ՀՀ Ազգային ժողովը երեկ մերժեց հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկել մարտի 1-2-ի դեպքերի բացահայտման համար նոր հանձնաժողով ստեղծելու մասին «Ժառանգություն» կուսակցության ներկայացրած օրինագիծը: Փոխարենը օրակարգում ընդգրկվեց ԱԺ ՀՅԴ խմբակցության կողմից առաջադրված մոնիտորինգի հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը, որը նույնպես վերաբերում է մարտյան դեպքերին: ՀՅԴ-ն առաջարկում է այդ դեպքերն ուսումնասիրող նախկին ժամանակավոր հանձնաժողովի եզրափակիչ զեկույցում արված առաջարկությունների իրականացմանը հետեւող հանձնաժողով ստեղծել: Ընդ որում, «Ժառանգության» ու «Դաշնակցության» այս երկու նախագծերն էլ անցած քառօրյայում օրակարգ չընդունվեցին: Գլխադասային` Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել: «Ժառանգության» առաջարկն ընդհանրապես մերժվել էր, իսկ մոնիտորինգի վերաբերյալ էլ կարծիք հնչեց, թե դա կարող է իրականացնել նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովներից մեկը` տվյալ դեպքում Պետաիրավական հարցերի հանձնաժողովը, ինչը նախագծի հեղինակ Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ հակասում է ՀՀ Սահմանադրությանը: «Մեր նախագիծը չի հակասում ՀՅԴ-ի կողմից տրված նախագծին: Երբ շուտով քննարկենք, ես կողմ եմ լինելու եւ պնդելու եմ, որ մոնիտորինգը կարեւոր էլեմենտ է: Իսկ ինչ վերաբերում է մեր նախագծին, ապա հենց մարտի 1-ի զեկույցում է գրված, որ չի կատարվել հանձնաժողովի գլխավոր խնդիրներից մեկը` մարդասպանների անունը չի վերհանվել: Ես ավելացնեմ, որ ընդհանրապես դրվագ չկա 220 վիրավորների մասին: Իմ որոշման նախագիծը ուղղված է ապագային: Ես համոզված եմ, որ երբ իշխանությունը կհասկանա, որ այդպիսի մի նոր հանձնաժողովը հնարավորություն կտա ստանալ մինչ այսօր հասարակությանը տանջող հարցերը, իշխանությունը կուժեղանա: Ես կփորձեմ նորից ներկայացնել իմ առաջարկը: Մի փոքր շտկումներ միգուցե անեմ նախագծի մեջ»,- ասաց նախագծի հեղինակ, «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը: Ի դեպ, անցած քառօրյայում մերժում ստանալուց հետո այս երկու կուսակցություններն այս անգամ պահանջել էին իրենց նախագծերը ԱԺ քննարկման օրակարգ ընդգրկել արտահերթ ռեժիմով: Անցած տարի ԱԺ կանոնակարգ-օրենքում կատարված մի փոփոխության արդյունքում խորհրդարանական ընդդիմությունը ստացել է նման իրավունք: Բայց քանի որ հիմա խորհրդարանում կա երկու «ընդդիմություն», ապա նույն այդ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ քառօրյա ընդգրկելու համար նախապատվությունը տրվում է ավելի շատ անդամներ ունեցող խմբակցությանը` այս դեպքում ՀՅԴ-ին: «ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ մինչեւ քառօրյա նիստերին նախորդող ուրբաթ օրվա ժամը 17։00-ն ընդդիմադիր խմբակցությունը պետք է ներկայացնի իր որոշումը եւ առաջարկությունը, որպեսզի առաջիկա քառօրյա նիստերում ընդգրկվի այդ հարցը: Հարցը ընդգրկվում եւ պարտադիր քննարկվում է քառօրյա նիստերի երկրորդ օրվա երկրորդ նիստում: Եվ այդ նիստն ամբողջությամբ նվիրվում է այդ հարցի քննարկմանը: Վաղը 12:30-ին մեր նախագիծը կքննարկվի»,- ասաց Ա.Մինասյանը: Ի դեպ, խորհրդարանական ընդդիմությունն իր այս իրավունքից առաջին անգամ է օգտվում: «Ժառանգություն» կուսակցությունը մինչեւ հիմա չի օգտվել ընդդիմադիր լինելու իր այդ իրավունքից եւ իր ներկայացրած որեւէ նախագիծ այս ռեժիմով չի փորձել ներկայացնել ԱԺ քննարկմանը: