«168 Ժամ» պարբերականում (14-16 նոյեմբերի) «Կոչումներ փախցնելու անբարոյականությունը մտել է գիտություն» ծավալուն հոդված-հարցազրույցի Մատենադարանին վերաբերող մասը ոչ միայն անընդունելի է տեսական հարցադրումների առումով, այլեւ ճիշտ չեն ներկայացված անգամ վերջին տասնամյակների հստակորեն ֆիքսված փաստական տվյալները:
Պետք է խոստովանեմ, որ մարդկայնորեն շատ դժվար է այս պատասխանը գրելը, քանի որ, ինչպես այս հրապարակումը պատրաստած Լիլիթ Ավագյանն է նշում, Պարույր Մուրադյանը օրվա մեծ մասն անցկացնում է Մատենադարանում, եւ պետք է ասեմ, այն նույն ընթերցասրահում, ուր մեր գրասեղանները գտնվում են կողք կողքի եւ մեր օրը սկսվում է իրար ողջույնով ու ավարտվում իրար հրաժեշտ տալով:
Այժմ անցնենք Պ. Մուրադյանի ներկայացրած փաստերին եւ հարցադրումներին: Հոդվածի անմիջապես սկզբում նա ասում է, որ նկարագրված է Մատենադարանի ձեռագրերից հազար հինգ հարյուրը, այնինչ, Սեն Արեւշատյանի՝ Մատենադարանի տնօրենի պաշտոնից ազատվելու պահին գիտական ընդունված չափանիշներով նկարագրված ձեռագրերի թիվն անցնում էր երեք հազարից: Ավելին, այդ ձեռագրերը ոչ միայն նկարագրված էին, այլեւ հանձնված համակարգչային շարվածքի եւ որպես առանձին հատորներ դրված էին մատենագիտության բաժնում, որոնցից տարիներ շարունակ օգտվել են թե՛ Հայաստանի եւ թե՛ մյուս երկրների հայագետները:
Պ. Մուրադյանն իրավացիորեն Մատենադարանի առաջնային կարեւորության գործը համարելով Մատենադարանի ձեռագրերի ընդարձակ նկարագրության բազմահատորյակի պատրաստությունը եւ հրատարակությունը, գրում է. «Միայն վերջերս՝ նոր տնօրենի օրոք հրատարակվեցին պատրաստ դրած եւ 25 տարի սպասող հատորները»:
Դժբախտաբար, այս նախադասությունը ամբողջական մի կեղծիք է, եւ ուզում եմ հավատալ, որ կա՛մ լրագրողը ճիշտ չի ձեւակերպել հարգարժան գիտնականի խոսքերը, եւ կա՛մ էլ, ինչպես հոդվածի խորագրում է նշված, Մատենադարանի աստիճանների վրա տեղի ունեցած բանավոր այս զրույցում պրն Մուրադյանն ինչ-որ տեղ հստակորեն չի ձեւակերպել իր ասելիքը:
Այժմ ներկայացնենք իրական պատկերը: Հիշյալ բազմահատորյակ ձեռագրացուցակի առաջին հատորը լույս է տեսել 1984թ.՝ Սեն Արեւշատյանի տնօրեն դառնալուց երկու տարի անց:
Մայր ցուցակի երկրորդ հատորը եւս լույս է տեսել Ս. Արեւշատյանի տնօրեն եղած շրջանում՝ 2004թ.: Արտաքուստ թվում է, թե բավականին երկար ուշացումից հետո՝ քսան տարի անց, ինչը սակայն, միանգամայն այլ պատճառներով էր պայմանավորված: Այն 1980-ական թթ. երկրորդ կեսին սկսեց շարվել դարձյալ լինոտիպով, ապա 1990-ական թթ. սկզբից ստեղծված պայմաններում հնարավոր չեղավ շարունակել հատորի տպագրությունը հին եղանակով, այնուհետեւ համակարգչային շարվածքով նախ շարվեց «Մակինտոշով», այնուհետեւ դարձյալ տեխնիկական փոփոխությունների պատճառով անցում կատարվեց IBM-ին: Հիշենք, որ սա Հայաստանում համակարգչային տեխնիկայի ներդրման տարիներն էին եւ հրատարակչական մի հարց, որը հավասարապես ծառացած էր ակադեմիական բոլոր ինստիտուտների առջեւ:
Երրորդ հատորը թեեւ լույս տեսավ Ս. Արեւշատյանի պաշտոնավարությունից հետո, սակայն այն եւս ամբողջապես պատրաստվել է նրա տնօրեն եղած ժամանակ:
Անհրաժեշտ է նշել, որ ձեռագրացուցակի հրատարակվելիք մինչեւ յոթերորդ հատորն ամբողջապես կազմվել է Ս. Արեւշատյանի պաշտոնավարման շրջանում եւ էջադրվել շնորհիվ Մատենադարանի արտաքին կապերի գծով նախկին փոխտնօրեն Արշակ Բանուչյանի, ու, ինչպես ասացինք, միանգամայն մատչելի եղել գիտական հասարակությանը:
Թե՛ հիշյալ հոդվածում եւ թե՛ տարբեր հանդիսություններում հայտնված մտքերով այսօր ուղղակի եւ անուղղակի ձեւով այն տպավորությունն են փորձում ստեղծել, թե Մատենադարանը Լեւոն Խաչիկյանի ժամանակ ապրել է իր Ոսկեդարը, ապա սկսվել է վայրէջքը, ինչը եւս, բարեբախտաբար, ճշմարտությանը չի համապատասխանում:
Ավելին, նման «տեսություն» զարգացնողները ցույց են տալիս, որ իրենք չունեն հայագետին բնորոշ եւ անհրաժեշտ առաջին հատկանիշը՝ երեւույթները դիտել պատմական մոտեցմամբ եւ իրենց ամբողջության մեջ: Նման մոտեցման դեպքում նրանք կտեսնեին, որ Լեւոն Խաչիկյանի տնօրինության տարիները համընկան Խորհրդային Միության գիտատնտեսական վերելքի 1960-70-ական թվականներին, երբ Խորհրդային Հայաստանում համանման ձեւով անօրինակ մի ծաղկում ապրեց գիտությունը եւ մշակույթը, իսկ Խորհրդային Միությունում ձեւավորվեց հայ գիտնականների, մշակույթի գործիչների եւ զորահրամանատարների փայլուն մի համաստեղություն:
Սեն Արեւշատյանի տնօրինության շրջանն այնինչ, համընկավ նախ՝ Խորհրդային Միության լճացման, ապա եւ՝ քայքայման, ու այնուհետեւ՝ տեղի ունեցած երկրաշարժի, շրջափակման ու սկսված Արցախյան պատերազմի հետ: Այս ամենն իրենց աղետալի հետեւանքները թողեցին կյանքի բոլոր բնագավառների վրա եւ այս պայմաններում պահանջել նախորդ տասնամյակներին համարժեք արդյունք ոչ միայն գիտական չէ, այլեւ՝ ոչ բարոյական:
Այս շրջանում Սեն Արեւշատյանի ջանքերով կատարվեց գլխավորագույն այն խնդիրը, որն այդ ժամանակ դրված էր յուրաքանչյուր հաստատության առջեւ՝ պահպանել տվյալ հաստատությունն իր տարածքներով եւ նյութական միջոցներով ու թույլ չտալ կոլեկտիվի քայքայումը եւ ցրվելը:
Ավելին, Մատենադարանը ոչ միայն լուծեց այս երկու հիմնախնդիրները, այլեւ ստեղծված աշխատանքային պայմաններով դարձավ մի օազիս Հայաստանի հայագետների, այդ թվում՝ եւ Պարույր Մուրադյանի համար, ուր նրանք բոլորը կարող էին դիմել եւ ազատորեն աշխատել պատերազմով պայմանավորված կիսակաթվածահար պայմաններում:
Ո՛չ մարդկային եւ ո՛չ գիտական բարոյականությանը չի պատշաճում մոռանալ այս ամենը, մոռանալ, թե այդ տարիներին որքանով են ավելացել Մատենադարանի ձեռագրերը, անհնարին թվացող պայմաններում որքան նոր հրատարակություններ են իրականացվել:
Պարույր Մուրադյանն այնինչ գրում է, թե Լեւոն Խաչիկյանի ժամանակ առաջ քաշված ծրագրերը իրենց հետագա զարգացումը չունեցան եւ որպես օրինակ բերում է «Հայ թարգմանական գրականություն» մատենաշարը, այնինչ, այս մատենաշարով լույս է տեսել տասից ավելի հատոր եւ առայժմ՝ բոլորն էլ Արեւշատյանի տնօրեն եղած շրջանում:
Պ. Մուրադյանը Մատենադարանի այդ շրջանի տնօրինությանը մեղադրում է ոչ միայն թերացման, գիտական պատշաճ մակարդակ եւ նվիրում չունենալու, այլեւ անգամ անբարոյականության մեջ, ասելով, թե Մովսես Խորենացու «Հայոց Պատմության» 1913թ. հրատարակությունը Մատենադարանը 1991թ. լույս է ընծայել որպես Պատմահոր Մատյանի քննական բնագիր, այնինչ, լուսատիպ նմանահանությունից հետո բերված են Մատենադարանի գիտաշխատող Աշոտ Սարգսյանի կազմած տարընթերցվածները մոտ մեկ տասնյակ նոր ձեռագրերի եւ նույնքան էլ պատառիկ պահպանակների հիման վրա, եւ ի դեպ, այս հատորն էլ, ոչ թե ուղղակի Մատենադարանն է հրատարակել, այլ տպագրվել է պետականորեն՝ Պատմահոր Մատյանի 1500-ամյակի առիթով:
Հոդվածի վերջում Պ. Մուրադյանը ասում է. «Ինձ համար Մատենադարանի ձեռքբերումը նոր շենքի կառուցումը չէ, այլ քառորդդարյա լճացումից դուրս գալն ու իր անելիքի գիտակցումն է»:
Վստահ ենք, որ հայագետների ճնշող մեծամասնությունը կվկայի, որ այստեղ հարցադրումը ճիշտ չէ: Մատենադարանն այս շրջանում որեւէ լճացման մեջ չի գտնվել եւ Մատենադարանի նոր տնօրինության գլխավոր խնդիրը պետք է լինի պահպանել գիտական այն չափանիշները, ավանդները եւ բարոյականության բարձր այն աստիճանը, որը Մատենադարանում փոխանցվել է Լեւոն Խաչիկյանից եւ շարունակվել Սեն Արեւշատյանի տնօրինության տարիներին:
Վարդան ԴԵՎՐԻԿՅԱՆ
Մատենադարանի ավագ գիտաշխատող