«Ձմեռ պապիկն ամերիկացի ա»,- բացահայտել է փոքրիկ աղջիկը

19/11/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

8-ամյա Գոհարի փայլից շողշողացող աչքերը չարաճճի շարժով անընդհատ թվեր են փնտրում: Բայց քանի որ իրենց դատարկ ու անշունչ սենյակում թվաբանության համար հարմար առարկա չի գտնում` սկսում է ճկուն շարժումներով փոքրիկ մատներով գումարել, հանել, բազմապատկել ու բաժանել: Ինձ հետ զրուցելու ընթացքում հարցնում է տարիքս ու հարցերիս պատասխանելու ընթացքում մտովի հաշվարկում է, թե իր ընտանիքի անդամներից ումից` քանի տարով փոքր կամ մեծ եմ: Ասում է` «Ամենաշատը թվերն եմ սիրում: Հենց թիվ եմ տեսնում` սկսում եմ խնդիր դնել ու լուծել»: Երկրորդ դասարանցի Գոհարը երազում է մաթեմատիկոս դառնալ, իսկ դպրոցում արդեն 2 տարի սովորում է բացարձակ գերազանց գնահատականներով: Եղբայրը` 14-ամյա Սեյրանն, ի տարբերություն Գոհարի, «հավես» չունի սովորելու հետ, որովհետեւ տան մեծն է` հոգսերը շատ: Գոհարն ամեն օր եղբորը կշտամբում է, «մեծավարի» պարտադրում է սովորել, բայց… Մի տեսակ հոգնած ձայնով ասում է` «Օ՜ֆ, ես հոգնել եմ իրան բացատրելուց: Սովորացնում, սովորացնում եմ, բայց գլուխը չի մտնում: Ասում եմ` ապեր, 80-ին գումարած 5 ի՞նչ ա անում: Ասում ա` 82 (կչկչալով ծիծաղում է.- Լ.Ս.): Ինքը չի ուզում սովորել, իսկ ես պիտի մաթեմատիկոս դառնամ կամ մաթեմի դասատու աշխատեմ»: Գոհարի մայրը` Նաիրան, պատմում է, որ ամեն օր դպրոցից վերադառնալուց հետո նա իր առջեւ շարում է տան բարձերն ու սկսում է մաթեմատիկա առարկան «դասավանդել»: Բարձերից մեկն էլ Սեյրանն է, որին բացատրելուց հոգնելով` Գոհարը նյարդայնանալով սկսում է մի լավ ծեծել: Բարձերից մեկն էլ ժամանակ առ ժամանակ մայրն է` Նաիրան. «Որովհետեւ գրքերի փողը չի տալիս, իսկ դասատուներն ասում են` փողը բեր: Լացում եմ, մամայիս ասում եմ` գրքերի փողը տուր, հետո սկսում ա ինքը լացել, ասում ա` չկա, որտեղի՞ց տամ: Դրա համար էլ ջղայնանում ու բարձին եմ խփում»: Նաիրան լսում է աղջկա դժգոհությունն ու անտարբեր գլուխն է օրորում, որովհետեւ գրքերի համար պահանջվող գումարը տալու ելքեր չի գտնում: Հետո մտովի հաշվարկների մեջ խորասուզված փոքրիկ աղջիկը գյուտ արածի ոգեւորությամբ ասում է` «Հես ա Նոր տարի ա գալու, բայց ես լավ էլ գիտեմ, որ Ձմեռ պապիկ չկա ու մեր տուն չի գալու: Ես փոքր եմ, բայց հասկացել եմ, որ Հայաստանում Ձմեռ պապիկ չկա, իսկ Ամերիկայում կա: Ձմեռ պապիկը ամերիկացի ա: Անցյալ տարի ես գիտեի, թե կա, ու երազանք էի պահել, որ հեծանիվ բերի գիշերը: Առավոտը զարթնեցի, տեսա` կոնֆետներ ա բերել, բայց ես կոնֆետ ունեի ու կոնֆետ չէի ուզել, հեծանիվ էի ուզել: Էդ ո՞նց ա, որ կինոներում ամերիկացի երեխեքը ինչ նվեր ուզում են` իրանց Ձմեռ պապիկը բերում ա, իսկ ստեղ…: Կուզեի, որ էդ Ամերիկայի Ձմեռ պապին գար Հայաստան ու մեր երեխեքի երազանքներն էլ կատարեր: Էս տարի երազանք չեմ պահելու, արդեն չեմ հավատում հայ Ձմեռ պապիկին»: Հետո Գոհարի չարաճճի աչքերը դառնում են մի տեսակ թախծոտ, որովհետեւ ամեն տարվա իր սպասումն անիմաստ ու հուսահատեցնող է: Ասում եմ` «Չէ՛, գիտե՞ս, երեւի Ձմեռ պապն ինչ-որ բան շփոթել ա ու նվերները սխալ ա բաժանել»: Գոհարը, այնուամենայնիվ, չհավատալով իմ խոսքերին, ասում է` «Էդ մարդիկ են սխալվում, իսկ Ձմեռ պապն իրավունք չունի սխալվելու: Ես ամբողջ գիշեր սպասել եմ, երազել եմ, որ հեծանիվ նվիրի, իսկ ինքը… իսկ ինքը ինձ կոնֆետներ ա բերել: Կինոներում ամերիկացի Ձմեռ պապը երբեք նվերները չի շփոթում ու ոչ մի երեխայի չի խաբում: Մեկ ա` էս տարի երազանք չեմ պահելու, որովհետեւ Հայաստանում Ձմեռ պապ չկա»: Մայրը` Նաիրան, Գոհարի խոսքերից «խոցված»՝ չգիտի հայացքն ուր թաքցնի, որովհետեւ աղջկան հիասթափեցրել է: 34-ամյա այս կինը միայնակ երկու երեխա է մեծացնում ու հասկանում է, որ երեխաների մանկական երազանքները «փշրվում են» իր անզորության ու անկարողության պատճառով: 1995 թվականից Նաիրան ապրում է Դեպոյի վարչական երկհարկանի շենքում, որը թեեւ նախկինում գրասենյակային շենք է եղել, այդուհանդերձ, այժմ բնակեցվել է սոցիալապես անապահով ընտանիքներով: «Էդ տարիներին մայրս Երկաթգծում ուղեկցորդուհի էր աշխատում: Մեզ ժամանակավոր տեղավորեցին էս շենքում, որովհետեւ անտուն էինք: Մնացինք ու մինչեւ էսօր ապրում ենք: Մեր պայմանները տեսնում եք, էլի, անտանելի ա…»,- ասում է Նաիրան, ով այժմ աշխատում է Դեպոյում՝ որպես հավաքարարուհի, եւ ստանում է 30.000 դրամ աշխատավարձ: Նախկինում այս ընտանիքն ընդգրկված էր նպաստառուների ցանկում, սակայն արդեն երկու տարի է, ինչ զրկվել է 20.000 դրամ նպաստից` պատճառաբանությամբ, թե աշխատանք ունի: «Այսինքն` մեր պետությունն ասում է` տունը նստեք, որ ես ձեզ երկու կոպեկ ողորմամ: 30.000 դրամ աշխատավարձով նույնիսկ երեխաներիս հացը չեմ կարողանում ապահովեմ, էլ ուր մնաց, թե գրքի փող տամ: Տղաս գրիժա ունի, ցավերից գալարվում ա, բայց ռիսկ չեմ անում տանեմ վիրահատության, որովհետեւ ձեռս կոպեկ չկա, վրեն նայող չի լինի»,- ասում է միայնակ մայրը, ով հասկանում է, որ երեխաները կարող էին լավ ապագա ունենալ, սակայն սոցիալական ծանր պայմանների պատճառով նրանց ճակատագիրը խեղվում է: «Դպրոցում գրքերի 8000 դրամն են ուզում, ամբողջ գիշեր չեմ քնում, հաշվարկ եմ անում, թե ի՞նչ անեմ, ինչի՞ց զրկեմ երեխեքիս, որ դասագրքերի փողը հասցնեմ տալ: Բայց ձեւ չկա, էլ զրկելու տարբերակ չկա: Հոսանքն անջատելու համար էլեկտրիկը մի քանի օր ժամանակ ա տվել, բայց ի՞նչ անեմ, որտեղի՞ց 20.000 դրամ պարտքը մարեմ: Առաջ գոնե նպաստի փողով էդ կոմունալ հարցերն էի լուծում, իսկ հիմա…»,- նեղսրտած ասում է Նաիրան, ով ձմռանը երեխաների ջերմության հարցը լուծում է Երկաթգծի աշխատակիցների տված հին «շպալներով». «Եթե էդ գծերը վերանորոգում, բան են անում, շպալները մեզ են տալիս, որ վառենք, տաքանանք»: 9-րդ դասարանցի Սեյրանը սովորելու հետ «հավես» չունի, որովհետեւ «ուշքն ու միտքը» մորն օգնելն է: Ուզում է դպրոցը թողնել եւ մոր հոգսերը թեթեւացնելու համար մի աշխատանք գտնել: Իսկ 2-րդ դասարանցի Գոհարը նկատում է` «Բայց ինքը 80-ին գումարած 5-ը չգիտի: Ո՞վ կընդունի իրան աշխատանքի»: