Ձեռնտու է բոլորին, բացի…

17/11/2009

Գերմանիայի նախկին արտգործնախարար Յոշկա Ֆիշերը, որը ներկայումս «Նաբուկո» նախագծի բաժնետերերի քաղաքական խորհրդականն է, կարծում է, որ արդեն այսօր մի քանի խոշոր ներդրողներ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում Բրյուսելից սպասում են նախագծի մեկնարկին: Ֆիշերը համոզված է, որ երբ «Նաբուկոյի» շինարարությունը մեկնարկի, այդ նախագծին ուղղակի ստիպված է լինելու միանալ նաեւ Ռուսաստանը: Ֆիշերի խոսքերով, 2010 թվականի առաջին կեսին բանակցություններ կընթանան Թուրքմենստանի եւ գազի պոտենցիալ այլ մատակարարների հետ, որպեսզի 2010-ի աշնանը ծրագիրը սկսի կյանքի կոչվել: Ֆիշերը շատ կարեւոր նշանակություն է տալիս Ադրբեջանին եւ վստահ է, որ եւ՛ Թուրքմենստանը, եւ՛ Կենտրոնական Ասիայի մյուս երկրները ոչ միայն կաջակցեն այս նախագծին, այլեւ շատ ավելի կարեւոր դեր կխաղան դրանում, քան հիմա: «Մենք կարծում ենք, որ Ռուսաստանից գազի մատակարարումների ոչ մի մենաշնորհ չպետք է լինի: Գազը պետք է Եվրոպա հասնի տարբեր աղբյուրներից: Եվ քանի դեռ Սեւ ծովով անցնելիք «Հարավային հոսք» նախագիծը մնում է հիմնականում դատարկ խոսակցությունների մակարդակում, «Նաբուկո» նախագիծը ոչ միայն իրական է, այլեւ ձեռնտու է եւ՛ Եվրոպայի, եւ՛ Կասպյան երկրների համար»,- հայտարարել է Ֆիշերը` հանդես գալով Բուխարեստում տեղի ունեցած տնտեսական համաժողովում: Բացի այդ, նրա խոսքով, Կենտրոնական Ասիան պետք է որքան կարող է շուտ որոշակիացնի իր դիրքորոշումը «Նաբուկոյով» գազի մատակարարումների վերաբերյալ, քանի որ խողովակաշարը հնարավոր է գազով լցնել Իրաքից եւ հեռանկարում` գուցե նաեւ Իրանից: