Նախօրեին Սինգապուրում Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի եւ Բարաք Օբամայի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա սկզբունքային հարցերը: Չնայած Ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ) կրճատման նոր պայմանագրի վերաբերյալ առկա տարաձայնություններին` Մոսկվան ու Վաշինգտոնը մտադիր են կնքել այն արդեն դեկտեմբեր ամսին. դրա համար, կարծես, ԱՄՆ-ը պատրաստ է բավարարել Ռուսաստանի որոշ պահանջներ: Սակայն դեկտեմբերի 5-ին ռուս-ամերիկյան գագաթաժողովի գլխավոր իրադարձությունը կարող է դառնալ ոչ թե ՌՀՍ պայմանագրի ստորագրումը, այլ Ռուսաստանի որոշումը՝ միանալ Իրանի դեմ նախատեսված պատժամիջոցներին, եթե Թեհրանի հետ բանակցությունները չպսակվեն հաջողությամբ: Ինչպես հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, անդրադառնալով Իրանի խնդրին, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները առաջարկում են Իրանին երկու ճանապարհ. «Առաջինը` դա Իրանի ինտեգրումն է միջազգային հանրություն. Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենքի արտադրությունից: Երկրորդը` Թեհրանի վրա ճնշման գործադրումն է, որպեսզի վերջինս կատարի իր պարտավորությունները»: ԱՄՆ-ը, կարծես, արդեն եզրակացության է եկել, թե որ ճանապարհն է ընտրել Իրանը: «Ցավոք, Իրանը չկարողացավ գտնել հստակ առաջարկների պատասխանները: Պատասխանի համար ժամանակը սպառվում է»,- հայտարարել է Բարաք Օբաման: Այս իրավիճակում, ըստ նրա, «Ռուսաստանն ու ԱՄՆ-ը առաջարկելու են Իրանին միջազգային պարտավորությունների իրականացման ճանապարհ, եւ մյուս կողմից, քննարկելու են այլընտրանքային ուղիները»: Ի դեպ, ըստ ռուսական «ԽՏՎՎպՐրՈվՑ» թերթի տվյալների, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի` Իրանի վերաբերյալ մոտեցման գրեթե միակ սկզբունքային տարբերությունը ժամկետների սահմանման մեջ է, որից հետո գործարկվելու է պատժամիջոցների մեխանիզմը: Ըստ այդ խնդրի շուրջ բանակցությունների ընթացքին մոտ կանգնած թերթի աղբյուրների, ԱՄՆ-ի համար ժամկետը դեկտեմբերի սկիզբն է: Ռուսաստանի դիրքորոշումը այդ հարցում դեռեւս հայտնի չէ: