Աֆրիկայի խորքից

17/11/2009

Երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնաբանել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթում իր հասցեին հնչած գնահատականները: Ռ. Քոչարյանի` «Մեդիամաքս» գործակալությանը հղած մեկնաբանությունները նոր խոսք են «հայ քաղաքական մտքի» պատմության մեջ եւ «արժանի տեղ» կարող են զբաղեցնել նախկինում նրա կողմից ասված «մոսկաների», «վատ պարողին խանգարող հանգամանքների» կողքին: «Տեր-Պետրոսյանի մենտորությունն ու ինքնասիրահարվածությունը ծանր տպավորություն է թողնում: Ընդ որում, խոսքը համեմված էր վերլուծական հավակնություններով, թեեւ այդ մասին խոսել են բոլոր նրանք, ովքեր չեն ալարել: Իհարկե, մեծ ձանձրույթ է առաջացրել: Կարծում եմ` ներկաները մեծ ջանքեր են գործադրել, որ չքնեն: Իմ հասցեին արած մեղադրանքներն այնքան աբսուրդային են, որ իմաստ չկա կանգ առնել դրանց բովանդակության վրա` դրա իսպառ բացակայության պատճառով: Բայց Տեր-Պետրոսյանի բոլոր ելույթներում իմ մասին հիշատակումների փաստն ինձ հիշեցնում է մի իրավիճակ, որի ականատեսը ես դարձա Աֆրիկայում մի քանի ամիս առաջ: Երեկոյան, խարույկի մոտ որսորդները պատմում էին աֆրիկյան խոշոր կենդանիների որսի սուր դեպքերի մասին պատմություններ: Խոսում էին առյուծների, ընձառյուծների, ցլերի եւ փղերի ուժի, ճարպկության եւ վտանգավորության մասին: Ներկաներից մեկը` մի եվրոպացի, ամեն պատմությունից հետո հոգոց էր հանում եւ հավելում, թե ամենավտանգավոր եւ ուժեղ կենդանին արջն է: Երբ նա դա կրկնեց երրորդ անգամ, ես հետաքրքրվեցի, թե ինչու է արջը նրան այդպես տպավորել: Պարզվեց, որ 5 տարի առաջ որսի ժամանակ արջը նրան բավական ջարդել է: Հավանաբար, ես ինչ-որ կերպ ոգեշնչում եմ Տեր-Պետրոսյանին, քանի որ նա ինձ հաճախ է հիշում»,- ասված է ՀՀ նախագահի պաշտոնում տասը տարի պաշտոնավարած Ռոբերտ Քոչարյանի հաղորդագրության մեջ: