Երեք հնարավորություն

19/11/2009

Երեկ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում կայացել է Թբիլիսի-Երեւան երկաթուղային գծի վերականգնման տեխնիկատնտեսական ուսումնասիրության հաշվետվության նախագծի շնորհանդեսը: Եվրահանձնաժողովի ՏՐԱՍԵԿԱ ծրագրի շրջանակներում իրականացված Թբիլիսի-Երեւան երկաթգծի վերականգնման տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախագծի աշխատանքները կատարվել են մեկ տարվա ընթացքում: «Թբիլիսի-Երեւան երկաթգծի վերականգնում» ծրագրի նպատակն է՝ պատրաստել Թբիլիսի-Երեւան երկաթգծի (ինչպես նաեւ նշված քաղաքների միջեւ Ադրբեջանի տարածքով անցնող այլընտրանքային երկաթգծի) վերանորոգման հեռանկարի վերաբերյալ մանրակրկիտ գնահատական, որը կհամապատասխանի բեռնատար եւ ուղեւորատար անվտանգ փոխադրումների համար կիրառելի միջազգային չափանիշներին: Հնարավոր վերականգնման արդյունքներից կլինեն Հայաստանը Բաթումի/Փոթի-Թբիլիսի TRACECA երկաթուղուն միացումը եւ ուղեւորափոխադրման ժամանակի կրճատումը, որը ներկայումս բավականին երկար է արագության սահմանափակումների պատճառով, որն էլ իր հերթին ռելսերի անբավարար վիճակի արդյունք է: Վերականգնումը զգալիորեն կբարձրացնի երկաթգծի մրցունակությունը: Թբիլիսի-Երեւան հիմնական երկաթգիծը, որը գործարկվել է 1899թ. եւ էլեկտրիֆիկացվել 1967թ., տեխնիկական սպասարկման եւ արդիականացման մեծ խնդիրներ ունի եւ այդ պատճառով չի կարող արդյունավետ եւ մրցունակ կերպով բավարարել տրանսպորտային ներկայիս եւ ապագա կարիքները: Այլընտրանքային Երեւան-Թբիլիսի երկաթգիծը, որն անցնում է Ադրբեջանի տարածքով, գործարկվել եւ էլեկտրիֆիկացվել է 1964թ.: Սակայն վերջին մի քանի տարիների ընթացքում նրա միայն Երեւան-Դիլիջան հատվածն է գործարկելի:

Իսկ ծրագրի արդյունքում մշակվել են զարգացման երեք հիմնական սցենարներ.

1.Թբլիսի-Երեւան երկաթգծի վերականգնման հնարավորության ուսումնասիրություն:

2.Դեպի Ադրբեջան տանող ուղու Հրազդան-Իջեւան հատվածի վերականգնման հնարավորություն, որտեղ սողանքի պատճառով երթեւեկությունը մասամբ խափանված է: 3. Վրացական հիմնական երկաթգծի տեխնիկական մասի վերականգնման հնարավորության ուսումնասիրություն: Ծրագրի շրջանակներում նաեւ կատարվել է Վանաձոր-Ֆիոլետովո նոր ուղու բացման հնարավորության նախնական գնահատում, որի միջոցով ներկայիս Թբիլիսի-Երեւան ուղին կկրճատվի 100 կմ-ով: