Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «Գինդ» տպարանի հայցն ընդդեմ «Օգոստոս» գործակալության, որը նախկինում հրատարակում էր «Չորրորդ իշխանություն» թերթը: Դատավորը որոշել է հօգուտ «Գինդ» տպարանի «Օգոստոս» գործակալությունից բռնագանձել մոտ 2 միլիոն 6 հարյուր հազար դրամ: Բացի այդ, դատարանը վճռել է արգելել «Չորրորդ իշխանության» հրատարակումը այնքան ժամանակ, քանի դեռ «Գինդ» տպարանի պարտքը չի վճարվել: «Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանը, սակայն, երեկ պնդել է, որ «Չորրորդ իշխանություն» թերթը «Գինդ» տպարանին պարտք չէ, եւ չեն վճարելու պահանջված գումարը: Շողեր Մաթեւոսյանը վերահաստատել է, որ պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններում, իսկ հետո՝ նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: «Ես պնդում եմ, որ սա իշխանությունների կողմից իջեցված վճիռ էր, որը ինքը` դատավորը, բերեց ու հրապարակեց ընդամենը»,- ասել է Շողեր Մաթեւոսյանը` հավելելով, որ թերթը շարունակելու է լույս տեսնել «Չորրորդ ինքնիշխանություն» անունով: