Անգերազանցելի թարգմանիչը եւ «անհնազանդ» դիվանագետը։ Սերգեյ Բախշիի Առաքելյան (1928-2001)

19/11/2009 Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Հարգելի ընթերցող,

«XX դարի հայազգի անվանի դիվանագետները» շարքում ձեզ ենք ներկայացնում արաբագետ, ակնառու թարգմանիչ Ս. Առաքելյանի մասին պատմող որոշ դրվագներ:

Ասում էր, որ դիվանագետ դարձել է պատահաբար, մինչդեռ այդ մասին գաղտնի երազել էր դեռեւս դպրոցական տարիներից:

Մայրաքաղաքից 300 կիլոմետր հեռավորության վրա ընկած Գորիսի շրջանի Տեղ գյուղի միջնակարգ դպրոցն ավարտած պատանին, իրոք, կարող էր միայն երազել այդ մասին: Խորհրդավոր, ասես այլմոլորակային մասնագիտությանը տիրապետելու համար Երեւանում չկար անգամ համապատասխան ուսումնական հաստատություն: Իսկ մինչ այդ նա պետք է բավարարվեր Ստեփանակերտի մանկավարժական ուսումնարանով, որն էլ ավարտելուց հետո զորակոչվեց բանակ: Ծառայեց Ռուսաստանում եւ զորացրվելուց հետո իր ուժերով (եւ ո՞վ պետք է տեր կանգներ Հայաստանի խուլ գյուղից եկած երիտասարդին) ընդունվեց ու 1950-ին ավարտեց Միջազգային հարաբերությունների` բոլոր ժամանակների հեղինակավոր եւ դժվարամատչելի ինստիտուտը:

Սերգեյը հիշեցնում էր Կոջոյանի վրձնած «Սասնա Ծռերի» հերոսներին: Միջահասակից բարձր, լայնաթիկունք, ամուր ձեռքեր, ասես` բրոնզագույն քարից տաշված առնական դեմք: Ուժեղ էր եւ՛ ֆիզիկապես, եւ՛ մտքով: Լավ ծանոթ էր Հայաստանի, Ռուսաստանի, Եգիպտոսի, Մերձավոր Արեւելքի պատմությանը: Ռուսերենին հավասար տիրապետում էր հայերենին, ինչը հազվագյուտ կհանդիպեիր ԱԳՆ-ի համակարգում աշխատող հայազգի դիվանագետների մոտ: Գիտեր ֆրանսերեն:

Արաբից էլ արաբ

Իսկ նրա արաբերենի իմացության շուրջ պարզապես առասպելներ էին պտտվում: 70-ական թվականներին Խորհրդային արտգործնախարարության համակարգում չեմ հանդիպել որեւէ արաբագետի, իսկ նրանցից շատերին էի ճանաչում, որ հիացմունքով չարտահայտվեին Առաքելյանի լեզվական իմացության մասին: Առանձնապես կարեւորվել է նրա սինքրոն թարգմանությունների մակարդակը, որը, շատերի կարծիքով, հավասարը չուներ: Ըստ մասնագետների կարծիքի, արաբերենին ազատ կարող է տիրապետել կամ ծնունդով արաբը, կամ էլ մանկությունից արաբների մեջ մեծացած մարդը: Զանգեզուրում ծնված Սերգեյն այդ վարկածի կենդանի ժխտումն էր, լեզվաբանական յուրօրինակ առեղծված: Արաբերենի թարգմանիչը, եթե տիրապետում է միայն գրական լեզվին եւ ծանոթ չէ տեղական բարբառներին, չի կարող թարգմանել: Ինչ ասել օտարազգի թարգմանիչների մասին, երբ տարբեր երկրների կամ տարածաշրջանների արաբներն անգամ չեն հասկանում մեկմեկու: Սերգեյին այդ վտանգը չի սպառնացել: Մնում էր զարմանալ, թե երբ եւ ինչպես է հասցրել այդ ամենը յուրացնել:

Արաբներն ասում էին, որ նա արաբից ավելի արաբ է:

Թարգմանությունը, մասնավորապես սինքրոն թարգմանությունը, բարդ գործ է եւ, բացի կոնկրետ երկու լեզվի փայլուն իմացությունից, պահանջում է մտավոր, բարոյական եւ ֆիզիկական ունակություններ, նյարդերի մեծ լարում: (Ինքս եղել եմ թարգմանիչ եւ գիտեմ, թե դա ինչ է): Պատահական չէ, որ սինքրոնիստներն աշխատում են մինչեւ 30-35 տարեկան: Պրոֆեսիոնալ թարգմանիչը պետք է ունենա ամուր նյարդային համակարգ, ինքնատիրապետման եւ ուշադրության կենտրոնացման հատկություն, կարողանա արագ կողմնորոշվել եւ ոչ մի դեպքում խուճապի չմատնվի: Թարգմանությունը մի կողմից՝ ոգեշնչում է, մյուս կողմից` նյարդերի հսկայական լարում: Թարգմանչի աշխատանքը ընդհանրապես, իսկ արտգործնախարարության համակարգում` մասնավորապես, դժվար, պատասխանատու, բայց ոչ միշտ շնորհակալ գործ է: Որոշ քաղաքական գործիչներ, մասնավորապես՝ նրանք՝ ովքեր չեն տիրապետում օտար լեզուների, թարգմանչին նայում են վերեւից, որպես սպասարկող անձնակազմի ներկայացուցչի:

Տանջալից է եղել, օրինակ, Ստալինի եւ Խրուշչովի թարգմանիչների աշխատանքը, առաջինի հետ` ֆիզիկական վախի, երկրորդի` ոչ կանոնակարգված լեզվի պատճառով: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին դը Գոլի եւ Ստալինի մոսկովյան հանդիպման ժամանակ զրույցի թեման վերաբերել է ռազմական գործողություններին եւ կրել խիստ գաղտնի բնույթ: Թարգմանել է երիտասարդ դիվանագետ Ալեքսանդր Տրոյանովսկին: Վերջում դը Գոլը ընդգծել է, որ խիստ կարեւոր է, որպեսզի զրույցի թեման մնա Ստալինի եւ իր մեջ: Տրոյանովսկին թարգմանել է գեներալի ասածը, ապա սարսափով` Ստալինի պատասխանը:

– Մենք առանց այդ էլ երկուսս ենք:

Իմաստուն դը Գոլը շնորհակալություն է հայտնել գաղտնապահության հավաստիացման համար եւ նկատել, որ Տրոյանովսկին մեծապես նպաստել է կարծիքների փոխանակմանը, եւ ավելացրել, որ ուրախ կլինի հետագա հանդիպումների ընթացքում եւս օգտվել հենց այդ թարգանչի ծառայություններից: Դը Գոլի նախազգուշական ցանկությունը ամենեւին էլ ավելորդ չի եղել, եւ բացառված չէ, որ փրկել է ապագա անվանի դիվանագետի կյանքը:

Պրոֆեսիոնալ թարգմանիչը լավ գիտե, որ ինքը պարտավոր է հնարավորինս մոտ մնալ թարգմանվող տեքստին, տալ դրա «կրկնօրինակումը», չպակասեցնել եւ չավելացնել ոչինչ, մնալ աննկատ եւ չդառնալ զրույցի մասնակից: Թարգմանիչը պետք է լինի խոսողի ճշգրիտ արձագանքը: Երկկողմ հաղորդակցության ժամանակ, փորձված թարգմանիչը դառնալով միջնորդ, ստեղծում է այնպիսի մթնոլորտ, որ նրա ծառայությունից օգտվողները մոռանում են նրա ներկայությունը եւ մոռանում են, որ խոսում են տարբեր լեզուներով: Սակայն գոյություն ունի նաեւ հակառակ պատկերը, երբ թարգմանիչը պրոֆեսիոնալ չլինելու կամ անփորձ լինելու հետեւանքով մոռանում է իր պարտականությունների շրջանակները, դառնում է զրույցի մասնակից, անգամ կարծիք է հայտնում, անում է մեկնաբանություններ։

ա) Հայաստանի եւ Սիրիայի միջեւ հյուպատոսական համագործակցության պայմանագրի ստորագրման կապակցությամբ Դամասկոսում հանդիպեցի Սիրիայի արտգործնախարար Ֆարուկ Շարաայի հետ: Թարգմանում էր 1-ին քարտուղար Պողոս Սարաջյանը, ում համար արաբերենը գրեթե մայրենի լեզու էր: Արաբերենին չեմ տիրապետում: Սակայն զգացի, որ թարգմանիչը շեղվում է նյութից: Խնդրեցի նրան «չստեղծագործել» եւ զերծ մնալ մեկնաբանություններից: Հետո տեղեկացա, որ Սարաջյանն իրոք ունի այդ «թուլությունը»: Նույնը նկատեցի թուրքերենի թարգմանիչ Մուրադ Բոջոլյանի մոտ, Ստամբուլ կատարած այցելության ժամանակ: Բանը նրանում է, որ նրանք երկուսն էլ, լինելով հասուն տարիքում Հայաստան ներգաղթածներ եւ այդ երկրների լեզուների ու մշակույթի անմիջական կրողներ, թարգմանելու ընթացքում, ենթագիտակցորեն, չեն կարողանում ձերբազատվել իրենց գիտելիքները եւ իմացությունը ցուցադրելու գայթակղությունից: Նրանք փայլուն տիրապետում էին արաբերենին եւ թուրքերենին, բայց պրոֆեսիոնալներ չէին: Իմանալ լեզուն, դեռ չի նշանակում՝ կարողանալ լավ թարգմանել:

Հեղինակի անձնական արխիվից

Արդեն ասվեց, որ թարգմանիչը պարտավոր է ճշգրտությամբ փոխանցել հնչած խոսքը: Սա օրենք է: Սակայն դիվանագիտական պրակտիկայում այն, ինչպես եւ ամեն օրենք, երբեմն խախտվում է, երբ թարգմանիչը գիտակցաբար շեղվում է իրեն ներկայացված տեքստից։

ԽՍՀՄ-ի տեխնիկական օգնությամբ Ալժիրում կառուցված Էլ Հաջարի մետալուրգիական գործարանի բացման կապակցությամբ Մոսկվայից ժամանեց պաշտոնական պատվիրակություն` Տնտեսական համագործակցության պետական կոմիտեի (ԳԿԷՍ) նախագահ Սկաչկովի գլխավորությամբ: Բացի այն, որ նրա տարիքը բավական առաջացած էր, ինքն էլ` վատառողջ, ինքնաթիռից իջնելուց հետո` մինչեւ մեկնելը, ինչպես ռուսերն են ասում` «չէր չորանում», խմում էր: Պաշտոնական արարողության ժամանակ, չնայած իր առջեւ դրված տեքստին, նա սկսեց այսպես.

– Սիրելի՛ թուրք բարեկամներ:

Թարգմանում էր երիտասարդ դիվանագետ Յուրի Ֆեդոտովը, ով տարիներ անց դարձավ Ռուսաստանի ներկայացուցչի տեղակալը ՄԱԿ-ում, այնուհետեւ՝ արտգործնախարարի տեղակալը, իսկ ներկայումս Ռուսաստանի դեսպանն է Լոնդոնում:

– Սիրելի ալժիրցի բարեկամներ,- թարգմանում է Ֆեդոտովը:

Արարողությանը ներկա գտնվող ալժիրցիներից շատերը, ովքեր խորհրդային բուհերի շրջանավարտներ էին, սկսում են ծիծաղել:

Սկաչկովն առանց հասկանալու, թե ինչ է կատարվում, շարունակում է.

– Սիրելի՛ թուրք բարեկամներ, Խորհրդային Միությունն օգնեց ձեզ կառուցելու Իսկենդերունի մետալուրգիական գործարանը:

– Սիրելի՛ ալժիրցի բարեկամներ, Խորհրդային Միությունը օգնեց ձեզ կառուցելու Էլ Հաջարի մետալուրգիական գործարանը,- թարգմանում է Ֆեդոտովը:

Ծիծաղը սաստկանում է:

Սկաչկովի կողքին կանգնած դեսպան Ռիկովը արմունկով հրում է նրան:

– Լսիր, դու Ալժիրում ես:

– Օյ բատյուշկի, օկազիվաետցա օնի նե տուրկի!,- բացականչում է բանախոսը:

Սկաչկովի «ռեկորդը», եթե լսածս ապատեղեկատվություն չէ, ավելի ուշ կրկնել է Բրեժնեւը Բաքվում:

Հեղինակի անձնական արխիվից

Ուրեմն թարգմանությունը դոգմա չէ, սակայն ունի իր կանոնները: Առաքելյանը, նույնպես, մեկ անգամ խախտեց դրանք, եւ քիչ մնաց, որ թանկ վճարեր դրա համար…

Պերեվոդչիկա պոդ տրիբունալ

60-ականների սկզբներին Սերգեյ Առաքելյանն աշխատում էր Ասուանում (Եգիպտոս)՝ որպես փոխհյուպատոս: Հյուպատոսության հիմնական խնդիրներից մեկը ԽՍՀՄ-ի օգնությամբ կառուցվող հիդրոկայանի շինարարության ապահովումն էր, որը համարվում էր դարի կառույցը աֆրիկյան մայրցամաքում եւ կարեւոր քաղաքական նշանակություն ուներ Մոսկվայի համար: Ականատեսները պատմում են, որ չնայած իր երիտասարդ տարիքին, Սերգեյը կարեւոր դեմք էր բազմահազարանոց կոլեկտիվում: Նա միակ թարգմանիչն էր, որ հասկանում էր երկրի հարավային բարբառով խոսող շինարարներին: Նրանք մեծ ակնածանք էին տածում Առաքելյանի նկատմամբ` իրենց նկատմամբ ազնիվ, մարդկային վերաբերմունքի համար: Նրա նման մարդիկ քիչ կային արտասահմանում գործող խորհրդային կազմակերպություններում: Սերգեյի խորը համակրանքը եւ հարգանքը արաբ ժողովրդի նկատմամբ, սկիզբ առնելով այդ օրերից, ուղեկցել է նրան ողջ կյանքի ընթացքում: Փոխհյուպատոսը շատ էր տարբերվում խորհրդային մյուս մարդկանցից: Սոցիալիզմի գաղափարախոսությանը հատուկ էր քաղաքական դեմագոգիան եւ մարդկային լավագույն հատկանիշների իմիտացիան` նմանակումը, ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում: Այդ գաղափարախոսությունը եւ նրանից բխող մարդու բարոյական կոդեքսի հիմնական սկզբունքներից մեկը ինտերնացիոնալիզմն էր, որը, փաստորեն, չէր կիրառվում եւ չէր քաջալերվում Մոսկվայի կողմից: Ավելին, տարբեր երկրներում աշխատող մեր հազարավոր մասնագետներին արգելված էր աշխատանքից դուրս շփվել տեղացիների հետ: Պատճառը պարզից էլ պարզ էր. զերծ պահել խորհրդային մարդուն օտար հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվելու վտանգից:

Սակայն վերադառնանք Առաքելյանի ծառայողական «զանցանքին»: 1964-ի մայիսին Ասուանի ջրանցքի հանդիսավոր բացման արարողությանը մասնակցելու համար Եգիպտոս են ժամանում Նիկիտա Խրուշչովը եւ բոլոր արաբական երկրների լիդերները:

Բազմահազարանոց հանրահավաքից առաջ, տեսնելով իր կողքին կանգնած իրաքյան կոմունիստների դահճին` նախագահ Արիֆին, Խրուշչովը բարկանում է.

– Պերեդայտե Նասերու, չտո յա րյադոմ ս արիֆոմ սռատ նե բուդու

Այդ «նուրբ» առաքելությունը դրվում է Սերգեյի վրա: Նա, որ ի տարբերություն Խրուշչովի, դիվանագետ էր, հետեւաբար` ավելի բարեկիրթ էր եւ հղկված, Նասերին, հավանաբար, փոխանցում է ոչ կանոնակարգված ժողովրդական բանահյուսության գրական տարբերակը:

– Դա Խրուշչովի իրավունքն է: Ես պարզապես ուզում էի նրանց հաշտեցնել,- պատասխանում է Նասերը:

Երբ Առաքելյանը Խրուշչովին փոխանցում է Նասերի ցանկությունը, նա ձեռքը թափ է տալիս.

– Դա պոշոլ օն…Սկաժի նե բուդու միրիտցա ի վսյո

Սակայն Սերգեյի համար փորձությունը դեռեւս առջեւում էր:

Համաժողովի ժամանակ ելույթ է ունենում Խրուշչովը, ողջունում է ներկա պետությունների բոլոր ղեկավարներին, բացի Իրաքի նախագահից: Իսկ Առաքելյանը թարգմանելիս իր կողմից ավելացնում է Արիֆի անունը: Ինչո՞ւ է նա անում դա. դիվանագիտական էթիկա՞, քաղաքական նկատառո՞ւմ, թե՞ թարգմանչի սայթաքում, դժվար է ասել: Սակայն եղածը եղած էր: Եվ Խրուշչովից ոչ հեռու կանգնած պաշտպանության նախարար Անդրեյ Գրեչկոյի ռազմական հետախուզության թարգմանիչը նրա ականջին փսփսում է, որ Առաքելյանը թարգմանելիս ինքնակամ ողջունել է իրենց թշնամուն:

Մարշալը հրամայում է իրեն ուղեկցող զինվորականներին.

– Պերեվոդչիկա պոդ տրիբունալ!

50 տարի առաջ Նեղոսի ափերին խաղացված այս տեսարանը թերեւս առաջացնի ընթերցողի ժպիտը: Սակայն, երբ պատվիրակությունը ըստ այցելության ծրագրի ժամանեց Ալեքսանդրիա, Սերգեյի եւ նրա ընկերների սրտին, ինչպես ասում են` դանակ խփեիր, արյուն չէր գա:

Գահընկեց արված թագավոր Ֆարուկի պալատում Խրուշչովին եւ Նինա Պետրովնային տրամադրված թագավորական շքեղ ապարտամենտները խորհրդային առաջնորդին առանձնապես չեն տպավորում: Նա, արագ հանելով կոստյումը, վրան է քաշում ուկրաինական ասեղնագործած վերնաշապիկը եւ դուրս գալիս զբոսնելու:

Տեսնելով միջանցքում հերթապահող դեսպանության երրորդ քարտուղար Հակոբովին` Խրուշչովը հետաքրքրվում է պատերին փորագրված գրառումներով:

Հակոբովը կամ դժվարանում է թարգմանել, կամ որոշակի նկատառումով թարգմանությանը մասնակից է դարձնում ոչ հեռու տխուր-տրտում կանգնած Սերգեյին: Վերջինս փայլուն կերպով, համապատասխան մեկնաբանություններով, փոխանցում է սուրահների բարդ, փիլիսոփայական բովանդակությունը:

Իջնում են բակ:

Հետաքրքրասեր Խրուշչովն արաբ պարտիզպանին հարցուփորձ է անում շրջապատի փարթամ բուսականության մասին: Նիկիտա Սերգեեւիչը նկատում է, որ նա կարգին բան չի ասում, իսկ Սերգեյը երկար-բարակ պատմում է յուրաքանչյուր ծառ ու ծաղկի մասին, տալիս գիտական բացատրություններ: Խրուշչովի այն հարցին, թե որտեղի՞ց գիտի այդ ամենը, Առաքելյանը համեստորեն բացատրում է երկար ժամանակ իր Եգիպտոսում աշխատելու հանգամանքով: Այնուհետեւ երկու հայ երիտասարդներն անում են քայլ ձիով: Հակոբովը Առաքելյանին հայերեն ասում է, որ նա հեռանա եւ Խրուշչովին հայտնում է, որ նրան դուր եկած հեռանկարային երիտասարդ դիվանագետը մարշալ Գրեչկոյի կարգադրությամբ շուտով կանգնելու է զինվորական դատարանի առաջ: Եվ պատմում է կատարված միջադեպի մասին:

– Չտո զա երունդագ!

Հետո մոտ է կանչում ստվերի նման իրեն հետեւող «Պրավդայի» գլխավոր խմբագիր, իր փեսա Աջուբեյին ու կարգադրում, որ Գրեչկոյին «դուրս կանչի պատշգամբ», իսկ Հակոբովին` «մենակ թողնի իրեն»: Թե ինչ խոսակցություն է տեղի ունենում Խրուշչովի եւ պաշտպանության նախարարի միջեւ, պատմությանը հայտնի չէ:

15 րոպե անց սպասարկող խմբին հայտնի է դառնում, որ հարցը փակված է: Այդ երեկոն Սերգեյը եւ ընկերները նշում են, ինչպես որ հարկն է:

Երբ տարիներ անց Առաքելյանը պատմեց ինձ այդ դեպքի մասին, հիշեցի մեկ ուրիշ դեպք` կապված մարշալի հետ:

ա) Մոսկվա տեղափոխվուց առաջ աշխատում էի հանրապետության կառավարության արտաքին հարաբերությունների բաժնում: Հայաստանը մեծ շուքով նշում էր խորհրդայնացման 50-ամյակը: Երեւան էր ժամանել ԽՍՀՄ-ի ողջ ղեկավարությունը` Բրեժնեւի գլխավորությամբ:

Կենտկոմի վարչական օրգանների բաժնի վարիչ Մավր Դավթյանին եւ ինձ «կցել» էին պաշտպանության նախարար Գրեչկոյի պատվիրակությանը, այսինքն` երեք օր պետք է գիշեր-ցերեկ գտնվեինք նախարարի կողքին` կառավարական առանձնատներից մեկում:

Մենք նախանձով էինք լսում երաժշտության, ծիծաղի եւ բաժակաճառերի ձայները, որոնք մեզ էին հասնում կողքի առանձնատնից, ուր իջեւանել էր Ուկրաինայի Կենտկոմի առաջին քարտուղար Շելեստի պատվիրակությունը: Նրան «կցված» մեր ընկերները պատմում էին, որ մի «նստելուն» նա խմում է առնվազն երկու շիշ «Արաքս» գինի: Մյուս հանրապետություններից եւ գերատեսչություններից ժամանած բոլոր պատվիրակությունների մոտ եւս մթնոլորտը տոնական էր:

Գրեչկոն ուներ ստամոքսի ինչ-որ խնդիրներ, սնվում էր միայն շիլայով, եւ միշտ լուռ էր: Երեք օրվա ընթացքում մենք նրանից չլսեցինք երկու բառ անգամ: Իսկ վերջին երեկո, երբ խմբով վերադարձանք կառավարական համերգից, ընթրիքի ժամանակ Գրեչկոն հանկարծ խախտեց լռությունը եւ գլուխը բարձրացնելով ափսեից` մելամաղձոտ հարցրեց.

– Ա կակ զովուտ տու կրասիվույու ժենսչինու, բաշու պրիմադոնու, վրոդե շելկովայա

Ասացինք, որ այդ գեղեցիկ կինը, որը փայլուն ասմունքեց, մեր պրիմադոննա Մետաքսյա Սիմոնյանն է:

Գրեչկոն գլխով արեց, եւ նրա դեմքին ժպիտի նման մի բան խաղաց:

Հաջորդ օրը մյուս պատվիրակություններից շուտ մեկնեց Մոսկվա: Երբ արդեն բարձրացել էր ինքնաթիռ, համհարզը նախարարի անունից Մավրին եւ ինձ արագ փոխանցեց մեկական «Պոլյոտ» ժամացույց եւ նույն արագությամբ միացավ իր շեֆին: Մենք ազատ շունչ քաշեցինք:

բ) Դեպքերի բերումով կրկին բախտ ունեցա տեսնելու Գրեչկոյին` նրա պաշտոնական այցելության ժամանակ` Ալժիր, որտեղ աշխատում էի որպես հյուպատոս: Պաշտպանության նախարարի պաշտոնը վարում էր նախարար Հուարի Բումեդիենը, իսկ գործնական ղեկավարությունն իրագործում էր նախարարության գլխավոր քարտուղար Աբդել Համիդ Լատրեշը, ով եւ օդանավակայանում դիմավորեց մարշալին, ինչը լիովին տեղավորվում էր արարողակարգի շրջանակներում: Գրեչկոն արտահայտեց իր դժգոհությունը դիմավորման ցածր մակարդակի մասին եւ հարցրեց:

– Որքա՞ն է ժամանակի տարբերությունը Մոսկվայի եւ Ալժիրի միջեւ:

– Երկու ժամ,- եղավ պատասխանը:

Մարշալը խիստ տոնով կարգադրեց Լատրեշին.

– Այսպես, ծրագիրը փոխել Մոսկվայի ժամանակով:

Ոչ ոք չհամարձակվեց առարկել, իսկ մի քանի ժամ հետո նախատեսված էր պաշտոնական ճաշկերույթ, հրավիրատոմսերն արդեն ուղարկված էին: Բոլորը նստեցին հեռախոսների մոտ, եւ միջոցառման ժամը փոխվեց:

Հաջորդ անակնկալը պահված էր ճաշկերույթի համար: Հրավիրյալների թիվը հինգ հարյուր էր` կառավարության լրիվ կազմը, պատգամավորներ, դիվանագիտական կորպուսը, հյուրեր: Առաջինը սպասարկեցին գլխավոր հյուրին եւ պատվիրակության անդամներին: Մինչեւ մատուցողները կմոտենային մյուս հրավիրվածներին, Գրեչկոն արագ վերջացրեց ուտելը եւ վեր կացավ սեղանից: Ամբողջ դահլիճը խայթվածի պես ոտքի կանգնեց եւ հետեւեց նրան` առանց ճաշելու:

Բայց լուրջ քաղաքական անհեթեթությունը տեղի ունեցավ հաջորդ օրը` Բումեդիենի ընդունելության ընթացքում: Նախագահը ողջունեց հյուրին, հետո խոսքը տվեց արտաքին գործերի նախարար Աբդելազիզ Բուտեֆլիկային, որը Ալժիրի ներկայիս նախագահն է: Նախարարի պերճախոս ելույթը երկու ժողովուրդների անխախտ բարեկամության եւ ողջ երկրագնդում սոցիալիզմի մոտալուտ հաղթանակի կատարյալ ներբող էր, իսկ մեզ` դիվանագետներիս համար, նախարարի ելույթը քաղաքական բլեֆ էր, քանի որ լավ գիտեինք Բուտեֆլիկայի ով լինելը եւ կենտրոնին կանոնաբար տեղեկացնում էինք նրա հակախորհրդային դիրքորոշման եւ ֆրանսամետության մասին:

Ընդունելությունից հետո մարշալը գոհ հայտարարեց Բուտեֆլիկային.

– Իսկ դեսպանն ինձ ասում էր, որ Դուք ֆրանսիայի բարեկամն եք, մեր թշնամին… Պարզվում է, որ նա սխալվում է, Դուք Խորհրդային Միությա՛ն բարեկամն եք:

Արեւելքում նման վիրավորանքը չի ներվում: Եվ դեսպանը մինչեւ իր գործուղման ավարտը սպասում էր, որ Բուտեֆլիկան վրեժ կլուծի եւ իրեն կհայտարարի persona non grata: Պակաս վախ չուներ նա նաեւ Մոսկվայից: Բայց այնտեղ երեւի այնքան էլ մեծ համարում չունեին զառամախտի հասած մարշալի դիվանագիտական հոտառության եւ նրբանկատության վրա, եւ միջադեպը մոռացվեց:

Հեղինակի անձնական արխիվից

Շարունակելի