«Մեր հնդիկ ընկերները շատ բյուրոկրատ ժողովուրդ են,- ասում է
Կենդանաբանական այգու տնօրեն Սահակ Աբովյանը: -Նրանք ստախոս են, որովհետեւ
մեզ խաբեցին: Երբ նախագահ Քոչարյանը պաշտոնական այցով մեկնում էր
Հնդկաստան, «Գրանդ հոլդինգ» ֆիրմայի հետ միասին որոշեցինք հայ երեխաների
անունից խնդրագիր ուղարկել: Մեր նախագահն այդ խնդրագիրը հանձնեց
Հնդկաստանի վարչապետին: Հնդկաստանի վարչապետը խոստացավ մեզ փղիկ նվիրել,
իսկ տեղափոխման ծախսերը պիտի հոգար «Գրանդ հոլդինգ» ֆիրման: Փղիկի
տեղափոխման փաստաթղթերը կարգավորելուն պես հայաստանյան ներկայացուցիչները
մեկնում են Դելի, որպեսզի հարսնացու փղիկին բերեն Հայաստան: Սակայն
Դելիում գտնվելու ժամանակ ֆաքս են ստանում, թե այլեւս մի սպասեք՝ փիղը
սատկել է»:
Ս. Աբովյանի համոզմամբ՝ փիղն իրականում ոչ թե սատկել էր, այլ նրան
թունավորել էին: Այս վարկածն, իհարկե, մեզ անհավանական է թվում, այն
դեպքում, երբ փիղը Հնդկաստանում սուրբ կենդանի է համարվում:
Ս. Աբովյանի ներկայացմամբ՝ ավելի ուշ հնդկական կողմն առաջարկել է մեկ
ուրիշ փիղ, ինչը եւս հնդիկների դժգոհությանն է արժանացել: Հնդիկ երեխաները
սկսել են ակցիաներ կազմակերպել, ամեն ինչ անել, որ փիղը Հայաստան չգա:
Հնդկական մի քանի հասարակական կազմակերպություններ՝ այցելելով մեր
Կենդանաբանական այգի, ծանոթացել են այգու հնարավորություններին եւ
պայմաններին: Պրն Աբովյանն ասում է, որ նրանք դրական կարծիք են հայտնել
մասնավորապես հոգատար աշխատակիցների մասին: Մինչդեռ Գազանանոցի տնօրենը
չնշեց, որ հնդիկները, ծանոթանալով մեր Կենդանաբանական այգու պայմաններին,
որոշել են, որ իրենց փիղը ոչ մի դեպքում Հայաստան չի մտնի: Ավելին, նրանք
նախագահ Ռ. Քոչարյանին նամակ են հղել՝ առաջարկելով Կենդանաբանական այգու
փղին տեղափոխել Հնդկաստան, այն դեպքում, երբ Հնդկաստանում մոտ 30.000
վայրի փիղ կա: Հարցիս, թե հնարավոր չէ՞ արդյոք կենդանիների փոխանակում
անել, պրն Աբովյանը պատասխանեց. «Կառավարության սահմանած կարգով նման բան
չկա, իսկ այնպես՝ «լեւի», կա: Տարիներ առաջ նրանց մոտ փղերն այնքան էին
շատացել, որ բոլոր ցանքատարածություններն ավերել էին: Այն ժամանակ, առանց
որեւէ նախապայմանի, առաջարկում էին գալ իրենց երկրից փիղ տանել: Հիմա
երեւի փղերին պաշտում են, հնդիկները ֆանատներ են»: Այսուհանդերձ,
Կենդանաբանական այգու Գրանտիկ փիղը միայնակ է: Ի դեպ, Գրանտիկին հարսնացու
բերելու համար անհրաժեշտ է մոտ 150.000 դոլար:
Սրճարանի արջը այգուց չեն գնել
Կենդանաբանական այգու տնօրենը համամիտ չէ այն կարծիքին, որ այգու
կենդանիները սոված սատկում են եւ շատ հյուծված են: «Դա հիմար կարծիք է,-
ասում է այգու տնօրեն Սահակ Աբովյանը: -Յուրաքանչյուր կենդանի իր
հասանելիք կերաբաժնով ամեն օր սնվում է: Կենդանիները սնվում են անհրաժեշտ
սննդամթերքով»: Նա դժգոհություն հայտնեց այցելուներից, ովքեր կերակրում են
կենդանիներին: Ըստ Կենդանաբանական այգու տնօրենի՝ ամեն տարի 1-2 կենդանի
կորցնում են, քանի որ այցելուները նրանց կերակրում են ամենատարբեր
սննդամթերքով: Ձմռանը, քանի որ մարդիկ այգի չեն հաճախում, կենդանիները
ռացիոնալ սնունդ են ստանում, մինչդեռ սեզոնի բացման հետ առաջանում է նույն
խնդիրը, եւ կենդանիները հաճախ սատկում են սխալ կերով կերակրվելու
պատճառով: Բոլոր վանդակների մոտ հսկելն անհնար է, իսկ փակցված
ցուցանակները մարդկանց վրա չեն ազդում: Այգու ղեկավարությունը ստիպված այս
տարի այգում վաճառվող ձողիկները ոչնչացրել է, որովհետեւ դրանցով սնվելիս
կենդանիներն ուռչում են: Այգին, ըստ տնօրենի, կենդանիների բիզնեսով չի
զբաղվում, քանի որ այգու կանոնադրությունը նախատեսում է միայն վայրի
կենդանիների ցուցադրում եւ անհետացող կենդանիների բազմացում: Այգին
վաճառում է ավելցուկ կենդանիներին եւ փոխանակում է, ինչը պարտադիր ծրագիր
է սերնդափոխություն պահպանելու համար: Այն լուրերը, թե երեւանյան
սրճարաններից մեկի տերը Կենդանաբանական այգուց արջ է գնել, պրն Աբովյանը
հերքեց. «Շատ սրճարաններում այսօր կենդանիներ կան, բայց դրանք, ամենայն
հավանականությամբ, դրսից կամ բնությունից են բերվել,- ասում է պրն
Աբովյանը: -Մենք չենք վաճառում եւ դեմ ենք, որ սրճարաններում կենդանի
պահեն: Վանդակները շատ փոքր են եւ կենդանու համար պայմաններ չկան, իսկ դա
անթույլատրելի է»:
Գլխաքանակն ավելացել է, իսկ ֆինանսավորումն անփոփոխ է
Օրինակ, Ավստրալիայի կենդանաբանական այգու մուտքի տոմսերից ստացվող օրական
եկամուտը կազմում է 100.000 -150.000 դոլար, իսկ մեր այգու մուտքի
տոմսերից ստացվող օրական եկամուտը՝ 15.000-20.000 դրամ: Կենդանաբանական
այգու ֆինանսավորումը պետբյուջեից 107 մլն դրամ է, որից մոտ 50 մլն-ը, ըստ
Ս. Աբովյանի, սննդի ձեռքբերման, 14-15 մլն-ը՝ էլեկտրաէներգիայի ծախսերի,
22 մլն-ն՝ աշխատավարձերի, իսկ մնացածը տրանսպորտային միջոցների ծախսերի
համար է նախատեսված:
«Սնունդն ապահովելու համար հաճախ մեկնում ենք շրջաններ,- ասում է պրն
Աբովյանը,- որովհետեւ տեղական շուկայի մսի գներով չենք կարող կենդանի
պահել: Շուկայում մսի գինը 1700-1800 դրամ է, իսկ մեզ տրամադրում են
ընդամենը 300 դրամ»: 1997 թվականից մինչ այսօր այգու ֆինանսավորումը
փոփոխության չի ենթարկվել: Մինչդեռ մսի գները պարբերաբար բարձրանում են:
Նախկինում, եթե շուկայի ցածրորակ, չվաճառվող միսը, որով կերակրվում են
կենդանիները, արժեր 300 դրամ, ապա այժմ 700-800 դրամ է: Բացի մսից,
թանկացել են հացը, խոտը, բանջարեղենը, այսինքն՝ կերակրատեսակներ, որոնցով
սնվում են կենդանիները:
Կենդանիների կերաբաժնի մեջ մտնում է մոտավորապես 50-70 կերակրատեսակ:
Ներկայումս Կենդանաբանական այգում կա 200 տեսակի մոտ 2400 գլուխ կենդանի:
Կենդանիների ցուցադրության ժամանակ կարեւոր նախապայման է նրանց արտաքին
տեսքը, ինչն ապահովում է սպիտակուցներով եւ վիտամիններով հարուստ սնունդը:
«Թագավորին սոխակի վանդակի մեջ ենք դրել»
Կենդանաբանական այգու վանդակներից շատերը կառուցվել են 50-60-ական
թվականներին, որից հետո վերանորոգման աշխատանքներ չեն կատարվել: Դրանք
արդեն կորցրել են ամրությունը եւ վտանգավոր են այցելուների համար:
Համաշխարհային որոշ կազմակերպություններ պահանջում են դրանք վերականգնել
եւ համապատասխանեցնել միջազգային նորմերին: Բացի անվտանգության
երաշխիքներից, նաեւ բացակայում են կենդանիների համար կենսական
նշանակության պայմանները՝ վանդակների պատերի բարձրությունը, փոսերի
խորությունը, ջրավազանները եւ այլ պայմաններ: Ընդ որում, կենդանիներ
արտահանող միջազգային կազմակերպությունները ցանկացած երկիր կենդանի
արտահանելու համար թույլտվություն են տալիս միայն այն դեպքում, երբ
կենդանու համար նախատեսված ազատավանդակը համապատասխանում է տվյալ կենդանու
կենսապայմաններին: Այգու փոխտնօրեն Սամվել Ղահրամանյանի կարծիքով՝ մեր
կենդանիներից շատերը վատ ինքնազգացողություն ունեն, քանի որ ապրում են
փոքր ու նեղ վանդակներում: «Օրինակ՝ առյուծը,- ասում է պրն Ղահրամանյանը,-
դա մեր ամոթն է, ավելի ճիշտ, մեր երկրի ամոթն է: Թագավորին բերել, սոխակի
վանդակի մեջ ենք դրել»: Ի դեպ, «թագավորին» ժամանակին օգնել է գործարար
Գագիկ Ծառուկյանը, իսկ փղին մինչեւ հիմա էլ հովանավորում է Հրանտ
Վարդանյանը: Վերջինս փղի սնունդն ապահովելու համար ամսական 200.000 դրամ է
հատկացնում: