Քոչարյանի դե՞մ

17/11/2009

Երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ` պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի նախագիծը, ըստ որի, օրենքի մի քանի դրույթներից հանվել է «ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանիները» արտահայտությունը: Ավելի վաղ փոփոխություն է կատարվել նաեւ «Կենդանական աշխարհի մասին» օրենքում: Այդպիսով արգելվել է Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսը, բացառությամբ գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, ինչպես նաեւ այդ կենդանիների վերարտադրությունն ապահովելու դեպքերի: Նախկինում այս օրենքների որոշ սողանցքներ հնարավորություն էին տալիս Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսը «օրինականացնել» նաեւ անհատների համար: Կարծիք կա, որ այս փոփոխություններն ուղղված են ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ, ով որսի հայտնի սիրահար է: Բազմիցս են հրապարակումներ եղել, որ Ռ. Քոչարյանը նույնիսկ ուղղաթիռով է որս կազմակերպել: Որոշ տեղեկությունների համաձայն` նա որսի է գնում հատկապես Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի անտառներում, որոնց մի մասն անհատույց օգտագործման իրավունքով տնօրինում է «Սաֆարի» ակումբը: Ըստ տեղեկությունների, այն ստեղծվել է դեռեւս Ռ. Քոչարյանի պաշտոնավարման շրջանում եւ նրա հովանավորությամբ` Վայոց Ձորի մարզպետ Վարդգես Մաթեւոսյանի միջոցով: