Դռնակը բաց, ներս գամ ես

17/11/2009 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

«Չի մերժի, բայց կտա՞»,- այսպիսի հռետորական հարց էր տալիս ֆերմայի վարիչը՝ ցլիկի համար Նաջարյանի մոտ եկած Սուրենին։ Առաջինը հենց այս միտքը հիշեցինք լսելով Ուֆֆե Հոլստ Յենսենի այն միտքը, թե Եվրամիությունը մեծ շուկա է, եւ որ իրենք Հայաստանին հրավիրում են մուտք գործել այդ շուկա։ Իսկ եվրոպացիների եւ «Նաջարյանի սկզբունքի» միջեւ զուգահեռները, մեղմ ասած, անհիմն չեն։

Նշենք, որ Պրն Յենսենը Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության՝ Եվրոպական հարեւանության քաղաքականության բաժնի ղեկավարն է։ «Հրավիրել» ասելով էլ՝ նա հիմնականում նկատի ուներ «Արեւելյան գործընկերության» ծրագրի ընձեռած հնարավորությունները՝ Հայաստանի եւ մասնակից մյուս երկրների համար։ Իսկ մինչ այդ, այսինքն՝ մինչ հայ գործարարները կընդունեն հրավերն ու կնետվեն նվաճելու եվրոպական շուկան, Քաղաքական եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնը` AEPLAC-ը անցած շաբաթ նրանց համար սեմինար էր կազմակերպել։ «Եվրամիության հետ առաջարկվող առեւտրային շրջանակը» կոչվող այդ սեմինարը նպատակ ուներ հայ գործարարներին ծանոթացնել, թե ներկայում ինչ առեւտրային ռեժիմներ են գործում ԵՄ-ի հետ հարաբերություններում, ինչ հեռանկարներ կան եւ ինչ պայմաններ են լինելու։ Այլ կերպ ասած՝ սեմինարը փորձ էր՝ լրացնել հայաստանյան բիզնես համայնքի շրջանում առկա տեղեկատվության պակասը՝ կապված ԵՄ-Հայաստան առաջարկվող առեւտրային շրջանակի մարտահրավերների եւ հնարավորությունների հետ։

Ի՞նչ ունենք մենք այսօր արտաքին առեւտրի բնագավառում։ Նախեւառաջ՝ մենք Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ ենք, որը ենթադրում է առեւտուր առանց խտրականության՝ գործընկեր երկրների մեջեւ։ Ինչ վերաբերում է կոնկրետ Եվրամիությանը, ապա մենք օգտվում ենք ԵՄ-ի հետ առեւտրի՝ Արտոնությունների ընդհանրացված համակարգից (Generalized system of preferences – GSP)։ Նշենք, որ GSP-ն մի համակարգ է, որը զարգացող երկրների համար ԵՄ շուկաներ դուրս գալու առավել ընդհանրացված մաքսադրույքային առավելություններ եւ այլ արտոնություններ է սահմանում։ Ներկայումս, մենք GSP-ով առեւտուր ենք անում ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի եւ Շվեյցարիայի հետ։ Ավելին, Եվրամիության հետ առեւտրային հարաբերություններում այս տարվանից մինչեւ 2011 թվականը մեզ համար սահմանված է ավելի նպաստավոր՝ GSP+ ռեժիմ։ Այս առեւտրային ռեժիմով կատարվում են 6421 անուն ապրանքների հետ կապված արտահանման-ներմուծման գործարքներ: Սա 66-ով ավելի է, քան GSP-ի դեպքում։ Մյուս կողմից սակայն, զուտ բարոյահոգեբանական տեսանկյունից, GSP+ համակարգը նաեւ «տխրելու» տեղիք է տալիս։ Դրանից օգտվում են խոցելի, բարձր եկամուտներ չունեցող երկրները։ Բավական է նշել, որ Հայաստանից բացի, ԵՄ GSP+ ռեժիմից օգտվում են նաեւ Ադրբեջանը, Վրաստանը, Էկվադորը, Գվատեմալան, Նիկարագուան, Հոնդուրասը եւ այլն (թվով 16 երկիր)։

Սակայն սա էլ դեռ ամենը չէ. եվրոպացիներն ուզում են ավելի լայն հնարավորություններ տալ հայաստանցի գործարարներին։ Այսպես, 2008թ. Եվրոպական հանձնաժողովը քաղաքական որոշում է կայացրել, որ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ ցանկանում է կնքել, այսպես կոչված, Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիր (DCFTA)։ Այս կապակցությամբ, 2009թ. փետրվար ամսին Եվրոպական հանձնաժողովի փաստահավաք խումբն այցելել է Հայաստան, եւ մեր կառավարությունն այժմ նախապատրաստվում է բանակցությունների։ Ինչպես նշեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ԵՄ եւ Միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Վարոս Սիմոնյանը, DCFTA-ի տրամաբանական շարունակությունը մաքսային միությունն է, իսկ հետո՝ անդամակցությունը։ Սա շեշտում ենք, որպեսզի հասկանալի լինի, թե ֆորմալ առումով այդ համաձայնագիրը մեզ որքան է մոտեցնում Եվրոպային։ Իսկ ինչ կապ կա այս ծրագրերի եւ «չմերժելու, բայց չտալու» դրույթի միջեւ։ Բանն այն է, որ ԵՄ-ն ֆորմալ առումով Հայաստանին թույլ է տալիս մուտք գործել իր շուկա՝ ցածր կամ զրոյական մաքսադրույքներով։ Սակայն փոխարենը՝ ԵՄ-ն սահմանել է մի շարք պայմաններ ներմուծվող ապրանքների նկատմամբ (տեխնիկական, սանիտարական եւ այլն)՝ իր ներքին շուկան եւ սպառողների շահերը պաշտպանելու համար։ Այդ պահանջներին բավարարելու համար մենք ինքներս պետք է միջոցներ ձեռնարկենք՝ ստեղծենք համապատասխան ժամանակակից լաբորատորիաներ, փորձագիտական կենտրոններ եւ այլն։ Իսկ հատկապես ներկայիս ճգնաժամային վիճակում Հայաստանն այդքան ռեսուրսներ չունի։ Այլ կերպ ասած, ԵՄ-ն հայաստանցի պահածո արտադրողին ֆորմալ առումով չի արգելում մրցակցել իր շուկայում, սակայն պահածոյի որակական չափանիշների նկատմամբ այնպիսի պահանջներ է սահմանում, որոնց հայ արտադրողների շատ քիչ մասը կարող են բավարարել։

Սակայն մեղադրել Եվրամիությանը ոչ մի դեպքում չի կարելի. այդ պայմանները գործում են բոլոր ներմուծողների համար։ ԵՄ շուկաներ դուրս գալու համար մեր պետությունն ու գործարարները իրենք պետք է ուղիներ փնտրեն, խնդիրներ լուծեն։ Իսկ ամենամեծ խնդիրն այն է, որ մենք, գործնականում, արտահանելու ենթակա շատ քիչ բան ունենք։ Արդյունաբերողների եւ գործարարների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանի խոսքերով, մեր արտահանման 80%-ը կազմում են ընդամենը 15 անուն ապրանքախմբեր (առաջին տեղերում են երկաթամիահալվածքը, ադամանդը, կոնյակը եւ ալկոհոլային խմիչքները, պղինձն ու ցեմենտը)։ Այսպիսի «դիվերսիֆիկացված» արտահանման կառուցվածքի դեպքում եվրոպական շուկան նվաճելու մասին խոսակցությունները, մեղմ ասած, ծիծաղելի են։ Ուշագրավն այն է, որ Հայաստանը էլիտար շենքերի արտադրության վրա մասնագիտացած շինհրապարակի վերածած իշխանություններն այսօր սկսել են բոլորից բարձրաձայն խոսել դիվերսիֆիկացիայի անհրաժեշտության մասին։ Նրանցից ետ չեն մնում միջազգային կազմակերպությունները։ Օրինակ՝ ԱՄՀ-ն, որի հայաստանյան ներկայացուցիչը վերջերս նշել էր, որ շինարարության ոլորտում հարկային վարչարարության թերությունների պատճառով է մեր երկրում այս ոլորտը գերակա դարձել։ Հարգարժան տիկինը սակայն չի նշել, թե ինչո՞ւ են իրենք այդ մասին միայն հիմա խոսում։

Գ. Մակարյանը մի շարք հետաքրքիր փաստեր էլ նշեց։ Օրինակ՝ իրենց անցկացրած հետազոտության համաձայն, Հայաստանում պաշտոնապես գրանցված են 120 հազար ձեռնարկություններ, որոնց 50%-ը գոյություն ունի միայն թղթի վրա, մնացածը «հիվանդոտ» են, հազիվ գոյատեւում են։ Արդյունավետ գործող ընկերությունների թիվը հազիվ հասնում է 2000-ի։ Կամ, օրինակ, այն ՓՄՁ-ները, որոնք փորձում են աշխատել օրենսդրական դաշտում, դառնում են անարդար մրցակցության զոհ։ Եթե այս ամենին էլ գումարենք «պետական ռեկետը», բիզնեսի զարգացման համար տրամադրվող վարկերի բարձր տոկոսադրույքները, կոռուպցիան ու մյուս խնդիրները, ապա մեր տնտեսության խղճուկ վիճակը պարզ է դառնում։ Հասկանալի է դառնում նաեւ այն «արխայինությունը», որով եվրոպացիները հանգիստ բացում են իրենց շուկայի դռները մեր առաջ՝ հաստատ իմանալով, որ մենք այնտեղ առայժմ կարող ենք մուտք գործել միայն գնորդի կամ դիտորդի կարգավիճակով։ Էլիտար շենքերն ու «պատիվ տալու տեղերը», չնայած մեր տնտեսության պարծանքն են, սակայն, «թարսի նման», արտահանելու տեսանկյունից, բանի պետք չեն։