգի հիմնադիրն է։

«Ռոյթերսը» մանրամասնում է, որ նոյեմբերի 17-ին տեղի ունեցած աճուրդում վաճառքի են դրվել Մեյդոֆֆին եւ նրա գործընկերոջը՝ Ֆրենկ դի Պասկալիին պատկանող 4 զբոսանավերը։ Աճուրդին մասնակցել է 70 հոգի։

Ամենից թանկ գնով՝ 950 հազար դոլարով, վաճառվել է Պասկալիին պատկանող 19 մետրանոց զբոսանավը։ Իսկ Մեյդոֆֆի երեք զբոսանավերի համար գնորդները վճարել են, համապատասխանաբար՝ 700 հազար, 320 հազար եւ 21 հազար դոլար։

Նոյեմբերի 15-ին տեղի ունեցած նախորդ աճուրդի ժամանակ հաջողվել էր վերադարձնել եւս մեկ միլիոն դոլար։ Այդտեղ վաճառվել են ֆինանսիստին եւ նրա կնոջը՝ Ռութ Մեյդոֆֆին պատկանող իրեր, մասնավորապես, ադամանդե զարդեր, հայտնի բրենդերի ժամացույցներ, սպասք, մուշտակներ եւ այլն։

Ավելացնենք նաեւ, որ Ֆրենկ դի Պասկալին նոյեմբերի 12-ին ազատ է արձակվել, չնայած խոստովանել էր, որ հանդիսացել է Մեյդոֆֆի հանցակիցը։

Հոռետես Օբաման

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ պետական պարտքի շարունակական աճը կարող է ճգնաժամի խորացման պատճառ դառնալ, եւ ներկայումս համաշխարհային տնտեսությունում ընթացող վերականգնման գործընթացին կարող է փոխարինել ճգնաժամի երկրորդ ալիքը: Օբամայի կարծիքով, կարող է գալ մի պահ, երբ հաստատուն կերպով աճող պետական պարտքի պատճառով բնակչությունը վերջնականապես կկորցնի վստահությունը կառավարության նկատմամբ։ Հենց դա էլ, ըստ նախագահի, ճգնաժամի երկրորդ ալիքի պատճառ կդառնա: Այս տեսանկյունից ԱՄՆ նախագահը կարեւորել է երկարաժամկետ հատվածում պետական պարտքի ծավալների կրճատմանն ուղղված արդյունավետ քաղաքականության մշակումը: Հիշեցնենք, որ 2008-2009 ֆինանսական տարվա արդյունքներով, ԱՄՆ բյուջեի պակասուրդը հասել էր ռեկորդային 1.4 տրիլիոն դոլար մակարդակի, որը կազմում է երկրի ՀՆԱ-ի շուրջ 10%-ը:

ING-ն եւ KBC-ն փրկվեցին

Եվրամիությունը հավանություն է տվել Հոլանդիայի եւ Բելգիայի կառավարությունների կողմից ING եւ KBC ֆինանսական խմբերին աջակցության ցուցաբերմանը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ այս կազմակերպությունները համաձայնել են վաճառել իրենց բիզնեսի մի մասը։

Մասնավորապես, KBC-ն կստեղծի առանձին հիպոթեքային բանկ, ինչպես նաեւ՝ ապահովագրական ընկերություն։ Բացի այդ, ընկերությունը կվաճառի Կենտրոնական եւ Արեւմտյան Եվրոպայում գտնվող իր մի քանի ստորաբաժանումները, որպեսզի կարողանա վերադարձնել պետության կողմից ստացած 7 միլիարդ եվրոն։ ԵՄ պատասխանատուները նշել են, որ ընկերության վերակազմավորման ծրագիրը հավանության է արժանացել, քանի որ KBC-ն կարողացել է լուծել իր գլխավոր խնդիրը՝ փոխադարձ պարտավորություններից կորուստների նկատմամբ խոցելիությունը։ Խումբը կրճատել է իր ստորաբաժանումներից մի քանիսը եւ հայտարարության մեջ նշել, որ «դասեր է քաղել ճգնաժամից»։ KBC-ն այժմ կենտրոնանալու է իր հիմնական բիզնեսի վրա Բելգիայում, Լեհաստանում, Չեխիայում եւ մի քանի այլ եվրոպական երկրներում։

Ինչ վերաբերում է ING-ին, ապա այն խոստացել է տեղաբաշխել 7.5 միլիարդ դոլարի բաժնետոմսեր, որպեսզի վերադարձնի պետության կողմից իր վրա ծախսված միջոցները։ Ընկերությունը մինչեւ 2013թ. կվաճառի նաեւ իր ամերիկյան ստորաբաժանումը՝ ING Direct USA-ը։ Նշենք, որ ING-ն Եվրոպայի ամենախոշոր ֆինանսական կորպորացիաներից մեկն է։ Ակտիվների ծավալը գերազանցում է 1.3 տրիլիոն եվրոն, իսկ աշխատակիցների թիվը հասնում է 125 հազարի։

Ճգնաժամը վախենում է Սորոսից

Մինչ աշխարհի խոշորագույն ընկերությունները փորձում են գոյատեւման խնդիրներ լուծել ճգնաժամային պայմաններում, գտնվում են նաեւ այնպիսիք, որոնք ճգնաժամից ոչ միայն չեն տուժել, այլեւ՝ օգուտներ են ունեցել։

Ինչպես հայտնում է CNN-ը, ամերիկացի հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսի Soros Fund Management հեդջինգային հիմնադրամի ներդրումների համախառն ծավալը վերջին երեք ամիսների ընթացքում աճել է 2 միլիարդ դոլարով: 2009թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ֆոնդի ներդրումների համախառն ծավալը կազմել է 6.2 մլրդ դոլար։ Համեմատության համար նշենք, որ հունիսի 30-ի դրությամբ այն կազմում էր 4.2 միլիարդ դոլար: Այս տարվա երրորդ եռամսյակի ընթացքում Սորոսը ավելացրել է Wal-Mart-ում կատարված ներդրումների ծավալը եւ կրճատել դրանք բրազիլական Petroleo Brasileiro SA ընկերությունում: Նշենք նաեւ, որ անցյալ տարվա տվյալների համեմատ Սորոսի ակտիվների ծավալն աճել է 41%-ով։

Ե՛տ տվեք մեր քարտերը

Գերմանական բանկերը որոշել են իրենց հաճախորդներից հետ կանչել ավելի քան 100 հազար կրեդիտային քարտեր՝ կապված գաղտնի ինֆորմացիայի հնարավոր արտահոսքի հետ։ Ինչպես հաղորդում է BBC News-ը, Գերմանիայի երկու ամենախոշոր ֆինանսական կազմակերպությունները՝ Volksbank-ը եւ Raiffeisenbank-ը ստիպված են փոխարինել 60 հազար քարտ։ Այս ետկանչը արդեն իսկ համարվում է ամենալայնամասշտաբը Եվրոպայում։

Նախնական տվյալներով, չարագործները մուտք են գործել Գերմանիայում բնակվող հաճախորդների տվյալների բազաներ՝ Իսպանիայում գործող բանկային պրովայդերի միջոցով։ Այդուհանդերձ, բանկերի ներկայացուցիչները նշում են, որ քարտերի հետկանչը կանխարգելիչ բնույթ է կրում։ Առայժմ ոչ մի ստույգ տեղեկատվություն չկա, որ հակերները օգտագործել են գաղտնի տեղեկատվությունը՝ գումարներ հանելու համար։

Ինչպես գրում է գերմանական Deutsche Welle թերթը, նմանատիպ պատճառաբանությամբ այս տարվա հոկտեմբերին 15 հազար քարտ էր հետ կանչել նաեւ KarstadtQuelle-Bank բանկը։

TOYOTA-Ի վաճառքն աճել է

Ճապոնական խոշոր ավտոարտադրող Toyota Motor Corp. ընկերությունն ամփոփել է վերջին 15 ամիսների ընթացքում ընկերության գործունեության արդյունքները: Հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում (ավարտվել է ընթացիկ տարվա հոկտեմբերին) ընկերության համաշխարհային վաճառքի ծավալները նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել են 4%-ով: Այս ժամանակահատվածում TOYOTA-ն վաճառել է 630.000 ավտոմեքենա: Հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում Toyota ընկերության վաճառքի ծավալներն ԱՄՆ-ում կրճատվել են 3.5%-ով, իսկ Չինաստանում այս ցուցանիշն աճել է շուրջ 40%-ով:

Ո՞վ կգնի Cadbury-ն

Շոկոլադի բրիտանական հայտնի արտադրող Cadbury-ի պոտենցիալ գնորդների թիվն ավելացավ եւս երկուսով։ Ընկերությունը ձեռք բերելու համար մղվող պայքարին միացել են երկու հսկաներ՝ ամերիկյան Hershey եւ իտալական Ferrero ընկերությունները։ Մոտ ապագայում նրանք հանդես կգան կոնկրետ առաջարկություններով։ Նշյալ ընկերությունները, սակայն, իրենց կոնկրետ պայմանների մասին մանրամասներ չեն հրապարակել։

Նշենք, որ Kraft Foods կորպորացիան արդեն երկու անգամ Cadbury-ն գնելու փորձ է արել՝ սեպտեմբերին եւ նոյեմբերին։ Բրիտանական ընկերության համար Kraft-ը պատրաստ էր վճարել 16.4 միլիարդ դոլար։ Սակայն Cadbury-ն մերժել է առաջարկությունը` այն անվանելով «ծիծաղելի»։

Նշենք, որ Cadbury-ն իր ծավալներով կոնֆետների եւ շոկոլադի արտադրության աշխարհի երկրորդ ընկերությունն է։ Ընկերության պոտենցիալ գնորդը հնարավորություն կստանա տնօրինել արտադրանքի իրացման նրա խոշոր ցանցը, որն առավել հաջող գործում է հատկապես զարգացող շուկաներում։

Ներվեցին

ԱՄՆ Հարկային ծառայության (IRS) եւ Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ 14.7 հազար ամերիկացիներ, ովքեր թաքցրել են իրենց եկամուտները եւ արտասահմանյան այլ բանկերում հաշիվներ ունենալու վերաբերյալ փաստը, արժանացել են համաներման:

Հայտարարության մեջ նշվում է, որ բանկային գաղտնիքների եւ թաքցված ակտիվների ժամանակաշրջանն ԱՄՆ ֆինանսական համակարգում ավարտված է, եւ կառավարությունը շարունակելու է երկրում հարկային օրենսդրությամբ սահմանված բոլոր սկզբունքների գերակայության ապահովմանն ուղղված իր քաղաքականությունը:

Հարկային համաներումն ԱՄՆ-ում հայտարարվել էր ընթացիկ տարվա մարտին, երբ շվեյցարական UBS բանկը պատրաստակամություն էր հայտնել ԱՄՆ կառավարությանը տրամադրել իր ամերիկացի հաճախորդների վերաբերյալ տեղեկատվություն: Հարկային համաներման ծրագրի շրջանակներում նախատեսվում է, որ բոլոր այն ամերիկացիները, ովքեր համապատասխան մարմիններին ներկայացնեն իրենց օֆշորային հաշիվների եւ թաքցված եկամուտների վերաբերյալ տեղեկատվություն, հարկային մարմինների կողմից կստանան որոշակի արտոնություններ։

Mitsubishi-ն շահույթով է աշխատել

Ճապոնական խոշորագույն Mitsubishi UFJ Financial Group Inc. բանկն ամփոփել է 2009-2010 ֆինանսական տարվա առաջին կիսամյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակած հաշվետվության համաձայն` հաշվետու ժամանակահատվածում, որն ավարտվել է ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ին, բանկի զուտ շահույթն աճել է 53.2%-ով եւ կազմել 140 մլրդ 948 մլն յեն (1.59 մլրդ դոլար): Հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու ամիսների ընթացքում բանկի հասույթը կրճատվել է 10.5%-ով եւ կազմել 618 մլրդ յեն (29.5 մլրդ դոլար): 2009թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ակտիվների ընդհանուր ծավալը կազմել է 3.19 տրիլիոն դոլար: Այս ցուցանիշը 2009 թ. մարտի 31-ի համեմատ աճել է 2%-ով: Mitsubishi UFJ բանկը կազմավորվել է 2005 թվականին՝ Tokyo-Mitsubishi եւ UFJ բանկերի միաձուլման արդյունքում, եւ հանդիսանում է աշխարհի խոշորագույն բանկերից մեկը: