Սովի ոսկորոտ ձեռքը բորսայում ավերներ է գործում: Տարադրամի սովի: Տնտեսագետների մեծ մասին չի հաջողվում բացատրություն գտնել: Մակրոտնտեսական վերլուծությունները չեն օգնում: Տնտեսական վիճակագրություն արտացոլող մեծ-մեծ թվերը տարադրամի քաղցը բացատրող տագնապալի ոչինչ չէին գուժում: Հայաստանի ներքին շուկայում արտարժույթ հիմնականում հայտնվում է երեք ճանապարհով` արտահանումների դիմաց կատարված ներհոսք, տրանսֆեր-օգնություններ եւ արտաքին պարտքի տեսքով ներգրավված միջոցներ: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ նախորդ տարվա համեմատ 40 տոկոսից ավելի կրճատվել է արտահանումը: Սա նշանակում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 340 մլն դոլարի չափով տարադրամի մուտքերը պակասել են: Նկատելիորեն պակասել են նաեւ արտահանված աշխատուժի դիմաց ներկրվող տրանսֆերները: Բայց դրա փոխարեն՝ մոտ 28 տոկոսով կրճատվել են նաեւ ներմուծումները: Այսինքն՝ միայն դրա հաշվին մոտ 870 մլն դոլարին համարժեք տարադրամ դուրս չի տարվել հանրապետությունից: Իհարկե, կարելի է ենթադրել, որ այդ դուրս չտարված գումարն իրականում գոյություն չունի: Եթե լիներ՝ հնարավոր է, որ ներմուծումները չկրճատվեին: Բայց դա տարադրամի շուկայում քաղց պիտի որ չառաջացներ: Հատկապես, որ միայն այս տարի մեր կառավարությանը հաջողվել է նախորդ տարիների համեմատ շատ ավելի մեծ վարկային միջոցներ ներգրավել: Ճիշտ այնպես, ինչպես տրանսֆեր-օգնություն եկող գումարները, արտաքին վարկերը եւս շատ արագ հայտնվում են տարադրամի շուկայում: Հայտնվում ու փոխանակվում են ազգային դրամի: Այդ գործարքի սխեման հետեւյալն է` պետության պարտք վերցրած տարադրամային վարկը տրվում է Կենտրոնական բանկին: ԿԲ-ն փոխանակում-վաճառում է այն եւ կառավարությանը տրամադրում ազգային դրամ: Որովհետեւ հարազատ կառավարությունը ծախսերը երկրի ներսում կատարում է միայն ազգային դրամով: Փաստորեն, այս համակարգով միայն 2009թ. մոտ մեկ ու կես մլրդ դոլար է մտել տարադրամի շուկա: Սույնով ապահովվել է տարադրամի ավելի մեծ ներհոսք, քան նախորդ տարիներին: Բայց դրամական շուկայում հակառակ, կամ` անտրամաբանական, գործընթացներ են: Տարադրամ նախորդ տարվանից ավելի շատ կա: Տնտեսությունը նկատելիորեն կրճատվել է: Կրճատվել են տնտեսվարողների եկամուտները: Հետեւաբար, պետք է որ կրճատվեր նաեւ տարադրամի պահանջարկը: Պետք է որ: Բայց հակառակն է: ԿԲ-ն, երկու-երեք շաբաթ է, անընդհատ տարադրամ է վաճառում: Վաճառում է՝ չկարողանալով հագեցնել շուկան: «Ո՞ւմ եւ ինչո՞ւ է պետք այդքան տարադրամ» հարցը դառնում է հիմնական: Հնարավոր պատասխանի տարբերակը բացահայտվեց մի քանի շաբաթ առաջ: Արտասահմանյան մամուլի շնորհիվ հայտնի դարձավ, որ խոշոր օլիգարխներից մեկը` Գագիկ Ծառուկյանը, արտադրական ձեռնարկություն է գնել արտերկրում: Այսինքն` հնարավոր է ենթադրել, որ տարադրամը երկրից արտահանվում է: Համաշխարհային տնտեսական ճգնաժամը զարգացած ու զարգացող երկրներում ֆինանսական քաղց է ծնել: Հետեւաբար՝ ամենուրեք գներն անկում են ապրում: Էժանանում են անշարժ գույքը, արտադրական ձեռնարկությունները, համարյա ամեն ինչ: Հետեւաբար՝ ճգնաժամը ազատ ֆինանսական միջոցներ ունեցողների համար ոսկե շրջան է: Հատկապես մեծահարուստների: Նրանք հնարավորություն են ստանում ավելի ցածր գներով ձեռք բերել երազած ինչքը, բիզնեսը եւ այլն: Փաստորեն, մեր օլիգարխաց ու գործարարաց ազնիվ դասը արտերկրում գնումներ է կատարում երկրից դուրս հանելով հսկայական ֆինանսական միջոցներ: Ներքին կապիտալը քոչի ճամփա է բռնել: Հայտնի բան է` կապիտալը հայրենիք չունի: Հատկապես խոշոր կապիտալը, որին միայն աճելու պայմաններ են պետք ու կայուն քաղաքական իրավիճակ: Հետեւաբար՝ օլիգարխներին մեղադրելն ու պակաս հայրենասեր հայտարարելը պարապ զբաղմունք է: Պարզապես հարկավոր է արձանագրել փաստը: Ֆինանսների արտահոսքը ներքին շուկայում տարադրամային քաղց է ծնում: Նաեւ բազմաթիվ բացասական այլ գործընթացներ: Հիմա միայն ալարկոտը չի խոսում դրամի արժեզրկման սպասումների մասին: Պե՞տք է ու հնարավո՞ր է արդյոք կանխել կապիտալի արտահոսքը» հարցերը քչերն են քննարկում: Հատկապես իշխանավորների շրջանակում: Հնարավոր է այն պատճառով, որ իշխանությունները կապիտալի արտահոսքը վարչական ճանապարհով կանխելու ռեսուրսներ չունեն: Իսկ կապիտալի երազած հասարակական-քաղաքական կայունության ու տնտեսական զարգացման հեռանկարները տեսանելի չեն: Տեսանելի չեն` մեր երկրում: Հետեւաբար սովի ոսկորոտ ձեռքը ավելի ու ավելի պինդ է սեղմելու տարադրամի շուկայի վտիտ կոկորդը: