«Սիրում եմ բեմում անսպասելի լինել»

27/08/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

23-ամյա երգիչ Նորայր Մովսիսյանը երգարվեստում հանդես է գալիս իր անվան,
ազգանվան հապավումով: Նրա բեմական անունն է՝ «Նո-Էմ»: Թողարկվել է
«Նո-Էմի» «Խորթ աչքեր» սկավառակը, որն առաջիկայում կհայտնվի նաեւ
եվրոպական շուկայում: Բացի այդ, երգչի ստեղծագործական աշխատանքով
հետաքրքրվողների համար գործում է նրա անհատական www.noem.am ինտերնետային
կայքը:

– Հայ երգիչ-երգչուհիները շոու-բիզնես մուտք գործելիս հաճախ խուսափում
են իրենց իրական անուն-ազգանունով հանդես գալ: Դու նո՞ւյնպես այդ
տրամաբանությամբ ես փոխել անունդ:

– Ոչ, եթե անուն-ազգանունս կարճ եւ ավելի հիշվող լիներ, ապա միանշանակ
հանդես կգայի իմ իրական անուն-ազգանունով: Բացի այդ, ինտերնետային իմ
կայքը տեղադրելիս անուն-ազգանվան հանգամանքը խոչընդոտ հանդիսացավ,
որովհետեւ նման մարդ արդեն կար գրանցված: Դրա համար էլ ընտրեցի պարզ եւ
հասարակ բեմական անուն:

– Ձեր մասին երաժշտասերներն այնքան էլ տեղեկացված չեն. նոր եք մուտք գործել երգարվեստ:

– Արդեն ութ տարի է, ռադիոյում եմ աշխատում: Ինձ մոտ երգելու մեծ
ցանկություն առաջացավ եւ սկսեցի երգեր գրել: Չէի ցանկանում, որ հայ
էստրադայից որեւէ մեկն իմ երգերը կատարեր, քանի որ կարող եմ երգերս ինքս
ավելի լավ մատուցել: Դա իմ ներաշխարհն է, չեմ ցանկանում այն ինչ-որ մեկին
տալ: Կարծում եմ, հայ էստրադայում կարող եմ նոր, համարձակ քայլեր անել:
Իսկ երգերս անհատական մոտեցում են պահանջում: Երգերս փոփ եւ Նյու-էյջ ոճի
մեջ են:

– Այսօր շոու-բիզնես մուտք գործելն այնքան հեշտ է դարձել, որ կարող ես
երգի տեքստեր գրել ու հանդես գալ որպես կատարող: Դու երաժշտական
կրթություն ունե՞ս:

– Ամբողջ աշխարհում մատների վրա կարելի է հաշվել այն մարդկանց, ովքեր
երգարվեստում են պարտադիր երաժշտական կրթությամբ: Էստրադայի մեջ ցանկալի
է, բայց շատ կարեւոր չէ, ի վերջո, միայն փաստաթուղթը չէ, որ հաստատում է
մարդու տաղանդը: Ես անհատական վոկալի դասընթացներ եմ անցել, եւ ինձ մոտ
առկա թերությունները հղկվել են: Հայկական էստրադայի ներկայացուցիչների մեծ
մասը երաժշտական կրթություն չունեն, կան նաեւ այնպիսիք, ովքեր Ֆիզիկական
կուլտուրայի ինստիտուտն են ավարտել, բայց շատ պրոֆեսիոնալ են: Երգարվեստն
ազատություն է պահանջում: Հաճախ կրթությունը սահմանների մեջ է դնում
մարդուն, որովհետեւ սկսում են քեզ թելադրել: Կարծում եմ, որ էստրադայի մեջ
կարելի է մարդուն թույլ տալ ազատ դրսեւորվել: Բարեբախտաբար, ինձ չեն
ասում, որ դու այս կամ այն դպրոցն անցած երգիչ ես:

– Այսինքն՝ կարծում ես, որ կրթությունը կաշկանդո՞ւմ է, սահմանափակո՞ւմ է ազատությունը:

– Չի կաշկանդում, բայց քեզ շրջանակների մեջ են դնում: Գուցե այլեւս չես
համարձակվում անել այն, ինչ մտածում ես: Մարդուն, որը կողմնորոշվել է,
ներքին յուրօրինակ մոտեցում ունի, ինչ-որ բան է ուզում մատուցել, որը
կտարբերվի մյուսների արածից՝ նրան պետք է ազատ թողնել: Աշխարհում տարածված
հետաքրքիր խոսք կա, որ ամենահայտնի երգիչների երաժշտական կարիերան սկսվել
է հայելու մոտ՝ սանրից:

– Խոսում ենք ոճերի մասին, իսկ կատարողական վարպետության համար արդյոք դպրոցն անհրաժեշտություն չէ՞:

– Վարպետություն ունենալու համար կարելի է անհատական դասընթացներ անցնել:
Ի վերջո, քեզ հետ աշխատում են պրոֆեսիոնալներ: Իմ դեպքում, ես հասկացա, որ
կրթությունը շատ պարտադիր չէ: Բարեբախտաբար, իմ արվեստով արդեն
հետաքրքրվում են հեղինակավոր մարդիկ, ինձ շատ ուրախացնում է հասարակության
ուշադրությունն իմ հանդեպ, որովհետեւ ես այն ձեռք եմ բերել բավական կարճ
ժամանակում:

– Դու ստեղծել ես բեմական քո կերպարը, ունես առանձնահատուկ իմիջ: Այսօր մեր երգիչ-երգչուհիների մոտ տեսնո՞ւմ ես բեմական կուլտուրա:

– Չեմ ուզում որեւէ մեկին վիրավորել, բայց չի կարելի բեմում երգել
կենցաղային հագուստով: Բեմը ոչ ստանդարտ մոտեցում է պահանջում: Մեր
արտիստների մոտ համարձակություն չկա, վախենում են նոր բան անել: Օրինակ՝
բեմական հնարքներով՝ շղթաներով, կրակներով կամ անսպասելի մուտքով շոուն
մեծ ծախսերի հետ կապված չէ, բայց երեւակայության հարց է: Պոպուլյար
արվեստը թույլ է տալիս քո գրած երգը մատուցել այնպես, ինչպես դու ես
զգում:

Շուտով մասնակցելու եմ երգի «Կռունկ» փառատոնին: Նաեւ Ամստերդամում պետք է
համերգ ունենամ, որտեղ իմ երգերը ներկայացնելու եմ բեմադրությունների
ոճով: Ես սիրում եմ բեմում անսպասելի լինել: